Շավարշ Քոչարյան. Այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի ձեւաչափից
«ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ներկա փուլում նպատակահարմար չէ, խոսքը վերաբերում է դե յուրե ճանաչմանը, որովհետեւ դե ֆակտո մենք վաղուց ճանաչել ենք ԼՂՀ անկախությունը»:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ բոլորիս նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, եւ այդ նպատակը ՀՀ-ն հետապնդում է նաեւ բանակցային գործընթացում: Սակայն. «Մենք ամենեւին կողմ չենք, որ ճանաչելով մնանք միայնակ, ինչպես դա եղել է թուրքական Կիպրոսի դեպքում»:
Անդրադառնալով Մինսկի խմբի գործառույթներին՝ նկատեց, թե այն ունի երկու առաքելություն, նախ՝ նպաստել, որ երեք կողմերը՝ ԼՂՀ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը, գան համաձայնության եւ դրա հիման վրա մշակեն խաղաղության պայմանագիր:
Երկրորդ՝ Մինսկի խմբի եռանախագահները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներ են, որոնց առաջին դեմքերի շուրթերից անվերջ հնչում են խնդրի խաղաղ կարգավորման մասին հայտարարություններ: Իսկ սա նշանակում է, որ այս ձեւաչափը դարձել է զսպաշապիկ Ադրբեջանի համար, վերջինս էլ է գիտակցում, որ իր ցանկացած արկածախնդիր քայլ կարժանանա համարժեք հարվածի: Հետեւաբար, ըստ Քոչարյանի, Ադրբեջանի անթաքույց երազանքն է ձերբազատվել Մինսկի խմբի ձեւաչափից. «Եվ այս տեսակետից, ներկա փուլում ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի ձեւաչափից»:Սակայն ԱԳ փոխնախարարը համոզված է՝ Հայաստանի Ազգային ժողովը կլինի այնքան ողջախոհ, որ այդ հարցում պարզապես չի օգնի Ադրբեջանին:
Այսօր օրենսդիրները քվերկությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը արկածախնդիր օրինագծի հանդեպ:
ArmAr.am












