ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նոյեմբերի 12-ի այցը Անկարա սոսկ պատեհ առիթ էր բացահայտելու այն նոր մարտահրավերները, որոնց առաջ կանգնել է թուրքական դիվանագիտությունը մի կողմից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու, մյուս կողմից՝ Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու սեպտեմբերի 3-ի որոշման հետեւանքով։
Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունեն իրար հետ այս երկու, թվում է միմյանցից տարբերվող զարգացումները, որոնք ակնհայտորեն ստիպել են նյարդայնանալ փորձառու թուրքական դիվանագիտությանը։
Մեր կարծիքով՝ ինչպես հայ-թուրքական արձանագրությունների սառեցման գործընթացում, այնպես էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից բխող մարտահրավերներին դիմագրավելու ծրագրերում Թուրքիան կատարել էր որոշակի ռազմավարական հաշվարկներ։
Դրանք նրան թույլ էին տալիս վստահ լինել, թե իբր բանակցությունների նժարին դնելով իր դիվանագիտական կշիռը, հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական նշանակությունը եւ վերջապես տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու Արեւմուտքի ցանկությունը, ի վերջո, կոտրելու է հայկական կողմի համառությունը եւ հասնելու է հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան բանակցային գործընթացի փոխկապակցմանը։
Հայաստան-Եվրամիություն բանակցություններն ու Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը նույնպես լրացուցիչ վստահություն էին հաղորդել Անկարային, քանզի Եվրամիությունը տարածաշրջանում որեւէ ռազմական ներկայություն չունի, ուստի Ռուսաստանի դիրքերի խարխլման պարագայում ի վերջո դժվար չէր լինելու երկկողմանի ռազմաքաղաքական շանտաժի միջոցով պայմաններ թելադրել հայկական կողմին։
Բայց, ինչպես ասում են, սեպտեմբերը նոյեմբերից շուտ եկավ, եւ Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի հայտարարությունից հետո Անկարային մնում էր դիմել միայն «նազարբաեւյան հնարքներին»։
Թուրքական դիվանագիտությունը Ի.Ալիեւի այցի նախօրեին սկսել էր գիտակցել, որ 2015-ին ինքը կարող է վերջնականապես հայտնվել «ցեղասպանությո՞ւն, թե՞ Ղարաբաղ» դիլեմայի արանքում, քանզի առաջին հարցը «տեղավորվում» է արեւմտյան, իսկ երկրորդը՝ ռուսական դաշտում։ Ու քանի որ Թուրքիան որպես պետություն այդ երկու դաշտերում չի վայելում հավասարաչափ վստահություն, բնականաբար չի կարող ապահովել հայկական պահանջների ու հավակնությունների զուգահեռ չեզոքացումը։
Ուրեմն հարկ է առաջնորդվել «սեփական կաշին ավելի մոտ է» սկզբունքով եւ նախապատրաստվել 2015-ին՝ Ղարաբաղի հարցում փորձելով լեզու գտնել Ադրբեջանին Գյումրիի իր ռազմական հենակետի հրամանատարի բերանով պատերազմով սպառնացող Ռուսաստանի հետ՝ նվազագույն կորուստների գնով։
Իրականում այս եզրահանգումն էր ընկած Ի.Ալիեւի այցի ժամանակ թուրքական «Զամանի» միջոցով հրապարակ նետված տեղեկատվական սադրանքի հիմքում որը մեզանում չգիտես ինչու ընկալվեց որպես հայկական եւ ոչ թե թուրքական կողմի դիրքերի թուլացման վկայություն։ Այդտեղ Ղարաբաղի հարցը հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման հետ կապող «շվեյցարական հետքի» հորինումը սոսկ նման հնարքին հավաստիություն հաղորդելու նպատակ էր հետապնդում։
Մաքսային միության ձեւավորման գործընթացի մեջ Հայաստանին ներգրավելուց եւ փաստորեն արդեն Ուկրաինային նույնպես դեպի նույն ճանապարհը մղելուց հետո Ռուսաստանը ուժեղացնելու է ճնշումը Ադրբեջանի վրա, ինչը արդեն սկսել է անհանգստացնել նույնիսկ արեւմտյան վերլուծաբաններին։ Անշուշտ Արեւմուտքն այդ հեռանկարը չեզոքացնելու համար փորձելու է աշխուժացնել Մինսկի խմբին, իսկ Թուրքիային դրդելու է «տեր կանգնել» կրտսեր եղբորը։
Բայց Անկարայում լավ են հասկանում, որ Հարավային Կովկասի համար
Արեւմուտքը չի պատերազմի Ռուսաստանի հետ, ուստի իրեն պարզապես կարող են օգտագործել։ Այս իրավիճակում օրերս 5 շրջանների վերադարձի եւ դրա դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու մասին լուսարձակված տեղեկատվությունը նոյեմբերի վերջերին Մոսկվայում սպասվող ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու թուրքական ծրագիրն է։
Դրանով փաստորեն Անկարան առաջ է մղում մինչ այդ էլ անպաշտոն շփումների ժամանակ առաջարկած Լաչին-Քելբաջարով Ղարաբաղը Հայաստանին միացնելու, իսկ մնացած տարածքների վերադարձի դիմաց սահմանները բացելու եւ Հարավային Կովկասում ռուս-թուրքական «կոնդոմինիում» հաստատելու իր վաղեմի նախագիծը։
Սակայն այդ առումով էլ անհանգստանալու հիմքեր չունենք, քանի որ Ռուսաստանն այսօր իրեն ամուր է զգում, ուստի նախկին ԽՍՀՄ տարածքի հաշվին նոր առեւտուր չի անի, այն էլ՝ Թուրքիայի հետ։
Այժմ Թուրքիան ստիպված է «վազել գնացքի հետեւից» եւ դեռ իր հետ էլ «քարշ տալ» Ադրբեջանին, ինչը նոր աշխարհառազմավարական իրավիճակում նրա ուժերից վեր է, քանի որ հղի է աշխարհաքաղաքական «ճողվածք» ստանալու հեռանկարով։
Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրքական պաշտոնական շրջանակների եւ քարոզչության ձեռնարկած անտրամաբանական քայլերն ու հայտարարությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ նոր իրավիճակին հարմարվելու ուշացած փորձեր, որոնք շարունակվելու են նաեւ առաջիկա ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












