ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Եվրամիության Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ, Ուկրաինայի քաղաքական վերնախավում ակնհայտորեն որոշակի խմորումներ են նկատվում: Այնտեղ ինչ-որ բան այն չէ՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել-չնախաստորագրելու առումով:
Նախ, Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, երեկ պետք է հատուկ օրենք ընդուներ, որը, ըստ էության, վերաբերում է կոնկրետ մեկ անձի՝ այդ երկրի նախկին վարչապետ, այժմ կալանքի տակ գտնվող Յուլյա Տիմոշենկոյին, ավելի հստակ՝ արտասահմանում նրա բուժումն իրականացնելուն: Բանն այն է, որ Յուլյա Տիմոշենկոյի հարցը Եվրամիությունը դիտում է որպես առանցքային պայման Ուկրաինայի հետ համագործակցության խորացման, կոնկրետ՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման առումով:
Սակայն ռադան երեկ չի կարողացել ընդունել այդ՝ «Ազատազրկվածներին այլ պետություն տեղափոխելու մասին» օրինագիծը: Դրա ընդունումն ուղղակի տապալվել է:
Ճիշտ է, նշվում է, որ նոյեմբերի 19-ի նիստում, որտեղ նախատեսվում է տվյալ օրինագծի եւս մեկ քննարկում, այն ընդունվի: Բայց խնդիրն այն է, որ Եվրամիության խորհրդի նիստը, որի ընթացքում որոշվելու է Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նպատակահարմարությունը, տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին:
Պարզ է, որ եթե մինչ այդ «Տիմոշենկոյի հարցը» լուծման կոնկրետ ուրվագծեր չստանա, դա կարող է լուրջ կնճիռներ հարուցել Ուկրաինայի եվրոասոցացման ճանապարհին, եթե ոչ՝ արգելափակող դառնա: Համենայն դեպս իշխող Ռեգիոնների կուսակցությունն ու ընդդիմադիր խմբակցությունները առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ այս հարցում:
Բանն այնտեղ է հասել, որ ընդդիմությունն ուկրաինական իշխանություններին մեղադրում է Ասոցացման համաձայնագիրը միտումնավոր տապալելու մտադրություն ունենալու մեջ: Իշխանություններն էլ, իրենց հերթին, ընդդիմությանն են մեղադրում, որ «Տիմոշենկոյի հարցը» ձգձգելով իշխանության ու նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար արտաքին քաղաքական ձախողման հնարավորություն են ստեղծում:
Բայց սա, պարզվում է, դեռ «ծաղիկներն» են:
Խնդիրն այն է, որ երեկ, հետմիջօրեին, ռուսական «Ռեգնում» գործակալությունը, ապա նաեւ ուկրաինական (հնարավոր է՝ ռուսական) «Ուկրաինսկայա պրավդան» տարածեցին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի՝ կառավարության նիստում արած հայտարարությունները, որոնցում ուղղակիորեն նշվում է Ռուսաստանի հետ համագործակցությունը չխզելու, Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու կամ ստորագրումը մի տեւական ժամանակ առկախելու, այդ համաձայնագրի ստորագրման հնարավոր բացասական հետեւանքների, անգամ «ռուսական» Մաքսային միությանը միանալու հնարավորության մասին:
Սա, ոչ թե սոսկ սենսացիոն տեղեկություն է, այլ, հաշվի առնելով առկա իրավիճակը, իսկական տեղեկատվական «ռումբ»: Ամեն դեպքում, նման հայտարարությունը պետք է որ հուժկու «պայթյուն» առաջացներ առնվազն ռուսական եւ ուկրաինական տեղեկատվական ու քաղաքական դաշտերում: Այնինչ երեկ երեկոյան ոչ մի նման բան չէր նկատվում: Ավելին՝ տարբեր որոնողական համակարգերում արված պրպտումները «բերում» էին վերը նշված երկու լրատվամիջոցների համապատասխան հրապարակումների հղումները:
Բայց, ամեն դեպքում, հետաքրքիր է, որ ըստ «Ռեգնումի», երեկ, Ուկրաինայի կառավարության նիստում, այդ երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է. «Ուկրաինան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, քանի որ չկան նման քայլի հարուցած կորուստները փոխհատուցելու աղբյուրներ: Ցանկանում եմ, որ Ուկրաինայում բոլորը գիտակցեն. մեզ ոչ ոք փոխհատուցում չի առաջարկել եւ չի առաջարկելու այդ շուկան կորցնելու դիմաց: Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ փակվեն ձեռնարկություններ, որ մեր մարդիկ մնան առանց աշխատավարձերի եւ թոշակների»:
Շարունակությունն ավելի ճոխ է: Ըստ այդմ, Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների կարգավորումը հիմա իրենց «թիվ մեկ խնդիրն է»:
Ըստ «Ռեգնումի», Ն.Ազարովը ասել է. «Նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ես բուռն խոսակցություններ ենք ունեցել ձեռներեցների եւ արհմիությունների հետ՝ Ռուսաստանի հետ առեւտրի վիճակի շուրջ: Իշխանությունները համամիտ են այն խորը մտահոգությանը, որ աշխատատեղերի հնարավոր կորստյան առումով ունեն գործարարներն ու արհմիությունները: Դա… ուղիղ հարված է ուկրաինական տնտեսությանը, գումարած՝ գազի եւ նավթի աստղաբաշխական գները»:
Ավելին, նույն աղբյուրի համաձայն, Ուկրաինայի վարչապետը նշել է, թե կարելի է ասել, որ «այս շրջադարձը», այսինքն՝ դեպի Ռուսաստան շրջվելը, տնտեսության իրական հատվածի պարտադրանքն է իշխանություններին:
Ոչ պակաս հետաքրքիր է եւ այն, Ն.Ազարովի խոսքով, թե նախագահ Յանուկովիչը կարգադրել է կառավարությանը, որպեսզի արագացնեն Մաքսային միության հետ կապված տեխնիկական հարցերի կարգավորումը:
Դժվար է, իհարկե, պնդել, թե Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ տեղի է ունենում շրջադարձային անցում, բայց առնվազն կարելի է կասկածել, որ այստեղ շատ բան «այն չէ»: Անգամ հաշվի առնելով վերոնշյալ տեղեկատվության համեստ տարածման ու շրջանառության հանգամանքները, պետք է նկատել, որ ծուխն անկրակ չէ:
Հնարավոր է, միգուցե, որ ինչ-որ մեկը Ռուսաստան-Արեւմուտք տեղեկատվական ու նաեւ հոգեբանական պատերազմի համատեքստում նստել եւ իրենից հորինել է Ուկրաինայի վարչապետի հայտարարություններ, որոնք գուցեեւ չեն հնչել: Ճիշտ է, նույնիսկ քարոզչական հարձակումներում հազվադեպ է լինում, որ ամբողջական մեջբերումներով, ուղիղ խոսքով, նման տեքստեր հորինեն: Դա արդեն միջպետական խայտառակ սադրանքի եւ խոշոր սկանդալի առարկա կդառնա:
Բայց, մյուս կողմից, կարծես ոչ մի հերքում էլ չկա որեւէ այլ կայքում, առ այն, որ այսինչ գործակալությունը Ուկրաինայի վարչապետին վերագրել է արտահայտություններ, որ նա չի ասել: Ուղղակի քար լռություն է, եւ վերջ:
Իսկ եթե խմորումները, որոնք ակնհայտ են առանց զանազան քարոզչական հնարքների, այնուամենայնիվ հանգեցնեն նրան, որ Ուկրաինան Վիլնյուսում ոչինչ չստորագրի, ապա սա արդեն Եվրամիության համար շատ խոշոր տապալում կլինի: Դժվար չէ նկատել, որ Արեւելյան գործընկերության առանցքային նպատակներից մեկը (ոչ միակը, անշուշտ) հենց Ուկրաինան ռուսական ազդեցության գոտուց կտրելն է, իր հերթին՝ Ռուսաստանին այդպիսով որոշակիորեն խեղճացնելը:
Բայց եթե այդ հարվածը չի ստացվում, եւ Ուկրաինան որոշում է գնալ դեպի Մաքսային միություն, կնշանակի Ասոցացման այս ամբողջ գործընթացը փաստորեն ձախողվում է:
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
<Հայոց Աշխարհ>












