Արմեն Ռուստամյան. « Մենք Ցեղասպանության հարցն իջեցրեցինք երկկողմ հարաբերությունների մակարդակի»
«Բոլորն էլ կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն ի՞նչ գնով»,- ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Ո’չ Թուրքիան, ո’չ էլ միջազգային հանրությունը չէին կարող Հայաստանին պարտադրել գնալ ավելի մեծ զիջումների, քան առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն է»,- նշեց Ա. Ռուստամյանը՝ նկատելով, որ այս արձանագրություններով Հայաստանը շեղվել է առանց նախապայմանների գործելու իր սկզբունքից, քանի որ դրանցում կան նախապայմաններ, թեև` քողարկված:
«Եթե մեկին ուզում են թունավորել, բաժակի վրա չեն գրում «թույն»: Այդ պատճառով էլ չկան Կարսի պայմանագրի ճանաչման եւ Ցեղասպանությունից հրաժարման հստակ ամրագրումներ, թեեւ դրանք իրականում կան»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Դաշնակցական գործիչը համոզված է, որ Հայաստանը լուրջ կորուստներ կունենա, եթե ստորագրի արձանագրությունները, մասնավորապես` կզրկվի Կարսի պայմանագիրը հետագայում վիճարկելու հնարավորությունից:
Բացի այդ, եթե համաձայնենք ստեղծել պատմաբանների չարաբաստիկ ենթահանձնաժողովը, Թուրքիան անպայման կհաջողի Ցեղասպանության ժխտման իր քաղաքականության մեջ: «Մենք Ցեղասպանության հարցն իջեցրեցինք երկկողմ հարաբերությունների մակարդակի, թեեւ այն վաղուց միջազգային հարթության հարց էր եւ զուգահեռվում էր հրեաների Հոլոքոստի հետ»,- ասաց Ա. Ռուստամյանը՝ հավելելով, որ այսպիսի զիջողականությունը տպավորություն է ստեղծում, թե պատրաստ ենք անձնատուր լինել:
Armar.am












