Հայաստանն Ավստրիային փոխանցեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։ Ինչպես հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից՝ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփել է Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական նախագահության գերակայությունները, ինչպես նաև՝ նպատակները, սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության հաստատման առումով։
Նախարարի բնորոշմամբ՝ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդումը:
«Մեր նախագահության ընթացքում սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների հետ, ակտիվ փոխգործակցություն ենք ունեցել Գլխավոր քարտուղարի և քարտուղարության, Խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ»,- ասել է նախարար Նալբանդյանը։
Նախարարը նաև նշել է. «Հայաստանը մեծ կարևորություն է տվել Եվրոպայի խորհրդում իր նախագահությանը։ Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ ու հանդիպեց կազմակերպության ղեկավարության հետ, ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:
Մեր նախագահության նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, որոնցից ամենանշանակալիներն էին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, «Կրոնի ազատությունն աշխարհում այսօր. մարտահրավերներ և երաշխիքներ» համաժողովը, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով գիտաժողովը, «Դարձնելով մայրաքաղաքները քաղաքացիներին մոտ. մարտահրավեր հանրային պաշտոնյաների համար» համաժողովը, «Եվրոպական ժառանգության օրեր» 2013 ծրագիրը և շատ այլ միջոցառումներ:
Մեր նախագահության ընթացքում նախաձեռնվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 15 –րդ և 16-րդ արձանագրությունների համաձայնեցումը և ստորագրման գործընթացի մեկնարկը։
Հայկական նախագահությունն աջակցեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված կազմակերպության բարեփոխման գործընթացին, օժանդակեց բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են ԵԽ-ի գործունեությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն:
Մենք մեր նպաստը բերեցինք տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության խորացմանն ու զարգացմանը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու խորհրդակցությունները:
Նախարարների կոմիտեն մեծ ուշադրությամբ հետևել է Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամակցության գործընթացին: Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության բանակցողները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերը` ճանապարհ հարթելով կոնվենցիային ԵՄ միանալու համար»։
Նախարարական հանդիպման ավարտին կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Ավստրիային։ Այս կապակցությամբ շնորհավորելով Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միքայել Շպինդելեգերին՝ նախարար Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:
Հայաստանի նախագահության արդյունավետ և ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընգծել են Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, ԵԽ հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը։












