ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Այն, որ բջջային հեռախոսը վտանգավոր է առողջության համար, արծարծվել է բազմիցս։ Մասնագետները նախազգուշացնում են, որ բջջային հեռախոսը թուլացնում է իմունիտետը, խաթարում պսիխիկան, մեծացնում մարդու կենսաբանական տարիքը։ Հատկապես վնասակար են դրանք մինչեւ 18 տարեկան դեռահասներին։ Սակայն մենք մի տեսակ անտեսում ենք այս ամենը։ Եվ շատ իզուր։
Վերջերս երեխաների կողմից բջջային հեռախոսի օգտագործումը սահմանափակելու անհրաժեշտության մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի Ճառագայթահարումներից պաշտպանության ազգային խորհուրդը։ Եվ առաջարկեց արգելել մինչեւ 8 տարեկան երեխաներին խոսել բջջային հեռախոսով, իսկ 8-14 տարեկան դեռահասներին խորհուրդ տվեց օգտագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Իսկ ռուս գիտնականներն էլ ավելի հեռուն գնացին. նրանք պահանջում են առավելագույնս կրճատել բջջային հեռախոսից օգտվելու ժամանակը, արգելանք դնել մինչեւ 18 տարեկան անձանց եւ հղի կանանց բջջային խոսակցությունների վրա։
Ինչի՞ հետ են կապված այդչափ արմատական միջոցները։ Դեռեւս 50-ական թվականների սկզբին պարզվեց, որ ռադիոհաճախականության ծավալի էլեկտրամագնիսական դաշտերը կարող են տհաճ փոփոխություններ առաջացնել կենտրոնական նյարդային եւ սրտանոթային համակարգերում։ Այնինչ բջջային հեռախոսը հենց այդպիսի դաշտերի գեներատոր է, ըստ որում՝ օժտված է մեր ուղեղը, սիրտը կամ մարմնի այլ մասերը զօր ու գիշեր ճառագայթահարելու գերազանց հատկությամբ։
Հեռախոս արտադրողները սովորաբար պնդում են, թե այդ դաշտերի մակարդակը ցածր է եւ ոչ մի կերպ չի ազդում մարդու վրա, հետեւաբար իրենց սարքերը վնաս չեն պատճառում։ Սակայն իրականում մեր բջջայինների մեծ մասի ճառագայթման մակարդակը գերազանցում է թույլատրելին մի քանի անգամ։
Ժամանակին Ռուսաստանում ուշագրավ գիտափորձեր անցկացվեցին կենդանիների, կամավորների եւ, այսպես կոչված, պրոֆեսիոնալ գործածողների վրա (սրանք օգտագործում են բջջայինը՝ նույնիսկ ձեռքի տակ ունենալով քաղաքային հեռախոս)։ Գիտնականներն ուսումնասիրում էին ակնաբյուրեղի, ինչպես նաեւ նյարդային եւ իմունային համակարգերի վիճակը՝ էլեկտրամագնիսական դաշտի միջին մակարդակով ճառագայթահարումից հետո։ Պարզվեց, որ բջջային հեռախոսը անդառնալի փոփոխություններ է առաջացնում որոշ օրգաններում եւ գլխուղեղի ենթակեղեւային կառուցվածքներում։
Եթե, օրինակ, «կանցերոգեն վտանգ» արտահայտությունը հասարակ քաղաքացիներին առանձնապես ոչինչ չի ասում, ապա թե ինչ է նշանակում «քաղցկեղային հիվանդության մեծ վտանգը», հայտնի է բոլորին։
Իսկ առնետների վրա դրված փորձերը ստիպեցին գիտնականներին նաեւ մտահոգվել՝ չե՞ն ազդում էլեկտրամագնիսական դաշտերը նյութափոխանակության վրա։
Հերթական հետազոտություններն այդ ոլորտում տվեցին է՛լ ավելի սենսացիոն արդյունքներ. այդ նույն առնետները բջջային կապի ապարատով ճառագայթահարումից նաեւ բթանում են, ինչից հետո նրանց մտավոր կարողությունները չեն վերականգնվում նույնիսկ աղբյուրից հեռացնելիս։
Կարճատեւ ճառագայթահարումը նշանակալից ազդեցություն չի գործում, բայց, այ, «պրոֆեսիոնալ գործածողների» պարագայում վիճակը բավական վատ է։ Գիտնականները հետազոտել են 30-40 տարեկան մարդկանց խումբ (նրանք 2-4 տարվա ընթացքում օրական 15-25 րոպե օգտագործում էին բջջային հեռախոս)։
Պարզվեց, որ այդչափ տեւական ճառագայթահարումը հանգեցնում է որոշ հիմնական գործառույթների՝ մտածողության, հիշողության եւ ուշադրության խանգարումների։ Իսկ ակտիվ գործածողների կենսաբանական տարիքն անցնում է օրացուցայինից միջինը 6-8 տարով։ Այսինքն՝ եթե դուք 30 տարեկան եք ու պարբերաբար խոսում եք բջջային հեռախոսով, ապա «տարիքը» սանդղակում վստահորեն գրեք 36։
Ահա այսպիսի մտահոգիչ կացություն։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք վերը, քչերն են ուշադրություն դարձնում գիտնականների նախազգուշացումներին։ Այնինչ կգա անհոգության հատուցման ժամանակը։
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ












