Գլխավոր » TOP, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ուկրաինայում հասկացան, որ ԵՄ ասոցացումը կոչնչացնի տնտեսությունը

Նոյեմբեր 19, 2013թ. 22:21

4Հարցազրույց ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ

-Այն, որ Վիլնյուսի նախօրեին Ուկրաինայում սկսեցին խոսել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին, կանխատեսելի, տրամաբանակա՞ն ընթացք էր, թե՞, ինչպես արեւմտամետներն են ասում, Ռուսաստանի ճնշման հետեւանք:

-Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացն ամենեւին էլ անսպասելի շրջադարձ չէր, ոչ էլ Ռուսաստանի ճնշման հետեւանք, այլ, իրոք, տրամաբանական ընթացք: Դեռ երկու ամիս առաջ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանը չպետք է շտապի նախաստորագրելու ԵՄ հետ համաձայնագիրը, այլ պետք է սպասի, տեսնի, թե ինչի կհանգեցնի Ուկրաինայի ստորագրումը, որից հետո միայն որոշում կայացնի:
Իսկ այն, որ Ուկրաինայում Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում լինելու է արդյունաբերության անկում, սարսափելի արտագաղթ, ճգնաժամային երեւույթներ՝ ակնհայտ է:

-Իսկ գուցե նախկին վարչապետ Տիմոշենկոյին ներում շնորհելու ԵՄ պարտադրա՞նքը առիթ դարձավ հակաասոցացման տրամադրությունների առաջացման:

– Հայտնի է, որ Ուկրաինայի առաջ Եվրամիության դրած երկու տասնյակից ավելի պահանջներից երեքը, այդ թվում եւ Տիմոշենկոյին ներում շնորհելը, դեռ կատարված չեն: Նախկին վարչապետին ազատ արձակելու Եվրամիության պնդումը, կարծում եմ, ավելի շատ գործող իշխանությանն է անհանգստացնում. մտավախություն ունեն, որ այդ քայլը կարող է երկրում նոր խմորումների հնարավորություն տալ:
Բայց Տիմոշենկոյին ներում շնորհելը չէր կարող հակաեվրոպական տրամադրությունների պատճառ դառնալ: Այդ պատճառն այլ տեղում պետք է փնտրել. Ուկրաինայի արտադրողները վերջապես հստակ հաշվարկ են արել ու հասկացել, որ ԵՄ ասոցացումը հանգեցնելու է երկրի արդյունաբերության ոչնչացման: Վերջին ամիսներին նրանք սկսեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել, ներկայացնել կոնկրետ փաստեր, որոնք Ուկրաինայի ղեկավարությունն անտեսել չի կարող: Այնպես որ ոչ թե Տիմոշենկոյի ազատ արձակման ԵՄ պահանջն է այս շրջադարձի պատճառը, այլ Ուկրաինայի տնտեսության վտանգման հեռանկարը:

Ի դեպ, ուկրաինացի ձեռնարկատերերը երկրի նախագահին, վարչապետին ուղղված նամակում պահանջեցին մեկ տարով հետաձգել համաձայնագրի ստորագրումը, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը համապատասխանեցնել եվրոչափանիշներին: Նախ՝ մեկ տարին բավարա՞ր է նման գործընթացի համար, եւ երկրորդ՝ սա չի՞ հաստատում մեզանում արտահայտված այն մտահոգությունը, որ Եվրամիության հետ ասոցացման դեպքում հայկական արտադրանքը եւս կորակվեր այդ չափանիշներին չհամապատասխանող եւ դուրս կմղվեր եվրոպական շուկայից:

-Իհարկե: Հայաստանի պարագայում այդ գործընթացն առավել ծանր կլիներ՝ իր բոլոր խոցելի հետեւանքներով: Մեր տնտեսությունն ուղղակի կփոշիանար: Ահա թե ինչու ես սեպտեմբերի 3-ից հետո ողջունեցի Մաքսային միությանն անդամակցման հայտարարությունը:
Ինչ վերաբերում է ուկրաինացի արդյունաբերողների խոսքին, թե մեկ տարում կկարողանան իրենց արտադրությունը համապատասխանեցնել եվրոչափանիշներին, ասեմ, որ նրանք կեղծում են, չեն ասում ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ մեկ տարում դա հնարավոր չէ անել, դա երազ է:

-Երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, թե ոչ ոք Ուկրաինային չի առաջարկել եւ չի առաջարկի փոխհատուցում ռուսական շուկայի կորստի դիմաց: Ակնարկը, անշուշտ, ուղղված էր Արեւմուտքին: Փաստորեն Ուկրաինայում եւս Եվրամիությունից սպասելիքներ չունեն:

-Ուկրաինային հասկացրել են, որ եթե դու փոխում ես քո տնտեսական համագործակցության վեկտորը, քո շուկան, ուրեմն քո նոր գործընկեր ԵՄ-ն պետք է փոխհատուցի կորսված ռուսական շուկայի դիմաց: Իսկ այդ փոխհատուցումը կազմում է հսկայական գումարներ, ինչը Եվրոպան երբեք չի տրամադրի Ուկրաինային:
Ի վերջո, Եվրոպային չի հետաքրքում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Հայաստանի ու ԱՊՀ տարածքի պետությունների տնտեսական զարգացումը, Եվրոպան ընդամենը լուծում է ստրատեգիական խնդիր: Ասել եմ ու դարձյալ կրկնում եմ՝ Եվրոպայի նպատակն է հասնել Ռուսաստանի դիրքերի թուլացման եւ Հայաստանին, մյուս երկրիներին դուրս բերելով Ռուսաստանի դաշնակցային դաշտից՝ ձգտում է հասնել այդ նպատակին:

– Այն, որ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը, Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կլինի Ուկրաինայի տնտեսությանն ուժեղ հարված, Ուկրաինայի նման հզոր երկրում սկսել են գիտակցել, բայց զարմանալի է, որ սա չեն գիտակցում հայաստանյան որոշակի շրջանակներ եւ շարունակում են ամեն կերպ խանգարել Մաքսային միությանն անդամակցման ընթացքին: Ինչո՞ւ:

-Գիտեք, պատվերով աշխատող մարդկանց երբեք չեմ հարգել: Ցանկացած վերլուծություն պետք է լինի խորը եւ մեր ազգային շահերի վրա հիմնված: Կան մարդիկ, որոնք անկեղծորեն համոզված են, որ Եվրամիության հետ ասոցացումը Հայաստանի համար կապահովեր պայծառ ապագա: Բայց ասոցացման կողմնակիցների գերակշիռ մասը եվրոպական ինչ-ինչ ուժերից պարտավորություններ ստանձնած մարդիկ են եւ այսօր զբաղված են դրանց կատարմամբ: Նրանք գրանտակերներն են, եւ իրենց խնդիրն է Եվրոասոցացման գովազդմամբ նորանոր գրանտներ ստանալը:

-Ձեր նշած գրանտակերները երկու հակափաստարկ են բերում, որ Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանը, նախ, կկորցնի իր ինքնուրույնությունը, երկրորդ՝ մտավախություն կա Արցախի հարցում: Վտանգ չե՞ք տեսնում:

-Երկուսն էլ գրանտայինների կարծեցյալ «վտանգներն» են: Պետության ինքնիշխանության առաջին պայմանը բանակն է, երկրորդը՝ դրամը: Դեռ երկու տասնամյակ առաջ մեր երկրի բանկային ոլորտին, դրամավարկային, բյուջետային քաղաքականությանն առնչվող հարցերը լուծեցինք՝ հիմնվելով Համաշխարհային բանկի խորհուրդների վրա: Այսինքն՝ մեր ինքնիշխանության մի զգալի մասը զիջեցինք Արեւմուտքին, ոչ թե Ռուսաստանին:
Երբ պատրաստվում էինք անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, նրանք մեր առաջ դրեցին մի փաթեթ՝ բազմաթիվ պահանջներով, ընդունեցինք 25 օրենք: Բայց ԱՀԿ-ին անդամակցումից Հայաստանը ոչինչ չշահեց, փոխարենը բազմաթիվ պարտավորություններ ստանձնեց ու տուժեց:
Իսկ երբեւէ լսե՞լ եք, որ մեր անվտանգության երաշխավոր հայոց բանակի դեպքում ասվի, թե այն կառավարվում է Մոսկվայի կողմից: Իհարկե՝ ոչ: Հիմա, արեւմտամետները ի՞նչ ինքնիշխանության կորստի մասին են խոսում: Չկա նման բան:
Ամենեւին պետք չէ անհանգստանալ նաեւ Արցախի հարցում, որովհետեւ Հայաստանը ֆինանսատնտեսական համագործակցության մեջ է մտնում մի կառույցի հետ, որի հիմնադիր երկիր Ռուսաստանի հետ արդեն 20 տարի է, որ գտնվում է ռազմաքաղաքական համագործակցության մեջ: Հետեւաբար Արցախյան հիմնախնդիրը դրանից ոչ միայն չի տուժելու, այլեւ շահելու է:


ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=4709&pageid=144986&lang=


Դիտել TOP, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն