Եկել է սխալը շտկելու ժամանակը. Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Սկզբից ևեթ պարզ էր՝ Վիեննայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից ակնկալիքներ չկան: Բայց մի նորություն, այնուհանդերձ, գրանցվեց, դա բանակցությունների սեղանին կոնկրետ առաջարկությունների բացակայություն էր: Անգամ համանախագահները չխոսեցին հայտնի մադրիդյան սկզբունքներից: Սա չի՞ նշանակում , որ բանակցային օրակարգի հստակեցման, գուցե և փոփոխման կարիք կա:
– Մադրիդյան սկզբունքները, որ բանակցությունների սեղանին դրվեցին 2007-ին, ձևավորվել էին բոլորովին այլ քաղաքական իրավիճակում՝ Հայաստանում այլ իշխանություն էր: Մինչդեռ, 2008-ին մեզանում կայացած նախագահական ընտրություններից հետո, փաստորեն, մադրիդյան սկզբունքները սկսեցին չգործել. հայկական կողմը բանակցություններում առանցքային դարձրեց Արցախի կարգավիճակի հարցը, առաջարկելով մյուս քայլերին անդրադառնալ միայն դրանից հետո: Այդ մոտեցումը, բնականաբար, Ադրբեջանի շահերից չի բխում, ինչպես և առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման զիջումները չեն բխում հայկական կողմերի շահերից: Ազատագրված տարածքները ԼՂՀ-ի անվտանգության լավագույն երաշխիքն են: Հետևաբար, դրանց հանձնման դեպքում հակառակորդի հետ շփման գծի երկարությունը երկու անգամ կմեծանա և անվտանգության պահպանումը հայկական կողմերի համար կպահանջի մարդկային ու ֆինանսական մեծաքանակ ռեսուրսներ: Այսօր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող դիրքերը, ռազմավարական տեսակետից, շատ նպաստավոր են, հրաժարումը դրանցից հայկական կողմերի համար կնշանակի՝ ռազմաքաղաքական առավելության զիջում հակառակորդին: Իմ համոզմամբ, մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, ավելին, դրանք սկզբունքներ էլ չեն, այլ մի ծրագիր, որում նշված քայլերի հաջորդականությունը նպաստավոր չէ հայկական կողմերի համար:
-Ի դեպ, այս մասին հայտարարել է և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հակիրճ նշելով. ՙՄենք դեմ ենք մադրիդյան սկզբունքներին ու բազմիցս դրա մասին ասել ենք՚:
– Ճշգրիտ հայտարարություն է: Եվ այն, որ հայկական կողմը առաջնահերթ դարձրեց Արցախի կարգավիճակի հարցը, արդեն իսկ նշանակում է բանակցային գործընթացում մոտեցումների փոփոխություն, մասնավորաբար, մադրիդյան սկզբունքների տեսանկյունից: Նկատենք, որ բանակցություններում սկզբունքներն արդեն մի քանի անգամ փոփոխվել են: Հիշո՞ւմ եք, սկզբում խոսվում էր փուլային-փաթեթայինի մասին, հետո ընդհանուր պետության գաղափարն առաջ քաշվեց, հետո էլ շրջանառվեց անգամ Մեղրիի փոխանակման տարբերակը, դրան հաջորդեցին փարիզյան սկզբունքները և այլն: Նման գործընթացը բնական եմ համարում, քաղաքական տարբեր իրավիճակներում առաջարկվում են տարբեր մոտեցումներ, թե որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն Հայաստանի և Ադրբեջանի համար, ըստ այդմ էլ համանախագահները կփորձեն լուծումների նոր տարբերակներ առաջարկել:
–Մաքսային միությանն անդամակցման մասին Հայաստանի հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե ջանքեր կներդնի, որպեսզի փակուղի մտած բանակցային գործընթացը վերսկսվի և կարճ ժամկետում արդյունքներ գրանցվեն: Նույնպիսի կոչեր են հնչում նաև եվրոպական կառույցներից: <Ջանքերի ներդրում> ասվածը կարո՞ղ է ենթադրել Հայաստանի վրա ԼՂ հարցում ճնշման գործադրում:
-Արցախյան հիմնախնդիրն, այո, խանգարում է Արևմուտքին՝ իր գլոբալ ծրագրերի իրականացման առումով, իսկ Արևմուտքի համար միևնույն է, թե որտեղ կգտնվի Ղարաբաղը, Հայաստանի՞, թե Ադրբեջանի կազմում: Բայց քանի դեռ տարածաշրջանում գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, Արևմուտքն անկարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Նախ այն միանշանակորեն կվերաճի Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության: Արևմուտքը չի կարող Հայաստանի դեմ ո՜չ տնտեսական, ո՜չ էլ ռազմական առումով ճնշում գործադրել, դա բացառվում է հայ- ռուսական ռազմական համագործակցության պայմանագրի գոյությամբ: Հիշեցնեմ նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի հրամանատարի հայատարարությունը, նաև ՀԱՊԿ քարտուղար Ն. Բորդյուժայի խոսքը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների իրականացման դեպքում ՀԱՊԿ-ը կանցնի իր պարտականությունների կատարմանը: Այնպես որ, Արևմուտքը երբեք չի գնա ԼՂ հիմնախնդիրն ուժային տարբերակով լուծելու ճանապարհով, այս խնդիրն ունի միայն քաղաքական լուծում:
Գործընթացի ակտիվացումը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ լուծումը չկա, չի գտնվել այն առաջարկը, որին կհամաձայնվեն երեք կողմերը: Իսկ իրականում ԼՂ հիմնահարցը լուծված է, այն լուծել է Ղարաբաղի ժողովուրդը՝ հաղթելով Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված պատերազմում: Մնում է, որ այս իրողության հետ հաշվի նստեն և Ադրբեջանը, և Արևմուտքը:
Ինչ վերաբերում է ԼՂ հարցում առհասարակ Արևմուտքի ակտիվացմանը, ես դրանում ոչ մի դրական բան չեմ տեսնում: Եթե հետևենք բանակցային գործընթացի պատմությանը կհամոզվենք, որ նման ակտիվացումներն ավարտվել են Հայաստանի համար լրջագույն ճգնաժամերով: Արևմուտքի նպատակն է ԼՂ հարցը լուծել Հայաստանի հաշվին և դա ունի իր պարզ բացատրությունը.Արևմուտքը չի ճանաչի ԼՂՀ անկախությունը, չի գնա հայանպաստ քայլերի, որովհետև դրան չի համաձայնվի Ադրբեջանն ու նրա մեծ եղբայր Թուրքիան, որը Արևմուտքի դաշնակիցն է: Հայաստանն այս ամենը լիովին գիտակցելով պետք է շատ զգուշավոր լինի, նաև Ճիշտ է անում, որ մասնակցում է բանակցություններին, քանի որ ամեն ինչ պետք է անել պատերազմի չվերսկսման համար:
-Իսկ պատերազմի վերսկսման սպառնալիք կա՞, եթե նկատի ունենանք Ադրբեջանի անդադար սպառազինումը:
-Այն ինչ անում է Ադրբեջանը, դեռ չի նշանակում, որ ունի այն ներուժը, որն իրեն թույլ կտա պատերազմ սկսել ու հասնել իր նպատակին: Նա ի վիճակի չէ դա անելու, որովհետև այսօր ռազմաքաղաքական բալանսն իր օգտին չէ, իսկ դրան նպաստում են մի շարք կարևոր գործոններ: Առաջինը, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է՝ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այսինքն, եթե Ադրբեջանը ագրեսիա սկսի Արցախի դեմ, ապա Հայաստանն իր ամբողջ ուժով դուրս կգա Ադրբեջանի դեմ: Իսկ եթե Ադրբեջանը սլաքն ուղղի Հայաստանի դեմ, ապա ի պաշտպանություն Հայաստանի կսկսի գործել հայ-ռուսական ռազմական պայմանագիրը, ապա և ՀԱՊԿ պայմանագիրը: Եվ վերջապես, մեր ամենամեծ երաշխավորը Հայոց բանակն է՝ իր մարտունակությամբ, սպառազինությամբ: Այնպես որ, ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակն Ադրբեջանին թույլ չի տա գնալ ագրեսիվ քայլերի:
-Այնուհանդերձ, չե՞ք կարծում, որ բանակցային գործընթացում առկա փակուղային իրավիճակը կարող է փոփոխվել միայն մեկ դեպքում, երբ ԼՂՀ-ն որպես կողմ մասնակցի բանակցություններին: Ի դեպ, այս հարցին ևս անդրադարձել է ԼՂՀ նախագահը, ասելով՝ որոշումները կարող են ընդունելի լինել, եթե ԼՂՀ-ն դրանց մասնակցի մշակման հենց սկզբից, այլ ոչ թե որոշակի փուլում:
-Արցախի նախագահը հանդես է եկել շատ տեղին հայտարարությամբ: Այո, Արցախը պետք է լինի բանակցային կողմ: Փորձը ցույց է տվել, երբ Արցախը մասնակցել է գործընթացներին մենք և՜ ավելի ուժեղ ենք եղել, և՜ գործընթացներն են ճշգրիտ ուղով ընթացել: 1999-ին ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, այսօր, կարծում եմ, եկել է սխալի շտկման ժամանակը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












