Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ինչքան շուտ դառնանք ՄՄ անդամ, այնքան շուտ կլռեն արևմտյան գործակալները

Նոյեմբեր 22, 2013թ. 00:20

Vagharshak Harutyunyan<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-ՄՄ-ին Հայաստանի անդամակցման կողմնակիցները տարբեր փաստարկներով հաստատում են, որ այդ որոշումը բխում է Հայաստանի շահերից՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսական առումով, արևմտամետները, սակայն, շարունակում են հակադարձել` կորցնում ենք մեր ինքնիշխանությունը: Ի՞նչ կասեք տրամագծորեն հակառակ այս կարծիքների առնչությամբ:

– Ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն՝ ազգային նկարագրիդ, ինքնությանդ պահպանում, տարածքներիդ պաշտպանություն, պետության զարգացում: Եվ ՄՄ անդամակցմամբ սրանցից որևէ մեկը Հայաստանը ոչ թե կորցնում, այլ հակառակը՝ ամրապնդում է: Մյուս կողմից, բացարձակ անկախություն գոյություն չունի, նույնիսկ ԱՄՆ-ը, որպես գերտերություն, անկախ չէ, և իր քայլերը համաձայնեցնում է դաշնակիցների հետ: Արևմտամտներին հարց եմ ուղղում, իսկ Հայաստանի անդամակցումը ԵԽ-ին չի՞ սահմանափակում մեր ինքնիշխանությունը, իհարկե, սահմանափակում է: Իրենք էլ դա լավ գիտեն, բայց այդ մասին չեն խոսում, որովհետև ՄՄ-ն վատաբանելու միտում ունեն: Մեր անկախության 22 տարվա ընթացքում Եվրոպան անվերջ մեզ վերահսկում է, անվերջ մեզ սովորեցնում է, բայց ոչնչով չի նպաստում մեր երկրի զարգացմանը:

-Եվրոպական դրամաշնորհներն հիմնականում ուղղվում են խորհրդատվությունների կազմակերպմանը և ավարտվում ծաղկաձորյան սեմինարներով, դրանց զգալի մասն էլ եվրոպացի խորհրդատուների աշխատավարձերի տեսքով դարձյալ վերադառնում է հետ՝ մեկ լումայով իսկ չնպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը:

-Եվ այսպես 22 տարի շարունակ. մենք ուղղակի կատարել ենք Արևմուտքի ցուցումները, արդյունքում Հայաստանը հետնահանջ է գրանցել բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև կրթություն: Այսօր մեր ՀՆԱ-ն նույնիսկ չի հասել Խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ի մակարդակին: Իսկ արտագաղթը հետևանք է մեր տնտեսության չզարգացվածության: 22 տարվա եվրաինտեգրման ճանապարհին համոզվեցինք, որ Արևմուտքն իրականում մեզ չի օգնում և չի նպաստում մեր պետության առաջընթացին:

-Այս ամենն անտեսելով աևմտամետներն անվերջ բերում են միևնույն հակափաստարկները, ասելով՝ ԵՄ ասոցացումը մերժելով Հայաստանը կայացած կառույցը փոխարինեց չկայացած ՄՄ-ով, երկրորդ, շեշտվում է ընդհանուր սահման չունենալու հանգամանքը:

-Այստեղ մի շփոթմունք կա, որը թերևս միտումնավոր է արվում: Կայացած- չկայացած կառույցների մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, երբ Հայաստանի առաջ դրված լիներ ԵՄ անդամակցության հարցը: Բայց մեզ չի առաջարկվում ԵՄ անդամ դառնալ, խոսքն ընդամենը Ասոցացման պայմանագիր ստորգրելու մասին է, որը նոր բան չէր տալու Հայաստանին: Եթե ոմանք հույս ունեին, որ ԵՄ ասոցացմամբ դուռ կբացվի ԵՄ անդամակցության՝ խիստ սխալվում են: ԵՄ չինովնիկներն էլ են հայտարարում՝ մոտակա 50 տարիներին ԵՄ-ն նոր պետություններ չի ներառելու իր կազմում, որովհետև այնքան է ընդլայնելու իր կազմը, որ այսօր դա չի կրողանում մարսել, ամբողջ ծանրությունն ընկել է Գերմանիայի ու Ֆրանսիայի վրա: Մյուս կողմից, ԵՄ-ն լինելով կայացած կառույց , սակայն իր ներում ունի բազմաթիվ կուտակված պրոբլեմներ: Իսկ նրանք, ովքեր հայտարարում են, թե ՄՄ-ն չկայացած է, կամ անտեղյակ են, կամ դեմագոգիայով են զբաղված, քանի որ 2006 թվականից գործող միությունը լուրջ ճանապարհ է անցել, մշակել մեկ տասնյակից ավելի պայմանագրեր ու 50-ից ավելի որոշումներ, դրանցից մեկն էլ վերաբերում է մեզ համար կարևոր գազի մատակարարմանը, աշխատանքային ներգաղթյալների խնդրին, ովքեր կունենան հստակ կարգավիճակ: Ի տարբերություն ԵՄ ասոցացման, որը մութ ճանապարհ է մեզ համար, ՄՄ կողմից մեզ ուղղվում են կոնկրետ առաջարկներ, որոնք տեսանելի են դարձնում Հայաստանի ձեռքբերումները: Ինչ վերաբերում է սահման չունենալուն, նման պնդում անողներին հիշեցնեմ, որ Երևանից մինչև Փոթի նավահանգիստ մոտ 600 կմ է, իսկ դեպի Լարս՝ մոտ 300, մինչդեռ Հայաստանից Եվրոպա հասնելու համար հազարավոր կիլոմետրեր պետք է կտրես, հիմա ո՞րն է մեզ համար ձեռնտուն:

-Բայց ձեր նշած կարճ ճանապարհն անցնում է մի երկրով, որը չլուծված խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում փակ է աբխազական երկաթուղին:

-Դեպի ԵՄ ճանապարհը մեզ համար անցնում է առավել խնդրահարույց երկրով՝ Թուրքիայով, ու դժվար է ասել, թե ե՞րբ կլուծվեն Հայաստան-Թուրքիա պատմական, քաղաքական, իրավական լրջագույն խնդիրները: Մինչդեռ այսօր առարկայական քննարկման դաշտում է աբխազական երկաթուղու վերաբացման հարցը: Ի դեպ, նախօրեին հենց Թբիլիսիում խնդրի առնչությամբ քննարկում էր կազմակերպվել, հարցը բարդ է, բայց կարծում եմ, կան երկաթուղու բացման անհրաժետ նախապայմաններ:

ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը նկատել էր, թե ՄՄ-ի շուրջ արևմուտյան աղմուկը պայմանավորված է այն մտահոգությամբ, թե ՄՄ-ն կայսերական նախագիծ է, վերականգնվում է ԽՍՀՄ-ը: Սակայն, Լեպյոխինի խոսքով, ՄՄ-ն ընդամենը տնտեսական նախագիծ է: Ձեր դիտարկումը:

-ՄՄ-ն դիտարկել ընդամենը տնտեսական նախագիծ՝ ճիշտ չեմ համարում: Այն իրականում աշխարհաքաղաքական լուրջ նախագիծ է, որը սակայն չի նշանակում ԽՍՀՄ-ի վերականգնում: Հիշում եք ԱՄՆ նախկին պետքարտուղար Քլինթոնի խոսքը, թե ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն նոր գործընթացները՝ <Մաքսային միությունը, Եվրասիական միությունը հղի են խորհրդայնացման վտանգով>, նաև ասել էր՝<մենք կգտնենք արդյունավետ միջոցներ այդ գործընթացը չեզոքացնելու համար»: Արևմուտքի վախը տեղին չէ, ԽՍՀՄ-ն չի կարող վերականգնվել, որովհետև ներկայիս պատմական, քաղաքական իրավիճակն այլ է: Բայց եթե ԱՊՀ պետությունների շահերից է բխում՝ տնտեսական ճգնաժամերին դիմակայելու համար միավորվել մեկ միության մեջ, դա չի ենթադրում ԽՍՀՄ վերականգնում: Եվ երբ այդ պետությունները միավորված են մեկ տնտեսական տարածքում, առաջին հերթին պետք է ապահովեն նաև իրենց անվտանգությունը և ՀԱՊԿ-ը՝ ռազմական անվտանգության տեսանկյունից ՄՄ-ի բաղադրիչն է: Չէ՞ որ տնտեսության զարգացման հիմնական պայմանը անվտանգությունն է: Այսպիսով ՄՄ տրամաբանությունը հետևյալն է՝ ամրապնդել երկրների անվտանգությունն ու զարգացնել տնտեսությունը: Սա լրջագույն քայլ էր, որը բխում է Հայաստանի, բնականաբար, նաև Արցախի շահերից: -Արեւմուտքը, սակայն չի նահանջում և այսօր քաղաքական-քարոզչական, նաև տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին ու նրա ծրագրերին, տեղական արևմտամետներն էլ կանխատեսում են՝ դա Հայաստանի համար կնշանակի հայտնվել անիվների տակ:

– Տրամաբանությունից զուրկ կանխատեսում է, ինչպե՞ս դա կարող է լինել, երբ այս միության մեջ մտնելով Հայաստանը ամրապնդում է իր անվտանգությունը: Արևմուտքը ևս շատ լավ հասկանում է իրավիճակը՝ Հայաստանի անվտանգության, տնտեսական խնդիրներն ու մեր իշխանության կատարած իրատեսական քայլը: Հիշում եք, թե սկզբում ինչպիսի կոշտ հայտարարություններ էին հնչում Արևմուտքից, բայց հետո դրանց բովանդակությունը կամաց-կամաց մեղմվեց: Սա փաստում է այն մասին, որ իրենք էլ լավ գիտակվում են, որ Հայաստանն այլ ճանապարհ չունի:

-Այժմ ընթանում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի պատրաստման գործընթացը, նախատեսվում է մինչև փետրվար ավարտել այն: Շտապողականությունը կարո՞ղ է վտանգել գործընթացի արդյունավետությանը:

-Իրոք, կարևոր աշխատանքային փուլում ենք, և ՀՀ-ի իշխանությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել քայլերը, հստակ ներկայացնել երկրի շահերը ու դրանք արտացոլել ձևավորվող փաթեթում: Շատ բան կախված է աշխատանքային խմբից, թե որքանով այն կկարողանա իրականացնել արդյունավետ բանակցություններ: Չեմ կարծում, որ շտապողականությունը կարող է վտանգել արդյունավետությունը: ՄՄ-ն ունի հիմնարար փաստաթղթերը, իսկ հայկական կողմը պարզապես պետք է ուսումնասիրի ու վավերացնի դրանք: Եվ ինչքան շուտ Հայաստանը դառնա ՄՄ անդամ, այնքան ժամ առաջ կհանդարտվեն նաև բոլոր նրանք, ովքեր Արևմուտքի թելադրանքով ամեն կերպ փորձում են խաթրել այս գործընթացները:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն