Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն

Եվրոպան երբեք Հայաստանի հանդեպ արդարամիտ որոշումներ չկայացրեց

Նոյեմբեր 26, 2013թ. 22:18

6Ուկրաինայի արևմտամետ ընդդիմության ֆոնին հայաստանյան արևմտամետներն իրենց մի տեսակ լքված ու անտեսված են զգում՝ արևմտյան տերերը մոռացել են տեղական գրանտակերներին ու ողջ ներուժը կենտրոնացրել Ուկրաինայի վրա՝ այս երկիրը ՄՄ-ից պոկել է պետք: Արդյունքում, Ուկրաինան ճաքեր է տալիս: Իսկ հայաստանյան հանդարտությունը սկսել է նյարդայնացնել տեղականներին, որոնք որոշել են մինչև Վիլնյուսը ոչ միայն չիջնել հեռուստաեթերից, չհեռանալ մամլո ակումբների պատերի տակից, այլ վիրտուալ գրոհ սկսել Մաքսային միության դեմ:
Փոխարենը, տնտեսագետների, քաղաքագետների գիտնակաների մի ստվար բանակ զգոնության կոչ է անում տաք գլուխներին, ու փաստարկներով հիմնավորում սեպտեմբերի 3-ին կայացված որոշուման արդյունավետությունը:

Խնդրի շուրջ կարծիքներ են ներկայացնում տնտեսագետը, քաղաքագետն ու հոգեբանը

Աշոտ Թավադյան /տնտեսագետ/ <ՄՄ-ում Հայաստանը կդառնա մրցունակ երկիր>.

Մաքսային միության անդամակցման պարագայում Հայաստանի տնտեսությունը կունենա և’ կարճաժամկետ, և’ երկարաժամկետ արդյունքներ: Ներկայացնեմ նախ կարճաժամկետ էֆեկտները: Ռուսաստանը վերացնում է Հայաստան արտահանվող ապրանքների մաքսատուրքերը.խոսքը նախ վերաբերում է գազի մաքսատուրքի վերացմանը, ինչի արդյունքում գազի գինը կիջնի 30 տոկոսով՝ 270$-ից մինչև 189$: Այստեղ արդյունքը կկազմի տարեկան, մոտավորապես, 140 մլն ԱՄՆ դոլար: Մոտ 30 տոկոսով կնվազի Ռուսաստանից ներկրվող նավթամթերքների գինը: Ազատվում ենք 5 տոկոս կազմող ատոմային վառելիքի մաքսատուրքից, 6,5 տոկոս կազմող ադամանդի մաքսատուքից: Այսինքն, ռուսական կողմը, որն արտահանվող հումքի վրա սահմանում է մաքսատուք, դրանից ազատում է Մաքսային միության անդամ երկրներին:
Ի վերջո, Մաքսային միության գաղափարախոսության հիմքում ընկած է տնտեսությունների համարհավասար պայմանների ստեղծումը, գների համահարթեցումը:
Ինչ վերաբերում է Մաքսային Միության անդամակցումից ակնկալվող երկարաժամկետ արդյունքներին, ապա այդ մասին հայտարարվեց դեռ սեպտեմբերի 3-ին երկու երկրների նախագահների համատեղ հայտարարության ժամանակ: Խոսքը 500 մլն դոլարի ներդրման մասին է, երկաթգծերի զարգացման համար,մոտավորապես 200 մլն դոլար Եվրասիական բանկը նախատեսում է ներդնել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար:

Փակ սահմանների պատճառով մեր երկրի տնտեսությունը կանգնած է լուրջ դժվարությունների առաջ, իսկ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է՝ Հայաստանի մաքսային միությանն անդամակցելու դեպքում պատրաստ է հայկական երկաթուղիների զարգացման համար կատարել 15 մլրդ ռուսական ռուբլու ներդրում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն ուղղվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը: Երկաթուղու կառուցումը ոչ միայն Հայաստանի, այլև ՄՄ անդամ երկրների, հատկապես, Ռուսաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող քայլ է: Հայաստանի կայուն տնտեսական աճը, նաև Իրան- Հայաստան կառուցվելիք երկաթուղին, մեր երկիրը կդարձնի ոչ միայն տարածաշրջանային երկրները կապող օղակ, այլև լուրջ դերակատարում կունենա Մաքսային միություն- ԵՄ համագործակցության հարցում:

Նախատեսվում է ՙՆաիրտ՚ գործարանի, նաև այլ ստրատեգիական գործարանների վերագործարկում, նավթավերամշակող ձեռնարկության հիմնում Հայաստանում: Սրանք ուղղակի ներդրումներ են ուղղված տնտեսական աճի տեմպի մեծացմանը, զբաղվածության խնդրի բարելավմանը, որը չափազանց կարևոր խնդիր է մեզանում: Վերը նշված քայլերն, իհարկե, կունենան նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ մեր բնակչության կենսամակարդակի աճի համար:Մենք պետք է խելամիտ գործենք, որպեսզի վերը նշված ներուժը օգտագործենք մաքսիմալ չափով:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ում է մեծաթիվ հայկական համայնքը, և այդ երկրից Հայաստան են հոսում մասնավոր տրանսֆերտների մոտ 85 տոկոսը, որը համարժեք է ՀՀ բյուջեի մոտ 65%-ին, իսկ մեր ուղղակի ներդրումների գրեթե կեսը` 42 տոկոսը, կատարում է Ռուսաստանը:

Այսպիսով, ՄՄ անդամակցությունը մեր երկրին թույլ կտա կարճաժամկետ առումով գրանցել մոտ 2 տոկոս ՀՆԱ-ի հավելյալ աճ, լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել և հնարավորություն աշխատավարձերի բարձրացման համար, բացառել վառելիքի գների հետագա հնարավոր թանկացումը, դյուրացնել պատրաստի արտադրանքի արտահանումը, միաժամանակ, վերացնել աշխատանքային խոչընդոտները ներգաղթյալների համար: Այս ամենը կտրուկ բարձրացնում է մեր երկրի մրցունակությունը` ստեղծելով Եվրասիական տնտեսական միությունում մոտ 4% լրացուցիչ տնտեսական աճի հնարավորություն: Այս ամենին Հայաստանն, իհարկե, կհասնի, եթե երկրի ներսում զուգահեռաբար իրականացվի ճշգրիտ տնտեսական քաղաքականություն:

ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ /քաղաքագետ/ Եվրոպան 100 դոլարի օգուտ չի տվել է Հայաստանի անվտանգությանը.

Եթե Ուկրաինայի համար կարևորը խնդրի տնտեսական կողմ է, մեկ այլ երկրի համար գուցե կկարևորվի մշակութայինը, ապա Հայաստանի ՄՄ անդամակցմամբ նախ և առաջ լուծվում է մեր երկրի անվտանգության խնդիրը և յուրաքանչյուր հայ պետք է սա գիտակցի: Մենք այլ ընտրություն չունեինք: Ոմանք խոսում են ՄՄ անդամակցման դեպքում Հայաստանի ինքնիշխանության կորստից, ես այդպիսինների խոսքում սպեկուլյացիա եմ նկատում: Հարց եմ ուզում տալ, իսկ Գերմանիան ու Ֆրանսիան, նաև մյուս եվրոպական երկրները, չեն փոխանցե՞լ իրենց լիազորությունները եվրոկառույցներին, իհարկե, փոխանցել են: Ուրեմն, նման խոսակցություներն անհիմն են: Եթե երկրի անվտանգությունն օդից է կախված, երկրում կա մեծածավալ արտագաղթ, մի՞թե ինքնիշխանություն ասվածը չի դառնում ընդամենը սնամեջ մի խոսք: Փոխարենը, որքան երկիրն ամուր է անվտանգության ու ռազմական տեսանկյունից, իսկ ՄՄ անդամ Հայաստանն այդպիսին կլինի, այնքան ուժեղ է ու ինքնիշխան: Ուրեմն, այս առումով խոսակցությունը փակված է:

Տեսեք, թե ի՞նչ է կատարվում Ուկրաինայում, ցնցվում է այդ երկիրը: Եվ եթե Ուկրաինան հանկարծ արևմտամետների ճնշման տակ որոշում կայացնի ստորագրել ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը, ապա հաջորդ օրն իսկ ոտքի կկանգնի ուղղափառ հատվածը` Դնեպրից դեպի արևելք, այսինքն նրանք, ովքեր Ռուսաստանի նկատմամբ ունեն համակրանք և այսօր դեռևս լուռ են: Եվ սա շատ վտանգավոր պայթյուն կլինի այդ երկիր համար:

Մի կողմ թողնենք Ուկրաինան, Հայաստանի պարագան բոլորովին այլ է: Հայերս մի պարզ բան պետք է հասկանանք, նախ մենք ունենք թեժ կետ՝ դա չլուծված ԼՂ հակամարտությունն է, պատերազմը դեռ ավարտված չէ, և վերջապես, աշխարհում ոչ մի երկիր չունի թուրքի նման թշնամի հարևան: Պատկերացնում ե՞ք, եթե մեր երկիրը չլինի ռազմականապես ամուր ու պաշտպանված, ինչ իրավիճակ կարող է ստեղծվել: Թող արևմտամետները փորձեն իրենց սիրելի Եվրոպայից մեկ հատ տանկ բերել Հայաստան, կամ էլ մեկ հատ ամերիկյան հրացան, որ դնենք ռուսական Կալաշնիկովի կողքին, կարո՞ղ են: Երկու տասնամյակների ընթացքում Եվրոպան 100 դոլորի օգուտ տվե՞լ է Հայաստանի անվտանգությանը: Ոչ: Փոխարենը գումարներ է տալիս գրանտային կազմակերպություններին, ինչո՞ւ, որ չաղանա՞ն:

Մեզ համար կարևորը մեր անվտագության պահպանումն է և ՄՄ անդամակցումը տալիս է մեզ անվտանգության երաշիքներ: Թողնենք գրանտակերներին, որոնք 4-5 տարի եվրոպական կառույցների փողերը կերել են, դարձել քաղաքագետներ, վերլուծաբաներ ու հիմա պետք է հաշիվ տան, թե ինչո՞ւ են սխալ տեղեկատվություն ներկայացրել Եվրոպային: Դա իրենց գործն է: Բայց հայության զգալի հատվածը կարևորելով ՄՄ հետ անդամակցումը, նաև ունի որոշակի անհանգստություն Ռուսաստանի գործողությունների հանդեպ՝ պատմական նախադեպերն են դարձել հայերիս մոտ արդարացի կասկածների հարուցման պատճառը ու մենք Հայաստան ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նաև այդ մասին պետք է տեղեկացնենք: Այսօր կարևոր փուլում ենք, կազմվում է ՄՄ հետ անդամակցության ճանապարհային քարտեզը, պետք է լրջագույն աշխատանք տանել: Ռուսական կողմը շատ լավ է պատրաստված, մտահոգությունս այս է՝ կկարողանա՞ արդյոք հայկական թիմը սպասարկել մեր պետական, ազգային շահերը: Եթե ՄՄ անդամ երկրների հետ իրականացվի բանակցային արդյունավետ աշխատանք, ապա Հայաստանի պետականությունն առավել կամրապնդվի ու նոր բովանդակություն կստանա:

ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ /հոգեբան/</strong> <եթե կիրառում եք երկակի ստանդարտներ, կնշանակի անկեղծ չեք>

Եվրոպական արժեքները լինելով դրական, սակայն իրական կյանքում, անգամ Եվրոպայում, լիովին չեն կիրառվում: Փաստորեն դրանք զետեղված են փիլիսոփայական աշխատություններում, գրքերում, իսկ գործնական հարթության մեջ բացակայում են, կնշանակի վերացական, իրականությունից կտրված արժեքներ են: Որպես գիտնական ես ևս հիմնվում եմ արևմտյան գիտական տվյալների վրա, բայց խնդիրն այն է, որ այդ տվյալները չեն օգտագործվում հենց այդ երկրների ղեկավարների կողմից` քաղաքականություն իրականացնելիս: Քաղաքական գործիչները ելնում են կոնկրետ շահերից, որոնց էլ ստորադասվում են իրական եվրոպական արժեքները: Դրանում մենք համոզվեցինք այս 20 տարիների ընթացքում: Եվրոպան երբեք Հայաստանի հանդեպ արդարամիտ որոշումներ չկայացրեց, օրինակ, եվրոպական արժեքներում ազգերի ինքնորոշման իրավունքը, արդարության սկզբունքը կարևոր տեղ են գրավում, սակայն Արցախյան հիմնախնդրում դրանք լիարժեքորեն չեն կիրառվում:

Այսինքն, հռչակում են արդարության մասին, բայց ուղղորդվում այլ շահերով՝ նավթային, տնտեսական, քաղաքական: Եթե արդարության քարոզիչներ եք, ուրեմն, գործնականում ցույց տվեք ձեր այդպիսին լինելը և ոչ թե ընտրովի մոտեցեք խնդիրների լուծմանը: Իսկ եթե կիրառում եք երկակի ստանդարտներ, կնշանակի անկեղծ չեք:

Մեր նման երկրներում Եվրոպան առավել ևս աղավաղված, կեղծված է ներդնում այդ արժեքները: Ծայրահեղ լիբերալ ազատությունն անհամատեղելի է հայկական հոգեկերտվացքին: Մինչդեռ Եվրոպան մեզ պարտադրում է քայլեր, որոնք հանգեցնում են հայ ընտանիքի քայքայմանը: Ընտանեկան բռնությունների դեպքերն ուռճացրել ու վերածել են Հայաստանի հիմնական պրոբլեմներից մեկի: Ես դրանում միտում եմ տեսնում: Ինչու են իրենց ապրելակերպը աշխարհին պարտադրում: Պարտադրելուց առաջ նախ հարկ է ցույց տալ, թե որքանո՞վ է այն արդարացված: Իսկ որ արդարացված չէ, վկայում են Գերմանիայում, Ֆրանսիայում կատարվող դեպքերը: Սեռական փոքրամասնությունների, աղանդավորների իրավունքները պաշտպանելով ոտնահարում են մեծամասնության իրավունքները: Այս ամենը հիասթափեցրել է հայ մարդուն: Գիտեք, փոքր պետության համար նման քայլերը ավերիչ հետանքներներ են ունենում: Ժամանակն է կանխել այդ բոլորը: Ես ևս վաղուց եմ հիասթափվել Եվրոպայից ու իր ներդրած արժեհամակարգից: Եվ այս հաթության մեջ էլ առավել քան գտնում եմ, որ Հայաստանի ՄՄ անդամակցուման որոշումը ճշգրիտ է: Մենք Ռուսաստանի հետ նման հարցերում ավելի հեշտ լեզու կգտնենք, քան եվրոպացիների հետ, որոնք ոչ մի կերպ չեն ուզում մեզ հասկանալ:

Կարծում եմ, Հայաստանը բոլոր ուղղություններով պետք է ամրապնդի իր համագործակցությունը ՌԴ-ի հետ, և դա կլինի օգտակար մեր պետականության ամրապնդման համար: Մնում է, որ մեր քաղաքական գործիչները լավ աշխատեն՝ Ռուսաստանի ուշադրության կենտորմում պահելով Արցախյան հիմնախնդրի հայամետ լուծումը, հայոց ցեղասպանության հարցը, անեն այնպես, որ Ռուսաստանն ինքը շահարգրռված լինի այս հարցերում պաշտպանելու հայության իրավունքները:

ԶՐՈՒՑԵՑ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ


Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն