«Ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացն ինքնուրույն գործընթաց է, և առաջ է ընթանալու առանց նախապայմանի»
Այսօր Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հոկտեմբերի 8-ին Քիշնևում նախագահներ Ալիևի եւ Սարգսյանի ծրագրված այցից առաջ համանախագահները հոկտեմբերի 2-3-ը կայցելեն նաեւ Ստեփանակերտ, իսկ հոկտեմբերի 4-6-ը` Բաքու»:
Ըստ հայտարարության` երկու երկրների նախագահները քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վիճահարույց հարցերը:
Համանախագահները նաեւ վերահաստատել են իրենց երկրների կառավարությունների այն հայտարարությունը, որ, Ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացը ինքնուրույն գործընթաց է, առաջ է ընթանալու սեփական տրամաբանությամբ` առանց որեւէ նախապայմանի եւ խելամիտ ժամկետներում, առանց պարտադրված արագացումների ու դանդաղեցումների:
Համանախագահները հայտարարել են, որ Ղարաբաղյան գործընթացը կապված չէ որևէ այլ գործընթացի հետ:












