Վիլնյուսը ոչ սկիզբ է, ոչ ավարտ, իսկ պայքարն անընդհատ է
Հայոց Աշխարհ-ի հարցազրույցը Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ
–88-ի շարժման տարիներին ԵՊՀ ուսանողներս մի փաստաթուղթ ստացանք, ինչն ի դեպ քննարկվել էր նաև նախկին ԽՍՀՄ համալսարններում, ուր ներկայացվում էր, թե Արևմուտքը ինչպիսի՞ ապագա է տեսնում հետխորհրդային երկրներում: Տնտեսության, արդյունաբերության, կրթության զարգացման մասին խոսք չկար, նպատակն էր սպառողական հասարակության ստեղծումը: Արդյո՞ք անցած 25 տարիներին հենց դրա ականատեսը չդարձանք:
-Անկասկած. մենք այն ժամանակ կատարեցինք ստատեգիական կոպտագույն սխալ ընդունելով արևմտյան քաղաքակրթական մոդելը, ինչն, այո, ենթադրում է սպառողական հասարակության ձևավորում: Այսինքն, երբ Արևմուտքի զարգացած կենտրոնները դառնում են միակ ստեղծողն ու արարողը, իրենց մոտ կենտրոնացնելով արդյունաբերությունն ու գիտությունը: Բայց այն ժամանակ մենք այլ կերպ էինք պատկերացնում, որ մեր երկրները նոր շունչ, նոր զարգացում կստանան: Մեզանում մեծ շփոթ կար, և մենք արևմտյան քաղաքակրթությունը շփոթեցինք եվրոպականի հետ, մինչդեռ արևմտյանն իր էությամբ հակաեվրոպական է: Եվրոպական քաղաքակրթությունը շատ ավելի խորն է և, ըստ էության, մեր հոգեզավակը, քանի որ հայ ժողովուրդը մասնակցել ու կարևոր իմպուլսներ է ուղղել եվրոպական տարածաշրջանին, իր մասնաբաժինն ունենալով այդ քաղաքակրթության ձևավորման մեջ: Բայց մենք չգիտեինք, որ Արևմուտքի սպառողական մոդելն արդեն իսկ ոչնչացրել է եվրոպականը: Սպառողական հասարակության ստեղծողները մոլորակի իրական տիրակալներն են, նրանց քաղաքակրթությունը ես կանվանեի արևմտյան կամ ատլանտյան, ուր մարդն ունի մեկ աստված՝ դա փողն է, հարստության կուտակումը՝ հանուն հաճույքների:
–Իզուր չի ասվում՝ Արևմուտքի կարգախոսն այսօր՝ փողն է ու սեքսը, և այդ մոլուցքը խժռում է եվրոպական արժեհամակարգը:
-Այո, դրանք երկու կարևոր սիմվոլներն են, արհեստական հաճույքներով ոչնչացնում են մարդուն, կյանքն ու մոլորակը: Եվ մենք դարձանք այդ համակարգի զոհը: Այն օկուպացրեց ողջ սոցիալիստական տարածքը՝ Բեռլնի պատից մինչև Վլադիվոստոկ: Այսօր այդ երկրներում կա մեկ ընդհանրություն՝ բոլորում ոչնչացված է արդյունաբերությունը, գիտությունը, կրթությունը: Այս վիճակն է ԵՄ անդամ Լիտվիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, շարքը կարելի է շարունակել: Կրթությունը ոչնչացված է, պահպանվում են ընդամենը մի քանի բարձրակարգ բուհեր, որոնց նպատակն է, ի հայտ բերել տաղանդավոր երեխաներին, պատրաստել և ուղղարկեն Արևմուտքում աշխատելու: Այսպիսով, մոլորակի ողջ ռեսուրսը հավաքվում է որոշակի կենտրոններում. գիտության, նորագույն տեխնիկայի կենտրոնը ԱՄՆ-ն է, որոշ չափով անգլոսաքսոնական երկրները՝ Մեծ Բրիտանիան, Կանադան:
-Դուք հաճախ եք եվրոպական կառույցները՝ ԵՄ, ՄԱԿ ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ առանձնացնում Եվրոպայից: Բայց գտնվելով Եվրոպայում ո՞ւմ կամ ինչի՞ն են ծառայում դրանք:
-Դրանք աշխարհակալ ուժերի գործիքներն են, համաշխարհային կառավարման լծակները, որոնք անդադար վերահսկում են Եվրոպան, որպեսզի հանկարծ իրենց ՙուղեգծից՚ դուրս չգա: Իսկ վերահսկողը, այսինքն, աշխարհակալ ուժերի առաջին վերակացուն ԱՄՆ-ն կառավարությունն է:
-Ձեր խոսքերով ասած՝ աշխարհի ժողովրդի կողոպուտի այս կենտրոնները, սակայն այսօր համարվում են ժողովրդավարության ջատագովներն ու մատակարարներն աշխարհում:
-Այդ կլիշեները, որոնք մենք անհասկանալի խանդավառությամբ ենք ընդունում ևս համաշխարհային տիրակալություն իրականցնելու գործիքներ են: Բառերի տակ թաքնված է մի սարսափելի բովանդակություն: Օրերս միջազգային այդ կառույցները՝ ՄԱԿ, ԵԽ ԽՎ, ԵՄ ԵԱՀԿ, նրանց հետ նաև ԱՄՆ դեսպանատունը հանդես եկան հայտարարությամբ: Եվ գիտե՞ք ինչի մասին էր այն, չնայած Հայաստանում կան տարբեր խնդիրներ՝ քաղաքական, տնտեսական, բայց սրանք հարցերի հարց են դարձրել գենդերային հավասարությունը ու կոչ են անում ՀՀ կառավարությանը պաշտպանել այն, իսկ ոստիկանությանը՝ հետապնդել հակադրվող անձանց: Սա է այդ համակարգի իրական դեմքը: Այսինքն, նրանք մարդկային էությունը ոչնչացնող գործիքի պաշտպաններ են:
-Տպավորությունն այնպիսին է, որ հայերս ժողովրդավարություն, մարդու իրավունք ասելով բոլորովին այլ բան ենք հասկանում, ամեն դեպքում ոչ այն, ինչ մատուցվում է, ցավոք, չգիտակցելով, որ ժողովրդավարության մասին մեր ու արևմտյան ընկալումները խիստ տարբեր են: Ի վերջո, ի՞նչ արժեքներ են մեզ պարտադրվում:
– Մենք տեսնում ենք հարմարավետություն, արտաքին փայլ ու չենք հասկանում, թե ո՞րն է դրա էությունը: Իսկ մարդու իրավունքների ներկայիս էությունը հետևյալն էր. մարդը ռոբոտացվում է և դառնում փողի ու հաճույքների ստրուկը: Ինչպե՞ս օգնել այն մարդուն, որը գահավիժում է, նրան օգնել սպառողական համակարգի սահմանած իրավունքներով կնշանակի նպաստել նրա գահավիժմանը: Պատկերացրեք այսպես՝ գլորվող մարդուն օգնում եք ուտել կամ գլխացավը հանգստացնել, բայց չէ՞ որ նա շարունակում է գահավիժել: Մարդու իրավունքների այսօրվա համակարգը նպաստում է այդ գահավիժմանը, որովհետև այն սպառողական հասարկության ստրուկ մարդու իրավունքների պաշտպանություն է:
– Չնայած Արևմուտքի նպատակն է Հայաստանը պահել սեփական տիրույթում, բայց մեզ պարտադրելով մերժելի երևույթներ՝ գենդեր քարոզելով, աղանդավորի ու սեռական փոքրամասնության շահերը պաշտպանելով, ուղղակի վաստակում է հայ հասարակության գիտակից հատվածի հակակրանքը: Արևմուտքը սա չի գիտակցո՞ւմ:
– Արևմուտքը, իրոք, շատ լավ տեսնում է, որ տեսնուլ է տալիս, հենց թեկուզ գենդեր քարոզելով մի կարևոր զենք տվեց Ռուսաստանի համակիրների ձեռքին: Բայց Արևմուտքն այսօր հստակ նպատակ ունի, փորձում է հաստատել կառավարման նոր համակարգ, ու նրանում ներգրավել մարդիկ և ուժեր: Դրան է միտված աշխարհով մեկ բարձրացվող սեռական փոքրամասնության հարցը: Ստեղծել են հալածվող փոքրամասնություն, որի պաշտպանը աշխարհակալ ուժերն են, իսկ հալածվողները վերջիններիս գործիքը: Հայաստանում սեռական փոքրամասնությունների հանդեպ հալածանք իսպառ գոյություն չունի, հասարակությունը նրանց երբևէ չի էլ նկատել, բայց հանկարծ հայտնվեցին գեյերի պաշտպաններ, որոնք բողոքում են, թե գեյերին հետապնդում են:
-Դրանք էլ արևմտյան գրանտներով սնվող կազմակերպություններն են:
-Այո, ստեղծված է Արևմուտքի կամքը կատարող մի բանակ է, որոնք բարձրացնում են մեզանում գոյություն չունեցող հարցերը: Ասում են՝ ամուսինը կնոջը ծեծում է, լսե՛ք, գուցե ծեծում է, բայց էապես ավելի պակաս, քան Ամերիկայում ու Եվրոպայում: Այդ դեպքերը հազարից մեկ են լինում Հայաստանում, ու պետք չէ քթներդ խոթեք և ավելի վնասեք: Ի վերջո, <քիթ խոթելու> համակարգ ևս կա մեզանում, փառք Աստծո, մեր մեծերը, ընտանիքի բարեկամները նման պրոբլեմի դեպքում նեցուկ են լինում ընտանիքին հարթելու խնդիրները: Բայց , չէ՜, արևմտյան բանակը պետք է ինքը խնդիր ստեղծի ու քիթը խոթի, որպեսզի հետո այդ պատրվակն օգտագործի երեխաներին ընտանիքից վերցնելու համար:Իսկ ինչու են նման քայլերի դիմում, ինչու են գեյերի խնդիր ստեղծում: Նրանց միջոցով Արևմուտքն իր բանակն է ստեղծում: Խոսում են սեռական փոքրամասնությունների պաշտպանության մասին, որ սրանք մտածեն՝ կարող ա՞ հետապնդվում ենք: Սա նպատակային քաղաքականություն է: Գեյերը մշտապես պետք է գիտակցեն, որ հետապնդվող են, իսկ պաշտպանն էլ Արևմուտքն է, որպեսզի իրենք չլինեն Հայաստանինը: Իսկ այս կերպ մտածողները միանգամից հայտնվում են իշխանական համակարգում: Այսպես, և՜ մեզանում, և՜ աշխարհում ստեղծվում է արտաքին կառավարման համակարգը: Եվ այսօր շխարհի բոլոր երկրներում, այդ թվում և Հայստանում անհամեմատ մեծ թիվ է կազմում այդ կատեգորիայի առկայությունը իշխանական ոլորտներում: Երևույթը նոր չի սկսվել մեզանում 10 տարուց ավելի է, պարզապես այդ մասին միայն այսօր են սկսել հրապարակավ խոսել, ռեալ աշխատում են Հայաստանում և այդ ուղությամբ որոշակի հաջողությունների են հասել: Այսօր մեր կառավարման համակարգում կան այդպիսի մարդիկ, որոնք գործակալներ են, և ոչ թե գեյ լինելն է մարդուն գործակալ դարձնում, այլ մեխանիզմն է այդպիսին:
-Արևմտյան արժեհամակարգին տուրք տալու առումով ինչ իրավիճակ է հետխորհրդային երկրներում:
— Օրինակ Բելոռուսում ո’չ ժողովուրդը, ո’չ պետությունը չեն ընդունել արևմտյան քաղաքակրթական համակարգը: Լուկաշենկոն թույլ չի տվել, որ համաշխարհային կառավարման համակարգին իր որակներով ներխուժի իր երկիր, թույլ չի տվել, որ երկիրը կողոպտվի, այլասեռվի: Այս առումով նա հետխորհրդային երկրներում միակ նախագահն է: Իսկ Ռուսաստանի էլիտան շատ է մխրճված, էլիտան վարակված է արևմտյան <արժեքներով>: Բայց այստեղ կա մեկ առանձնահատկություն, ռուս ժողովուրդը չի ընդունել այդ վարակը ու նրա անդադար <գռմռոցը> ցանկացած կառավարիչի ստիպում է հաշվի նստել իր հետ:Բացի այդ, այնտեղ դեռ կան համակարգեր, որոնց համար երկրին, ժողովրդին, հայրենիքին ծառայելն է առաջնայինը, դա եկեղեցին է, մտավորականության որոշոկի շրջանակներ,ռազմական, անվտանգության ոլորտները:Ինչ վերաբերում է հայերիս, ապա մենք ևս, ցավոք,ընդունել ենք այն, ուղղակի մեզ մոտ կաղապարը խիստ մակերեսային է, շատ բարակ, և երբ այդ հարցերում Արևմուտքը ուժեղացնում է իր պահանջը ժողովուրդը պոկում է այդ կաղապարն ու իր իրական որակով դրա դեմ դուրս գալիս: Հայերս խորը ժողովուրդ ենք, ու չնայած ունենք հարմարվելու վտանգավոր սովորություն, բայց միևնույն է, մեր միջուկն առողջ է ու միշտ դիմադրող:
–Սեպտեմբերի 3-ը համարվեց շրջադարձային՝ Հայաստանը նախընտրեց ռուսական ինտեգրացիոն ուղին: Անվտանգության ամրապնդման, տնտեսության զարգացմանը զուգընթաց այն ի՞նչ կարող է տալ արժեհամակարգի առումով, հետխորհրդային երկրները միավորվելով կարո՞ղ են բեկում մտցնել ստեղծված իրավիճակում:
– Նախ, անվտանգության առումով այն կարևորագույն քայլ էր Հայաստանի համար: Ինչ վերաբերում է արժեհամակարգային բեկմանը, ապա այստեղ ևս մեծ ներուժ կա, այն առավել կմեծանա, եթե համագործակցենք ազգային որակների հետ, և’ ռուսների, և’ եվրոպացիների մեջ այդ որակները բավականին շատ են: Եթե հայ-ռուսական համագործակցությունը կայանա այս հարթության մեջ, այն շատ արդյունավետ կլինի մեզ համար:
-Այսօր Վիլնյուսի գագաթաժողովի առաջին օրն է: Մտահոգություն էիք հայտնել գագաթաժողովին Հայաստանի նախագահի մասնակցության առումով: Ինչո՞ւ:
-Որովհետև կար անհանգստություն, որ կարող է ստորագրվել Մաքսային միությանը հակասող որևէ փասթաթուղթ: Բայց կարծում եմ, այսօր այլևս դա հնարավոր չէ, նման անակնալ չի մատուցվի: Չնայած, չեմ բացառում, ինչ-որ ՙբանի՚ ստորագրումը, որը կարվի, իհարկե, ռուսական կողմի հետ համաձայնեցված, դա կարող է լինել ոչինչ չնշանակող մի փասթաթուղթ, նպատակը՝ պահպանել Եվրոպայի հետ համագործակցության դրական ֆոնը, ոչ ավելի:
– Վիլնյուսով պայքարն ավարտվո՞ւմ, թե՞ նոր փուլ տեղափոխվում:
-Վիլնյուսը ոչ սկիզբ է, ոչ ավարտ: Իսկ այդ պայքարն անընդհատ է: Մենք պետք է բոլոր ուղղություններով բարեկամական հարաբերություններ հաստատենք: Ես կողջունեմ ջերմ հարաբերությունները եվրոպական ժողովուրդների հետ, անտեսելով այն կաղապարները, որոնք աղճատում են մեր բոլոր ժողովուրդներին: Իսկ ինչ վերաբերում է պետությունների հետ հարաբերություններին, ապա դրա կողմնակիցն եմ այնքանով, որքանով չենք դառնա այս աշխարհակալ համակարգի գործիքը: Սա իհարկե բարդ է, բայց անկեղծ համագործակցություն փնտրողը պետք է իմանա, որ արժեք է ներկայացնում մեզ համար: Հայաստանի չափանիշը պետք է լինի հետևյալը՝ մեր բարեկամը նա է, ով մեզ կօգնի այսօր զարգացնելու մեր երկրի արդյունաբերությունը, գիտությունն ու կրթությունը: Եվ թող մրցակցությունն այս դաշտում ծավալվի:
-Եզրահանգենք, փաստորեն, ՝ դուք Հայաստանի քաղաքական ուղեգծում ՙև…և՚-ի կողմնակիցն եք:
-Անկասկած:
–Հայաստանի համար պայքար է գնում տարբեր ուժային կենտրոնների միջև, այս տեսանկյունից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը տարբեր մեկնաբանություններ ստացավ: Ոմանց գնահատմամբ` գալիս է ցույց տալու իր ազդեցությունը, որոշներն էլ, թե սա այց է սեփական ռազմաբազա: Դուք ինչպես կմեկնաբանեք:
-Պուտինը շատ լավ է հասկանում, թե մեր ժողովուրդն ինչ խնդիրներ ունի, և չի ցանկանում նույնանալ ՀՀ իշխանության հետ, նա ուզում է ցույց տալ, որ եկել է բարեկամ երկիր, բարեկամ ժողովրդի մոտ, այսինքն, կարևորվում է երկիրը, ժողովուրդը, և, այո, նաև ռազմաբազան: Վերջապես նա գլխավոր հրամանատարն է Ռուսաստանի և եկել է իր զինվորներին, որոնք Հայաստանում են ծառայում հանդիպելու: Դա էլ իր` Ռուսաստանի նախագահի պարտավորություն է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












