Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում

Նոյեմբեր 28, 2013թ. 18:39

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը

Հարգարժան գործընկերներ,Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել լիտվական կողմին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ այս կարևոր միջոցառման` ԵՄ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման և Հանուն ժողովրդավարության խորհրդարանական ֆորումի կազմակերպման, բարձրակարգ ընդունելության և հյուրընկալության համար:

Շատ հաճելի է գտնվել այս հիասքանչ քաղաքում, մասնակցել այս հանդիպմանը և
Ներկայացնել մեր տեսակետերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ:
Կփորձեմ հնարավորինս հակիրճ լինել և ամփոփել Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին շրջանի զարգացումները:

Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բնագավառներում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումները Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքն են կազմում: «Արևելյան գործընկերություն» գործիքը կարևոր նախաձեռնություն է, որը ներառում է անդամ պետություններում իրականացվող բազմաթիվ գործողություններ` ընտրությունների, դատական բարեփոխումների, կոռուպցիայի և կիբեր-հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ:

Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկից ի վեր և նույնիսկ առաջ, մենք հայտարարել ենք և հայտարարում ենք, որ ձգտում ենք ունենալ հնարավորինս սերտ և հնարավորինս լայնածավալ հարաբերություններ Եվրոպական միության հետ: Այս քաղաքականությունը շարունակական է լինելու է և ՀՀ Նախագահի մասնակցությունը Վիլնյուսյան գագաթնաժողովին դրա վառ ապացույցն է:

Մեր երկրի կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացրել,
որոնք ուղղված են ժողովրդավարական կառույցների, օրենքի գերակայության,
արդյունավետ կառավարման ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների պաշտպանությանը, համապատասխան օրենսդրության բարեփոխմանը, դատական համակարգի անկախության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերի ընդլայնմանը:

Բարեփոխումների իրականացման գործընթացներում Հայաստանը կարևորություն է տալիս մարդկային շփումներին, շարժունակության ապահովման խնդիրներին, որոնք հատկապես նպաստում են արժեքային և մշակութային դաշտերի ամրապնդմանը: Այս համատեքստում ուրախ եմ նշել, որ թե Եվրոպական խորհրդարանի, թե Ազգային Ժողովի կողմից արդեն վավերացվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրերը:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետությունը, հայտարարելով
իր` Մաքսային միությանը միանալու որոշման մասին, հավատարիմ է մնում իր
ցանկությանը` խթանել բոլոր հնարավոր ուղղություններով Եվրոպական միության
հետ համագործակցությանը` հիմնվելով այն բոլոր ձեռքբերումների վրա, որոնց հասել ենք համատեղ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում:
Ինչպես արդեն հիշատակել եմ, Եվրոպայի հետ թե երկկողմ և թե բազմակողմ
համագործակցության խորացումը Արևելյան գործընկերության շրջանակներում
մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից մեկն է:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին և
սկզբունքներին: Ես խորապես համոզված եմ, որ մեր քաղաքական հանձնառությունները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աջակցության քաղաքականությունը, համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում ապագայում էլ հավասարապես կարևոր կլինեն մեր համար:

Այս պատմական ժամանակաշրջանում հայաստանյան իշխանությունների
կողմից ընդունված որոշումը մի գործընթաց է, որն ուղղված է երկրի տնտեսական
զարգացման, էներգետիկ և ռազմավարական անվտանգության ապահովման հեռանկարին: Այն չի բացառում և չի սահմանափակելու մեր հանձնառությունները և Եվրոպական միության հետ մեր ակտիվ երկխոսությունը: Մեր համար Եվրոպական միության հետ մերձեցումը նշանակում է քաղաքական և վարչական համակարգերում իրականացվող լուրջ բարեփոխումների գործընթացի շարունակություն` ուղղված երկրի կայուն զարգացմանը: Եվ մենք մտադիր ենք Եվրոպական միության հետ միասին խորացնել մեր կառուցվածքային բարեփոխումների գործընթացը:

Մենք կանենք հնարավոր ամեն ինչ` փնտրելու ճիշտ ուղիներ և ընդունելի ձևաչափեր
հետագա երկկողմանի և բազմակողմանի համագործակցության համար, ինչպես
նաև ստեղծելու փոխադարձ համաձայնության մթնոլորտ` վարելու բազմավեկտոր քաղաքականություն:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն