Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Պուտինը մեսիջ հղեց և՛ մեզ, և՛ աշխարհին

Դեկտեմբեր 3, 2013թ. 21:48

Որևէ մեկի մտքով չանցնի ոտնձգություն անել ՀՀ սահմանների վրա

ՙՀայոց Աշխարհ՚-ի հարցազրույցը ԱԺ փոխնախագահ ԷԴՎԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ

-Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից, հակառակը ամրապնդելու է իր դիրքերը տարածաշրջանում. աշխարհաքաղաքական, տարածաշրջանային շահերի տեսանկյունից ՌԴ նախագահի այս հայտարարությունը ոգևորի՞չ է, թե՞ մտահոգիչ:

-Հարավային Կովկասում Ռուսաստանի ամրապնդումը միայն դրական կարող է լինել Հայաստանի համար: Յուրաքանչյուր գերտերություն, բնականաբար, հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահերը: Ռուսաստանը Կովկասյան տարածաշրջանի հիմնական խաղացող պետությունն է ու այդ դերում է արդեն մի քանի դար: Բայց այստեղ կարևորն այն է, որ Հայաստանը դաշնակցային հարաբերությունների մեջ է հենց այդ գերտերության հետ: Ընդգծեմ, որ կովկասյան երկրներից միակը Հայաստանն է, որի հետ Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբեություններ: Իսկ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները ոչ թե արհեստական են, այլ բնական, որովհետև հիմքում ոչ միայն երկու երկրների իշխանությունների բարի կամքն է, այլ երկու ժողովուրդների արժեհամակարգային ընդհանրությունները, դարավոր բարեկամությունը, որը ամենը դարերի փորձություն է անցել, ամրապնդվել մեր համընդհանուր հաղթանակներով, ինչու ոչ՝ նաև պարտություններով: Հարկավոր է գիտակցել՝ Հայաստանի նման փոքր երկիրը պետք է լինի կա՜մ ՆԱՏՕ-ի, կա՜մ ՀԱՊԿ անդամ, մենք ոչ Շվեյցարիա ենք, ոչ Լյուքսեմբուրգ կամ Շվեդիա: Նայեք քարտեզին. Արևելքից Ադրբեջանն է, Արևմուտքից Թուրքիան, ու վերջինիս կողմից շրջափակված Հայաստանը: Չենք գիտակցո՞ւմ, որ չավարտված պատերազմում ենք: Վազաշեն-Պառավաքար ճանապարհն այսօր փակ է, որովհետև ադրբեջանական դիպուկահարների կրակը չի դադարում: Ուրեմն, մեր պետության զարգացման թիվ մեկ երաշխիքը անվտանգության և խաղաղության հաստատումն է: Հայաստանում Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայությունն իր ռազմաբազայով՝ Ադրբեջանին սաստող կարևոր գործոն է:

-Ստորագրվեցին 12 փաստաթղթեր տարբեր ոլորտներին ու հարցերին առնչվող՝ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության: Այցը, իրոք, աննախադեպ էր:

– Ես նաև որպես պատմաբան եմ ասում՝ արդյունքների առումով ՌԴ նախագահի այս այցն աննախադեպ էր ու պատմական: Հայ- ռուսական հարաբերություններում նոր էջ բացվեց: Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նպաստել մեր երկրում ռուսաստանյան ներդրումների ավելացմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, ուշադրության կենտրոնում կլինեն ատոմային էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերը: Եվ ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացին շատ շուտով իր մաշկի վրա կզգա այս այցի դրական արդյունքները:

Իբրև անվտանգության բաղադրիչի կարևորում Պուտինը հայտարարեց՝ Հայաստանը զենք կստանա Ռուսաստանի ներքին գներով: Ողջունելու փոխարեն, սակայն այս հարցում անգամ ներքին շահարկումները չուշացան, հարցադրում են հնչեցնում՝ մի՞թե մինչ օրս ՀԱՊԿ անդամ Հայաստանը նույնպիսի գներով չէր զենք ձեռք բերում Ռուսաստանից:

-Արտոնություններ եղել են, բայց ոչ այս չափով, քանի որ մենք զերծ չէինք մաքսատուրքերից: Ռուսաստանն այս հարցում տարբեր ռեժիմներ է կիրառում: Մինչ այս ՌԴ-ն նման համագործակցություն ուներ միայն Բելոռուսի հետ: Հետայսու Հայաստանը ևս Ռուսաստանից զենք կգնի գործարանային գներով՝ չվճարելով մաքսատուրք: Նախօրեին ԱԺ-ն քննարկեց Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, ընդիմությունից որևէ մեկը դեմ չարտահատվեց դրան, այսինքն Հայաստանի քաղաքական բոլոր ուժերն են համակարծիք, որ դրական ու կարևոր քայլ է կատարվում՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության:

-Հայաստանի անվտանգության ամրապնդումը, հայկական բանակի զինումը լավագույն զինտեխնիկայով շատ կարևոր է ռազմատենչ հարևան ունեցող հայկական երկու պետությունների համար: Սակայն ինչպե՞ս հասկանալ, որ Արցախից հնչեցվում է հայտարարություն, ուր մտահոգություն կա Պուտինի այցի առնչությամբ: Արևմուտքի մանիպուլյատիվ քարոզչության մեթոդները նաև Արցախ են հասե՞լ:

– Ծիծաղելի է կարծել, թե այդ մի քանի հոգին Արցախի ժողովրդի կամքն ու կարծիքն են արտահայտում: Հաճախ եմ լինում Արցախում և շատ լավ գիտեմ, որ արցախցիների կարծիքը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իշխանությունների կածիքից չի տարբերվում: Լինելով բազմակարծության կողմնակից, սակայն նշեմ, որ նման հայտարարության իրավունք ունեն միայն Արցախի թեմի առաջնորդն ու նախագահը: Ինչ վերաբերում է Արևմուտքի քարոզչամեքենային, ապա դրա արդյունավետությունն էլ տեսանք. 20 տարի շարունակ տրված գրանտների դիմաց նախօրեին ընդամենը 1000 հոգի էր միտինգ անում՝ մեկ ու կես միլիոնանոց Երևանում: Իսկ արցախցին նման մանիպուլյացիների չի տրվի, նա շատ լավ է հասկանում իր շահը, ու իրեն ներհատուկ բանականությամբ ամեն ինչ իր տեղը կգցի:

-Ադրբեջանական ԶԼՄ-ի վայնասունին զուգընթաց, մեզանում ևս շարունակում են աղմկել՝ ինչո՞ ւ ՌԴ նախագահը նախ այցելեց Գյումրի և ոչ Երևան, իսկ սեպտեմբերի 3-ից առ այսօր չեն դադարում խոսել ստրկամտությունից, ինքնիշխանության կորուստից:

– Դիվանագիտության մեջ ամեն ինչ չէ, որ ուղիղ խոսքով է ասվում. Հայաստանի նախագահի հետ այցելելով Գյումրու 102 ռազմաբազա Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և որպես ՀԱՊԿ անդամ երկիր պատասխանատվություն է կրում մյուս անդամ երկրի՝ Հայաստանի անվտանգության համար: Ու թող որևէ մեկի մտքով չանցնի հանդգնել ոտնձգություն անել ՀՀ սահմանների վրա: Այս մեսիջը նա ուղղեց և՛ մեզ, և՛ աշխարհին: Գիտեք, ինձ պետք չէ, որ մեր երկիրը հայտարարվի սուպեր ժողովրդավարական, բայց զիջի իր տարածքները, այն ինչ կատարվեց հարևան պետության հետ, ու որպեսզի դա տեղի չունենա մեզ անհրաժետ է անվտանգության ուժեղ համակարգ: Իսկ ստրկամտությունից, ինքնիշխանության կորուստից խոսում են նրանք, ովքեր տառապում են այդ բարդույթով, նրանք, ովքեր այլ դեսպանատների ու միջազգային կառույցների հետ իրենց հարաբերություններն այդ հիմքի վրա են կառուցում, և թող իրենց արշինով մեզ չչափեն:

ՄՄ անդամակցմանն ընդառաջ հայկական կողմի արագությունը զամացրել է անգամ Պուտինն, նկատեց՝ՙՉենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից՚: Բայց կա նաև մտահոգություն՝ արագությունը չի՞ կարող բացթողումների պատճառ դառնալ: Հայ քաղաքագետները բանակցողներին հորդորում են՝ լինել զգոն ու այս փուլում ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնցով Ռուսաստանն ինքը շահագրգռված կլինի մեր ազգային հարցերում պաշտպանելու հայության իրավունքները:

-12 պայմանագրերի ստորագրումը խոսում է այն ներուժի, պորֆեսիոնալիզմի մասին, որ ունի հայկական բանակցող կողմը և դրա արդյունքը մեր պետության շահերից բխող համաձայնագրերի կնքումն է. արձանագրվեց գազի սակագնի նվազում՝ 270-ից մինչև 189 դոլար: Հիշեցնեմ, Եվրոպայում գինը 500 դոլար է: 30 տոկոս մաքսատուրքից ազատում նավթի ու նավթամթերքի ներմուծման դեպքում, խոսվում է նաև Նաիրիտի շահագրծման մասին: Ի վերջո, այս փաթեթը հանգեցնելու է աշխատատեղեի ստեղծման: Ամենալավատեսներն անգամ չէին ակնկալում, որ դեռ ՄՄ անդամ չդարձած այսպիսի շոշոփելի արդյունքներ կգրանցվեր այցից: Իսկ այս ձեռքբերումները հետևանք են նաև հայկական թիմի արդյունավետ աշխատանքի: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ՌԴ-ն այն երկիրն է, որն առաջիններից է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց ինչպես Գարեգին Նժդեհն է ասում՝ մեր ձախողումների պատճառը նախ մենք ենք ու մեր փրկությունը նախ մեր մեջ է: Այսինքն դաշնակցային հարաբերություններ ստեղծելով մենք պետք է ապավինենք մեր սեփական ուժերին: Ունենք նախագահ, որն առիթը բաց չի թողնում միջազգային ամբիոններից խոսելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման մասին: Իր վիլնյուսյան ելույթում ևս Սերժ Սարգսյանը հստակ շեշտադրեց՝ թուրքական ժխտողականության պատճառը նաև քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է, ու հիշեցրեց՝ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը շարունակվում է: Այնպես որ, ուժեղ դաշնակիցներ ունենալով հանդերձ մենք ևս կարևոր խնդիր ունենք լուծելու, շրջանցել կուսակցական շահերն ու համախմբել մեր ուժերը՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, համատեղ պայքարելով թե՜ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, թե՜ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
/strong


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն