Գնացեք Չիլլի ու իմացեք, որ կառավարության քայլն անտրամաբանական է
Խորհրդարանի պատերից դուրս՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ շարունակվող ցույց, իսկ ներսում նույն հարցի շուրջ ընթացող քննարկում ու քվեարկության այսպիսի պատկեր՝ 45 կողմ, 56 դեմ, 0 ձեռնպահ: Չնայած իրենց առաջակի ձախողմանը, որոշ ընդդիմադիրներ բարոյական հաղթանակի տրամադրության մեջ էին: Գուցե նրանց էլ պիտի հասկանալ, իրենց խորհրդարանական կենսագրության մեջ ոչ իշխանականներն առաջին անգամ կարողացան գոնե մեկ հարցում համախմբվել: <45 ձայնը՝ շա՛տ լավ է, 4 խմբակցությունները միասնական մեկ կամքով քվեարկություն կազմակերպեցին>, այս բացառիկ փաստից իր ոգևորությունը չթաքցրեց ՀԱԿ պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Ու չնայած այն շոշափելի արժեք չունեցավ, գոնե բարոյական հաղթանակը տեղը պահեց: Բայց ընդամենը մի քանի ձայն ու ընդդիմության երջանկությունը կլիներ կատարյալ: Ուրեմն, ի՞նչը խանգարեց դրան: Պարզվում է, եթե օրինագծով շահագրգիռ ոչ իշխանական 4 ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚ բոլոր պատգամավորները չբացակայեին, ավելին, հրաժարվեին ԱԺ նախագահի հետ Հնդկաստան մեկնելու գայթակղությունից, ու մասնակցեին քվեարկությանը, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ՝ ընդդիմության նախագիծը կանցներ ձայների՝ 55/ 53 հարաբերակցությամբ: ՀՀԿ-ն հաշվարկ էր արել ու համոզված էր՝ 53 դեմն էլ բավական է ընդդիմության ոչ տրամաբանական նախագիծը օրակարգից հանելու համար:
<Ապրե՛ք, դեմ քվեարկեցիք, ձեր ուզածն արեցիք>, իսկ հիմա գնացեք Չիլլի ու համոզվեք , որ ընդդիմության առաջարկը տրամաբանական է, որ ներդրված համակարգից պարտադիր բաղադրիչը պետք է հանվի: ՀՀԿ-ականներին հեռավոր ճանփորդության ուղղարկողը պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էր: Փոխարենը, դաշնակցական Վահան Հովհաննիսյանն առաջարկեց՝ խնայել բյուջեի փողերն ու չհասնել Չիլլի, այլ կազմակերպել կարճատև գործուղում՝ մինչև ԱԺ դարպասներ: <Իջեք փողոց և ցույցի մասնակից երիտասարդներին բացատրեք նախագծին դեմ քվեարկելու քաղաքական մեծամասնության տրամաբանությունը>: Կոչին հլու, ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները դեմոնստրատիվ ձևով լքեցին ԱԺ դահլիճն ու ուղություն բռնեցին դեպի ԱԺ դարպասներ:
Վանդակաճաղերին կից քարե <ամբիոնի> վրա <Ժառանգություն> խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան էր, ու ներկաներին զգուշացնում էր՝ ոչ մեկիդ կողքով ՙանտարբեր՚ չի անցնելու կառավարության հիշյալ ռեֆորմը, ու կոչ արեց՝ յուրաքանչյուրն իր տեղում գործ ունի անելու: Իսկ <գործի> մեխանիզմը գերթե այս կերպ պետք է աշխատի՝ քո կողքինին, կողքինիդ կողքինին, հետո էլ սրա կողքինին ու բոլոր կողքիներին տեղեկացնել և քարոզել՝ <խնդիր ունենք լուծելու>: Հետաքրքիր էր նաև Փոստանջյանի կողմից սույն տեղեկատվությանը հասանելի շրջանակի մատնանշումը՝ մանկապարտեզի դայակից մինչև պատգամավոր ու նախարար: Ժառանգականը նաև չմոռացավ ու քաղաքական շարժումների սիրահարներին գայթակղիչ մի կոչ ուղղեց՝ պատրաստվեք համազգային գործադուլի և անժամկետ հանրահավաքի: <Քարե ամբիոնից> հայտարարություն հնչեցնելու հերթը հասավ ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ երիտասարդական միության նախագահ Գերասիմ Վարդանյանին՝ մենք միակամ ենք, տուն չենք գնալու, հայտարարեց ու մասնակիցներին ներկայացրեց օրվա <ճանապարհային քարտեզը>՝ երթով շարժվել ՄԻՊ գրասենյակ, այնուհետև դեպի կառավարություն՝ չմոռանալով այս երթուղին իրականացնել <Ամոթ, ամոթ> բացականչություններով ու ոտքերով գետնին դոփելով, բայց ոչ թե մնալով տեղում, այլ շարժվելով առաջ՝ դեպի կառավարություն:
Երիտասարդներին դեպի գործադիր ճանապարհելուց հետո գործընթացներն ԱԺ-ում ծավալվեցին <վարագույրից> այն կողմ. Գալուստ Սահակյանի աշխատասենյակը չէր դատարկվում, եկավ նաև կուտակայինի դեմ պայքարող առանցքային դեմքը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: <Բանակցո՞ւմ եք>, հարցիս պատասխան չեղավ, փոխարենն ասաց՝ 4 խմբակցություններ ստեղծել են աշխատանքային խումբ, որը կմշակի ռազմավարություն: Իսկ ինչպես է ՀՅԴ պատգամավորը վերաբերվում Զարուհի Փոստանջյանի՝ համազգային գործադուլ սկսելու մասին զգացմունքային կոչին, Արծվիկ Մինասյանը զգուշորեն սրբագրեց այն. <Ոչ թե գործադուլի կոչ արվեց, այլ ասվեց՝ մենք պատրաստ ենք աջակելու ցանկացած նախաձեռնությանը, կլինի գործադուլի տեսքով, թե այլ՚, ի դեպ, հատուկ ընդգծելով՝ իրականացնելու են միայն սահմանադրությամբ չարգելված գործողություններ: Հարցին՝ հասնելու եք մինչև ՍԴ-ը՞,<Ոչ միայն, նաև անցնելու ենք>, այսինքն, հասնել ու անցնել դեպի Եվրո՞պա, ՀՅԴ խմբակցության պատգամավորի խորիմաստ ժպիտից կռահեցինք՝ նաև Եվրոպա, բայց մինչ այդ նախ սպառելով տեղական դատական ատյաները: Սոցիալական լուրջ ընդվզմա՞ն եք պատրաստվում՝ հարցին էլ պատասխանեց՝ <Այո>:
Մինչ <ժառանգության> խմբակցության ղեկավարը գործադուլի կոչ էր անում, իսկ ՀՅԴ-ն փոքր-ինչ մեղմում այն, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որ դեռ անտեղյակ է դրանից մեզ հետ զրույցում նախ իր զարմանքն արտահայտեց.<Գործադո՞ւլ, ես ցանկացած գործադուլի դեմ եմ, իսկ այս դեպքում մասնավոր սեկտորը գործադուլ է անում, որ ի՞նչ լինի>: Ապա անկեղծորեն նկատեց՝ նման լուրջ քայլեր ձեռնարկելու համար նախ հաշվարկել ու հասկանալ է պետք՝ ընդդիմության քաշը կբավարարի՞.<Օրինակ, դուք կարո՞ղ եք ասել, 4 խմբակցություններն իրենց քաշային կատերգորիայով ի՞նչ վիճակում են>: Չնայած անզեն աչքով էլ հարցի պատասխանը հասկանալի է, բայց առաջարկեցինք դիմել նժարի օգնությանը՝ աջ թաթին տեղադրել մեկին , ձախին՝ մյուսին ու ամեն ինչ իր տեղը կընկնի, արդյունքում կա՜մ 4 խմբակցությունները կառավարությանը կտանեն դատարան, կա՜մ վերջինս նրանց հաջողությամբ տուն կճանապարհի: Բայց մինչ այս կամ այն քայլին դիմելը Միքայել Մելքումյանը համոզված է՝ բանակցությունները պետք է շարունակել, ռեսուրսը դեռ սպառված չէ: <Մեխանիզմներն էլ նոր ենք քննարկելու՚ ասաց ու հեռացավ՝ <հիմա չեմ ասի, հետո կասեմ>-ի խոստումով:
<Լրագրողներդ խեղդում եք ու մեր իրավունքները ոտնահարում>,- կեսկատակ- կեսլուրջ նկատեց սոցապնախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ, որին այնքան էլ հաճելի չէր թեմայի շուրջ պարզաբանումներ տալու մեր առաջարկը: Բայց ինչպե՞ս լռել, երբ դրսում համազգային գործադուլի կոչեր են հնչում, իսկ ներսում գործադիրի հետ լեզու գտնելու պատրաստակամություն հայտնվում: <Դուք կարող ե՞ք ասել ո՞րն է ընդդիմության առաջարկի իմաստը>, հարցրեց նախարարն ու ինքն էլ պատասխանեց՝ <բարեփոխումների մասի բազմիցս ենք խոսել, ներկայացրել մեր մոտեցումները, պատրաստ ենք եղել լսել բոլորին, 10 տարի շարունակ քննակել են բոլոր ռիսկերը, և այն, որ օրենքն ընդունվել է, կնշանակի գտնվել են և դրանց լուծումները՚: Իսկ այսօր այլևս կառավարոթյունը վճռական է տրամադրված՝ ՙգնում ենք համակարգային բարեփոխումների ու այն իր տրամաբանական ավարտին ենք հասցնելու>:
Բա դրսում՝ ընդդիմության ակտիվ ջանքերով հավաքված ժողովուրդը՞, նրա պահանջները՞. <Ժողովուդը մեծ հասակացողություն է, ԱԺ մոտ հավաքվածներին պետք է պատասխան տա ընդդիմությունը, թե ինչո՞ւ նրանց մոլորեցրեց, իսկ ես կպատասխանեմ այն հարյուր հազարավորներին, որոնք նեցուկ են կանգնում մեր ծրագրերին>,- ի պատասխան մեր հարցին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու հիշեցրեց անցյալը: Կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ օրենքն ընդունվել է 2010թ.-ին, իսկ մինչ ընդունումը բազմիցս քննարկվել ու մշակվել: Սահակյանը չի մոռացել, որ այդ քննարկումներին ժամանակին մասնակցել է միայն ՀՅԴ-ն՝ հանձինս Արծվիկ Մինասյանի, իսկ մնացածները, որոնք այսօր աղմուկում են ու ոտքի են կանգնել, կապ չունեն օրենքի հետ: Կնշանակի պղտոր ե՞ն ընդդիմության մտքերը. <Իհարկե, ես դրանցում քաղաքական ենթատեքստ եմ տեսնում>: Մեծամասնության ղեկավարը ԱԺ <կուլիսներում> երիտասարդների բողոքի ցույցը բնական է համարում, մարդիկ կարևոր օրենքի շուրջ իրենց վերաբերմունքն են արտահայտում, անբնականը սակայն ընդդիմադիր պատգամավորների կեցվածքն է, <իրենց կշիռը բարձրացնելու համար դրոշներն առել կանգնեցրել են երիտասարդների ցույցի առաջ որպեսզի հերթական առիթն ունենա իշխանություններին քննադատելու, ընդդիմությունը շոու է անում, որովհետև շոուի մասնագետ է>:
Գալուստ Սահակյանը հարկ համարեց հերթական անգամ հասարակությանն իրազեկել՝ 2010-ին իշխանությունն արդեն իսկ ընդառաջ է գնացել ընդդիմության առաջարկին, ու մի քանի տարով հետաձգել ընդունված օրենքի կիրառումը, բայց հիմա այլևս չի պատրաստվում <ընդդիմության անտրամաբանական պահանջին հլու հետքայլ կատարել, եկել է ընդունված օրենքը կիրառելու ժամանակը: Եվ այն կգործի հունվարի մեկից>:
Արմինե Սիմոնյան












