Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ահմեթ Դավութօղլուի «մեսիջները»

Դեկտեմբեր 13, 2013թ. 20:37

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Հայաստան այցելած «Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը ներկայացրել է նախարարի այցն ու ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հղած «մեսիջները»։

«Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան կատարած մեկօրյա այցը Կովկասում վերջին ամիսներին ակտիվանալ փորձող քաղաքականության կարևոր հանգրվանն էր։ Մինչ Թուրքիան Կովկասում նոր լուծումներ առաջարկելու «մեսիջներ» է հղում, Հայաստանը չափազանց զգուշավոր կեցվածք է ընդունել։ Դավութօղլուի՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը 2009թ.-ին Արձանագրությունների ստորագրումից ի վեր առաջինն էր։

Մայրաքաղաք Երևանը երեկ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպութան 29-րդ նիստն էր հյուրընկալում։ 2013 թ.-ի հունիս-դեկտեմբեր ամիսներին կառույցը նախագահում էր Հայաստանը։

Բացի օրակարգային հանդիպումից, որևէ այլ նշանակություն չունեցող այս ժողովի միակ ուշագրավ զարգացումը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն էր։

«Սառած» խնդիրների վերաբերյալ զրույց

Դավութօղլուն Երևան ուղևորության ճանապարհին լրագրողների հետ զրույցում հետաքրքիր «մեսիջներ» հղեց։ Նա նշեց, որ իրենց նպատակը ոչ թե Հայաստանի հետ սահմանի բացումն է, այլ տարածաշրջանում խաղաղության տեսլականի իրականացումը։

Այցից առաջ որոշ թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը, թե Հայաստանին նա առաջարկելու է դուրս գալ ԼՂ հարակից շրջաններից երկուսից, Դավութօղլուն հերքեց և ասաց, որ իրենց ձեռքում պատրաստի բանաձև չկա, իրենք փորձում են տարածաշրջանի «սառեցված» խնդիրները դարձյալ բանակցությունների առարկա դարձնել։

Ինչպես հայտնի է՝ 2013թ.-ին թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան, և թեև դրանք առողջ ժողովրդավարական պայմաններում տեղի չունեցան, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Իլհամ Ալիևը վերընտրվեցին։

Երևում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը սպասում էր հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտին, ինչից հետո դիվանագիտական ճանապարհով թե՛ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, թե՛ 2009թ.-ի արձանագրությունների ժամանակահատվածի համար հաջող միջնորդություն իրականացրած Շվեյցարիայի հետ հանդիպելով՝ նոր փուլի համար հիմքեր ստեղծելու աշխատանքներ է սկսել։

Երկու տարածաշրջանի խնդիր

Այս միջավայրում նախ Ալիև-Սարգսյան հանդիպումը, հետո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը ցույց տվեցին, որ Ղարաբաղյան հարցում զարգացումը մոտ է։

Արտգործնախարար Դավութօղլուն էլ, որպես այդ միջավայրի «ճարտարապետներից մեկը», ՍԾՏՀԿ ժողովը հայ գործընկերոջ՝ Նալբանդյանի հետ հանդիպելու հնարավորության վերածելով՝ ցույց տվեց, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային քաղաքականության մեջ նախաձեռնող լինել։

Ուշագրավ է, որ ՍԾՏՀԿ նիստին, որն արտգործնախարարների հավաք էր, այդ մակարդակով միայն Թուրքիան և Բուլղարիան էին մասնակցում։ Դա ևս մի մանրուք է, որը վկայում է, որ Դավութօղլուն Երևան կատարած այցով ցանկանում էր մեսիջ հղել։ ԱՄՆ պետդեպարտամենտը, հայտարարություն անելով, ընդգծեց այդ այցի կարևորությունը տարածաշրջանի համար։ Այցի ընթացքում, որպես Թուրքիայում բնակվող լրագրող, իմ հայաստանցի գործընկերներն ինձ ամենից շատ հարցնում էին, թե Դավութօղլուն Նալբանդյանին երկու շրջաններից հետ քաշվելու առաջարկ ներկայացրե՞լ է, կամ ինչո՞ւ է այցը հիմա տեղի ունենում։

Քանի որ Դավութօղլուն երկու շրջաններից քաշվելու մասին խոսակցություններն անձամբ է հերքել, դժվար է իմանալ, թե ի վերջո իրականում ինչ է առաջարկվել։ Սակայն գաղնիք չէ, որ Թուրքիան ուրախ կլինի, եթե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջաններից մի փոքր հողակտոր անգամ վերադարձվի։ Հայաստանն այդ հարցում դիմադրում է։ Ի վերջո, Ղարաբաղի հարցում անգամ մի փոքր փոխզիջման պատճառով տապալված իշխանությունը հեռու անցյալում չէ»։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն