ԹՈՄ ԴԸ ՎԱԱԼԸ ԲԱՑՈՒՄ Է ՓԱԿԱԳԾԵՐԸ
Մնալով ցանկալիի ու հնարավորի արանքում
Ղարաբաղի հարցով տարիներ շարունակ փորձագիտական գնահատականներով հանդես եկած ծագումով հոլանդացի Թոմաս դե Վաալի վերջին հարցազրույցն իր նոր՝ ակնհայտորեն «ամերիկանացված» Թոմ դը Վաալ անուն ազգանունի եւ «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբանի կարգավիճակով ուշագրավ է առաջին հերթին գնահատականների ու եզրակացությունների խորքում առկա իրազեկվածության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով։
Ուշագրավ են հատկապես ամերիկյան փորձագետի տեսակետները մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ 2013-ին տեղի ունեցած հստակեցումների պատճառների ու նրանց հնարավոր հետեւանքների մասին։ Հատկանշական է, որ այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի Թոմ դը Վաալին ուղղված հարցում 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումն իբրեւ «180 աստիճան շրջադարձ» գնահատելու ուղղագիծ մոտեցումը վարպետորեն անտեսվել է փորձագետի կողմից։ Նա փաստորեն խուսափել է նման կտրուկ գնահատականներից՝ նկատելով, որ «Հայաստանը առայժմ պարտավորություն է ստանձնել Մաքսային միությանը անդամագրվելու, բայց սա երկարաժամկետ գործընթաց է»։
Նույն՝ ցանկալիի ու հնարավորի տրամաբանությունը ավելի նրբորեն ու քաղաքական բարձր կուլտուրա դրսեւորելու միջոցով Թոմ դը Վաալը տարածում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած հստակեցումների՝ տարածաշրջանային, ներքաղաքական ու տնտեսական հետեւանքները կանխատեսելու բնագավառների վրա։ Սրանցից յուրաքանչյուրի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի կոշտ ու միակողմանի հարցերին տալով հավասարակշռված պատասխաններ՝ ամերիկյան փորձագետը փաստորեն՝ մեսիջներ է ուղարկում Հայաստանի ղեկավարությանն ու հասարակությանը։
Այսպես. Մաքսային միություն մուտք գործելու գործընթացից բխող ավտորիտարիզմի ուժեղացման վտանգի մասին հարցին Թոմ դը Վաալը նախ տալիս է ընդհանուր, շաբլոն գնահատական. «Մաքսային միությանը անդամակցելը նշանակում է միանալ ավտորիտար ռեժիմների ակումբին»։ Այնուհետեւ, մատնանշելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների (խորհրդարան, մամուլ եւ այլն) գոյությունը, հավելում՝ «չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է այդքան «ձգել պտուտակները», նույնիսկ եթե ցանկանա»։
Եվ որպես նման մեսիջի հիմնավորում անմիջապես վկայաբերվում է այն իրողությունը, որ Հայաստանի ղեկավարությունը «ցանկանում է ամեն դեպքում բաց պահել» Եվրոպա ու ԱՄՆ տանող ճանապարհը։ Ստացվում է նույն՝ «եթե-ապա»-ի տրամաբանությունը, որ ծառայում է ցանկալիի փաստարկմանն ու հիմնավորմանը։
Հայաստանի ներքաղաքական գործընթացներին Թոմ դը Վաալի տված նման գնահատականներից արմատապես տարբերվում են արտաքին քաղաքական իրավիճակի վերլուծությունները, որոնք հավասարակշռված ու իրատեսական են ոչ թե փորձագետի նեղ-մասնագիտական ոլորտին առնչվելու, այլ նրանցում խորքային քաղաքական մեսիջների բացակայության պատճառով։ Ուստի Թոմ դը Վաալը առաջիկա տարվա ընթացքում լուրջ առաջընթաց չի կանխատեսում ո՛չ Ղարաբաղյան բանակցային գործընթացում, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։
Նույնը չի կարելի ասել «Ազատություն» ռադիոկայանին թերեւս ամենահետաքրքրող հարցին Թոմ դը Վաալի պատասխանի մասին, որը նման պայմաններում հասկանալի պատճառներով տրվում է ամենավերջում եւ տիրաժավորվում որպես ողջ հարցազրույցի «միտք բանին»։
Խոսքը, իհարկե, վերաբերում է 2014-ին մեր երկրում սոցիալական հուզումների հնարավորությանը, ինչը գրագետ գնահատականի է արժանանում ամերիկյան փորձագետի կողմից։ Չի կարելի չհամաձայնել Թոմ դը Վաալի այն կարծիքին, որ սոցիալական խնդիրներով հայերը փողոց դուրս չեն գա, եւ միայն «քաղաքական խնդիրն է, որ մարդկանց դուրս կբերի փողոց»։ Սա անկասկած հայաստանյան իրականության խոր իմացության վկայություն է։
Դրանով հանդերձ, ամերիկյան քաղաքագետը իր «դերում» չէր լինի, եթե նման լուրջ գնահատականին զուգահեռ սոսկ ընդհանուր գծերով միմյանց չկապեր իր համար ցանկալին ու հնարավորը, որպեսզի դրա միջոցով հերթական մեսիջն ուղարկի ուր որ հարկն է. «Բայց մենք կարող ենք ականատեսը դառնալ ինքնաբերաբար տեղի ունեցող մի իրավիճակի, երբ ինչ-որ մի կոնկրետ խնդիր մարդկանց դուրս կբերի փողոց, եւ կգա մի պահ, երբ այդ բողոքի ակցիաները լուրջ բնույթ կստանան։ Արդյոք դա տեղի կունենա 2014-ին՝ միգուցե ոչ, բայց մի օր դա կարող է Հայաստանում տեղի ունենալ»։
Այսքան` «եթե-ապա»-ներով համեմված Թոմ դը Վաալի հարցադրումը որոշ լրատվամիջոցներ արդեն փորձում են մատուցել զարգացումների մի տարբերակի կանխատեսում, մինչդեռ ակնհայտ է, որ նրանում 100 տոկոսանոց վստահություն կա միայն ներքաղաքական ապակայունացումը «մի օր» տեղի ունենալու հավանականության շուրջ։
Հարցազրույցի վերջում ամերիկյան քաղաքագետը պետք է ուղարկեր իր գլխավոր մեսիջը առ այն, որ 2013-ին մեր երկրի ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգծի հետեւանքով ոչ թե անպայման 2014-ին, այլ «մի օր» Հայաստանը լուրջ պրոբլեմներ կունենա ներքաղաքական կյանքում, ուստի պետք է մտածել նման ուղեգծի փոփոխության մասին…
Բացառված չէ, որ ի դեմս Թոմ դը Վաալի հարցազրույցի եզրափակիչ հարցադրման՝ գործ ունենք ոչ թե քաղաքագիտական կանխատեսման, այլ սոսկ ընդհանուր նախազգուշացման հետ, այն էլ՝ ռազմավարական հեռանկարի առումով, ինչը միանգամայն օրինաչափ է ու տրամաբանական, եթե նկատի ունենանք, որ նրա հեղինակը ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ է։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
<Հայոց Աշխարհ>












