Արցախցին գրանտներին տրվելով երկրի դեմ քայլեր չի անի
Հարցազրույց արցախցի քաղաքագետ ԴԱՎԻԹ ԿԱՐԱԲԵԿՅԱՆԻ ՀԵՏ
– Արևմուտքի քարոզչական հայտնի տեխնոլոգիաներից է՝ ակտիվ աշխատել տվյալ երկրի հասարակական հատվածի վրա, ֆինանսավորել նրան և օգտագործել որպես սեփական գաղափարները տարածելու համար: Այս գործելակերպի արդյունքում Հայաստանում այսօր ձևավորվել է արևմտամետ գրանտակերների մի բանակ, որը հաճախ շրջանցելով անգամ երկրի պետական շահը առաջնահերթությունը տալիս է արևմտյան տերերի հրահանգիներին: Այս առումով ի՞նչ իրավիճակ է Արցախում:
– Եթե տվյալ հանրությունը կայուն է իր սկզբունքներում, գիտակցում է պետական, ազգային առաջնահերթությունները, ապա դրսի որևէ ուժ չի կարող խափանել նրա ընթացքը: Բարեբախտաբար, արցախցիների գերակշիռ մասն ունի այդ գիտակցումը, նաև հրաշալի հասկանում է, որ գրանտային ծրագրերը ժամանակավոր, անցողիկ բնույթ ունեցող բաներ են, իսկ մնայուն արժեքը հայրնիքն է, ժողովուրդն ու նրա ապագան:
Քաղաքականության մեջ չկան երկրորդական հարցեր, այնտեղ գործում է հակադարձելիության էֆեկտը, այնպես որ, եթե որևէ հարց քո երկրում փորձես լուծել համաձայնեցնելով արտաքին ուժերի պահանջներին, առավել ևս շահարկելով ներքին խնդիրները, ապա այն բումերանգի էֆեկտով իր բացասական հետևանքը կունենա: Սրանից խուսափելու համար հասարակությունն իր ներսում ևս պետք է մշակի ինքնապաշտպանական մեխնիզմներ, որոնք ուղղակիորեն կբացառեն երկրի, ժողովրդի շահերից չբխող վտանգավոր զարգացումները: Այդպիսի ՙմեխանիզմ՚ կհամարեմ, օրինակ, որևէ երկրին կամ ուժին հաճոյանալու արատավոր սովորույթից հրաժարումը, բոլորին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, կոչ կանեմ ձերբազատվել այդ գործելաոճից:
-Հայաստանն ու Արցախը մշտապես վարել ու վարում են համահունչ քաղաքականություն: Սակայն տպավորություն կա, որ Արևմուտքը փորձում է Արցախում ակտիվացնել գրանտներով սնվող կառույցներին ու որպես իր կողմից ուղղորդվող 5-րդ շարասյան հարկ եղած դեպքում հակադրել Հայաստանին: Նման վտանգ չե՞ք տեսնում:
– Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մեծ մասն անցել է փորձությունների բովով: Արտաքին ուժերը չեն կարող հաջողել, եթե ունեն նման ծրագրեր: Իմ ժողովրդին ես շատ բարձ եմ գնահատում, և այն կարծիքին չեմ, որ գրանտներին տրվելով նրանք կարող են երկրի դեմ ինչ-որ քայլերի գնալ: Արցախցին, ով լավ գիտի իր հողի ու խաղաղության գինը ու թանկ է վճարել իր անկախության համար, երբեք չի կարող անպատասխանատու լինել իր ճակատագրի հանդեպ: Ինքս էլ հասարակական սեկտորի ներկայացուցիչ եմ ու դա շատ լավ եմ գիտակցում: Պատերազմը, շարունակվող շրջափակումը արցախցուն ավելի քան իմաստուն են դարձել: Մենք հասկացել ենք, որ օտարին հաճոյանալով, նրա խամաճիկը դառնալով նախ և առաջ մեր կյանքն ենք վտանգում, մեր ապագան: Օտարը ցանկացած պահի, հեշտությամբ կարող է մեզ դավաճանել, փոխել մեկ այլ դաշնակցի հետ, իսկ իր տված մեկ կոպեկի դիմաց հազարապատիկը պահանջել: Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք օտարի ձեռքի խաղալիքը դառնալ: Ասեմ նաև, որ ես դրական չեմ համարում Արցախի հանրությանը արևմտամետների ու հյուսիսամետների (ռուասմետներ) տարանջատելը, ինձ համար մերժելի է Արցախի հասարակության ներսում հակառակորդներ փնտրելը. մի կողմից հասարակական հատվածին գրանտակեր որակելով բացասական վերաբերվել, մյուս կողմից իշխանական ճամբարում միայն հակառակորդներ ու թշնամիներ որոնել: Ընդդիմություն, թե դիմություն, մենք մեկ ազգ ենք, մեկ միավոր ու մեր նպատակներն էլ մեկը պետք է լինի, հակառակ դեպքում, կարող ենք լուրջ կորուստներ ունենալ:
–Այդ դեպքում ինչ կասեք, երբ հենց Արցախի հասարակական հատվածի ներկայացուցիչների ձեռքով փորձ է արվում քննադատել, ժողովրդավարական արժեքներց հետնահանջ ապրող երկիր համարել Արցախը: Ենթատեքստը ակնհայտորեն քաղաքական է, քանի որ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունները միտումնավոր բերվում շաղկապվում են անկախության գաղափարին, փորձ է արվում սասանել արցախցու հավատն առ իր ապագան:
– Քննադատությունը դրական է միայն այն դեպքում, եթե ինքնանպատակ չէ, այսինքն, կառուցողական է ու նպաստում է երկրի զարգացմանը: Հակառակ դեպում այն կարող է նաև մեր երկրի դեմ օգտագործվել: Այս իմաստով համաձայն եմ ձեր մտահագության հետ, մանավանդ, երբ խնդիրները տարանջատված չեն: Արցախցին պահանջատեր է ու որևէ մեկն իրավունք չունի երկրի դժվարին իրավիճակով պայմանավորված փոքր- ինչ հարցականի տակ առնել այն: Այո, Արցախում այսօր կան լուծում պահանջող շատ խնդիրներ, բայց դա չի կարող լուծվել ներքին պառակտմամբ, նման տրամաբանությամբ առաջնորդվելը մեզ համար կլինի կործանարար: Մյուս կողմից Արցախի ղեկավարությունն էլ իր տեղում պետք է անհրաժեշտն անի, որ ժողովուրդն իր ապագան, իրոք, տեսնի իր հայրենիքում: Իսկ դրա համար իշխանությունն ու հասարակական սեկտորը պետք է միավորեն իրենց ներուժը ու աշխատեն միասին: Երկրի խնդիրները միայն ներսում կարող են լուծվել, իշխանություն- քաղաքացիական հասարակություն գործընկերային հարաբերությունների առկայությամբ:
Մենք պարտավոր ենք պատասխանատու լինել մեր խոսքի ու քայլերի հանդեպ, պարտավոր ենք խորը ընբռնել արտաքին իրողությունները, լինել խոհեմ ու չմոռանալ, որ դրսի թվացյալ բարեկամը, որը կարող է լինել արևմուտքում կամ հյուսիսում, կարող է վաղը հանկարծ փոխել իր դիրքորոշումը, ու եթե դրան պատրաստ չլինենք, ապա դրա առաջին զոհը մենք ենք կդառնալու:
Խոսքս ավարտեմ հնդկացիրերի հայտնի ասացվածքով. մեկր հողն ու հայրնիքը միայն մեր ծնողներից չենք ժառանգել, այլ պարտք ենք վերցրել մեր հետնորդներից: Այսինքն, մենք պարտավոր ենք մեր հաջորդ սերնդին փոխանցենք ավելի բարեկարգ, կայուն ու անվտանգ երկիր, որին արժանի է մեր ժողովուրդը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄԱՆՅԱՆ












