Ադրբեջանը կփորձի ինչ-որ բան կորզել միջնորդ պետություններից
Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Դեռևս անցած տարվա վերջին ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե ջանքեր կներդնեն փակուղի մտած ԼՂ բանակցային գործընթացը վերսկսելու, արդյունքներ գրանցելու համար, նման կոչեր հնչեցին նաև եվրոպական կառույցներից: Եվ ահա, տարին սկսելուն պես հունվարի երկրորդ կեսին Փարիզում սպասվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին ամենայն հավանականությամբ կհաջորդի նախագահների հանդիպումը: 2014-ի այս բուռն սկիզբը ի՞նչ տեղաշարժ է խոստանում բանակցային գործընթացում:
– 2014-ին, իհարկե, կլինեն նման տարբեր հանդիպումներ, դրանք կարևոր են, քանի որ հիմնական շեշտը դրվելու է խաղաղության պահպանման վրա, համանախագահներն ամեն ինչ կանեն իրավիճակը կայուն պահելու համար: Բայց չեմ կարծում, որ դրանք ինչ-որ բեկում կմտցնեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ, որովհետև Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում, չցուցաբերելով որևէ կառուցողական մոտեցում: Հետևաբար, մտածել, թե այս իրավիճակում հնարավոր կլինի ինչ-որ դրական զարգացման հասնել՝ վաղաժամ է:
–Դա է հաստատում Ամանորի նախաշեմին Արբեջանի նախագահի ելույթը. դարձյալ խոսելով ուժի դիրքերից Ալիևը հայտարարեց, թե ԼՂ հարցի կարգավորման գործում վճռական դեր կխաղա Ադրբեջանի ռազմական հզորությունը:
-Նույնիսկ հայտարարել է՝ թույլ չեմ տալ, որ տեղի ունենա հայկական երկրորդ պետության ստեղծում: Նման հայտարությունները մենք որակեցինք քաղաքական ՙսանտակլաուս՚-ություն: Բնականաբար, նման իրավիճակում հնարավոր չէ ակնկալել որևէ բեկում: Սա Ալիևի հերթական շանտաժն է: Մենք շատ լավ գիտենք, որ ներկայումս պատերազմի վերսկսումը որևէ պետության ձեռնտու չէ, և դա ոչ միայն պայմանավորված է մարդասիրական, այլև պետությունների պետական, ազգային շահերով, քանի որ պատերազմը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
– Շանտաժին զուգահեռ Ալիևը նաև ասել է՝ ՙորոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան՚, ու չնայած նրան, որ բանակցային գործընթացին խոչընդոտողը հենց Ադրբեջանն է, Ալիևը փաստերը գլխիվայր ներկայացնելու իր սովորույթի համաձայն, նաև նկատել է՝ ՙԵթե Հայաստանում գերակշռեն իրատեսական մոտեցումները, կարճ ժամանակում կարող է տեղաշարժ արձանագրվել՚: Ի՞նչ է ակնարկում նա ՙորոշակի հույսեր՚, ՙտեղաշարժ՚ ասելով:
-Հնարավոր է, որ Ալիևը փորձի ապակայունացնել իրավիճակը՝ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, ապա միջազգային հանրության, միջնորդ երկրների հետ մտնի քաղաքական առևտրի մեջ՝ քաղաքական, տնտեսական շահավետ քայլերի դիմաց, և այս կերպ գրանցի իր համար ցանկալի ՙտեղաշարժեր՚:
-Այսինքն, Արցախում կա մտավախություն, որ արևմտյան չինովնիկները տուրք տալով Ադրբեջանի խավիարական քաղաքականությանը կարող են գնալ հակահայկական քայլերի:
– Դա կլինի ոչ թե եվրոչինովնիկների ոչ պարկեշտ քաղաքականության արդյունք, այլ պարզապես, Ադրբեջանն իր ապակայունացնող քայլերով կփորձի ինչ-որ բան կորզել իրավիճակի կայունացմամբ մտահոգ միջնորդ պետություններից: Իսկ որպեսզի ՙչար երեխային՚ ինչ-որ կերպ հանգստացնեն, անցանկալի քայլերից նրան հեռու պահեն, ուրեմն պիտի մի բան տան: Ադրբեջանի իշխանությունը աշխատելով քաղաքական շանտաժի դաշտում, գործընթացները հիմնականում կծավալի այս հարթության մեջ՝ միջազգային հանրության ու միջնորդ երկրների հետ մտնելով նման խաղերի մեջ: Միաժամանակ, Ադրբեջանում գնալով մեծ թափ է հավաքում քաղաքացիական շարժումը, ազգային փոքրամասնությունների ինքնագիտակցության բարձրացման գործընթացը ու Ալիևի ռեժիմի համար դժվար է լինելու ներքին իրավիճակը կայուն պահել: Եվ նա կփորձի իր ներքին քաղաքական հարցերը կրկին անգամ լուծել Արցախի, հայ ժողովրդի հաշվին ու, ինչպես նշեցի, իրավիճակը ապակայունացնելով՝ քաղաքական, տնտեսական դիվիդենտներ շահել:
-Գուցե այս վտանգը հաշվի առնելով է, որ որոշ քաղաքագետներ գտնում են, որ պետք չէ մատների արանքով նայել Ալիևի հայտարություններին, այլ պետք է ավելի զգոն լինել, քանի որ Ադրբեջանի ղեկավարը, հավանաբար, ՙիրատեսական է համարում Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նորօրյա կրկնությունը՚:
-Գիտեք, կողքից շատ հեշտ է մի քիչ ընդդիմադիր, բողոքական կեցվածք ընդունելով կարծիքներ հայտնելը, դրա փոխարեն աշխատել է հարկավոր: Ինչ վերաբերում է հիշատակված պայմանագրերին, ապա հիշենք մի կարևոր հանգամանք, որ դրանք ստորագրվեցին հայ ժողովրդի ոչ համախմբվածության պատճառով: Ի դեպ, ոմանց խորհուրդ կտամ վերստին կարդալ Մովսես Խորենացիու ՙՀայոց պատմությունը՚: Դրա համար այսօր մեզ առավել քան հարկավոր է ներքաղաքական իրավիճակի կայունություն, իհարկե, առանց կառուցողական քննադատության առաջընթաց հնարավոր չէ, բայց ազգային կարևորագույն հարցերում նեղ անձնական շահերի հետապնդումը կարող է ճակատագրական լինել հայ ժողովրդի համար:
-Շվեյցարիայի ԱԳՆ դաշնային դեպարտամենտի ղեկավար, 2014-ին ԵԱՀԿ նախագահող Դ. Բուրկհալթերը ասել է, թե որպես ԵԱՀԿ նախագահող երկիր Շվեյցարիան կփորձի ԼՂ հակամարտության կողմերի միջև երկխոսության և փոխվստահության ամրապնդման ուղիներ գտնել, հեշտացնել մարդկային շփումն ու աջակցել տարածաշրջանում քաղաքացիական հասարակության նախագծերին։ Ձեր գնահատականը:
-Մենք միշտ ողջունել ենք փոխվստահության մթնոլորտի ձևավորումը ու դրան ուղղված քայլերը, այդ թվում և միջնորդ երկրների կողմից: Մեկմեկու հետ շփումները կարևոր են, որպեսզի իրար մեջ տեսնեն մարդու և ոչ թե թշնամու: Սակայն խնդիրն այն է, թե այդ շփումը որքանո՞վ է նպաստում իրավիճակի բարելավվմանը: Արդեն 20 տարի է, որ Արցախի, Ադրբեջանի, Հայաստանի միջկառավարական շրջանակների հետ կազմակերպվում են նման շփումներ, բայց քաղաքական առումով, հատկապես, Ադրբեջանի պարագայում, դա որևէ կերպ չի փոխում իրավիճակը: Ադրբեջանը շարունակում է մնալ նույն տոտալիտար, բռնապետական երկիրը: Եթե այնտեղ սեփական ժողովրդի կարծիքը ընտրություններում ու այլ հարցերում հաշվի չի առնվում, ո՞նց պետք է Արցախին վերաբերող նրանց կարծիքը ազդի Ադրբեջանի իշխանության վրա: Հետևաբար, անհրաժետ է ամեն ինչ անել, որպեսզի իրար հետ սկսեն շփվել պետությունները, այսինքն՝ Արցախն ու Ադրբեջանը: Իսկ սա հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ կվերականգնվի խեղաթյուրված բանակցային ձևաչափն ու Արցախը կմասնակցի բանակություններին:
– ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Ի՞նչ ցանկալի արդյունքի կհանգեցնի հիշյալ հայանպաստ նախագիծը:
– Արցախի ճանաչման գործընթացը շոշափելի առաջընթաց է արձանագրել, ճիշտ է սկսել ենք իշխանության ցածր օղակներից՝ մունիցիպալ թևից, ապա տեղական ու հասել մինչև նահանգային իշխնություններին, ուր նույնպես ունենք շոշափելի արդյունքներ, ԱՄՆ-ի մի քանի նահանգները, Ավստրալիայի նահանգը ճանաչել են Արցախի անկախությունը, այժմ աշխատանքներ են տարվում Եվրոպայում, այնուհետ կբարձրանանք դաշնային կամ կենտրոնական իշխանությունների մակարդակի: Սա չդադարող գործընթաց է, ու չպետք է մտածել, եթե մի նախագիծ չանցավ, ուրեմն ողջ գործընթացը ձախողված է: Հակառակը, մենք պետք է պահպանենք դրա դինամիկան ու մեր էներգիան ուղղենք այդ գործընթացի իրականացման և շարունակականության ուղղությամբ:
–Հունվարի 21-ին Եվրադատարանում կմեկնարկի Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի՝ ընդդեմ Ադրբեջանի հայցի քննությունը, ուր մեղադրանք է առաջադրվում Ադրբեջանին սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման համար: Մտահոգություն կա, եթե ԵԴ-ն տեղիք տալով թուրքական ճնշումներին Հայոց ցեղասպանության ժխտումը չճանաչեց քրեական հանցագործություն, այժմ էլ ադրբեջանական կողմից կաշառվելով կարող է հերթական հակահայ որոշումը կայացնել, ինչը անպայման կշահարկվի քաղաքական դաշտում:
-Ադրբեջանն, իհարկե, անելու է ամեն ինչ ու շատ հարցեր այսօր ադրբեջանցիները լուծում են հենց կաշառքի միջոցով, դժբախտաբար, որոշ ատյաններ, նեղ անձնական շահերից ելնելով, ադրբեջանամետ որոշումներ են կայացնում: Սակայն այս հարցում, հաշվի առնելով քաղաքական բազմաթիվ գոծաններ, կարծում եմ, որ Եվրոպան կողմնապահություն չի դրսևորի, և ԵԴ-ն վճիռի կայացումը, պարզապես, կերկարաձգի: Չնայած դրան Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակներում մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած ատյանում թույլ չտանք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական ու հիստերիկ քաղաքականությամբ հասնի իր նպատակներին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












