«ԿԱՏԱՍՏՐՈՖԱ» ՍԱՐՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՂՆԵՐՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ
<Հայոց Աշխարհ>-ի հարցարզրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-Հաճախ են իշխանության ներկայացուցիչները խոստովանում, թե կայացած ընդդիմության առկայությունը կարևոր գործոն է երկրի համար, ավելին, որ իշխանության քայլերի արդյունավետությունը պայմանավորված է նաև նրանով, թե վերջինս իր թիկունքում որքանով է զգում ընդդիմության շնչառությունը: Այդ իմաստով, ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընդդիմադիր հատվածում այսօր տեղի ունեցող գործընթացները:
– Ակնկալվում էր, որ ժողովրդի մի հատվածի վստահությունը շահած ընդդիմությունը գալով խորհրդարան իր ծանրակշիռ խոսքով, իր հետևողականությամբ ու քայլերով կներազդի որոշումների ոչ միակողմանի ընդունման վրա: Բայց դա տեղի չունեցավ ու դրա պատճառը, ցավոք, մեզանում ընդդիմության դերի խեղաթյուրված ընկալումն է: Մարդիկ ընդդիմություն ասելով հասկանում են՝ ընդդիմանալ իշխանության ցանկացած քայլին ու ժողովրդի մեջ որոշակի տպավորություններ ստեղծել: Բայց ընդդիմություն ասվածը բարձր գոռալը, շատ խոսելը, քննադատելն ու ամեն ինչ սևացնելը չէ: Այստեղ է, որ մենք մտածելու, մտահոգվելու լուրջ առիթ ունենք: Այն, որ այսօր մեր ժողովրդի մոտ կա հիասթափություն՝ պատահական չէ, դրանում խորհրդարանական ընդդիմությունն իր բացասական դերակատարումն ունի: Եթե ընդդիմությունը արձագանքի նաև իշխանության դրական քայլերին, հավատացեք, մթնոլորտ կփոխվի, մինչդեռ ամենալավ գործերն էլ դատապարտված են ամենավատ գույներով ներկայացվելուն:
Իսկ ի՞նչ է կատարվում խորհրդարանական ընդդիմության ներսում, բացի ՀՅԴ-ից, մյուսները եկել են խորհրդարան ու իրար չեն հասկանում, չեն էլ խորշում հրապարակավ ամենավերջին մեղադրանքները մեկմեկու հասցեին հնչեցնել: Որևէ մեկին փնովելու նպատակ չունեմ, հակառակը, այդ ամենն ասում եմ սրտի ցավով: Մեզ համար շատ կարևոր է առողջ, կառուցողական քննադատություն հնչեցնող ընդդիմություն ունենալը, որը զուրկ կլիներ ավելորդ բարդույթներից ու չէր վախենա իշխանության դրական քայլերի մասին բարձրաձայնելուց: Մինչդեռ մենք այսօր ունենանք կես ոտքի վրա կանգնած, կիսաիշխանական, կիսաընդդիմադիր, կիսատ-պռատ միավորումներ, որոնք ինքնակայացման խնդիր ունեն: Ընդհանրապես, միջակությունը շատ վտանգավոր երևույթ է, նաև քաղաքականության մեջ:
–Փաստորեն, դժվար է պատկերացնել, որ այսօր խորհրդարանի ՙոչ իշխանական՚ ուժերը կարող են համախմբվել ու իրենց համատեղ ակտիվությամբ քաղաքական զարգացումներում շրջադարձ կատարել, չնայած անվերջ հայտարարում են այդ մասին:
-Անչափ ուրախ կլինեմ, եթե մեր ընդդիմադիրները կարողանան կարևոր հարցերի շուրջ համախմբվել ու մեկ տեսակետ արտահայտել: Բայց վճռորոշ պահերին նրանց մոտ գլուխ է բարձրացնում նորին մեծություն ամբիցիան ու կռիվը սկսվում է՝ ո՞վ է նախաձեռնության հեղինակը, ո՞վ է առաջնորդելու, ղեկավարելու գործընթացը: Նկատում ես, որ նրանց նպատակը ոչ թե խնդրին լուծում տալն է, այլ նպաստավոր իրավիճակից օգտվելը, ժողովրդի խոսքով ասած, ՙպահն իրենցով անելը՚:
-Այսինքն, այսօր ընդդիմությունը սոցիալական կարևոր խնդիրներ բարձրացնելով ոչ թե հետապնդում է երկրի, ժողովրդի, այլ նեղ կուսակացակա՞ն շահեր:
-Զերծ կմնամ նման ծանր մեղադրանքներից, բայց կյանքն ու գործընթացներն ապացուցել են, որ ընդդիմադիրների համախմբումները միտված են եղել ընդամենը էպիզոդիկ հարցեր լուծելուն: Խորհրդարանում էլ միավորվում են այս կամ այն քվեարկության պահին, բայց կարճ ժամանակ անց սկսում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել մեկմեկու հասցեին: Եթե ընդդիմությունն ի զորու լիներ իրականացնելու երկրի ապագային միտված գործողություններ, իշխանության համար շատ լավ կլիներ, ի վերջո, ուժեղ ընդդիմությունը ենթադրում է և ուժեղ իշխանության առկայություն: Հետևաբար, ընդդիմության ներկայիս համախմբումը գուցե կարճ ժամանակահատվածում որոշակի խնդիրներ լուծի, բայց գլոբալ հարթության մեջ՝ ոչ:
–Չե՞ք կարծում, որ ներքաղաքական գործընթացներում այսօր չափազանց շատ է ինտրիգը , գուցե պատճառն այն է, որ բացակայում է քաղաքական բաղադրի՞չը:
-Ճիշտ նկատեցիք, մեկ օրինակ բերեմ, երբ որևէ ընդդիմադիր փորձի դրական լույսի տակ ներկայացնել իշխանության գործունեությունը,ապա մյուսները կսկսեն քարկոծե, թե ծախվա՜ծ է, իշխանության մարդն է՝ ներդրված ընդդիմության մեջ: Այս մտածողությունը ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ, սա հենց ինտրիգ է, որ կա: Պետք է կարողանալ վեր կանգնել, ձերբազատվել ինտրիգներից:
-Տպավարությունն այնպիսին է, որ մեզանում արդեն իսկ սկսված են 2017-18-ի նախընտարկան գործընթացները: Այս հարթության մեջ էլ փորձ է արվում դիտարկել Քոչարյան-Սարգսյան հեռահար բանավեճը: Այն, ինչ տեղի է ունենում գործող վարչապետի եւ նախկին նախագահի միջև, արդյո՞ք, հուշում է քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկի մասին, թե՞ սա էլ հերթական ինտրիգ է:
-Մենք դադարել ենք գլոբալ մտածողությունից ու դարձել ավելի կենցաղային մտածողության տեր: Այո, սա էլ է փաստում ինտրիգի առկայության մասին: Առնվազն 4 տարի կա, իսկ այդ ընթացքում բավականին ջրեր կհոսեն, բայց մենք այսօր արդեն , ժողովրդի խոսքով ասած, դեռ ջուրը չտեսած բոբիկացել ենք: Հնչում են մեկնաբանությունները, որոշներն էլ ներկայանալով իբրև խիստ տեղեկացված ՙվերլուծաբաններ՚ փորձում են սեփական կանխատեսումները պարտադրել հանրությանը: Մինչդեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունները պետք է ընդունել այնպես, ինչպես կա: Ես այն ընթերցեցի որպես տեսակետ, առանց ինչ-ինչ եզրակացություններ անելու: Ինքս էլ եմ արձագանքել, և դա արել եմ կոռեկտության սահմաններում: Ի վերջո, երկրորդ նախագահը գտնվելով որոշակի գործընթացների ակունքուներում կարող է իր տեսակետը հայտնել, ու ամենևին անհարժետություն չկա դրանից ինչ-որ բաներ սարքել:
-Միտումնավո՞ր է սարքվում ու սրվում:
-Միտում չեմ ուզում տեսնել: Բայց այն պահից, երբ որոշ չկայացած դեմքեր սկսեցին պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ, որ նրանք դրանով ոչ թե օգուտ տվեցին, այլ ավելի վատ դրության մեջ դրեցին երկրորդ նախագահին, որովհետև, նրան պաշտպանողներն այդ արժանիքներն ունեցող անձինք չեն:
–Այնուհանդերձ, այս հեռահար բանավեճում կարևորվեց մի հանգամանք, որ ՀՀԿ-ն պաշտպանեց իր վարչապետին: Բայց չնայած դրան չի դադարում վարչապետի պաշտոնանկության հարցի շրջանառումը:
-ՀՀԿ քաղաքական խորհրդում նման քննարկում չի եղել, առաջիկա օրակարգում ևս նման հարց չկա:
-Այսօր հայտարարված է հանրահավաք ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման դեմ: Ընդդիմությունն իր հերթին հայտարարում է՝ սոցիալական ընդվզման հավանականությունը մեծ է ու սպառնում՝ հանրահավաքը իշխանության համար կվերաճի մարտահարվերի, ավելին՝ կլինի ՙկատաստրոֆիկ՚:
-Երբ Բրյուսելում էինք, ականատես եղանք ԵԽ ԽՎ շենքի դիմաց գյուղատնտեսական ակցիայի կազմակերպմանը, բողոքի մասնակիցները այրեցին մի տրակտոր, մի քանի տոննա կաթ շաղ տվեցին , իրենց բողոքի խոսքն ասացին ու հետո զուսպ, հանգիստ հեռացան: Քաղաքային իշխանությունն էլ մաքրեց կուտակված աղբը, մի քանի ժամ անց ոչ մի հետք չէիք տեսնի տարածքում: Ինչպե՞ս կարող է իշխանությունը խանգարել նման զուսպ բողոքի ակցիաները: Մենք կողմ ենք օրինական հանրահավաքների կազմակերպմանը, չէ՞ որ կան բարեփոխումներից դժգոհ մարդիկ և նրանք ազատ են իրենց կարծիքն արտահայտելու մեջ, այսօր էլ մարդիկ կհնչեցնեն իրենց կարծիքները, որոնց անպայման ունկընդիր կլինի իշխանությունը: Բայց այլ բան է, երբ հնչեցվում են՝ ՙկատարաստրոֆա սարքելու՚, ՙբունտ անելու՚ մասին հայտարարություններ, կնշանակի որոշ ուժերի նպատակը խնդիրը լուծելը չէ:
-Եթե հասարակությունը վստահ լինի, որ իր բողոքի ձայնը կհասին ՙվերևներին՚, կառավարությունը լարվածությունը մեղմելուն միտված քայլեր կանի, համոզված չե՞ք, որ քաղաքական ոչ մի ուժի ի զորու չի լինի հանրահավաքը .կատասրտոֆի՚ վերածել: Մանավանդ, երբ քաղհասարկության չքաղաքականացված հատվածը նկատելի վերապահումով է մոտենում հենց նույն ընդդիմությանը, անգամ զգոնության կոչեր են հնչում՝ հեռու մնալ քաղաքական ուժերից, չքաղաքականացնել հանրահավաքը:
-Լիովին համակարծիք եմ, որ մեզանում կա վստահության պակաս, ու կա դրական մթնոլորտի ձևավորման անհրաժետություն: Այո, բարձրացված հարցերը իշխանությունը պետք է դարձնի քննարկման առարկա: Հատկապես կառավարությունը պետք է վերանայի իր աշխատաոճը, ապագային միտված, երկարաժամկետ ծրագրերը պետք է ներկայացնել մեր հասարակությանը, բացատրել դրանց դրական ազդեցությունը: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը դա կընկալի ու կհասկանա: Ու եթե չի արվել, ուրեմն, կա և մեր բացթողումը: Կառավարությունն իր նման քայլերով պետք է բացառի չարախնդացողների քայլերը, որոնք նպաստում են երկրում բացասական մթնոլորտի խորացմանը: Ինչ վերաբերում է քաղացիական հասարակությունը, ես խորին հարգանք ունեմ նրա իրական՝ ակտիվ, երկրի խնդիրներով մտահոգ, չքաղաքականացված հատվածի հանդեպ, քանի որ նրանց քայլերն ավելի իրատեսական են, ավելի օգտակար, քան որոշ ընդդմադիր ուժերի: Եվ ուրախալի է, որ այդ հատվածը զգոնության կոչեր է հնչեցնում, քանի որ իրենք էլ են համոզվել, որ երբ փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ու լսելի դարձնել իշխանությանը, մեկ էլ հայտնվում է ընդդիմությունն ու փորձում տեր կանգնել այդ զանգվածին: Պատճառը հասկանալի է՝ ժողովուրդն այլևս չի վստահում ընդդիմությանը, չի գնում նրա հետևից, ու ընդդիմությունը փորձում է նման քայլերով դառնալ հասարկության ակտիվ հատվածի ուղղորդողը: Այնպես որ, ընդդիմությունը ևս մտածելու խնդիր ունի՝ ժողովրդի մոտ իր հավատի վերականգնման ուղղությամբ: Կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին, 2014-ը դարձնել կառուցողական ու դրական աշխատանքային միջավայրի տարի: Ես լավատես եմ, 2014-ը կլինի հաջողակ տարի՝ մեր երկրի ու ժողովրդի համար:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












