Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Բանակցային գործընթացը չի գոհացնում ԼՂՀ-ի և նրա ժողովրդին

Հունվար 19, 2014թ. 18:36

«Արմենպրեսի» հետ հարցազրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

-Այսօր ի՞նչ փուլում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, ու դրանք որքանո՞վ են գոհացնում Ղարաբաղին եւ ԼՂՀ ժողովրդին:

-Անշուշտ, այն իրավիճակը, որն այսօր ձեւավորվել է բանակցային գործընթացում, չի կարող գոհացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Արցախը շահագրգռված է հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության ու կայունության հաստատման հարցում, ինչն իր հերթին թույլ կտա ընդարձակել եւ նոր թափ հաղորդել մեր երկրում ընթացող պետականաշինության գործընթացներին:

-Ինչպիսի՞ն կլինի 2014-ը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ` հաշվի առնելով, որ հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, հետագայում նաեւ երկրների նախագահների հանդիպումները:

-Տարեվերջին կայացած Ալիեւ-Սարգսյան հանդիպումը որոշակի հույսեր արթնացրեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի աշխուժացման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առումով: Սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե Ադրբեջանն արդյոք կցանկանա՞ փոխել իր որդեգրած ապակառուցողական դիրքորոշումը:
Ցավոք, Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այդ ուղղությամբ այնքան էլ ոգեշնչող չեն եւ վկայում են, որ այդ երկրի իշխանությունները դեռեւս պատրաստ չեն հրաժարվել իրենց պատրանքներից եւ, սթափ գնահատելով իրավիճակը, դրական ներդրում ունենալ բանակցային գործընթացում:

Շատերն են քննադատում Մադրիդյան սկզբունքները` հայտարարելով, որ փաստաթղթում կան կետեր, որոնք որեւէ կերպ չեն արտահայտում Հայաստանի եւ ԼՂՀ-ի շահերը: Դուք համամի՞տ եք այդ ձեւակերպմանն ու կոնկրետ ո՞ր կետերը կառանձնացնեք:

-Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին` անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած սկզբունքների մշակումը բանակցությունների արդյունք է: Առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերում արցախյան կողմի լիիրավ մասնակցության, դժվար կլինի ակնկալել կենսունակ որոշումներ:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախի ազատությունը եւ անվտանգությունը բարձրագույն արժեքներ են մեր ժողովրդի համար եւ սակարկության ենթակա չեն:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն