Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Գագիկ Գինոսյան. Ընդամենը ստամոքսի հարցեր ենք լուծում

Հունվար 19, 2014թ. 21:15

«Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի հիմնադիր ղեկավար Գագիկ Գինոսյանին առանձապես խանդավառություն չի պատճառել երեկ Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության անցկացրած հանրահավաքը՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի, որին միացել էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև չի մասնակցել հանրահավաքին, բայց գիտի մի բան. քանի դեռ համախմբումն ազգային գաղափարի շուրջ չէ, այն անիմաստ է:

«Ակտիվիստներն անընդհատ սոցիալական խնդիրներն են բարձրացնում, ես չեմ ասում, որ դրանք կարևոր չեն, նման միջոցառումներ չպետք է լինեն, բայց, ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ բոլորի ակտիվացումները տնտեսական ու քաղաքական հարցերի շուրջ են: Շատ քիչ մարդիկ կան, որոնք ազգայինի շուրջ են համախմբվում: Միգուցե տնտեսական մանր հաջողությունների հասնենք, օրենքը վերանայվի, բայց դրանով մեզ համար ընդամենը՝ ստամոքսի հարցեր ենք լուծում: Քանի դեռ համախմբումը ստամքսի համար է, ոչ թե՝ազգային արժեքների, Հայաստանում որակական ոչ մի բան չի փոխվելու»-ասաց նա:

Գագիկ Գինոսյանը ցավով նշեց, որ պաշտպանության նախարարության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ այսօր երիտասարդների մեծ մասը չի ճանաչում իր ազգային հերոսներին, չի ուզում նմանվել նրանց:
«Սա նշանակում է՝ մենք ազգովի չենք դաստիարակում հայ քաղաքացուն՝ պետության, մտավորականության, մշակույթի գործիչների թերացումով, վայ գործիչների, որոնք թուրքալեզու ոռնոցային, թուրքամեղեդային երգեր երգելով կամ «պռեգոմեշ» գոմեշային համառությամբ ազգային սրբությունները պղծելով՝ ոչնչացնում են հայ մարդու նկարագիրը: Թող մեկը դրա դեմ խոսի, դրա շուրջ հավաքվեն, մտածեն, թե ինչու Հայաստանում արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանը չկա, իսկ Սախարովի արձանը կա: Հեռուստաընկերություններն այսօր միայն կիսամերկ աղջիկներ ու կիսաբարո հարաբերություններ են ցույց տալիս, ինչու՞ այդ մարդիկ չեն ընդվզում դրա դեմ»,-ասաց մտավորականը:

Գագիկ Գինոսյանն ընդգծեց, որ որևէ մեկի համար նորություն չէ, որ ՀՀ իշխանությունները 23 տարի է՝ հայ ժողովրդի ու Սփյուռքի փողը գողանում են, բայց այսօր պղծվում է արդեն հայ մարդու տեսակը:

«Հայ մշակույթը դրսում ներկայացնում են պղծողները, մշակութային, գաղափարական դաշտը ցեխոտ ոտքերով ու հոգիներով մարդիկ են տնօրինում. այդ մասին թող բարձրաձայնեն»,-ասաց նա և ավելացրեց, որ երեկվա հանրահավաքին կուսակցություններից և ոչ մեկը չխոսեց ազգային խնդիրներից:

Հարցին, թե արդյո՞ք այսօր մտավորականությունն իր տեղում է և բարձրացնում է նույն ազգային արժեքների պահպանման հարցը, քանի որ հասարակության մեծ մասը միշտ էլ ոտքի է կանգնում՝ տնտեսական խնդիրներից ելնելով, Գագիկ Գինոսյանը պատասխանեց, որ իրականում խնդիրներ կան բոլոր օղակներում՝ կրթական, մշակութային, գիտական, մտավորականության, իշխանական, և հարցը չի կարելի բարդել մի օղակի վրա:

«Ո՞վ է ասել, որ ժողովուրդը միշտ փողոց է դուրս գալիս իր ստամոքսի համար, արցախյան ազատամարտի ժամանակ ժողովուրդն իր ստամոքսի՞ համար էր դուրս եկել: Եթե ազգին ստամոքսից կախվածության մեջ են գցել ու հոգևորը ավելի ստորին դարձրել, դա չի նշանակում, որ ազգն է այդպիսին: Ո՞վ էր Սարդարապատը կերտում Նժդեհի հետ, ո՞վ էր Արցախը ազատագրում, այդ նույն հայ մարդը, որը սոված տանը նստած՝ զինվորի համար գուլպա էր գործում: Ազգի ստամոքսի հատվածը հենց այդ կուսակցություններն են, որ լափում են ժողովրդի ամեն ինչը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքներին իր մասնակցությանը, ապա մտավորականը նշեց, որ ինքը՝ որպես երկրում իրադարձություններին հետամուտ լինող մարդ, հավանաբար՝ կգնա, բայց՝ ոչ որպես գլխավոր դերակատար, իսկ եթե խոսք ասի, ապա նորից՝ ազգային գաղափարների մասին:

«Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգների ժամանակ ես ասացի՝ ստամոքսի հեղափոխության չեմ գալիս, եթե երկրում գաղափարի հեղափոխություն է լինելու, ուրեմն՝ եկեք բոլորս լծվենք դրան: Եթե ստամոքսի հեղափոխություն է, և որոշ ուժեր ուզում են ասել՝ նրանք վատն են, մենք գալու ենք, ավելի կուշտ եք լինելու, ես չեմ ուզում կուշտ լինել, ես կշտանալու կռիվ չեմ տալիս»,-ասաց նա:

tert.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն