Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Զինվորին ստորացնող ցանկացած ստահակը արժանի է խստագույն պատժվի

Հունվար 19, 2014թ. 23:16

Պետություն, եկեղեցի, բանակ. սրանք են մեր երկրի հենասյուները, ու պատահական չէ, որ հենց սրանց են ուղղված ներքին և արտաքին թշնամիների բացահայտ ու թաքուն հարվածները: Զերծ պահել հայկական բանակը նման հարվածներից, նշանակում է առիթ չտալ, որ այն պատվիրված քարոզիչների թիրախ դառնա, իսկ ուղին մեկն է՝ բացարձակ կարգուկանոնի հաստատում բանակային բոլոր օղակներում` զորամասից մինչեւ հոսպիտալ:

Չնայած վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում բանակում շատ բան է փոխվել, մանավանդ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անհաշտ պայքարը համակարգ ներխուժած արատավոր երևույթների դեմ՝ հանցագործություններ, փողոցային բարքեր, անհանդուրժողականություն, կոռուպցիա, կաշառակերություն ակնհայտորեն տվել են իրենց դրական արդյունքը: Բայց այն, որ զինվոր ենք կորցնում ոչ թե թշնամու գնդակից, այլ հայ սպայի դաժանության, զինակից ընկերների անմարդկային վերաբերմունքի, բժշկական անձնակազմի անտարբերության հետևանքով, կնշանակի ներսում դեռ լուրջ անելիք կա, քանզի համատարած չի դարձել այն գիտակցումը, որ բանակում անթույլատրելի է անտարբերությունը, որ կարող է կյանքով հատուցվել: Հունվարի 13-ին տեղի ունեցած դեպքը դրա չգիտակցման հետևանք էր:

Ով է պատասխանատու զինվորի կյանքի անվտանգության համար

Դեկտեմբերի 18-ին բանակ զորակոչված Մհեր Խլղաթյանը պատրաստվում էր հունվարի 25-ին կայանալիք երդման արարողությանը: Սակայն հայրենիքին երդում տալու փոխարեն, հայ զինվորը այժմ զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է:
Հունվարի 13-ին պաշտպանության նախարարության տարածած կարճ հաղորդագրությունից տեղեկացանք, որ, նույն օրը ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում՝ գրեթե անգիտակից, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվում N զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա նորակոչիկ Մհեր Խլղաթյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ եւ 358.1 հոդ. 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեպքից անմիջապես հետո այցելեց վերոհիշյալ զորամաս, գործը գտնվում է նախարարի անձնական վերահսկողության տակ: ՙՆախաքննությունը ամեն ինչ կբացահայտի՚, ի պատասխան մեր հարցերին, արձագնաքեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ մինչ այդ զինվորի հարազատներն ու հարևանները փորձում են սեփական ՙհետաքննությամբ՚ հնարավոր մանրամասներ բացահայտել: Ըստ այդ տեղեկությունների, տղայի ծանր վիճակի պատճառը եղել է դաժան ծեծը, որին նորակոչիկը ենթարկվել է զորամասի հրամանատարների կողմից: Նորակոչիկի հարազատները ներկայացնում են նաև տղայի հետ կատարվածի պատճառները. թոքերի շրջանում ունեցած ցավերի պատճառով Մհերը չի կարողանում կատարել հրահանգված վազքը ու իր առողջական վիճակի մասին տեղեկացնում է սպաներին: Սակայն վերջիններս անտեսելով տղայի գանգատները, նրան, իբր գլուխ պահողի, ծեծի են ենթարկում, բուժկետում էլ արհամարհելով ՙսիմուլյանտ՚ կոչում: Ինչ է ստացվում, բավական չէ, որ հրամանատարները զինվորին գազանաբար խոշտանգել են, բուժկետում էլ ականջալուր չլինելով նրա գանգատներին՝ անհրաժեշտ բուժօգնություն չեն ցուցաբերում: Ավելին, դեռ մի բան էլ պատժում են ՙվազել չցանկացող սիմուլյանտին՚՝ դաժանաբար այրելով տղայի ձեռքերն ու ոտքերը, ուժեղ հարվածներ հասցնելով նրա գլխին: ՙԵրեխու ձեռքերը այրված են, մարմնի վրա կան հանգցված ծխախոտի հետքեր՚,- լրագրողներին պատմել էր հարևաններից մեկը: Բառեր չկան նկարագրելու այն դաժանությունը, որ հայ զինվորի հանդեպ ի զորու է իրեն թույլ տալ հայ սպան, ու այն անտարբերությունը, որ կարող է դրսևորել Հիպոկրատին երդում տված բուժակը:

Մեկ ամիս առաջ առողջ որդուն զինվորական ծառայության ճանապարհած մոր ապրումներն աննկարագրելի են.ՙՄի քանի օրում երեխայիս դարձրին հիվանդ: Եթե մենք չգնայինք զորամաս ու նրան էնտեղից չբերեինք, չգիտեմ, թե ինչ կկատարվեր>,- պատմում է մայրը: Իսկ զորամաս մեկնած հարազատները տեղում ականատես են լինում խայտառակ բարձիթողի վիճակի, որում գտնվել է Մհերը. ՙԲուժկետում թաց, խոնավ տեղում, անգիտակից վիճակում պառկած էր՝ աչքին կապույտներ, քթի ու բերանի մոտ վերքեր, մարմնի վրա բազմաթիվ հետքեր՚:
Զորամասից Մհերին անմիջապես տեղափոխում են ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտա, սակայն տեսնելով տղայի գնալով վատացող վիճակը՝ (գիտակցության մթագնում), շտապ տեղափոխում են Երևան՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ախտորոշմամբ պարզվում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, մամնական բազմաթիվ վնասվածքներ, հեմատոմա, որ առաջացել է գլխին հասցված հարվածներից: Երեք օր շարունակ Մհերը գտնվում էր ծանր՝ անգիտակից վիճակում, հարազատների միակ սփոփանքը բժիշկների վստահեցնում էր՝ կյանքին սպառնացող վտանգ չկա: Եվ միայն երեկ Մհերի առողջական վիճակում նկատվեցին դրական փոփոխություններ.ՙՄեռած տեղից երեխաս վերակենդանանում է, սկսել է խոսել, բժիշկները նոր կյանք տվեցին որդուս՚:

Իր հերթին հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը արձագանքեց.ՙ Մհեր Խլղաթյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը դեպի լավ է գնում: Նա այժմ ինքուրույն նստում է, սնվում: Հարազատները նրա մոտ ելք ու մուտք ունեն՚: Սակայն վերջնական ապաքինման համար Մհերին դեռ երկարատև բուժում է անհրաժեշտ, Ասատուրյանը հարազատներին տեղեկացրել է, որ Մհեր Խլղաթյանը հոսպիտալում կմնա մեկ ամիս ևս:
Բանակը ժողովրդինն է եւ հայ զինվորը ծառայում է իր հայրենիքին, ուրեմն հայ զինվորին ճնշող, ստորացնող, նրա վրա ձեռք բարձրացնող ցանկացած ստահակը արժանի է խստագույն պատժվի:

Արմինե Սիմոնյան


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն