ՄԻԵԴ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐԺԱՆԻ ԿԼԻՆԻ՞ «ԵՎՐՈՊԱՅԻ ԽԻՂՃԸ» ԿՈՉՄԱՆԸ
Հունվարի 21-ին Ստրասբուրգում կմեկնարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստը, որը քննության կառնի ՙՍարգսյանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի՚ և ՙՉիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի՚ հայցերը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը դեռեւս 2006-ին է հայց ներկայացրել Եվրոդատարան: Հայցում, մասնավորապես, նշված է, որ ադրբեջանական բանակը Սարգսյանների ընտանիքին ստիպել է դուրս գալ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իրենց բնակարանից։ Հայցում մեղադրանք է առաջադրվում Ադրբեջանին՝ հայ ընտանիքի սեփականությունը տնօրինելու և օգտագործելու իրավունքի, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման համար: Հայաստանի դեմ հակընդեմ հայցով հանդես եկած ադրբեջանցի Չիրագովը ևս իր հայցում նշել է, որ իր ընտանիքը ստիպված է եղել լքել Լաչինի շրջանում գտնվող տունը՝ հայկական բանակի բնակավայր մտնելուց հետո։ Երկու դեպքում էլ հայցվորները պնդում են՝ 1992 թվականին իրենց բնակավայրերից վտարվել են պատերազմի պատճառով եւ 1994-ի հրադադարի պայմանագրի կնքումից հետո անգամ չեն կարողացել հետ վերադառնալ: Հետևաբար, ոտնահարված են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրենց իրավունքները։
Դեռ գործընթացի սկզբից նկատելի դարձավ, որ Եվրոպական դատարանը կառաջնորդվի համաեվրոպական կառույցներին բնորոշ տրամաբանությամբ ու հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրավիճակը, կփորձի բալանսավորել իրողությունները: Դրա ապացույցը եղավ այն, որ ՄԻԵԴ-ը 2005-2006 թթ. հայկական և ադրբեջանական կողմերից ստացված դիմումները փաստերի տեսանկյունից համարեց նույնանման և որոշեց՝ երկու կողմերից վերցնել մեկական գործ, վճիռ կայացնել, դրանով իսկ ստեղծել նախադեպ ու այն տարածել մնացած հարյուրավոր հայցերի վրա: Ժամանակին Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն արձագանքեց այս մոտեցմանը, նկատելով, թե իրականում երկու հայցերը և՜ իրենց կառուցվածքով, եւ՜ իրենց նշանակությամբ միանման չեն: Ավելին, կա շատ կարևոր մի հանգամանք, որը հստակ ընդգծում է տարբերությունը, փաստաբան Արա Ղազարյանի տեղեկացմամաբ, խոսքը տարածքային իրավազորության մասին է:
Այսպես:Չիրագովն ու իր ընտանիքի անդամներն ասում են, որ իրենց զրկել են Լաչինում գտնվող տնից և դրանում մեղավորը ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են: Եվ այս հարցն է, որ հունվարի 21-ի նիստում պետք է ապացուցի դատարանը: Ադրբեջանական կողմի հայցում ակնհայտ է քաղաքական ենթատեքստը և լիովին տեղավորվում է ամեն կերպ Հայաստանը ագրեսիվ երկիր ճանաչելու Ադրբեջանի քաղաքական նկրտումների շրջանակում: Այստեղից էլ ծնվում է հայկական կողմի մտահոգությունը, եթե ԵԴ-ն բավարարի ՙՉիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի՚ հայցը ու որոշի, որ ՀՀ-ն պատասխանատվություն է կրում կատարվածի համար, ապա իրավական դաշտում կայացված վճիռը քաղաքական դաշտում իբրև մահակ կօգտագործվի մեր երկրի դեմ այսպիսի պնդումով, թե իբր Հայաստանը ագրեսոր պետություն է եւ միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է իր զինուժը հեռացնել ՙզավթված՚ տարածքներից: Սակայն հայկական կողմն իր հստակ փաստարկներով հակադարձում է, որ Լաչինը գտնվում է Հայաստանի աշխարհագրական տարածքից դուրս, հետևաբար, մեր երկիրը չի կարող պատասխանատվություն կրել.ՙԱյդպիսին փնտրեք ուրիշ տեղում, բնականաբար, ակնարկվում է ԼՂՀ-ն, որը սակայն չճանաչված պետություն է և կոնվենցիայի անդամ չէ՚, կնշանակի հարցի քննարումը դուրս է գալիս ՄԻԵԴ-ի իրավասություններից:
Կա նաև խնդրի երկրորդ կողմը, Արա Ղազարյանը հիշեցնում է հակակշռող գործոնի առկայությունը, դա ՙՍարգսյանն ու մյուսները ընդդեմ Ադրբեջանի՚ հայցն է: Փաստաբանն համոզված է, որ այս դեպքում արդեն Ադրբեջանի կառավարությունը չի կարող պնդել, որ պատասխանատվություն չի կրում, քանի որ դեպքերը տեղի են ունեցել հենց Ադրբեջանի տարածքում գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: Հետևաբար, Ադրբեջան պետությունն է կատարվածի իրական պատասխանատուն:
Քաղաքական հարթության մեջ կա հետևյալ մտավախությունը ևս: Եվրոպական դատարանը քննության առարկա է դարձրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի մեկ բնակիչի հայցադիմումը այն դեպքում, երբ Բաքվի, Սումգայիթի, Գանձակ-Կիրովաբադի ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքները շարունակում են մնալ մոռացության մատնված: Այս առումով անհատական սկզբունքով ՄԻԵԴ դիմելուն միանշանակորեն դեմ են Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի անդամները: Համագումարի նախագահության անդամ ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ մեզ հետ զրույցում իր թերահավատությունն արտահայտեց, թե անհատն ինչպե՞ս կարող է պաշտպանել մեր ժողովրդի մի ամբողջ հատվածի՝ ադրբեջանահայության ոտնահարված իրավունքները : ՙՔանի դեռ Արևմուտքը առաջնորդվում է ադրբեջամետ այն կոնցեպցիայով, թե իբր հայ ՙագրեսորները օկուպացրել են՚ Ադրբեջանի տարածքները, և այդ մասին գրված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հայաստանի մասին ամենամյա զեկույցում, ուրեմն, անհատական հայցերը արդյունավետ չեն կարող լինել, նրան կարող են համարել ագրեսոր երկրի քաղաքացի, արդյունքում Սարգսյանների ընտանիքը կարող է ամեն ինչ կորցնել՚: Ավագյանի համոզմունքն է՝ ադրբեջանահայություն պետք է ոտքի ելնի որպես մեկ միավոր, որպես սփյուռք, ու բարձրացնի հայ ժողովրդի բռնագաղթի ենթարկված հատվածի իրավունքների պաշտպանության հարցը: ՙԱշխարհը պետք է իմանա իրականությունը, Ադրբեջան ցեղասպան երկիրը փորձեց վերացնել ադրբեջանահայությանը որպես ակտիվ, պետականաստեղծ էլեմենտի, որպեսզի կարողանա հեշտությամբ լուծել նաև մյուս ազգային փոքրամասնությունների հարցերը: Իսկ եթե Արևմուտքը չլսի ու շարունակի մոռացության մատնել մեր իրավունքները, ուրեմն, նպաստում է Ադրբեջան ցեղասպան մեքենայի զարգացմանը՝ աչք փակելով՚:
Այնուհանդերձ, կա համոզմունք, որ ՄԻԵԴ-ն այս անգամ կբավարարի ինչպես հայ ընտանիքի, այնպես էլ ադրբեջանցու հայցադիմումները: Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս են իրականացվելու կայացված վճիռները: ՙԴրանց լուծումն արդեն պետք է փնտրել քաղաքական դաշտում՚, փաստաբան Ղազարյանը նկատում է՝ քաղաքականությունը միշտ էլ օգտագործում է իրավաբանությունը՝ բացասական իմաստով, և դա իրենք՝ իրավական ոլորտի ներկայացուցիչները, ցավոք, չենք կարող կանխել:
Մնում է ՙապավինել՚ նախադեպերին. 30 տարի առաջ թուրքական զորքերը զավթեցին Հյուսիսային Կիպրոսը, քաղաքացիներին զրկեցին իրենց գույքից, բայց առ այսօր ՄԻԵԴ-ում կատարողական վարույթը դեռ շարունակվում է, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, բայց գործն առաջ չի գնում. ՙԻնձ թվում է, որ ԵԴ-ն մոտավորապես նման ուղղությամբ կտանի նաև հայկական ու ադրբեջանական հայցերը՚: Արա Ղազարյանին հիշեցրինք մեկ այլ, բավական վտանգավոր նախադեպի մասին ևս, երբ ԵԴ-ն տեղիք տալով թուրքական ճնշումներին Հայոց ցեղասպանության ժխտումը չճանաչեց քրեական հանցագործություն, այժմ էլ մտահոգություն չկա՞, որ ադրբեջանական կողմից կաշառվելով կարող է հերթական հակահայ որոշումը կայացնել: Հայ փաստաբանը սակայն դեռ լավատես է, և ՄԻԵԴ-ը համարելով ՙԵվրոպայի խիղճը՚ համարվող կառույց, կարծում է, որ այն չի տրվի ադրբեջանա-թուրքական լոբբիստական խմբերի ազդեցությանն ու գոնե այս անգամ կմնա մարդու իրավունքների պաշտպանի կոչմանն արժանի դերում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












