Գլխավոր » Լրահոս

ԱԺ-ում ավարտվեց Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ խորհրդարանական լսումները

Հոկտեմբեր 1, 2009թ. 21:21

Ինչպես և կանխատեսվում էր,  ԱԺ-ի պատմության մեջ հոկտեմբերի մեկը կմնա որպես վերջին շրջանում խորհրդարանական ամենաբազմամարդ, ամենաթեժ քննարկումների օր: Լսումների կազմը բավականին ներկայացուցչական էր, իսկ հնչեցված կարծիքները` խիստ տարբեր: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայավուցիչներն իրենց ելույթներում կողմ էին արտահայտվում արձանագրությունների բովանդակությանը, շեշտելով, որ խոսքը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է և զերծ էին մնում վերլուծել տեքստի բովանդակությունն ու տողատակերը: Մնացած բոլոր ելույթների ժամանակ փորձ էր արվում տարբեր տեսանկյուններից վերլուծել փաստաթղթերը: Մտավախությունները հիմնականում երեքն են` Հայոց ցեղասպանության խնդրի սառեցում, Արցախյան հիմնահարցի հետագա բանակցային գործընթացի կոշտացում, հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչում, ինչը ըստ մասնագետների, նշանակում է տխրահռչակ Կարսի պայմանագրի ընդունում: ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով, ներկայիս  սահմանի ճանաչում նշանակում է` Կարսի պայմանագրի ընդունում: Աշոտ Մելքոնյանի ներկայացրած փաստարկների համաձայն, Կարսի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից փաստաթուղթ չէ, որովհետև կնքվել է երկու անօրինական սուբյեկտների միջև: Ուստի, ըստ նրա, Թուրքիան ամեն ինչ անում է, որ հասնի դե ֆակտո սահմանի` դե յուրե ճանաչմանը: Խոսելով    հանձնաժողովի հնարավոր ստեղծման մասին,  Ա.Մելքոնյանը նշեց, որ ուրախությամբ է արձագանքել այն հայտարարությանը, որ հանձնաժողովը չի լինելու պատմաբանների, քանի որ ինքն ստիպված կլիներ աշխատել այդ հանձնաժողովում: Նա «ցավակցեց» բոլոր այն մարդկանց, ովքեր պետք է հետագայում աշխատեն այդ հանձնաժողովների կազմում, նկատելով.«Գուցե անօրգանական քիմիայի կամ այլ ճշգրիտ գիտություններով զբաղվող մասնագետնե՞րը պետք է զբաղվեն ցեղասպանության խնդիրների ուսումնասիրմամբ»: Այնուամենայնիվ, նա ԱԺ-ին առաջարկեց վերապահումներով ընդունել արձանագրությունները, առանձին փաստաթղթերով ամրագրել, որ եթե կողմերից մեկը խախտի ստանձնած պարտավորությունները, ապա արձանագրությունները կճանաչվեն առ ոչինչ: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով այս գործընթացի արդյունքում այսօր Թուրքիայում տեղի են ունենում բավականին ուշագրավ փոփոխություններ: Ըստ Սաֆրաստյանի, թուրք հասարակությունն իր պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ունի իրականությանը ծանոթանալ: Սա նշանակալի ձեռքբերում համարելով, Ռ.Սաֆրաստյանը կարևորեց Թուրքիայի հետ հետագա  հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ այն մեծ գործընթացի սկիզբը կարող է դառնալ: Նիստի ավարտին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով` Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայիս սահմանի մասին հնչեցված հարցադրումներին ասաց, որ դե ֆակտո գործող սահմանը ամրագրված է սովետաթուրքական սահմանագծման փաստաթղթերում, և որը ներկայումս գործում է: Արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով, Հայաստանը  Խորհրդային Միության իրավահաջորդներից է և իր վրա պարտավորություն է վերցրել հարգել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են խորհրդային միության և այլ երկրների միջև: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  և հայ-թուրքական հարաբերությունների  «փոխկապակցվածության» մասին, նա ասաց` թուրքերն ասում են կապ կա, մենք ասում ենք` չկա: «Ո՞վ ավելի շատ ռեսուրս ունի իր ասածը պնդելու: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ գլխավոր երեք միջնորդ երկրների հայտարարությունները վերլուծելով կարելի է հասկանալ, թե որ պետությունն ավելի շատ ռեսուրսներ ունի միջազգային հանրությունում: Թուրքիան ժամանակ առ ժամաանակ, նույնիսկ հայտարարում է, թե ինքը Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում չորրորդ կողմ է, սակայն միջազգային կառույցների ղեկավարները բազմիցս են հայտարարել, որ դա չի համապատասխանում իրականությանը»,- նկատեց ԱԳ նախարարը: Նա մեկ անգամ ևս ասաց, որ արձանագրությունները երկկողմ հարաբերությունների հաստատման  մասին է և այլ հարցեր իր մեջ չի ներառում:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն