Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

ԲԱՆԱԿՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԿՈՉՄԱՆԸ ԱՆԱՐԺԱՆՆԵՐԻՑ

Հունվար 21, 2014թ. 00:57

Դավիթ ՋամալյանՀայաստանի Զինված ուժերը, ձևավորվելուն զուգընթաց, կերտեց իր փառահեղ հաղթանակների պատմությունը: Ու, չնայած իր 22-ամյա տարիքին, հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած: Ամուր է այն բանակը, որը զարգանում է ազգային արժեհամակարգի ու հոգեկերտվածքի հաստատուն հենքի վրա: Հայ զինվորականությունը դարերով ստեղծել է գաղափարական ու բարոյահոգեբանական կուռ արժեհամակարգ, որի կրողն ու արժանի ժառանգորդն է Հայաստանի Հանրապետության 22-ամյա Զինված ուժերը:

Հարցազրույց պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ

Չնայած համակարգ ներխուժած արատավոր երևույթների դեմ պաշտպանության նախարարի անհաշտ պայքարին, բայց չէ՞ք կարծում, քանի դեռ զինվոր ենք կորցնում հայ սպայի անտարբերության, զինակից ընկերների անմարդկային վերաբերմունքի հետևանքով, ուրեմն բանակում դեռ լուրջ անելիքներ կան:

– Եթե կա մեկ զոհ, ուրեմն, աշխատելու տեղ ունենք, քանի որ ամեն մի կորուստ անթույլատրելի է մեզ համար: Ունենք բազում ձեռքբերումներ, ինչով և հպարտանում ենք, բայց բանակում կարգապահության ամրապնդմանն ուղղված գործընթացը շարունակական բնույթ ունի, ասել է, թե ձեռքբերումներով երբեք չի կարելի բավարարվել, մանավանդ, եթե գործ ունենք զորակոչային բանակի հետ, ուր անձնակազմը պարբերաբար փոփոխվում է, վեց ամիսը մեկ պարտադրված ես նույն աշխատանքը սկսեսլ զրոյից: Հետևաբար, զգոնության փոքր-ինչ թուլացումը կարող է նպաստել բացասական երևույթների ի հայտ գալուն:

-Խնդիրների լուծման մեկ բանաձև կա՝ մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից:

-Իհարկե, այսօր այդ ուղղությամբ ևս լուրջ հաջողություններ ունենք, և դրանք մեծապես պայմանավորված են անպատժելիության մթնոլորտի վերացմամբ: Նախարար Սեյրան Օհանյանի հստակ դիրքորոշումն է՝ արժանի պատիժ մեղավորներին: Վերջին տարիների հետևողական աշխատանքի արդյունքում այսօր բանակում կա հստակ գիտակցում՝ մեղավոր չի կարող անպատիժ մնալ, անկախ նրանից, թե այս կամ այն մերժելի արարքի հեղինակն ով է:

Հրամանատարն է իր անձնակազմի առողջության, անվտանգության պատասխանատուն, բայց ողբերգական դեպքերի, թերևս, զգալի մասը նրանց անտարբերության ու անուշադրության հետևանք են: Հունվարի 13-ին տեղի ունեցածը դարձյալ ասվածի ապացույցն էր: Ինչպե՞ս պայքարել հանցավոր անտարբերության դեմ:

– Իրոք, տեղի ունեցավ ցավալի ու անընդունելի դեպք, բարեբախտաբար, չկորցրինք մեր զինվորին: Իսկ մեղավորները պետք է պատժվեն, նմաներից ազատվելու խնդիր կա: Այս երևույթն այլ բան չէ, քան հարված թիկունքից, որն ուղղված է և՛ բանակին, և՛ նախարարին, ում ամենօրյա ցուցումներն են՝ զինվորի հանդեպ հոգատար վերաբերմունք, զգոնության դրսևորում, սեփական պարտականությունների սրտացավ կատարում: Նախարար Օհանյանը դեռ 2011-ին հանդես եկավ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված ցուցումներով, ու առաջ քաշեց հստակ չափանիշներ, թե ովքե՞ր պետք է լինեն բանակում, և ովքեր՝ ոչ, ո՞ր գործելաոճն է ընդունելի և որը՝ ոչ: Նրանք, ովքեր կընդունեն այս արժեքային համակարգը, կհասկանան, որ անտարբերությունը, բռիությունը մերժելի երևույթներ են, կմնան բանակում ու, ինչպես նախարարն է նախընտրում ասել, կդառնան իր զինակից ընկերը, իսկ թերացողները հայոց բանակում անելիք չունեն: Այսինքն, համակարգը զտվում է, ազատվում իր գործում թերացող, հայ զինվորականի կոչմանն անարժաններից:

– Խնդիրը դիտարկենք մյուս կողմից ևս. մեկ ողբերգական դեպքը բավական է, որ ստվերվեն ձեռքբերումները, անտեսվի սահմանին զօր ու գիշեր կանգնած սպայի աշխատանքը: Սա չի՞ խոսում նաև բանակի հանդեպ մեր հասարակության անհանդուրժողականության մասին:

-Սա շատ ցավոտ խնդիր է, մի կողմից օրինաչափ է հանրության արձագանքը կատարված ողբերգությանը կամ ապօրինությանը, օրինաչափ է նրա պահանջը՝ բացառել նման դեպքերը, մյուս կողմից հանրային ընդվզման զայրույթի վեկտորը պետք է ուղղել կոնկրետ մեղավորներին և զերծ մնալ բանակի հավաքական կերպարը վարկաբեկող որակումներից: Այստեղ կարևոր դեր ունեն լրատվամիջոցները: Այսինքն, կա բանակի խնդիրները գրագետ լուսաբանելու անհրաժեշտություն: Ինչպե՞ս մատուցել կատարված ողբերգությունը, որ այն չխաթարվի բանակի կերպարը, մեկ ստահակի պատճառով չտուժի պարկեշտ զինվորականի համբավը: Ողբերգության կամ ապօրինության մեղավորը միշտ կոնկրետ մարդիկ են, հետևապես, հանրային քննադատությունների թիրախ պետք է դառնա մեղավոր անձը: ՙՀոգեբանորեն գրագետ՚ լուսաբանման հիմքում ընկած է ՙմի’ վնասիր՚ սկզբունքը: Ասվածը բնավ չի ենթադրում խոսքի ազատության սահմանափակում: ՙՄի’ վնասիր՚ ասելով մենք հասկանում ենք այնպիսի մի դիրքորոշում, ուր առկա է առողջ, կառուցողական քննադատություն, առավելագույն անաչառություն և օբյեկտիվություն, ինչպես նաև բանակի հանդեպ սրտացավություն: Եվ թերևս ամենակարևորը. ՙմի’ վնասիր՚ ակզբունքով բանակային անց ու դարձը լուսաբանել նշանակում է անընդհատ հիշել, որ մենք դեռևս պատերազմող երկիր ենք, հետևապես մեր բանակի խնդիրների մասին հարկավոր է խոսել զգուշորեն, որպեսզի նրա խոցելի կողմերը թշնամուն ակամա չհրամցնել:

-Մեր բանակն այսօր հարկ եղածից շատ ավելի թափանցիկ չէ՞, շատ չե՞նք տրվել արևմտյան պահանջ-պարտադրանքներին:

-Ընդհանուր առմամբ, ընդունելի մտավախություն է, ի վերջո, չի կարելի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Արևմտյան առաջատար երկրների զինված ուժերում տեղեկատվության տրամադրման կարգը շատ հստակ է, տրվում է այնքան, որքան հարմար են գտնում, ու որևէ հանրային ճնշում չի կարող ստիպել նրանց՝ տալ ավելին: Այսինքն, հանրությունը պետք է լինի տեղեկացված, իսկ թե ինչ չափով՝ որոշում է զինված ուժերի համապատասխան ծառայությունը: Կարծում եմ, մենք պետք է նաև այս փորձը լավ ուսումնասիրենք: Բանակը բաց ու թափանցիկ պետք է լինի այնքանով, որքանով այն չի վտանգում պետության անվտանգությանն ու բանակի մարտունակությանը: Այո, սահման կա, որից այն կողմ չի կարելի անցնել: Թափանցիկության առումով այսօր մեր բանակը վերին շեմում է և սրանից ավելին լինել չի կարող:

-Այս տարիներին որքանո՞վ ենք կարողացել ձերբազատվել ինքնասպանություններով սպանությունները կոծկելու մտահոգիչ երևույթից: Ի վերջո, ռազմական ոստիկանության, դատախազության հանդեպ անվստահությունը, հանգեցնում է անվստահության ամբողջ համակարգի հանդեպ:

-Մեր երկիրը շատ փոքր է, և փորձել քողարկել ճշմատությունը, հնարավոր չէ: Այսօր խնդիրը շատ հստակ է դրված՝ գնալ մինչև վերջ, անպատժելիության մթնոլորտի վերացում ասվածը նաև նշանակում է՝ դեպքերի ողջ ընթացը դարձնել վերահսկելի, այսինքն՝ հանրային վերահսկողություն սահմանել գործընթացների վրա: Հասկանալի է, որ տարիներ շարունակ կաթիլ առ կաթիլ անվստահություն ու անհանդուրժողականություն է ձևավորվել իրավապահ մարմիների հանդեպ, բայց հիմա շատ բան է փոխվել: Այն, ինչ եղել է անցյալում՝ գռեհիկ, կոպիտ մեթոդներով գործը կոծկել, այսօր չի կարող լինել: Հնարավոր չէ: Քանի որ դրվածքը մեկն է՝ մեղավորները պետք է պատժվեն:

Գարեգին Նժդեհը մի խոսք ունի.<Վայ այն բանակին, երբ իր սպան ուսադիր է կրում մի կտոր հացի համար>: Ուզում ենք հավատալ, որ այսօր մեր բանակում հազարավոր սպաներ մի կտոր հացի համար չէ, որ ուսադիրներ են կրում, այլ պատվախնդրորեն ընտրել են զինվորականի մասնագիտությունն ու ծառայում են հայրենիքին:

– Գունդ-գումարտակ օղակում այդպիսիք շատ են ու մենք իրավամբ կարող ենք հպարտանալ այդ օղակում ծառայող մեր նոր սերնդի հրամանատարական կազմով:Նրանք Սեյրան Օհանյանի ու Մովսես Հակոբյանի տեսակն են՝ համարձակ, արդարամիտ, նախաձեռնող, ովքեր դրության տերն են առաջնագծում: Եվ սա մեր ձեռքբերումն է: Եթե մարդն ամիսներով հեռու է իր ընտանիքից, անգամ զավակների մեծանալը չի <տեսնում>, եթե խրամատի առաջին գծում լինելը դարձել է նրա առօրյան, ի՞նչ է սա, եթե ոչ նվիրում: Սա է հայ զինվորականի իրական կերպարը: Մենք բացառիկ ազգ ենք ու բացառիկ բանակ ունենք, հենց միայն նրանով, որ 22 տարի շարունակ խրամատում ենք ու մեր երկրի անվտանգությունն ենք ապահովում: Այդպես է քանզին այլընտրանք չկա. Խրամատից այն կողմ թուրքն է՝ իր զավթողական նկրտումներով:
Սիրենք մեր բանակը, ծնողի նման լինենք խստապահանջ և ծնողի նման հոգատար: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի 22-ամյակը: Հիշենք, որ ապրում ենք հրադադարի պայմաններում, ինչն առավել քան զգոնություն է պահանջում մեզանից:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն