Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ Սկզբունքորեն ոչ մի խնդիր չի լուծում

Հունվար 21, 2014թ. 10:35

Մեզանում տարիներ շարունակ շրջանառվել եւ այժմ սահմանադրական բարեփոխումների համատեքստում կրկին ակտուալացվում է պետության անվան փոփոխության հարցը, որի վերջին արծարծողը կրթության ու գիտության նախարարն է։ Խնդրի նման դրվածքը նախատեսում է ներկա «Հայաստանի Հանրապետություն» անվան փոխարեն օտարների կողմից մեզ պարտադրված՝ Արեւելյան Հայաստան անվան որդեգրումը, որն իբրեւ առաջարկ ամենեւին էլ նորություն չէ անկախ Հայաստանի պատմության մեջ։
Դեռեւս 1918-1920-ական թվականներին Եղեռնից փրկված արեւմտահայության մի մասը չէր ընդունում Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ այն անվանելով Երեւանի կամ Արարատյան Հանրապետություն։

Սակայն հայկական պահանջատիրությունն առաջ տանելու համատեքստում հաջողվեց միավորել ՀՀ եւ Պողոս Նուբարի (Ազգային) պատվիրակության ջանքերը եւ հասնել Սեւրի պայմանագրի ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի ընդունմանը, որոնցով ճանաչվում էին Հայաստանի Հանրապետության իրավունքները Արեւմտահայաստանի զգալի մասի վրա։
Ընդ որում՝ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը բոլորովին ինքնուրույն եւ առարկայական փաստաթուղթ է, որն իր իրավական ուժը պահպանում է ընդհուպ մինչեւ մեր օրերը։
Այնպես որ հայկական պահանջատիրությունը իրավական լրացուցիչ փաստարկների կարիք չունի, քանզի Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով բոլոր հիմքերն ունի պահանջելու Սեւրի պայմանագրով, որն իր «հայկական մասով» ամենեւին էլ չի փոխարինվել Լոզանով եւ Վ.Վիլսոնի Իրավարար վճռով իրեն պատկանող տարածքները։

Խնդիրը ոչ թե մեր իրավունքների ապահովման լրացուցիչ փաստարկներն են, այլ դրանց իրացման կոնկրետ մեխանիզմներն ու իհարկե՝ քաղաքական, տնտեսական ու ռազմական հնարավորությունների ապահովումը։ Ներկայումս նման հնարավորությունների բացակայությունը ամենեւին էլ չի նշանակում, որ պետք է հրաժարվենք նախնիների ձեռք բերած եւ հաջորդ սերունդներին փոխանցված մեր իրավունքների իրացման ձեւաչափերից՝ դրանք փոխարինելով մի անորոշ մեխանիզմով, որը միայն ու միայն կարող է բարդացնել իրավիճակը։
Խորքում խոսքը վերաբերում է 1917-ի եւ 1919-ի Արեւմտահայ համագումարների կողմից սկզբնավորված, այսպես կոչված, արեւմտահայ շարժման վերականգնմանը եւ նրա միջազգային-իրավական սուբյեկտայնության ապահովմանը, որի համատեքստում վերջին տարիներին իրար հետեւից հրավիրվում են արեւմտահայերի հավաքներ, ձեւավորվում են Արեւմտյան Հայաստանի՝ ոչ մեկի կողմից չճանաչված կառավարություններ, եւ, իհարկե, առաջ է քաշվում այն գաղափարը, թե քանի որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ լուծել Հայկական հարցը, ուրեմն պետք է «մի կողմ քաշվի»՝ իրեն հռչակելով Արեւելյան Հայաստանի Հանրապետություն։
Անշուշտ նախարար Աշոտյանի վերջին հայտարարության մեջ խոսքը վերաբերում էր ոչ թե « մի կողմ քաշվելուն», այլ, հակառակը, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին մեր դիրքերն ամրապնդելուն, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։

Հարց է առաջանում. ինչպե՞ս են ամրապնդվելու մեր դիրքերը, երբ Հայաստանի Հանրապետությունը վերածվելով Արեւելյան Հայաստանի, ինքնաբերաբար կորցնելու է նաեւ իր միջազգայնորեն ճանաչված իրավունքները հետապնդելու հնարավորությունները։ Դրա փոխարեն ենթադրենք, թե հրավիրվում է Արեւմտահայերի երրորդ համագումար եւ ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի էմիգրանտական կառավարություն։ Բայց չէ՞ որ միջազգային ասպարեզում նրա հնարավորություններն անհամեմատ փոքր են լինելու ինքնիշխան եւ ճանաչված պետության համեմատ։
Ավելին՝ դա նշանակելու է, որ Հայկական հարցի վերաբերյալ ընդունված բոլոր նախորդ որոշումները կորցնելու են իրենց կոնկրետ իրավատիրոջը՝ փոխարենը ստանալով «ժողովրդական դիվանագիտության» մակարդակի վրա գործելու հնարավորություններ։

Իրականում եւ ոչ թե տեսական հնարավորությունների դաշտում դա նշանակելու է, որ.
ա) Հայաստանի Հանրապետությունը վերածվելով Արեւելյան Հայաստանի՝ հնարավորություն է ստանալու վերականգնել Թուրքիայի հետ իր հարաբերությունները եւ ճանաչելու գոյություն ունեցող սահմանը, իբր թե չվնասելով արեւմտահայերի պահանջատիրական պայքարին, որը հանդես է գալու այլ ձեւաչափով։
բ) Օգտվելով դրանից՝ Թուրքիան գոյություն ունեցող միջպետական վեճը վերածելու է 1915-ի «ցավալի իրադարձությունների» հետեւանքով իր երկրից հեռացած հայրենակիցների իրավունքների վերականգնման, այսինքն՝ նրանց ժառանգներին իրենց նախկին բնակավայրեր վերադարձի իրավունքի ճանաչման՝ պահպանելով իր տարածքային ամբողջականությունը։
գ) Դրա հետեւանքով Հայկական հարցը, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի ազատագրության, իսկ Մեծ եղեռնից հետո՝ Արեւմտահայաստանի պահանջատիրության խնդիրը, քաղաքականից վերածվելու է զուտ հումանիտար եւ տնտեսական հիմնախնդրի, ինչին ամենեւին էլ դեմ չի լինելու Թուրքիան։

Անշուշտ մենք այն կարծիքին չենք, թե հարգարժան նախարարը ինչ-որ քողարկված միտումով է առաջ մղում պետության անվանափոխման հարցը եւ անձամբ կողմ է զարգացումների նման տարբերակին։ Սակայն օբյեկտիվորեն դրա հետեւանքը լինելու է Հայկական հարցի տարրալուծումը մարդու իրավունքների ապահովման եւ կորցրած գույքի վերականգնման խնդիրների համատեքստում։
Մինչդեռ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված «Հայաստանի Անկախության հռչակագրով» գտնվել է միաժամանակ եւ որպես անկախ պետություն հանդես գալու եւ Հայոց պահանջատիրության խնդիրները սեփական հնարավորությունների շրջագծում հետապնդելու միակ նպատակահարմար տարբերակը, որից ցանկացած շեղում անխուսափելիորեն գոյություն ունեցող հավասարակշռությունը փոխարինելու է Թուրքիայի հետ անմիջական առճակատմամբ, կամ հակառակը, Հայկական հարցից հրաժարումով։
Կարծում ենք, որքան էլ գրավիչ թվա «երկու Հայաստանների» միջոցով կամ «երկու ձեռքով» գործելու գաղափարը, գործնականում ինչ-որ մի հանգրվանում այն վերածվելու է ազգի նոր պառակտման եւ Հայկական հարցի ապաքաղաքականացման գործընթացի։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
<Հայոց Աշխարհ>


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն