Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Արմենի և Սերգեյի տարբերությունը

Հունվար 23, 2014թ. 22:22

Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը փախել է Հայաստանից Արցախյան պատերազմի պատճառով: Այս ձևակերպումը երեկ կարելի էր կարդալ բոլոր լրատվամիջոցներում: Ինչ խոսք, ամոթալի որակում է, բայց փաստ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Արդարության համար պետք է խոստովանենք, որ այդ տարիներին շատերը հեռացան (փախան)` օտար ափերում բարեկեցիկ, խաղաղ կյանք գտնելու հեռանկարով: Հեռացան նաև Արցախից, բայց շատերն էլ, թողնելով իրենց «փափուկ անկողինը», ամերիկաներից, եվրոպաներից, Միջին Արևելքի երկրներից, Իրանից, Ռուսաստանից եկան և իրենց պապերի կիսատ թողած կռվին տեր կանգնեցին:

«Սերգեյը խելացի, կրթված երիտասարդ էր: Նա ցուցարարների համար Տարաս Շևչենկոյի բանաստեղծություններն էր անգիր ընթերցել»,- գրել էին ուկրաինական կայքերը:

Այդ նույն օրը հայ-ադրբեջանական սահմանին հերոսաբար զոհված՝ Սերգեյի հասակակից Արմեն Հովհաննիսյանի երակներում «պայթում էր» Դանիել Վարուժանի «Ցեղին կանչը»: Արմենի ծնողները չհեռացան Հայաստանից: Նրա մոր աչքերում, երբ նկարվում էր իր մինուճար արու զավակի հետ, ազնվացեղի, հերոսուհի մորը վայել հպարտություն կար: Սերգեյը ծնվել էր Ուկրաինայում, նա փախչող տեսակից չէր, բայց նրա ընտանիքը փախավ: Եվ ոչ մի տարօրինակ բան չկա, երբ նրա հայրն ասում է. «Ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ես նրան համոզում էի, որ չգնար Մայդան, բայց նա գնաց»: Հետաքրքիր է, եթե Սերգեյը զոհվեր Հայաստանում, նրա հայրը դարձյա՞լ ոչ ոքի չէր մեղադրի, թե՞ պահանջներն այլ կլինեին: Սերգեյը Մայդանում պարզել էր հայկական եռագույնը, բայց նրա հայրենիքը Ուկրաինան էր: Սերգեյը մի հայրենիք էլ ուներ, որտեղից փախել էին ծնողները: Արմենի համար հայրենիքը սկսվում էր այն հատվածից, որի պաշտպանությունը նրան էր վստահվել:

Անկախ Ուկրաինայի ապագա կարգավիճակից` Սերգեյը հերոսացավ հանուն Ուկրաինայի, իսկ Արմենը զոհվեց ոչ միայն իր, այլև Սերգեյի «խռոված» հայրենիքի համար, որտեղ թեկուզ կողպված, բայց կանգուն է նրա հայրական տունը:

Սերգեյը Ուկրաինայի քաղաքացի էր, Արմենը` Հայաստանի: Արմենի կռիվը ցեղի տեսակը պահպանելու համար էր, Սերգեյինը` ինտեգրման: Երկուսն էլ քաջ էին, բայց տարբեր տիրույթներում: Երկուսի երակներում էլ հայի արյուն էր հոսում, բայց տարբեր երանգներով: Երկուսի ծնողներն էլ սգում են, բայց մեկը ոչ ոքի չի մեղադրում, որովհետև ինքն այդ երկրում եկվոր է և դեռ պետք է ապրի, իսկ մյուսի սիրտը վրեժ է ուզում:

Սերգեյը՝ ոտքի կանգնած, ձեռքը` սրտին, պատվում էր Ուկրաինայի օրհներգը, իսկ Արմենը ամեն լուսաբացի զգաստ՝ Հայաստանինը: Իսկ Հայաստանի օրհներգը նաև հուշում է, որ

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Չեմ կարծում, թե Սերգեյի ծնողները նրան սովորեցրել էին այս «օրորոցայինը»: Նա մեր պատմության մեջ իր մահով կմնա որպես դասալիք ընտանիքի ողբերգական վերջաբանի կրող, իսկ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին սերունդներ կերդվեն, կդաստիարակվեն նրա հերոսական կերպարով:

Երկուսի տարբերությունը ինքներդ որոշեք. չէ՞ որ ամենայն տեղ մահը մի է…


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն