ՆԱՏՕ-ն արկածախնդրություն չի դրսևորի, և Ադրբեջանը պատերազմ չի հայտարարի
Արդեն իսկ ավանդույթ է դարձել, երբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայոց բանակի օրվա առթիվ հանդիպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ամփոփում անցածը, ներկայացնում անելիքներն ու պատասխանում լրագրողների հարցերին: Երեկ կայացավ նախարար-լրագրողներ հերթական հանդիպումը:
2013-ի ձեռքբերումներից պաշտպանության նախարարը հպարտ է, չնայած մեր ցավալի կորուստներին, սակայն <խրամատում կանգնած հայ զինվորը լարված նայելով հակառակորդի աչքերին կատարեց իր մարտական առաջադրանքը ու մեր նվիրյալ զավակների կյանքի գնով ստիպեց հակառակորդին զերծ մնալ հայ ժողովրդի հանդեպ ոտնձգություններից՝ թե՛ Հայաստանի սահմանամերձ գոտում, թե՛ Արցախում>: Ադրբեջանցի դիպուկահարը վերստին համոզվեց, որ սահմանին արթուն կանգնածը հայ զինվորն է, ով անպարտելի է իր հողի վրա, քանի որ պաշտպանում է իր հայրենիքն ու խաղաղությունը, ուրեմն ցանկացած արկածախնդրություն անպատասխան չի մնա:
<Ես գլուխ եմ խոնարհում մեր զոհված ընկերների առաջ, ու հպարտ եմ հերոս զավակներ ծնած հայ ծնողներով, մեր հրամանատարներով, և բարձրաձայն ասում եմ՝ մեր մարտական ոգին անպարտելի է>:
Ինչպես և սպասվում էր ներկաների մտահոգությունների շրջանակը հիմնականում ներառում էր Հայաստանի ու Արցախի անվտանգության, ինչպես և Ադրբեջանի վերջին սադրիչ գործողություններին վերաբերող հարցեր:
Հայտնի է, որ դիվերսիոն գործողությունից երեք օր առաջ, հունվարի 15-ին, Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը Բրյուսելում հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Որոշ տեղեկությունների համաձայն նպատակը եղել է՝ շրջանցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, ուղղակի բանակցությունների մեջ մտնել ՆԱՏՕ-ի հետ և ստանալ Արցախի դեմ պատերազմական լայնածավալ գործողություններ սկսելու քարտ բլանշ: Եվ այս առումով կան լուրջ մտահոություններ, թե Ադրբեջանը կփորձի Սոչիի օլիմպիադայի նախաշեմին Արցախի դեմ կիրառել այն նույն պատերազմական սցենարը, ինչն իրականացրեց Վրաստանի նախագահ Սահակաշվիլին 2008-ին` պեկինյան օլիմպիադայի նախաշեմին, հարձակվելով Հարավային Օսեթիայի վրա: <Հայոց Աշխարհ>-ի խնդրանքով նախարար Սեյրան Օհանյանը հստակ ու կտրուկ պատասխանեց սույն մտահոգիչ տեղեկատվությանը. <ՆԱՏՕ-ն նման արկածախնդրություն չի դրսևորի: Նաև չեմ կարծում, որ Սոչիի օլիմպիադայի նախաշեմին Ադրբեջանը կարող է գնալ ռազմական լայնամասշտաբ գործողությունների>: Բայց այնուհանդերձ, եթե մեր ռազմատենչ հարևանի մտքով անցնի դիմել հերթական արկածախնդրությանը, ապա <հակառակորդի ցանկացած նման քայլ ՀՀ զինված ուժերի կողմից կստանա համարժեք հակահարված>:
Այս առումով է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լայնածավալ մարտական գործողությունների սկսումը քիչ հավանական է համարում: Ս. Օհանյանը հարկ համարեց բոլոր կողմերին հիշեցնել, որ Արցախի խնդիրն արդեն իսկ լուծվել է ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը Արցախին պարտադրեց պատերազմ, արցախահայությունը ոտքի կանգնեց, պայքարեց ու ապահովեց սեփական անվտանգությունը:
Անդրադառնալով հունվաի 19-ի լույս 20-ին ադրբեջանի դիվերսիոն գոծողությանը, նախարարը տեղեկացրեց, թե հակառակորդի՝ երեք ու կես անգամ ավելի թվաքանակով հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը կասեցվեց ընդամենը 9 հոգանոց հայկական ստորաբաժանման կողմից՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով զոհվեց հերասաբար: Իսկ Ադրբեջանը տալով բազմաթիվ կորուստներ հետ շպրտվեց: Ի դեպ, հայկական կողմի պատժիչ գործողությունները դրանից հետո ևս շարունակվել են: Հիշյալ դիվերսիան Ս. Օհանյանը պայմանավորեց նաև Ադրբեջանում հռչակված, այսպես կոչված, <Սև հունվարի> գոյությամբ: Այդ օրերին նրանք մշտապես սադրանքներ են իրականացնում, նախօրեին ևս հայկական Այգեպար ու Կարմիր աղբյուր սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ ադրբեջանական կողմը հերթական կրակ է բացել: Բարեբախտաբար, զոհեր չկան, բայց իրավիճակը չի՞ փաստում այն մասին, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակչությունը գտնվում է լրջագույն վտագի տակ, և վերջապես, համարժե՞ք է, արդյոք, հայկական կողմի պատասխանը հակառակորդին, այն առումով, որ եթե հայ զինվորն իր կրակն ուղղում է միայն հակառակարդի դիպուկահարների ու դիրքերի ուղղությամբ, ապա Ադրբեջանը ռմբակոծում է հայ խաղաղ բնակչությանը: Նախարար Օհանյանը վստահեցրեց՝ իրադրությունը լիովին վերահսկվում է հայկական ուժերի կողմից, ավելին, վերջին տարիներին սահմանային գյուղերի անվտանգության ապահովման ուղղությամբ տարված աշխատանքները տվել են իրենց դրական արդյունքը:
<Մենք հակառակորդի անկանոն կրակոցներին, որոնք հաճախ վախի ազդեցության տակ են արվում՝ չենք պատասխանում: Ի վերջո պետք է խնայել նաև մեր փամփուշտները>: Իսկ ադրբեջանցիների մոտ վախի ու խուճապի պատճառը պարզվում է այն մտավախությունն է, թե ղարաբաղյան ուժերը կարող մի օր լրջորեն պատժեն իրենց արկածախնդրության համար:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ադրբեջանական սադրանքների պատասխանատվությունը չի ընկնում նաև Մինսկի համանախագահների վրա, քանի որ վերջիններս անտեսելով Ադրբեջանի սադրիչ քայլերը մշտապես հնչեցնում են համահարթեցնող, կողմերին հավասարաչափ մեղադրող հայտարարություններ, դրանով իսկ ուղղակիորեն ազատություն տալով Ադրբեջանի պատերազմատենչ նկրտումներին, նախարար Օհանյանը տվեց այսպիսի պարզաբանում.<Հայաստանը ճիշտ ու բավարար է գնահատում Մինսկի խմբի գործունեությունը, քանզի դրա բացակայությունը կդժվարեցներ, թեկուզ հարաբերական խաղաղության պահպանումը: Իհարկե, հայկական կողմի ցանկությունն է, որ դատապարտվի կոնկրետ խախտումներ իրականցնող կողմը, որի դերում մշտապես հանդես է գալիս Ադրբեջանի իշխանությունն ու զինված ուժերը>, բայց հայկական կողմը նաև հասկանում է համանախագահողների նման գործելաոճը՝ փորձում են հնարավորինս հավասարակշռված մոտեցում դրսևորել՝ ի նպաստ լարվածության հանդարտեցման:
Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությանը, որը տարիների ամուր հիմքեր ունի, Օհանյանը շեշտեց այն իրողությունը, որ դրա արդյունքում կատարելագործվել են մեր պաշտպանական ու զսպման մեխանիզմները: Ավելին, տեղեկացրեց՝ ժամանակակից համատեղելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, հեռահար եւ գերճշգրիտ միջոցներ գնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Մենք 2014 թվականին վերջնականապես ավարտին կհասցնենք այդ միջոցների ձեռքբերման գործընթացը»:
Երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի կարծիքով, ներկայումս աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագրի մշակման ուղղությամբ: Խոսք գնաց նաև հայրենական ռազմական արտադրության զարգացման մասին, Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում արդեն իսկ բազմաթիվ զինատեսակներ է արտադրում, շնորհիվ մեզանում արտադրվող անօդաչու թռչող սարքերի Հայաստանի ու Արցախի երկնակամարը աչալուրջորեն վերահսկվում է:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահ է՝ երբ մեր ժողովուրդը միասնական է, երբ մեր ազգային կարևոր հարցերում չկա դիմություն ու ընդդիմություն, ուրեմն մենք միշտ հաղթող ենք:
Նախարարի հորդորն ու ցանկությունն է՝ մեր ազգային լուրջ ձեռքբերումը՝ բանակը համարել սեփականն ու չմրոտել, չսևեցնել անհարկի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
-ի խնդրանքով նախարար Սեյրան Օհանյանը հստակ ու կտրուկ պատասխանեց սույն մտահոգիչ տեղեկատվությանը.












