ԲԱՆԱԿԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԵԶ
Հունվարի 28-ին ավանդաբար նշվող հայոց բանակի օրը թերեւս ոչ մի բանով չտարբերվեր նախորդ տարեդարձերից, եթե հունվարի 19-20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ճակատային գծի հյուսիս-արեւելյան հատվածում տեղի ունեցած հայտնի դեպքերը լուրջ ցնցում չառաջացնեին մեր ժողովրդի գիտակցության մեջ։
Նման դիվերսիաները հետ մղելու ընթացքում նախկինում էլ էինք զոհեր ունենում, բայց նրանց հրաժեշտի արարողությունները սահմանափակվում էին սոսկ մարդկայնորեն հասկանալի՝ անկեղծ ցավակցության արտահայտություններով։
Այս անգամ ինչպես պետության, այնպես էլ հայաստանյան հասարակության, նաե Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից դրսեւորվեց բոլորովին այլ վերաբերմունք, թվում է, հերթական ու սովորական դարձած միջադեպի հանդեպ։ Կարծես մի պահ արթնացավ ազգային հիշողությունը, մանավանդ անցած պատերազմի ժամանակ դրսեւորած աներեւակայելի համախմբվածությունն ու կազմակերպվածությունը։
Արմեն Հովհաննիսյանի հերոսական կերպարը կարծես մեզ հիշեցրեց իր նախորդ սերնդի 1990-ականներին կատարած գործի մեծությունը, ուստի նրա կերպարը դարձավ Ղարաբաղյան պատերազմի հերոսների մի նոր մարմնավորում։
Մեզանում կարծես կոտրվեց վերջին տարիների այն հոգեբանական կարծրատիպը, որը որոշակի կասկածներ էր առաջացնում 1990-ականների պատերազմի «մութ ու ցուրտ» տարիներին ծնված սերնդի մարտական ու բարոյաքաղաքական հատկանիշների հանդեպ։ Պարզվեց, որ նրա շարքերում այսօր էլ կան եւ զենքը ձեռքին մեր սահմաններն են պաշտպանում վաղվա Մոնթեներն ու Աշոտ-Բեկորները, ուստի եթե հակառակորդը դասեր չքաղի տեղի ունեցածից, ապա կստանա նույնպիսի, հնարավոր է նաեւ է՛լ ավելի ուժեղ հակահարվածներ։
Շատ կարեւոր է, որ նորից արթնացավ հերոսների պաշտամունքը եւ հերոսականության գաղափարը, որը նախկինում կապվում էր անհատ ֆիդայիների անվան հետ։ Այս անգամ դա մարմնավորվեց իր ծառայողական պարտականությունները մինչեւ վերջ կատարած կանոնավոր բանակի մարտիկների՝ մեր ազգի նոր հույսերի տեսքով։
Հանրության գիտակցության վրա իր ազդեցությունը զգալիորեն կորցրեց նաեւ վերջին տարիներին ադրբեջանական քարոզչության «ծանր հրետանու» դեր խաղացող միլիարդանոց ռազմական բյուջեների միջոցով մեզ ուղղվող շանտաժը։ Բանն այն է, որ հունվարի 19-20-ի գիշերվա ընթացքում հակառակորդը չկարողացավ անգամ օգտագործել իր բերած զինատեսակների մի մասը, իսկ նրանց նռնակներն այնքան անորակ էին, որ այդպես էլ չպայթեցին ու մնացին մարտի դաշտում։
Ուրեմն հայոց բանակի ծննդյան 22-րդ տարեդարձը ազգովին դիմավորում ենք ոչ միայն նրա մարտունակության նոր ու թարմ ապացույցների, այլեւ դրանցով պայմանավորված՝ զինվորական ծառայության հանդեպ վերաբերմունքի որոշակի փոփոխության պայմաններում։ Սա այլեւս ձեւական-պաշտոնական արարողությունների շարք չէ, այլ հին ու նոր հերոսների ավանդների փոխանցման պահ, որը կարող է դառնալ ավելի խոր հոգեբանական բեկման սկիզբը, եթե բանակի հանդեպ սրտացավ վերաբերմունքը դառնա ամեն մի հայ մարդու կենսագործունեության բաղկացուցիչ մասը։
Մեր պետությունն ու ժողովուրդը իսկապես պետք է ունենան մի կառույց, որտեղ մենք ոչ թե հարուստ ենք կամ աղքատ, երեւանցի ենք, ապարանցի, գիտնական ենք, բանվոր, այլ պարզապես նույն շարքերում կանգնած հայրենիքի զինվորներ։
Անշուշտ վերջին օրերի հոգեբանական վերելքով չեն լուծվելու բանակում նույնպես գոյություն ունեցող խնդիրները, բայց երբ հայրենասիրական տրամադրությունների վերելքը մեծացնում է նրանց հանդեպ ուշադրությունը, դրանք վաղ թե ուշ անպայման իրենց լուծումն են գտնում։ Վերջին օրերին մեզ մի պահ կրկին միավորած նահատակ զինվորի սխրանքի արժեւորումն ու նրա գործի շարունակման պատրաստակամության դրսեւորումները պետք է վերածվեն նոր գործերի ու հաջողությունների։
Չավարտված պատերազմի պայմաններում այս ասպարեզում մենք գործ ունենք շարունակական մի գործընթացի հետ, որտեղ ամեն սերունդ պետք է կարողանա գերազանցել իր նախորդին։ Քանզի որքան էլ այսօր փոքր լինի լայնածավալ պատերազմի վտանգը, միեւնույն է, չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք ոչ մի պահ չհանդարտվող եւ անընդհատ նորանոր սադրանքների դիմող հակառակորդի հետ։
Թշնամին այսօր ավելի լայնածավալ ու վճռական քայլերի չի դիմում միայն այն պատճառով, որ իր բոլոր առանցքային որակական ցուցանիշներով ու մանավանդ մարդկային գործոնով շարունակում է զիջել հայոց բանակին։ Իսկ վերջին իրադարձությունները կրկին եկան ապացուցելու, որ հայոց բանակը դա մենք ենք՝ որպես ազգ, որը գիտի հերոսության ու հերոսականության գինը եւ հարկ եղած դեպքում պատրաստ է դիմագրավել հակառակորդի բոլոր մեծ ու փոքր ոտնձգություններին։
Արդեն 22 տարի նշվող հայոց բանակի օրը, ի ցույց դնելով մեր պետականության ամենակարեւոր ինստիտուտի հանդեպ հանրային վերաբերմունքի հետագա բարելավման իրողությունը, միաժամանակ դառնում է նաեւ նոր մեկնակետ՝ նրա շուրջը ազգի ավելի սերտ համախմբման համար։ Ռազմի դաշտում նահատակված ամեն մի հայ զինվորի սխրանքը այսուհետեւ պետք է արժանանա նման վերաբերմունքի բոլոր հայերի կողմից՝ որտեղ էլ նրանք բնակվեն, ինչով էլ զբաղվեն։
Եվ ինչ քաղաքական հայացքներ էլ դավանենք կամ չդավանենք, միեւնույն է, պետք է հիշենք, որ մեր հայրենիքի սահմաններին՝ խրամատներում, այսօր, այս պահին հերթապահություն են անում մեր երիտասարդները՝ ազգի ապագայի միակ հուսալի երաշխավորները։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












