Ալիևը փորձում է մատների վրա խաղացնել Մինսկի խմբին
Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
–Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում Ադրբեջանի իրականցրած դիվերսիոն գործողություններից հետո համանախագահողներն առաջին անգամ են այցելում տարածաշրջան, ու թվում էր, թե հենց Բաքվում նրանք պետք է բարձրացնեին սադրանքների հարցը: Սակայն, դրա փոխարեն ուլտիմատում հանդես եկավ սադրիչ կողմը. Մամեդյարովը հայտարարեց. ՙԵթե մենք տեսնենք հայկական կողմի կառուցողական արձագանքները, բանակցությունները կշարունակենք՚: Ձեր մեկնաբանությունը:
-Եթե հետևեք վերջին 4-5 տարիների Ադրբեջանի հնչեցրած հայտարարություններին, կհամոզվեք, որ դրանք ունեն նույնպիսի բովանդակություն, ինչպիսին Հայաստանի հանրապետության կողմից արված հայտարություններն են: Եվ Մամեդյարովի այս միտքը ևս մեր կողմից հնչեցվածի կրկնությունն է: Իրողությունը հետևյալն է. Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի մասին Հայաստանը պարբերաբար հաղորդում է միջազգային հանրությանը, որին հետևում է սադրիչ կողմի՝ Ադրբեջանի նույնպիսի քայլը: Սա այլ բան չէ, քան բանակցային գործընթացի և Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ դրսևորվող ոչ կառուցողական, արհամարհական վերաբերմունք: Ադրբեջանն իր քայլերով շարունակաբար ձախողում է խաղաղ կարգավորման գործընթացը, ինչի մասին արձանագրում է և միջազգային հանրությունը: Հիշենք ութնյակի ու քսանյակի ձևաչափով ընդունված բանաձևերը, որոնցում վերջիններս խոսում են ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառմնան մասին: Իսկ Ադրբեջանը, ի հեճուկս այդ բանաձևերի, արհամարհելով բոլորին, շարունակում է պնդել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձերը, որոնք հենց ինքն էլ շարունակաբար խախտում է: Համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ ատելության քարոզից, իրավիճակը սրող հայտարարություններից, սակայն այդ ֆոնին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին հայտարարում է, թե Երևանը, այսպես կոչված, ադրբեջանական տարածք է, իսկ Մամեդյարովը խոսում է Հայաստանի «ոչ կառուցողականությունից»: Սրանք փաստում են բանակցային գործընթացի հանդեպ Ադրբեջանի դրսևորած ցինիկ վերաբերմունքի մասին: Այնպես որ, զարմանալի չէ Մամեդյարովի՝ Հայաստանին ուղղված անհիմն մեղադրանքը: Այս ամենը մեկ նպատակ ունի՝ ձախողել Մինսկի խմբի ձևաչափը : Ըստ էության, Ադրբեջանը ձեռնոց է նետում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից իրականացվող միջնորդական առաքելությանը, քանի որ շատ լավ հասկանում է, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը տանում է դեպի ինքնորոշման իրավունքի իրացում, և ինքը վաղ թե ուշ, ուզի, թե չուզի, ճանաչելու է ԼՂՀ-ն որպես ինքնիշխան պետություն: Ահա այս հեռանկարից վախեցած Ադրբեջանը հայտնվել է ջղաձգումների մեջ, և՜ նման հայտարարություններ է հնչեցնում, և՜ մանկապարտեզներ գնդակոծում, և՜ քնած հայ սպային կացնահարում:
-Իսկ Ադրբեջանի սադրիչ քայլերը չդատապարտելով, փոխարենը հնչեցնելով կողմերին հավասարաչափ մեղադրող հայտարարություններ, արդյո՞ք, Մինսկի խուբը չի նպաստում բանակցային գործընթացի վտանգմանը: Ի վերջո, Բաքվին ձեռնտու պահվածք է՝ ինքը լինի դիվերսիաների հեղինակը, սակայն հայտարարություններն ուղղվեն երկու կողմերին:
-Ես այդ կարծիքին չեմ, բայց նաև, երեք համանախագահները՝ երեք պետությունները, պահպանելով հավասարակշված մոտեցում, պետք է կարողանան ավելի հստակ արձագանքել Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին ու ոտնձգություններին: Այսօր Ադբեջանը ձախողում է շփման գծում դիտարկումների իրականացումը, այսինքն, դաշնային առաքելության իրականացման գործընթացը, չի համաձայնվում հետ քաշել դիպուկահարներին, համարձակվում է կրակ բացել խաղաղ բնակչության, սահամանամերձ գյուղերի մանկապարտեզների վրա: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանում կա լուրջ մտավախություն արցախյան գործընթացի հանդեպ, և դրանից խուսափելու միակ ճանապարհը համարում է ռազմական արկածախնդրությունը, չնայած շատ լավ է հասկանում, որ նման քայլի համար չունի միջազգային հանրության ո՜չ քաղաքական, ո՜չ դիվանագիտական աջակցությունը: Դա մի քայլ է, որը կվտանգի ողջ տարածաշրջանի ապագան, այն վերածելով քաոսի ու մղելով անորոշության: Իսկ դրանում ամենամեծ տուժողը կլինի հենց ինքը՝ Ադբեջանը: Այնպես որ, իրականության աչքերին նայելով, համանախագահները մի գեղեցիկ օր, այո, պետք է ասեն, որ բանակցությունները ձախողողը, ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները խախտող միակ կողմը Ադրբեջանն է՝ իր ոչ կառուցողական դիրքորոշմամբ: Ալիևը փորձում է մատների վրա խաղացնել Մինսկի խմբին և դա բոլորին տեսանելի է, ու վաղ, թե ուշ Մինսկի խումբը ստիպված է լինելու անդրադառնալ այս հարցին, եթե, իհարկե, շահագրգռված է, որ բանակցային խաղաղ գործընթացն առաջ ընթանա: Իսկ մինչ այդ, ՄԽ-ն որպես միջնորդական առաքելություն իրականացնող մանդատը տնօրինող կողմ, հույս ունի առաջ մղել խաղաղ գործընթացը, Ադրբեջանին պահել բանակցային սեղանի շուրջ, հետևաբար, կշարունակի հավասարակշռություն պահպանող հայտարություններ հնչեցնել:
-Մինչ մենք ակնակալու ենք լսել իրական գնահատականներ, ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքը «Ամերիկայի ձայնե-ին տված հարցազրույցում ասում է հետևյալը.ՙ կողմերի գործողությունները չեն համապատասխանում իրենց խոսքերին՚: Փաստորեն, եթե մինչ այս, համանախագահները հնչեցնում էին ընդհանուր բնույթի հայտարարություններ, այսուհետ ընդհանուր մեղադրանքներ ե՞նք լսելու:
– Հայաստանի խոսքն ու գործը մշտապես համընկել են և ի տարբերություն Ադրբեջանի, մեր երկիրը միակ կառուցական դիրքորոշում ունեցողն է: Պետք է նաև հիշեցնեմ ամերիկացի համանախագահի Twitter-ի գրառումը, ուր նա նշում է, որ շփման գծում լարվածության մեծացումը խիստ մտահոգիչ է: Կարծում եմ, սա Ադրբեջանին ուղղված հստակ մեսիջ էր՝ թեկուզ ասված էր անուղղակիորեն: Ե՛վ ՌԴ ԱԳՆ-ի, և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ու համանախագահների միասնական հայտարարությունների մեջ ամենակարևոր շետադրումը հետևյալն է՝ լարվածության թուլացում: Հստակ է և Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակել բանակցային գործընթացը ՄԽ շրջանակներում, դա միակ ճանապարհն է խնդրի խաղաղ կարգավորման ու ինքնորոշման իրավունքի կիրառման: Փոխարենը, Ադրբեջանը այս 20 տարիների ընթացքում իր միակ հույսը դրել է ռազմական ուժի կիրառման ու սպառազինման վրա:
-Չեխիա կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահը այսպիսի միտք հնչեցրեց՝ միջազգային հանրությունն անկողմնակալ մոտեցում պետք է ցույց տա կամ առաջնորդվի գործընթացին չվնասելու սկզբունքով: Չե՞ք կարծում, որ ՙչվնասել գործընթացին՚ միտքը հստակ հասցեատերեր ուներ:
-Այո, որովհետև շատ հաճախ տարբեր երկրների խորհրդարաններ, կամ քաղաքական միավորումներ ու կառույցներ հնչեցնում են ադրբեջանամետ հայտարարություններ: Ու դրանց թիկունքում պարզորոշ նկատվում են կոռուպցիոն ռիսկերը, խավիարական քաղաքականության հետքերը:Եվ սա, բնականաբար, շահարկում է Ադրբեջանը, դրանով իսկ խոչընդոտելով բանակցությունների արդյունավետ ընթացքին: Հետևաբար, նախագահի այս հայտարարությունը շատ կարևոր եմ համարում:
– Սեպտեմբերի 3-ից հետո կարծիք կար, թե այլևս տապալված է Արևելյան գործընկերության ծրագիրը: Հայաստանի նախագահը հայտարարեց օրերս հայտարեց, թե մեր երկիրը ցանկություն ունի շարունակելու ձևաչափի շուրջ ԵՄ երկրների հետ համագործակցությունը: Շարունակման դեպքում այս ծրագիրը, ձևաչափի առումով, փոփոխություններ ենթադրո՞ւմ է:
– Արևելյան գոծընկերության ձևաչափում ընդգրկված 6 երկրներում այսօր տարբեր քաղաքական իրողություններ են, նրանք գտնվում են տարբեր դաշտերում, բայց Հայաստանի ընտրությունը շարունակում է մնալ նույնը, մեզ համար մի բան հստակ է՝ մեր երկիրը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին , ինչն արտահայտվում է ԵՄ անդամ երկրների հետ ինչպես բազմակող, այնպես էլ երկկողմ համագործակցության միջոցով: Եվ ինչպես ՀՀ նախագահը Չեխիայում ասաց, ակնկալվում է, որ Արևելյան գործընկերությունը կարող է բնական կամուրջ դառնալ՝ նպաստելով տնտեսական ինտեգրմանը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս և Հայաստանը հանձնառու է հետևողական ջանքեր գործադրել բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ։
-Անկախ Արևմուտքի պնդումներին, թե ինտեգրացիոն երկու գործընթացներն անհամատեղելի են, Հայաստանը, փաստորեն, վճռականորեն ապացուցում է, որ մեր երկիրն այն տարածքն է, ուր տարբեր ինտեգրացիոն գործընթացներ կարող են զարգանալ ոչ թե հակադրության, այլ համագործակցության դաշտում:
-Այո, և դա հստակ գիտակցում են նաև արևմտյան մեր գործընկերները: Ու շատ հաճախ նաև անկեղծորեն ասում, որ այնուամենայնիվ, հաշվի առնելով ժամանակից աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանն անդամակցելով Մաքսային միությանը, կայացրեց ամենաճիշտ որոշումը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












