Գլխավոր » Hay-turq, Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն անելիք ունի, որ ԼՂ հիմնահարցը ԵՄ ձեռքին մահակ չդառնա

Փետրվար 10, 2014թ. 23:48

ԷդմոնՓետրվարի 5-ից 6-ը տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության առաջին նիստը: Սովորաբար, հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են եզրափակիչ հայտարարության ընդունմամբ, ինչը սակայն այս անգամ տեղի չունեցավ: Ավելին, դատելով մամուլի արձագանքներց ու Հայաստանի հանձնաժողովականների հայտարարություններից, նիստը սկանդալային ավարտ է ունեցել: Հանձնաժողովի նախագահ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում խոստացել է Հայաստան վերադառնալուն պես ասուլիս հրավիրել և ներկայացնել կատարվածը: Մինչ այդ խնդրի շուրջ զրուցեցինք հանձնաժողովի անդամ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ:

Ի՞նչ սկանդալի մասին է խոսքը և, առհասարակ, Բրյուսելից ի՞նչ տպավորությամբ եք վերադարձել, իրո՞ք, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմամբ պայմանավորված, նկատելի է եղել եվրոչինովնիկների վերաբերմունքի փոխություն:

-Նախ, տեղի ունեցածը ես սկանդալ չեմ համարի, բայց նաև ակնհայտ էր եվրոպացի մեր գործընկերների կողմից որոշակի սառը վերաբերմունքի դրսևորումը: Այս նիստը Հայաստանի ՄՄ անդամակցումից հետո առաջինն էր ու այդ տպավորությունն, իրոք, նկատելի էր, ինչը նախ դրսևորվեց Հայաստան-ԵՄ համատեղ հանձնաժողովի նիստերին եվրախորհրդարանականների պասսիվ մասնակցությամբ, ընդամենը 2-3 պատգամավորներ էին մասնակցում: Երկրորդ, ամեն նիստի ավարտից հետո մշտապես ընդունվել է հայտարարություն, բայց այս անգամ այն չընդունվեց: -Եվրոչինովնիկներն այս կերպ արտահայտեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի ՄՄ անդամակցմանը: Ճիշտն ասած ես ավելի կոշտ վերաբերմունքի էի սպասում, քան արտահայտվեց: Նրանք իրենց բոլոր ելույթներում նշում էին, թե շոկի մեջ են Հայաստանի ՄՄ անդամակցման քայլից, ասում էին՝ ՙչենք հասկացել ձեր կայացրած որոշման նպատակը՚, շեշտվում էր այն միտքը, թե մինչ օրս իրենց պատշաճ մակարդակով չի ներկայացվել, պարզաբանվել թե ինչո՞ւ Հայաստանը գնաց այդ քայլին:

-Ի դեպ, հանձնաժողովի անդամ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի տպավարությամբ, այն, որ առ այսօր եվրոպացիների մոտ չի անցել ՙցնցումն ու շոկը՚, մեղավորը Հայաստանի արտաքին գերատեսչությունն է, որը հավուր պատշաճի աշխատանք չի տարել Հայաստանի ՄՄ անդամակցումը որպես մեր երկրի անվտանգությունից բխող անհրաժեշտ քայլ ներկայացնելու ուղղությամբ:

-Բնականաբար, բոլոր իրավասու մարմինները, որոնք պարտավոր են միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումները ներկայացնել, պետք է լուրջ աշխատանք կատարեն: Եվ այս նիստում ակնհայտ դարձավ, որ այդ անհրաժեշտ աշխատանքը կա’մ բավարար մակարդակով չի կատարվել, կա’մ ՄՄ-ի անդամակցության մասին հայտարարությունն ավելի խորը հիսաթափություն է առաջացրել մեր գործընկերների մոտ, որի շտկումը երկարատև ջանքեր կպահանջի:

Իսկ առհասարակ, եվրախորհրդարանականների մոտ կա՞ Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու տրամադրվածություն:

-Այո, միանշանակորեն կա, և այդ մասին ԵՄ ամենաբարձր մակարդակով ասվում է հետևյալ միտքը, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը, համապարփակ առևտրի համաձայնագիրն այլևս վերջնականորեն բանակցված տարբերակով դրված են սեղանին: Նաև ասվում է, որ իրենք պատրաստ են այն ստորագրել Հայաստանի հետ, եթե Հայաստանն իր մոտեցումները վերանայի: Հայաստանն այսօր գնում է դեպի Մաքսային միություն, ապա Եվրասիական միության ստեղծում, իսկ եվրոպացիների խոսքով, այդ կառույցներն իրենց համար անհասկանալի են, հետևաբար, իրենք դեռ չգիտեն, թե ի՞նչ հարթության մեջ կարող են Հայաստանի հետ համագործակցել: Նրանք պարզ ասում են՝ չնայած կա համագործակցության ցանկություն, բայց այս պահին դեռ չգիտեն, թե ո՞ր ուղղություններով և ի՞նչ մակարդակում կարող են շարունակել այն: Հայաստանի իշխանությունները ևս բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են քաղաքական մակարդակում ԵՄ հետ շարունակել համագործակցությունը, օրինակ, մարդու իրավունքների ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ և այլն: Ի դեպ, այս թեմայով նիստում ես ելույթ ունեցա և կոչ արեցի, որ բարեփոխումների ուղղությամբ Հայաասանի դեմ չփակվի Եվրոպայի դուռը, որ պետք է պահպանել համագործակցությունը, որպեսզի մեր երկիրը չկորցնի անցած 4-5 տարիների ձեռքբերումները: Իսկ Հայաստանը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների ոլորտում, իհարկե, մենք դեռ շատ անելիք ունենք, բայց փաստն այն է, որ այսօր Հայաստանը Մաքսային Միության անդամ պետությունների հետ համեմատությամբ ժողովրդավարության կղզյակ է: Եվ այս մասին ես հայտարարեցի բրյուսելյան նիստում:

– ԼՂ համամարտության կարգավորման վերաբերյալ հանձնաժողովի հայտարարության մեջ ի՞նչ կետ է տեղ գտել, որը վրդովվեցրել է հանձնաժողովի նախագահ Սամվել Ֆարմանյանին, վերջինս իր ֆեյսբուքյան էջում մասնավորաբար գրում է, թե ՙպետք է բացառել որևէ համատեղ փաստաթղթի ընդունումը, որտեղ ՀՀ ԱԺ-ի անունից կարող են տեղ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձևակերպումներ, որոնք չեն արտացոլում իրականությունը և չեն բխում Հայաստանի և ԼՂՀ-ի շահերից՚:

-Այո, հայտարարության մեջ, իրոք, կային ձևակերպումներ, որոնք դարձան խնդրո առարկա, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ եվրոպացի ու հայ խորհրդարանականներս չեկանք ընդհանուր հայտարարի: ինչն էլ հիմք դարձավ հայտարության չընդունման:

Կիսո՞ւմ եք այն մտահոգությունը, թե որոշ եվրախորհրդարանականներ Հայաստանի արտաքին քաղաքականության հանդեպ իրենց դժգոհությունը արտահայտում են Ղարաբաղյան հարցի վերաբերյալ կոշտ վերաբերմունք դրսևորելով: Փաստորեն, եվրոչինովնիկները ԼՂ հակամարտությունը փորձում են Հայաստանի դեմ իբրև մահա՞կ օգտագործել:

-Այս անգամ դա, իրոք, նկատելի էր: Տեսեք, բոլոր հարցերի շուրջ երկկողմ համաձայնություն ձեռք բերվեց. թե’ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, թե’ Հայաստանին ու Թուրքիային վերաբերող հարցերում մենք եկանք համաձայնության, միայն ԼՂ հակամարտությանը վերաբերող տեքստի շուրջ չկարողացանք գալ ընդհանուր հայտարարի:

սկ ԼՂ հիմնահարցի շուրջ նման կոշտ վերաբերմունք հանձնաժողովում առաջին անգամ է՞ր դրսևորվում:

-Ես հանձնաժողովի նախկին նիստերին չեմ մասնակցել, բայց գործող անդամների պնդմամբ, առաջին անգամ նման վերաբերմունք նկատվեց Հայաստանի ՄՄ անդամակցումից հետո: Ի դեպ, վերաբերմունքի փոփոխման ականատես եղանք դեռ անցած հոկտեմբերին, երբ Եվրախորհրդարանը շատ կոշտ, նախկինում չօգտագործված ձևակերպումներով ԼՂ հակամարտության վերաբերյալ բանաձև ընդունեց: Կարծում եմ, որ մեր արտաքին գերատեսչությունը և ԵՄ բարեկամ կառույցները դեռ այն ժամանակ չպետք է թույլ տային, որ նման բանաձև ընդունվեր: Իսկ այսօր արդեն դրա բացասական պտուղները քաղեցինք նաև Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության այս նիստում: Հայաստանի ԱԳՆ-ն և Խորհրդարանական դիվանագիտությունը լուրջ անելիքներ ունեն, որպեսզի որևէ հարց, այդ թվում և ԼՂ հակամարտությունը, ԵՄ ձեռքին մահակ չդառնա Հայաստանի դեմ: Մյուս կողմից ԵՄ մեր գործընկերները լավ հասկանում են, որ մեր անվտանգության խնդիրն այն կարմիր գիծն է, որից այն կողմ մենք չենք կարող անցնել:

Արմինե Սիմոնյան


Դիտել Hay-turq, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն