Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն

Հայաստանի համար ամենակարեւոր կոնվենցիան

Փետրվար 16, 2014թ. 00:53

65 տարի առաջ՝ 1948 թ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ԳԱ ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Այն առաջին անգամ միջազգային իրավունք ներմուծեց «Ցեղասպանություն»՝ «Genocide» եզրը, տվեց դրա բնորոշումն իբրեւ մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն, ինչպես նաև սահմանեց ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ: Մոտ երկու տարի անց՝ 1951-ի հունվարի 12-ին այն ուժի մեջ մտավ: Այսօր կոնվենցիան վավերացվել է 141 երկրների կողմից: Իսկ երբ ԱՄՆ-ն վավերացրեց այն 1988 թ, Կոնվենցիան երկրորդ կյանքը ստացավ: Հենց նրա հիմքի վրա դատապարտվեցին Ռուանդայի եւ Բոսնիայի ցեղասպանությունների կազմակերպման եւ իրականացման մեջ ներգրավված անձինք:

Վերջապես 2001-2005 թթ ընթացքում մշակվեց Պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը՝ R2P (The responsibility to protect), որի շրջանակներում բոլոր երկրները պարտավոր են միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու ցեղասպանությունները: Յուրաքանչյուր սուվերեն պետություն պարտավորություն էր ձեռք բերում իր բնակիչներին ցեղասպանություններից եւ զանգվածային կոտորածներից (Massive atrocities crimes) պաշտպանելու համար, իսկ այն դեպքում երբ պետությունը անզոր է կամ չի ցանկանում դա իրականացնել, ապա այս պատասխանատվությունը անցնում է միջազգային հանրությանը: Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան երեւի եզակի կոնվենցիաներից է, որ բազմաթիվ աղերսներ ունի հայերի հետ: Բացի այդ նրա պահպանման, իրականացման եւ բարելավման հարցում Հայաստանը կենսականորեն հետաքրքրված է: Կոնվենցիայի «հայկական արմատները» Genocide եզրի հեղինակ, ինչպես նաեւ կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում վճռական դեր խաղացած հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆաել Լեմկինն իր «Ինքնակենսագրություն»-ում նկարագրում է, որ իրավաբանության ոլորտ է եկել Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո:

Լվովի համալսարանի լեզվաբան-ուսանողը ցնցվել է, երբ Բեռլինում հայ վրիժառուի կողմից Թալեաթի ստանությունից հետո փորձել է իր հետաքրքրությունը բավարարել եւ պրոֆեսորից իմացել, որ եթե մեկ մարդու սպանության համար գոյություն ունի համապատասխան օրենք, ապա միլիոնների սպանության գործողությունը դուրս է մնում իրավաբանական հստակ ձեւակերպումների դաշտից: Միջազգային օրենք, որը կվերաբերվի ազգի, ռասայի կամ կրոնական խմբի ոչնչացմանը ուղղակի գոյություն չուներ: Եվ Լեմկինն իր ամբողջ կյանքը նվիրում է հենց այս անարդարության վերացմանը: 1948 թ. Կոնվենցիայի ընդունումն այս պայքարի գագաթնակետն էր, սակայն դրան նախորդել էին անդադար աշխատանքի ու հուսահատության երկար տարիներ: Նույնիսկ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, որին Լեմկինը մասնակցում էր իբրեւ ԱՄՆ գլխավոր մեղադրողի խորհրդական «Ցեղասպանություն» բառը չներառվեց դատարանի վճռի տեքստի մեջ: 1943 թ. առաջին անգամ օգտագործելով genocide բառը Լեմկինը նկարագրում է այն իբրեւ «թուրքերի վայրագությունները հայերի նկատմամբ եւ նացիստների կողմից հրեաների սպանությունները»: Եվ իրոք, Կոնվենցիայի 2-րդ հոդվածում թվարկված հինգ կետերը, որոնք թվարկվում են ցեղասպանական գործողությունները, լիովին համապատասխանում են 1915-23 թթ Հայոց ցեղասպանության ընթացքում կատարվածը՝
1. խմբի անդամների սպանությունը,
2. նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճառելը,
3. խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը.
4. խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները,
5. երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին): ՀՀ-ը Ցեղասպանության կանխարգելման առաջամարտիկ 1948 թ. Կոնվենցիայի կարեւորությունը ՀՀ-ի համար կապված է 1998 թվականից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություն հռչակումը: Եվ քանի դեռ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետեւանքների վերացման հարցը չի լուծված ՀՀ-ի համար կոնվենցիայի առանցկային նշանակություն կունենա:

Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այդ Կոնվենցիայի արդիականացման եւ զարգացման գործընթացին: Այսպես, Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են “Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված”, բանաձեւը, հետագա տարիների կատարելագործվել եւ լրացնելու են եկել 1999, 2001, 2003 եւ 2005 թ` “Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին” բանաձևերը, իսկ 2008 թվականին՝ “Ցեղասպանության կանխարգելման մասին” բանաձևը: Այս տարի՝ 2013 թվականի մարտի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում նորից ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”):

Բանաձեւը առաջին անգամ անդրադառնում է ցեղասպանության կանխարգելման հարցում մարդու իրավունքների ոլորտում համեմատաբար վերջերս ներմուծված ճշմարտության իրավունքի ապահովման կարեւորության՝ պետությունները պարտավոր են ճշմարիտ տեղեկատվություն տրամադրել տեղի ունեցած ոճրագործությունների եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Բացի այդ նոր բանաձեւ ընդգծում է Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի մասին է, որը նախատեսում է ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների վերաբերյալ մարդու իրավունքների իրավիճակային վերլուծություն ազգային զեկույցների հիման վրա, ինչի արդյունքում գործընթացն անցնող երկրին մյուս բոլոր երկրների կողմից տրվում են մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ուղղված համապատասխան հանձնարարականներ:

Մեծ ուշադրություն է դարձվում ցեղասպանության կանխարգելման գործում կրթության, մասնավորապես մարդու իրավունքների կրթության խնդիրների: Նոր դրույթ է նաեւ անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրերի սահմանումը` որպեսզի նման սոսկալի հանցագործությունները երբեք չմոռացվեն: Նման ներգրավվածությունը չափազանց ողջունելի է, քանի որ Հայաստանը ցույց է տալիս, որ լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում նման ոճրագործության կանխման առաջամարտիկ է:

tert.am/blog/


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն