ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ. ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՏԱԿ ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ
-Ոչ իշխանական 4 ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը, և այս պահին ամեն մեկն իր նախագիծն է մշակում: Բայց արդյո՞ք այս ուժերն ունեն անհրաժեշտ քաղաքական ռեսուրսը. պարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ խորհրդարանում նման ռեսուրս չունեն, մնում է փողոցը: Կհաջողվի՞ նրանց իշխանափոխության պահանջով մարդկանց փողոց դուրս բերել:
-Ինքնին պարզ է, որ նրանք բավարար ռեսուրս չունեն խորհրդարանում և ՀՀԿ-ն լինելով քաղաքական մեծամասնություն, բնականաբար, ամեն ինչ կանի, որպեսզի անվստահության պահանջը խորհրդարան չմտնի: Հաջողության հասնելու համար նրանք պետք է ներխորհրդարանական աշխատանքին զուգընթաց ծավալեն արտախորհրդարանական պայքար: Կհաջողե՞ն, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Իրողությունն այն է, նրանք փողոցում ևս լուրջ խնդիր ունեն, ճիշտ է, երկրում կա սոցիալական լարվածությունը, բայց չէ՞ որ այդ 4 կուսակցությունների հանդեպ ևս չկա մեծ վստահություն: Թե որքանո՞վ նրանք կկարողանան շահել ժողովրդի վստահությունը՝ դժվար է ասել: Մյուս կողմից, եթե այդ 4 ուժերն ունեն տևական պայքարի նպատակ, ուրեմն, պետք է լուրջ ծրագիր ներկայացնեն, բայց արդյո՞ք, ունեն փոփոխության կոնցեպտուալ առաջարկ, ի՞նչ հայեցակարգ են առաջարկում, պետական կապիտալի՞զմ, ուր պետությունը տերն է երկրի կյանքին` չփոխելով մասնավոր սեփականատիրական հարաբերությունները, թե՞ ՙԿարգի տեսություն՚, որքան տեղյակ եմ ընդդիմությունը նման առաջարկներ չի հնչեցնում: Իսկ եթե պետք է այս աղտոտ լիբերալիզմի շուրջ բարեփոխումներով զբաղվի, ուրեմն, նրա բոլոր քայլերը անպտուղ են:
–Ինչպես միշտ մեր ընդդիմադիրները ոչ թե ներկայանում են հայեցակարգերով, այլ իշխանության դեմ ողջ պայքարն ընթանում է այսպիսի տրամաբանությամբ՝ ՙդուք գնացեք, որ մենք գանք՚: Եվ այս անձնավորված պայքարի սլաքն այսօր ուղղված է կառավարության ու անձամբ վարչապետի դեմ:
– Այստեղ ես տրամաբանություն չեմ տեսնում, ընդդիմությունը հայեցակարգ չի առաջարկում, փոխարենը կենտրոնացած է վարչապետի հրաժարականի պահանջի վրա: Մեկ անձի հետ ե՞ն խնդիր լուծում, բայց դա իրենց կռիվն է ոչ թե ժողովրդի, որին դա բացարձակապես չի հետաքրքրում: Եթե նման տեղափոխությունը հաճելի կլինի որոշ անձանց համար, ապա այն ոչ մի առնչություն չունի ժողովրդի հետ, որն այս ամենի արդյունքում ընդամենը կգրանցի հերթական հիասթափություն: Փաստորեն, 4 ուժերն այսօր ունեն անձնային ձգտումներ, որոնք հայ ժողովրդի հետաքրքրությունների տիրույթում չեն:
-Մամուլում չեն դադարում լուրերը, թե ոչ իշխանականների ներսում կան լուրջ խմորումներ: Մասնավորաբար, ԲՀԿ-ում, որի մի թևը կուսակցությանը փորձում է մղել իշխանական, մյուսը՝ ընդդիմադիր դաշտ: Ներքին խմորումները կարո՞ղ են հանգեցնել ԲՀԿ-ի պառակտման:
-Ոչ, որովհետև կուսակցությունում նման թևեր չկան, առավել ևս, ընդդիմադիր դաշտ մղող թև չկա: Ես այդ հեքիաթին չեմ հավատում: ԲՀԿ-ն իրեն հայտարարեց այլընտրանք, որը քաղաքագիտական իմաստով ընդդիմություն է, բայց համերաշխության հողի վրա հիմնված: Մինչդեռ այն Հայաստանում չընդունվեց:
-Ուրեմն, եկել է ԲՀԿ-ի կողմնորշման ժամանակը, քանզի այլևս անլուրջ է դառնում իշխանություն-ընդդիմություն ՙպարանի՚ վրա խաղալը:
-Ինչպես կհրահանգի Գագիկ Ծառուկյանը՝ այդպես էլ կլինի: Իսկ եթե կան անձինք, որոնք նպատակ ունեն կուսակցությունը ընդդմադիր դաշտ մղել, ստիպված կլինեն հրաժեշտ տալ ԲՀԿ-ին: Այս համագումարում ԲՀԿ-ն կընդունի մի որոշում, որից ո՜չ իշխանությունը բան կհասկանա, ո՜չ էլ ընդդիմությունը: Սա Հայաստանում տարածված քաղաքական գործելաոճ է: Կարող է ընդունվել կոմպրոմիսային մի որոշում, հետո ի՞նչ կլինի՝ կյանքը ցույց կտա:
-Ոչ պակաս անհանգստություն կա նաև ՀՅԴ-ում՝ մասնակից դառնալ ոչ իշխանական ուժերի քայլերի՞ն, թե՞ թեքվել դեպի իշխանություն: Եթե ընդունենք, որ ՀՅԴ-ն գաղափարական ուժ է…
-Կներեք, իսկ ո՞վ ասաց, որ գաղափարական է: ՀՅԴ-ի գաղափարախոսությունը պետք է, որ լիներ սոցիալիստականը, բայց դուք տեսնում ե՞ք, որ այս ուժը վարի նման քաղաքականությունը: ՀՅԴ-ն այդ մասին միայն խոսում է, բայց վաղուց այդպես չի գործում: Իսկ ոչ իշխանական ուժերի հետ չլինել չի կարող, քանի որ ժողովուրդը կասի՝ սոցիալական ծանր վիճակ է, մյուսները ձայն են բարձրացնում, դուք ո՞նց եք լռում: Մինչդեռ ՀՅԴ-ն պետք է լիներ այն ուժը, որը պետք է առաջարկեր ՙձախ կենտրոնի՚՝ սոցիալիստական վերափոխումների քաղաքականություն, քարոզեր սոցիալիստական գաղափարներ, դա՜ կլիներ իրենը, այդ դեպքում ՀՅԴ կարող էր նաև կոալիցիայի միջուկ դառնալ, միավորվել ՀՀԿ-ի հետ ու նպաստել երկրի առաջընթացին, քաղաքական դաշտի առողջացմանը: Իսկ դաշնակցությունը, որպես գաղափարախոսության կրող ուժ, վաղուց երազ է մնում հայ ժողովրդի համար: Արմեն Ռուստամյանը մի լավ խոսք ունի, ասում է՝ գնանք, մտածենք: Իրենք դեռ մի 10 տարի էլ մտածելու են: ՀՅԴ-ի պահվածքը մեկ բառով այսպես կբնորոշեմ՝ օպորտունիստական, վարում է անձև քաղաքականություն: Եթե ԲՀԿ-ն դա կարող է իրեն թույլ տալ, որովհետև դասական իմաստով կուսակցություն չէ, ՀՅԴ-ն՝ ոչ:
-Իսկ ՙժառանգությո՞ւնը՚, կա՞, թե՞ չկա այս ուժը:
– Կա ու շարունակում է մնալ արմատական դիրքերում կամ բարիկադների վրա: Բայց նրանք թերացան, ճիշտ չաշխատեցին, ոչ թե պետք էր կռիվ տալ, աղմկել, այլ փորձել ժողովրդի համար, քաղաքական առումով, դառնալ հասկանալի, ընկալելի ուժ: Եթե ուզում էր հարց լուծել պետք է դառնար զանգվածային կուսակցություն: Ինչը նրան չհաջողվեց, հավանաբար, ռեսուրսի պակասի պատճառով: Ու ՙժառանգությունը՚ մնաց առանձին մարտիկների կուսակցություն:
-ՙՎեց տարի շարունակ ՀԱԿ-ը քաղաքական կապիտալ չի կուտակել, քան այն, որ մարտի 1-ի ողբալի դեպքերի ընթացքում մահացածների արյունն ու հիշատակն է օգտագործելը: Սա քաղաքական սնանկության ամենավառ օրինակ է՚, կիսո՞ւմ եք ՀԱԿ-ի հասցեին հնչած այս գնահատականը:
-Չէ, ես Արմեն Աշոտյանի տրամադրությունը չեմ կիսում:ՀԱԿ-ականները արմատական քայլերի կողմնակից լիբերալներ են, ունեն իրենց հայեցակարգը, նպատակ են դրել հասնել իշխանափոխության, ու դրան գնում են բոլոր հնարավոր միջոցներով: Իրենք 2009-ին մարտի 1-ին գրոհի գնացին, բայց դա արդյունք չունեցավ, այսօր փորձում են նույն նպատակին հասնել կոալիցիաների միջոցով: Բայց դարձյալ կանգնած են ռեսուրս չունենալու խնդրի առաջ: Ու քանի որ չունեն, նախընտրում են քաղաքական համախմբման ճանապարհը:
-Այս ամենով հանդերձ, մեզանում կան ուժեր, որոնք շարունակում են երազել ՙՄայդան-2-ի՚ մասին: Ոմանք անգամ մեկնել են Ուկրաինա, մայդանյան տեխնոլոգիաներն ուսումնասիրելու համար, նրանց առաջնահերթ նպատակն է՝ մեր երկրում մթնոլորտի ապակայունացումը: Սա հնարավո՞ր եք համարում:
– Հայաստանը ՙՄայդան՚ չի դառնա ու մենք ոչ մեկից փորձ վերցնելու կարիք չունենք: Մեր ՙՄայդանը՚ Հորադիզում է, եթե ՙՄայդան՚ են ուզում, թող գնան Շամշադինը պաշտպանեն: Փոխարենը, ես լրջորեն գնահատում եմ մեր քաղաքացիական հասարակության շարունակվող հերոսական պայքարը, թող կուսակցությունները սրանից հետևության հանգեն, երիտասարդությունը չի սպասելու, թե իրենք ե՞րբ են ՙծանր ու մեծ՚ քայլեր անելու, երիտասարդությունն իր երկրի բարեփոխման համար արդեն իր քաղաքացիական պայքարն է մղում: Ժողովրդագրական առումով Հայաստանում վիճակը աղետալի է, բայց այնպես չէ, որ մեզանում իրավիճակը փակուղային է: Եվ ես, հենվելով համաշխարհային փորձի վրա իմ առաջարկն ունեմ իշխանությանը, մեր երկրի նախագահին: Գիմ Դե Չուն ստանձնեց Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը այն ժամանակ, երբ երկիրը վարակված էր կոռուպցիայով, կար լղոզված քաղաքական դաշտ, կոռումպացված կուսակցություններ, և նա հենվելով քաղաքացիական հասարակության ակտիվ երիտասարդության վրա երկիրը տարավ օլիգարխիայից ազատագրման, վերափոխումների ճանապարհով, ստեղծեց իրավական պետություն: Այսօր Հարավային Կորեան հիացմունքի արժանի երկիր է, օրինակ, որը նաև մեզ համար է վարակիչ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












