Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Գազի մասին Ս. Սարգսյանի խոսքում այդպես էլ բոլորին մտահոգող հարցերի պատասխանը չհնչեց. Անդրիաս Ղուկասյան

Փետրվար 16, 2014թ. 21:48

Քաղաքագետ, «Ընդդեմ գազի թանկացման» նախաձեռնության անդամ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բացասական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «գազային» պայմանագրի, «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի վերջի 20%-ի վաճառքի և գազի գնի շուրջ երեկ արված հայտարարությունները և գտնում է, որ բոլորին մտահոգող հարցերի պատասխանն այդպես էլ չհնչեց:

«Թեպետ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը, փորձեց արդարացնել Կառավարության բանակցությունները ռուսական կողմի հետ, այնուամենայնիվ ցանկացած տնտեսագետի համար պարզ է, որ իր ներկայացրած բացատրությունները բավարար չեն: «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մասնավոր է, և այդ ընկերության կուտակած պարտքերը չեն դառնում որևէ կերպ պետության պարտքեր, եթե չկա դրա վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշում»,-Tert.am-ին ասաց նա՝ նշելով, որ որոշումը՝ սուբսիդավորել «ՀայՌուսգազարդը», պետք է ավելի առաջ ընդունվեր, քան թե այդ բանակցությունների արդյունքում էր:

Երկրորդ կետը, ըստ Անդրիաս Ղուկասյանի, այն է, որ Սերժ Սարգսյանը փորձեց շրջանցել փաստը, որ 2013թ.-ի փետրվարին, իր ընտրարշավի ժամանակ վստահեցնում էր ՀՀ քաղաքացիներին, որ գազի սակագները չեն բարձրանա, բայց բոլորը տեսան, որ բարձրանում են, և այսօր Հայաստանում՝ ԱՊՀ մյուս պետությունների համեմատ, գործում է բնակչության համար ամենաբարձր սակագինը:

«Այսպիսով, ես չեմ գտնում, որ նրա տված բացատրությունները կարող են բավարար համարվել որևէ այլ ժողովի ժամանակ, որտեղ ի սկզբանե նստած չլինեին մարդիկ, որոնք պատրաստ էին ցանկացած նման տեսակի բացատրությունն ընդունել բավարար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կուտակված պարտքին, Անդրիաս Ղուկասյանն ընդգծեց նախագահի դիտարկումը, թե գազը չթանկանալու հետևանք է և ավելացրեց. «Բառացիորեն Սերժ Սարգսյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը բանավոր որոշում է կայացրել սուբսիդավորել մասնավոր ընկերության պարտքերը, մինչդեռ պետության մեջ չի կարող բանավոր որոշման հիման վրա կատարվել պետական գործառույթներ: Այսինքն՝ եթե 2013թ.-ին Սերժ Սարգսյանը նման որոշում է կայացրել, ապա դրա վերաբերյալ պետք է լիներ Կառավարության համապատասխան որոշում. նա իր այդ հայտարարությամբ վկայակոչում է, որ ՀՀ-ում որոշումները կայացվում են բանավոր, և ոչ թե իրավական ակտերով: Այդպիսով տեղի է ունեցել սահմանադրության խախտում»:

Իր պատասխանում ՀՀ նախագահը նաև անդրադարձել էր քննադատություններին, թե ինչու ընկերության վերջին 20% մասնաբաժինը աճուրդով չի վաճառվել և ասել է, թե դա չարժեր այնքան, որքան դրա համար վճարել է Ռուսաստանը: «Այդ հայտարարությունը պետք է որ վիրավորական լինի ռուսական կողմի համար, քանի որ, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, նա այդ 20%-ը «նաղդել է» ռուսական կողմի վրա, որովհետև դա այդքան արժեք չուներ: Դրանով ինքը հաստատեց, որ փորձել են և հաջողվել է խաբել Ռուսաստանին, նրանց է վաճառվել փաստաթուղթ, որն այդքան չարժեր»-մեկնաբանեց Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ նրա՝ եթե իրականում այդ մասնաբաժինն արժե 30 մլն, բայց դրա համար վճարել են 100 մլն, նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իր ռուսական գործընկերների նկատմամբ գիտակցված խաբեություն է իրականացրել. «Եվ եթե նա համարում է, որ լավ խաբել է ռուսական կողմին, ապա ռուսական կողմը պետք է իրեն խաբված զգա»:

Քաղաքագետի խոսքով՝ եթե Հայաստանի նախագահը համարում է, որ հարաբերությունները կարող է խաբեությամբ կառուցել, դա շատ վատ է և կարող է բերել նրան, որ ՄՄ մտնելու՝ Սերժ Սարգսյանի անձնական որոշումը արժանանա նույն ճակատագրին:

tert.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն