ՄԻԵՎՆՈՒՅՆ ՄԵԹՈԴՆԵՐ՝ ՄԻԱՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Բազմիցս ասվել է այն մասին, որ Մաքսային միությանը անդամակցումը թույլ կտա Հայաստանին վերջապես նվազագույնի հասցնել կախվածությունը տնտեսական զարգացման լիբերալ մոդելը պարտադրող միջազգային ֆինանսական կառույցներից։ Այսօր կանդրադառնանք տվյալ հիմնախնդրի մի քանի այլ հանգամանքների։
Հայրենի արեւմտամետները զօրուգիշեր ճղավում են, թե մտնելով Մաքսային միություն՝ Հայաստանը կկորցնի ինքնիշխանության մի մասը։ Ըստ որում, ամոթխած շրջանցվում է հարցը, թե ինչպիսին է այդ առումով վիճակը Եվրամիությունում։
Մինչդեռ նույնիսկ իր ժողովրդավարական ավանդույթներով հպարտացող Արեւմտյան Եվրոպայում ինտեգրման ամեն նոր քայլի հետ գնալով նվազում է Եվրամիության կառույցների նկատմամբ քաղաքացիների վերահսկողությունը։ Ինտեգրումը հանգեցնում է բյուրոկրատիայի աննախադեպ հզորացման։
Այսօր ԵՄ բրյուսելյան չինովնիկներն իրավունք ունեն հաշվետվություն պահանջել միության նոր անդամներից այնպիսի ծավալներով, ինչպիսին խորհրդային Պետպլանը երազում անգամ չէր տեսել։
Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից պարտադրվող բարեփոխումները իրենց մոտեցումներով միանման են ե՛ւ Զիմբաբվեում, ե՛ւ Հայաստանում։ Նման մոտեցման հիմնավորումը ժամանակին հիանալի ձեւակերպել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Լորենս Սոմերսը. «Տնտեսության օրենքները նույնպիսին են, ինչ մեխանիկայի օրենքները։ Նույն կանոնները գործում են ամենուր»։
Տնտեսական կյանքը ոչ միայն որեւէ կերպ կախված չէ մշակույթից, ազգային առանձնահատկություններից կամ աշխարհագրությունից, այլեւ կապված չէ պատմության, արտադրական ուժերի զարգացման մակարդակի կամ հասարակական կառուցվածքի հետ։ Տնտեսական օրենքները, որոնք բնորոշ են XX դարասկզբի Միացյալ Նահանգների համար, պետք է գործեին ե՛ւ հին Շումերում, ե՛ւ ինկերի կայսրությունում, ե՛ւ միջնադարյան Հայաստանում։ Տարբերությունը լոկ այն է, որ հին շումերները դրանք չգիտեին, իսկ Լորենս Սոմերսը գիտի։
Նույն մարդիկ, որոնք չգիտեն ո՛չ տվյալ երկրի լեզուն, ո՛չ նրա պատմությունը, ո՛չ էլ նույնիսկ ընթացիկ քաղաքական իրավիճակը, ուղեւորվում են մոլորակի մի ծայրից մյուսը՝ վերածվելով սեփական կամքը կառավարություններին ու խորհրդարաններին թելադրող անսխալական փորձագետների ինքնավստահ թիմի։ Արդյունաբերական կամ գյուղատնտեսական երկրներում, գրագետ քաղաքային բնակչություն ունեցող հասարակություններում թե վայրի ցեղերի մեջ. ամենուր իրականացվում է նույն անվերջանալի գիտափորձը։ Նույն մեթոդներով եւ ամենուր գրեթե միանման հետեւանքներով։
Արդյունքը դարձավ աղքատության կտրուկ աճը, տարածաշրջանային հակամարտությունների թվի, հանցավորության ու կոռուպցիայի ծավալումը։
ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը աշխարհում սկսել են խաղալ մոտավորապես նույն դերը, ինչ ժամանակին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն՝ «կոմունիստական բլոկի» շրջանակներում։ ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի փորձագետներն են որոշում, թե ինչ անել այս կամ այն բնագավառի հետ այս կամ այն երկրում։
Հակառակ «ազատ շուկայի» հաղթանակի մասին ընդհանրական խոսքերի, աշխարհը դեռեւս ականատես չի եղել նման կենտրոնացման։ Նույնիսկ Արեւմուտքի կառավարությունները ստիպված են հաշվի նստել այդ զուգահեռ իշխանության հետ։
Սակայն վիթխարի հաջողությունը ծնեց ոչ պակաս վիթխարի խնդիրներ, որոնք բնորոշ են ցանկացած գերկենտրոնացված համակարգերին։ Խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ նոր լիբերալ մոդելը դատապարտում է մարդկության մեծամասնությանը անհեռանկարային աղքատության, իսկ «ծայրամասի» երկրներին՝ «կենտրոնի» երկրներից կախվածության։
Խնդիրն այն է, որ սխալի գինը աճում է աներեւակայելի չափով։ Ահռելի ռեսուրսները, որ տնօրինում է ԱՄՀ-ն, թույլ են տալիս «կայունացնել» իրավիճակը։ Բայց խնդիրները չեն վերանում, որոշ ժամանակ անց ճգնաժամը կրկնվում է։
Գործնականում ոչ մի տեղ նեոլիբերալիզմը չի հանգեցրել պետապարատի կտրուկ կրճատման։
Հաշվեկշռված բյուջեն երկարաժամկետ հեռանկարում դառնում է դժվար իրագործելի նպատակ, իսկ պետության ֆինանսական ճգնաժամը հաղթահարել հաջողվում է միայն հատուկենտ երջանիկներին, որոնք ունեն արտաքին շուկայում մենաշնորհային գներով շահավետորեն վաճառելու ենթակա թանկարժեք ռեսուրսներ։
Օրինակների թվարկումը կարելի է շարունակել. Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից թելադրվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը Հայաստանի կարգի երկրներին ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ։ Իսկ Մաքսային միությունը թույլ կտա զգալիորեն չեզոքացնել այդ եռյակի հարկադրանքը։
Իհարկե, Մաքսային միության ճանապարհին էլ Հայաստանին լուրջ փորձություններ են սպասում, սակայն մեզանից անհամեմատ քիչ ջանքեր կպահանջվեն դրանց բարեհաջող հաղթահարման համար։
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ












