ԲՀԿ-ն ուզում է «այլընտրանքային կառավարություն» ձեւավորել` Րաֆֆի Հովհաննիսյանի «հրապարակի նախագահ» տարբերակո՞վ
Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ
-Համաձա՞յն եք այն դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանի» համագումարից հետո կոալիցիոն նախկին գործընկերները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այլեւս բարիկադների տարբեր կողմերում են, ու չնայած ԲՀԿ-ն դարձյալ խուսափեց «ընդդիմություն» անվանումից՝ հավատարիմ մնալով «այլընտրանք» ձեւակերպմանը, այնուհանդերձ երկու ուժերի միջեւ պայքարն անխուսափելի է դառնում:
-Ճիշտն ասած, նման իրավիճակ` բարիկադների տարբեր կողմերում գտնվելու, ես չեմ տեսնում: Թերեւս այդ տպավորությունը պայմանավորված է քաղաքական դաշտում ԲՀԿ-ի գրաված դիրքով, որը, ըստ Գագիկ Ծառուկյանի, այլընտրանքային է, ինչը վաղուց ասել ենք՝ անհասկանալի մի բան է: Սովորաբար քաղաքական ուժերը, ինչպես նշեցիք, լինում են բարիկադի այս ու այն կողմերում, քաղաքական լեզվով ասած` դիմություն եւ ընդդիմություն: Մնացած բնորոշումները, կարծում եմ, լուրջ չեն:
Անդրադառնալով համագումարին՝ ասեմ, որ ես չլսեցի մի այնպիսի մտահոգություն, որը բարձրաձայնած չլիներ Հանրապետականը` թե՛ կառավարության միջոցով, թե՛ ՀՀԿ պատգամավորների կողմից: Ի՞նչ է ստացվում. ԲՀԿ-ն որդեգրել է երկրում գոյություն ունեցող խնդիրների շուրջ միայն խոսողի, դրանք մատնացույց անողի գործելաո՞ճ։
Բայց արդյոք նույն բանն անվերջ կրկնելով՝ քարը տեղից կշարժվի՞: Չէ՞ որ մատնացույց անելուն պետք է հաջորդեն կոնկրետ առաջարկներ, ծրագրեր եւ ամենակարեւորը՝ համագործակցային աշխատանք: Ի դեպ, հենց սա էր «Բարգավաճ Հայաստանից» ակնկալում լսել մեր հանրությունը, նրա բազմաթիվ ընտրողները, մինչդեռ դա տեղի չունեցավ:
-Փոխարենը, Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն պետք է դառնա ժողովրդի խոսափողն ու կառավարության բոլոր որոշումներին այլընտրանք տարբերակներ ներկայացնի: Գուցե ԲՀԿ-ն նպատակ ունի այլընտրանքային կառավարությո՞ւն ձեւավորել` Րաֆֆի Հովհաննիսյանի «հրապարակի նախագահ» տարբերակով, փորձելով փողոցում հասունացնել նոր կառավարության գաղափարը:
-Մի խոսուն փաստ բերեմ «Բարգավաճ Հայաստանի» «այլընտրանքային տարբերակ» ասվածի մասին: Երբ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը, ԲՀԿ խմբակցության քարտուղարը ելույթ ունենալով՝ հայտարարեց` այո՛, դա ճիշտ համակարգ է, վաղուց պետք է այն ներդրվեր։ ԲՀԿ-ից չհնչեց ոչ մի հակադիր ելույթ. խմբակցությունն ամբողջ կազմով կողմ քվեարկեց:
-Մնում է ճշտել ժամանակը, ե՞րբ է ԲՀԿ-ն նման փութաջանորեն պաշտպանել սույն օրինագիծը: Չնայած դժվար չէ կռահել` կոալիցիայի անդամ եղած ժամանա՞կ:
-Այո, այո, շատ տեղին էր հարցը, հենց իշխանություն եղած ժամանակ: Ի դեպ, կառավարության կազմում ներգրավված ԲՀԿ-ական սոցապնախարարն էլ բավական աշխատանք է կատարել այդ համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ այսօր հակառակն են խոսում: Սա է ԲՀԿ-ի «այլընտրանքային վարքագիծը»: Քանի դեռ իշխանության մեջ էին, ողջունեցին, երբ այլեւս իշխանություն չեն` զբաղված են ամեն ինչ սեւացնելով:
Ինչ վերաբերում է հրապարակներում այլընտրանքային կառավարություն ձեւավորելուն, ապա առհասարակ նման «ձգտումներն» ի հայտ են գալիս այն դեպքում, երբ քաղաքական ուժը զգում է, որ հողն իր ոտքերի տակ ամուր չէ: Այսօր ոչ իշխանական ուժերն ունեն հասարակության շրջանում սեփական վարկանիշը բարձրացնելու խնդիր, ինչին էլ միտված են երկրում ամեն ինչ մուգ գույներով ներկայացնելու նրանց ճիգերը, իշխանության հասցեին տարաբնույթ մեղադրանքներ հնչեցնելը: Մոռանալով, որ ընտրողը վաղը` հերթական ընտրությունների ժամանակ, գնահատելու է իրենց կատարած գործին համարժեք:
«Այլընտրանքային տարբերակների», «միասնական օրակարգի», «միասնական գործողությունների» ու «համախմբումների» մասին տարաբնույթ կոչերը հոգնեցնում են, որովհետեւ օդում ասված խոսքը, եթե այն գործ չի դառնում, մաշվում է:
-Չնայած ԲՀԿ նախագահի համախմբման կոչը ոգեւորեց ընդդիմադիրներին, բայց նաեւ մի հետաքրքիր երեւույթ նկատվեց. ՀԱԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչները ընդգծեցին, թե այն, ինչ այսօր ասում է Ծառուկյանը, ժամանակին բազմիցս են ասել իրենց նախագահները: Փաստորեն ընդդիմության շրջանում վերստին գլուխ է բարձրացնում ամբիցիան, առաջինը լինելու մոլուցքը: Այս առումով կհաջողվի՞ նրանց հասնել հնարավոր համախմբման:
-Իրոք, միանգամից նկատվեց այդ ներքին պայքարը: Ընդդիմության ախտանիշերը եղել ու մնում են անհամերաշխությունը, ամբիցիաները, եւ այն, որ ընդդիմությանը չի հաջողվել ձերբազատվել այս երեւույթներից, վկայում է բերված օրինակը:
Տեսեք, չնայած համախմբման կոչ է անում իրենցից թվաքանակով ավելի, ներքին համախմբվածությամբ առավել հաջողակ, խորհրդարանում ներկայացվածությամբ, այսինքն` ընտրողներից ստացված ձայների իմաստով առավել մեծաքանակ քաղաքական ուժը, բայց դա չի խանգարում, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ամբիացիաներ ի ցույց դնեն: Ընդդիմության «աքիլլեսյան գարշապարն» է պատճառը, որ նրանց համախմբումն այդպես էլ չի կայանում:
Մյուս կողմից՝ ընդդիմության համախմբմանը խոչընդոտում է եւ այն, որ նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն` ո՛չ ծրագրային, ո՛չ գաղափարական առումով. ՀՅԴ-ն ընկերվարական (սոցիալիստական) ուժ է, ՀԱԿ-ը ծայրահեղ լիբերալ, իսկ ԲՀԿ-ի գաղափարախոսությունը թերեւս «այլընտրանքային» է: Ստացվում է, որ նրանց միմյանց կապողը իշխանության դեմ պայքարն է, մոռանալով, որ ընդդեմ պայքարից ոչինչ չի ծնվում:
-Ի դեպ, համագործակցության մի առաջարկ էլ ԲՀԿ ղեկավարն ուղղեց «իշխանության մեջ առկա առողջ շրջանակներին»՝ թերեւս սրանով ցույց տալով, որ չի այրում բոլոր կամուրջները:
-Գուցե, եւ ես կարծում եմ՝ նման մոտեցումն օգտակար կլինի հենց ԲՀԿ-ի համար: Իսկ ՀՀԿ-ն բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է առողջ համագործակցության, որը կնպաստի թե՛ քաղաքական ուժերի համախմբմանը, թե՛ մեր հասարակության ներսում հանդուրժողականության հաստատմանը:
-Տարօրինակ չէ՞, որ իշխանությանն այլընտրանք ներկայացող, իր թվաքանակով երկրորդ քաղաքական ուժը այդպես էլ չի հայտնում իր դիրքորոշումը Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդրի` Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ: Լռությունը համաձայնության նշա՞ն համարենք:
-ԲՀԿ դիրքորոշումը հասկանալու համար արժե հիշել ԲՀԿ ղեկավարի հնչեցրած մտքերը Ռուսաստան-Բելառուս միության հետ տնտեսական, քաղաքական սերտ հարաբերությունների խորացման օգտին: Բայց այլ հարց է, որ այստեղ խնդիր կա ԲՀԿ առաջնորդի ու որոշ ԲՀԿ-ականների մոտեցումներում: Ինչպես հայտնի է, հնչեցին կարծիքներ «հետհամագումարյան խոսափողերի»` Վ.Օսկանյանի ու Ն.Զոհրաբյանի կողմից:
-Վարդան Օսկանյանը, մասնավորաբար, Մաքսային միությանը անդամակցության որոշումը հետքայլ բնութագրեց:
-Այո: Նախկին ԱԳ նախարարի մտքերից մեկ եզրակացության հանգեցի։ Ըստ նրա, պետք է մանեւրել, երկդիմի խաղեր տալ ու խաբել գործընկերներին: Եվ դա ասում է փորձառու քաղաքական գործիչը, երկար տարիներ Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարած անձը: Դա լուրջ չէ:
Իսկ այս անընդունելի պահվածքին ես պետք է հակադրեմ երկրի նախագահի պահվածքը. արտաքին քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի գլխավոր սկզբունքն է լինել ազնիվ, սոլիդ ու շիտակ բոլոր հարցերում: Չնայած կանգնեցինք բարդագույն` Մաքսային միություն-Եվրամիություն հանգույցի առաջ, բայց նախագահն իր վարքագծով կարողանում է առաջ մղել երկրի համար մաքսիմալ շահավետության վրա հիմնված իր քաղաքական գիծը:
Եվրոպացի մեր գործընկերների հետ հանդիպումներում նախագահ Սարգսյանը մշտապես ընդգծել է հետեւյալ միտքը` մենք երբեք չենք ասել, որ կգնանք ԵՄ հետ հարաբերությունների զարգացման ճանապարհով ի հաշիվ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների: Այսօր էլ Եվրամիության հետ կատարած համատեղ աշխատանքի պահպանումը եւ շարունակականությունը նույնպես կատարվում է բաց եւ թափանցիկ բոլորի համար: Այսինքն՝ պարզ, հստակ դիրքորոշում, որը թույլ է տալիս ՄՄ անդամակցման որոշումից հետո էլ ԵՄ մեր գործընկերների հետ խոսել, քննարկել հարաբերությունների զարգացման մասին՝ ընդգծելով եվրոպական վեկտորի կարեւորությունը մեզ համար:
–Տիկին Նաղդալյան, անդրադառնանք քաղաքական մեծամասնության կողմից գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկին: Հետաքրքիր է, ինչո՞ւ, այնուհանդերձ, իշխանությունը որոշեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, ինչո՞ւ մերժեց ոչ իշխանականների ավելի վաղ ներկայացված նույն առաջարկը:
-Նախ՝ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ հրապարակայնորեն հնչեցնելու ոլորտին առնչվող բոլոր խնդիրները եւ տալու դրանց պատասխանները, որպեսզի մեր հանրության մեջ չմնան անպատասխան հարցեր, կասկածներ, թե կան ինչ-որ թաքցված նյութեր կամ գործընթացներ: Նման հանձնաժողովի ստեղծումը մեզ հնարավորություն կտա համալիր վերլուծություն իրականացնել այս ոլորտում:
Իսկ թե ինչու մերժվեց ոչ իշխանականների առաջարկը, ապա պատճառը շատ պարզ է: Ընդդիմադիրներն առաջարկում էին հանձնաժողովը ստեղծել ընդամենը երկու խնդիր լուծելու նպատակով, այն է` «ուսումնասիրել Ռուսաստանիից ներմուծվող գազի դիմաց ձեւավորված պարտքի հիմնավորվածությունը, չափն ու դրա մարման օրինականությունը, եւ ուսումնասիրել գազի մեծածախ ու մանրածախ գների կազմը, կառուցվածքը»:
Մինչդեռ մեր նախաձեռնությամբ ստեղծվելիք հանձնաժողովը լայն խնդիրների շրջանակ է նախատեսում, նպատակ դնում բազմակողմանիորեն ու համապարփակ վերլուծության ենթարկել գազամատակարարման համակարգի գործունեությունը: Շեշտադրումներն ուղղվելու են սպառողների շահերի պաշտպանությանը, հետեւաբար ուսումնասիրվելու է բնական գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափումը, կորուստների հիմնավորվածությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












