10 տարի առաջ Բուդապեշտում սպանվեց ավագ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը
Տասը տարի առաջ փետրվարի 19-ին Բուդապեշտում սպանվեց ավագ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը։ Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի դատարանը 2004 թվականին դատապարտեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների մութ գործարքի արդյունքում մարդասպանը արտահանձնվեց Ադրբեջանին։ Նրան հերոսացրին։
Հայաստանի իշխանություններն անմիջապես խզեցին կապերը Հունգարիայի իշխանությունների հետ։
Սպանությունից տասը տարի է անցել, սակայն հայ սպայի կորստի վիշտը դեռ մնում է։ Երեւանում՝ Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանին կրկին թարմ ծաղիկներ կան:
Հիշատակման միջոցառմանը ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
“Գուրգեն Մարգարյան” հիմնադրամի տնօրեն Աշոտ Խեչոյանի խոսքով, թեեւ միջազգային հանրությունը դատապարտեց ադրբեջանցի մարդասպանի արտահանձնումը եւ հերոսացումն իր երկրում, սակայն հույս ունեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որին հայկական կողմը հայց է ներկայացրել, իրավական գնահատական կտա։












