Ուկրաինայի մասնատումը կանխատեսում են ավելի մեծ թվով վարլուծաբաններ
Իրավիճակի հերթական կտրուկ սրումը Ուկրաինայում ստիպում է մտորել այդ երկրի ապագայի մասին։ Եվ եզրահանգումները, ցավոք, առանձնակի լավատեսություն չեն ներշնչում։
Ուկրաինայի մասնատումն այսօր կանխագուշակում են գնալով ավելի մեծ թվով վարլուծաբաններ։ Հասկանալի է, որ ինչ-որ կանխատեսման մոդայիկ դառնալուց բնավ պարտադիր չի հետեւում, թե դա անպայման կիրականանա։ Բայց նման խոսակցությունների բուն հաճախականությունը նկատելի դեր է խաղում. Ուկրաինայի մասնատման մասին միտքը կամաց-կամաց դառնում է սովորական։
Եվ դա բնական է, քանզի գնալով ավելի դժվար է հավատալ ընդդիմության վստահեցումներին, թե իբր նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունները կհանդարտեցնեն երկիրը։ Այդ ինչպե՞ս։ Չէ՞ որ կավարտվեն հերթական արտահերթ ընտրությունները ճիշտ նրանով, ինչով եւ բոլոր նախորդները. հաղթողը մի կերպ կգոհացնի երկրի կեսին եւ կտրականապես չի գոհացնի մյուս կեսին։ Բայց չէ՞ որ դա չի՛ կարող տեւել հավերժ։
Բոլորին էլ հայտնի է, որ Ուկրաինայի տնտեսությունը ճգնաժամ է ապրում. պարտքեր, գրիվնայի արժեզրկում եւ այլն։ Պակաս հայտնի է, որ ճգնաժամն այդ ոչ թե լոկալ է, ոչ թե «ամենքի հետ էլ պատահում է» կարգի, այլ տոտալ։ Ամբողջ աշխարհում, չհաշված մի քանի աֆրիկյան պետություններ, Ուկրաինան միակ երկիրն է, որի տնտեսությունն այսօր ավելի թույլ է, քան 90-ականների սկզբին։
Ճիշտ է, 2000-ականների սկզբին երկրի տնտեսությունը սկսեց աշխուժանալ. վիճակագրությունը ցույց էր տալիս աճի լավ տեմպեր։ Բայց այդժամ տեղի ունեցավ առաջին Մայդանը, եւ վերելքը դադարեց։ Երկրորդ՝ ներկայիս Մայդանը վերջնականապես մտցրեց երկիրը փակուղի։
Անհաջողությունների գլխավոր պատճառներից դարձան, ըստ երեւույթին, նոր Ուկրաինայի սահմանները։ Այն սահմաններում, որ նրա համար նկարել է Ստալինը եւ կլորացրել Խրուշչովը, ինքնուրույն պետության համար գոյատեւելը շատ դժվար է։ Սահմաններն այդպես էին անցկացվել ազգային հարցի գիտակի կողմից նախեւառաջ հենց նրա համար, որ Ուկրաինական ԽՍՀ-ում ոչ մեկի մտքով չանցներ ապրել ինքնուրույն։
Կիեւին անցած տարածքների հավաքածուն անհնար է միավորել որեւէ այլ կերպ, բացի Ռուսաստանից անջրպետումից, ինչը բարձրացվել է ազգային գաղափարի աստիճանի։ Սկզբում սկսեցին դուրս մղել ռուսաց լեզուն եւ ռուսական դպրոցները, ծավալվեց հակառուսական տոտալ կատաղի քարոզչություն, իսկ հետո բանը հասավ նաեւ բացահայտ բենդերական ազգայնամոլության։ Ուկրաինան շարունակում էր ամեն առիթով քվեարկել երկու մասի բաժանված եւ հետադիմել։
Ընդհանրապես պատահել է, որ երկրները դուրս են եկել այդօրինակ փոսերից, եթե բավականացրել են նրանց խելքն ու համառությունը։ Տեսականորեն կարող է դուրս գալ նաեւ Ուկրաինան։ Գուցե Կիեւը կարողանա այսուհետ էլ պահել նույն երկրում ե՛ւ լեզվով, ե՛ւ բարքերով, ե՛ւ հավատքով տարբեր երկու ժողովուրդների։ Բայց առաջացած հանգամանքներում դա գնալով ավելի մեծ ջանքեր է պահանջում։
Միասնական Ուկրաինան պահպանելու համար նախեւառաջ փող է հարկավոր։ Չափազանց շատ փող. եւ նույնիսկ ամենաիդեալական դեպքում հարկավոր կլինի դա դեռ բավական երկար։ Չէ՞ որ Արեւմուտքը նույնպես չի ցանկանում Ուկրաինայի մասնատում. նա պետք է Արեւմուտքին ամբողջությամբ։ Եվ փող, կրկնում ենք, շատ փող, Արեւմուտքը ցանկության դեպքում կգտներ։ Բայց նման ցանկություն ակնհայտորեն չկա։
Գուցեեւ կտանք, ասում են նրանք, բայց միայն նոր կառավարությանը, որն արդեն անցկացրել է ժողովրդականություն չվայելող բարեփոխումներ։ Ինչպե՞ս է նման կառավարությունը գոյատեւելու քաղաքականապես։ Հիմար հարցեր մի տվեք։
Ռուսաստանին գլխավոր հովանավորի դերում հանդես գալ դժվար թե թույլ տան։ Ահա եւ ստացվում է, որ աշխարհագրական Եվրոպայի հենց սրտում ձեւավորվում է, մեղմ ասած, անկառավարելի ահռելի հողակտոր։ Դա մեծ ու չափազանց վտանգավոր գայթակղություն է, եւ շատերն արդեն հետաքրքրված են այդ երկրի տարբեր պատառներով։
Շահագրգռված երկրները պաշտոնապես շարունակում են, իհարկե, խոսել ժողովրդավարական ճանապարհով ընթացող (կամ չընթացող. կարեւոր չէ) միասնական Ուկրաինայի մասին։ Բայց իրականում տեղի են ունենում միանգամայն այլ գործընթացներ։
Այսպես. ըստ թերթերի հաղորդագրությունների, Ռումինիայում նախապատրաստել են օպերատիվ ծրագիր, որը կոչվում է «Ռոմանիա Մարե». զորքերը կմտնեն Ուկրաինայի տարածք՝ «քաոսի ահագնացման դեպքում», ըստ որում՝ առանց ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցման։ Այնտեղ ապրող ռումինացիների պաշտպանության պատրվակով, ինքներդ էլ հասկանում եք։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Ուկրաինայի հետագա ապակայունացման դեպքում Թուրքիան կարող է Ղրիմն իր կառավարման տակ առնելու ակնկալիք ունենալ։
Իսկ հունգարական իշխանությունները շարունակում են անձնագրեր բաժանել Անդրկարպատների բնակիչներին։ Երբ (եթե) հարեւանների մոտ սկսվի, Հունգարիան կկարողանա շատ ակտիվ պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները։
Եվ այդպես շարունակ՝ անվերջ։ Տեսականորեն իրադարձությունների նման զարգացման հնարավոր տարբերակները շատ են։
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա տպավորություն է ստեղծվում, թե նա առայժմ չի կողմնորոշվել՝ ինչպես պահի իրեն ուկրաինական ճգնաժամի պարագայում։
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց այս ամենից լավ հոտ չի գալիս։ Ի դեպ, հարյուր տարի առաջ՝ 1914 թվականին, անհաշիվ համաշխարհային դժբախտությունները սկսվեցին շատ ավելի աննշան առիթից։
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ












