Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

ԻՆՉ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԻՐՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ

Փետրվար 20, 2014թ. 23:51

Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, թե ատոմակայանի 1800 աշխատակիցներից 412 բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ դիմել են միգրացիոն ծառայություն, քննություն հանձնել միջուկային անվտանգությունից, որպեսզի մեկնեն Ռուսաստան եւ աշխատեն այնտեղ

«Հայոց Աշխարհ»-ը այս կապակցությամբ դիմեց ատոմակայանի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ` փորձելով պարզել, թե շրջանառվող լուրերը որքանով են համապատասխանում իրականութանը: Եթե համապատասխանում են, ապա դա ի՞նչ վտանգով կարող է հղի լինել, քանի որ ատոմակայանը երկրի անվտանգության առումով ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, եւ Աստված մի արասցե, եթե իսկապես բարձրորակ մասնագետները լքեն իրենց աշխատատեղերը, այն էլ միանգամից, եւ նրանց հնարավոր չլինի փոխարինել համապատասխան մասնագետներով, ապա լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:
Գ.Մարկոսյանը հավաստիացրեց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ մասին. աշխատակիցներից ոչ ոք նման հարցով իրեն չի դիմել։ Մինչ օրս աշխատակիցիներից ոչ ոք նաեւ հեռանալու դիմում չի ներկայացրել։

«Հնարավոր է՝ մարդիկ լինեն, որոնք ցանկանում են գնալ Հայաստանից, այդ երեւույթը կա ամբողջ երկրում եւ միայն ատոմակայանի աշխատակիցներով չի սահմանափակվում, բայց այն տեղեկությունը, որ ատոմակայանի աշխատակիցների շրջանում արտագաղթել ցանկացողների թիվը 400-ից ավելի է` հավատ չի ներշնչում:
Կարող եմ ասել, որ իմ աշխատակիցներից մեկը վերջերս գրին քարտ շահեց եւ մեկնեց Հայաստանից, բայց որեւէ տվյալ չունեմ, որ իմ` 400-ից ավելի աշխատակիցներ քննություն են հանձնել եւ արդեն ճամպրուկներն են դասավորում: Այդ ո՞վ է կարողացել նման մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկ անել, եթե անգամ ես նման հաշվարկներ չունեմ: Ինձ համար զարմանալի է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Գ.Մարկոսյանը:

Մեր այն հարցին, որ եթե այնուամենայնիվ կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումից դժգոհները ազատվեն աշխատանքից, ատոմակայանը լուրջ խնդիրներ կունենա՞, Գ.Մարկոսյանը պատասխանեց, որ իրենք միշտ էլ պահուստային կադրեր են նախատեսում` արտակարգ իրավիճակների դեպքում թափուր տեղերը նոր մասնագետներով համալրելու համար:
«Աստված մի արասցե, որ զանգվածային ազատումներ լինեն, սակայն անգամ այդ դեպքում մենք հեռացողներին փոխարինելու համապատասխան կադրեր ունենք: Բայց այս պահին ատոմակայանը թափուր աշխատատեղեր չունի: Հակառակ դրան, աշխատանքի ընդունվելու բազմաթիվ դիմումներ ենք ստանում, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետներից, միայն թե ստիպված ենք լինում մերժել:

Իսկ եթե թափուր աշխատատեղեր են լինում կարեւորագույն մասնագիտությունների գծով, մրցույթներ են հայտարարվում, որոնց մասնակցում են առնվազն 10-12 հոգի: Նրանցից ընտրում ենք մարդկանց, որոնք աշխատանքի են անցնում մեզ մոտ, իսկ մյուսներին հերթագրում ենք. եթե աշխատատեղեր բացվեն, նրանց կհրավիրենք աշխատելու: Այնպես որ կարեւորագույն հաստիքների համար ռեզերվ ունենք»,- մեր անհանգստությունը փարատեց ատոմակայանի տնօրենը:

Երբ հետաքրքրվեցինք, թե մարդկանց դժգոհությունները մեղմելու համար ղեկավարությունը չի՞ պատրաստվում բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը, ինչը խոստացել են օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին, Գ.Մարկոսյանը նկատեց, որ բոլոր բարձրացումները լինելու են ժողովրդի հաշվին. «Սիրով կբարձրացնեմ աշխատակիցների աշխատավարձը, միայն թե էլեկտրաէներգիան պետք է ավելի թանկ վաճառեմ, որ տամ իրենց: Իսկ դա կարվի ժողովրդի հաշվին»:
Մենք զանգահարեցինք նաեւ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն, որպեսզի պարզենք՝ ատոմակայանի աշխատակիցներն այնտեղ ի՞նչ քննություն են հանձնել եւ Ռուսաստանում հաստատվելու թույլտվություն ստացել: Ինչպեսեւ սպասում էինք` միգրացիոն ծառայությունից մեզ տեղեկացրին, որ իրենք նման քննություններ ընդունելու եւ մարդկանց ՌԴ արտագաղթելու կամ արտագնա աշխատանքի մեկնելու թույլտվություն տալու իրավասություն չունեն:

Ատոմակայանի աշխատակիցների արտագաղթի մասին լուրերը հերքեցին նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից` հայտնելով, որ իրենք նման տեղեկություններ չունեն, եւ որ ատոմակայանի բոլոր աշխատակիցներն աշխատում են, եւ աշխատանքն այնտեղ չի խափանվել:
Երեկ մեզ հաջողվեց նաեւ կապ հաստատել ատոմակայանի աշխատակիցներից մեկի հետ: Նա տեղեկացրեց, որ երիտասարդ աշխատակիցների շրջանում իրոք Հայաստանից Ռուսաստան արտագաղթելու տրամադրություններ կան, ինչի մասին խոսում են միայն իրենց ներքին խոհանոցում: Շատ երիտասարդներ իրոք քննություն են հանձնել Ռուսաստանում աշխատանք ստանալու համար, բայց ոչ թե ՀՀ միգրացիոն ծառայությունում, այլ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունում, որը սատարում է մեր այն հայրենակիցներին, որոնք պատրաստակամություն են հայտնում մեկնել Ռուսաստան։
Ըստ մեր աղբյուրի` ատոմակայանի երիտասարդ աշխատակիցների մի մասն արդեն մեկնելու առաջարկ է ստացել, իսկ մյուս մասը հերթագրված է միգրացիոն ծառայությունում։

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն