ՀՀ -ՌԴ հարաբերություններում ամեն ինչ կարելի է կարգավորել արդյունավետ բանակցելով
Հարցազրույցը “Ռուս-հայկական համագործակցություն” ՀԿ նախագահ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ
–Երբ Հայաստանը հայտ ներկայացրեց ՄՄ անդամակցման, դուք այսպիսի կարծիք հայտնեցիք, թե պետք է կարողանանք մեր ազգային, քաղաքական ու տնտեսական շահերը համոզիչ, ընկալելի ներկայացնել ոչ միայն գիտաժողովներում, այլ միջկառավարական, միջխորհրդարանական հարաբերություններում, հակառակ դեպքում դրանք կմնան կոնֆերանսների սրահներում: Այսօր ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, մեզ հաջողվո՞ւմ է արդյունավետ աշխատանք իրականացնել:
-Ես հաճախ եմ բարձրաձայնում այս կարևոր հարցը՝ աշխատել համակարգված, ու մեր կարևորագույն հարցերով ձեւավորել հայկական օրակարգ, իսկ դրա համար մեր պետական օղակները պետք է սփյուռքի հետ աշխատեն համակարգված, աշխատանքի ճիշտ բաժանում պետք է լինի, որպեսզի ունենանք մեկ թիրախ եւ բոլոր քայլերով`մեծ թե փոքր, հարվածենք այդ թիրախին: Կարծում եմ, որ մենք գնում ենք այդ ճանապարհով:
2013-ի դեպկտեմբերի 24-ին ստորագրվեց Մաքսային միությանը Հայաստանին միանալու ճանապարհային քարտեզը, այն համալիր փաստաթուղթ է, որը ենթադրում է ոչ միայն ՄՄ հիմնադիր փաստաթղթերին միանալու կարևորագույն գործընթաց, այլև Հայաստանի քաղաքական, տնտեսական շահերը պաշտպանելու հնարավորություն ու մեխանիզմ: ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան կատարած այցի ժամանակ խոսվեց ՄՄ անդամակցման գործընթացի շրջանակներում Հայաստանի համար նպաստավոր մի շարք տնտեսական արտոնությունների մասին: Մասնավորապես, վերացվեց Հայաստան ներկրվող բնական գազի 30 տոկոս կազմող մաքսատուրքը, ինչը առաջիկա 5 տարում կայուն ու կանխատեսելի է դարձնում գազի գինը Հայաստանում: Բայի այդ, նավթամթերքներն ու չմշակված ադամանդը ևս ազատվեցին մաքսատուրքից: Սա Հայաստանի համար բավական մեծ նշանակություն կունենա, միայն էներգակիրների արտոնյալ գների առկայության պարագայում, ըստ տնտեսագիտական հաշվարկների, առաջիկա տարիներին Հայաստանը կունենա մոտ 150 մլն դոլարի եկամուտ, իսկ մեր տնտեսական աճը մոտավորապես կկազմի 4 տոկոս:
-Սակայն կան նաև ռիսկեր, որոնք պակաս մտահոգիչ չեն, խոսքս հենց մաքսատուրքերին է վերաբերվում. կխնդրեի անդադառնայիք նաև ռիսկերին:
-Այո, այդպիսիք կան, սակայն տեսեք, թե ո՞րն է հարցը: Երբ Հայաստանն անդամագրվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, դրա արդյունքում մեզանում գործեցին ամենացածր կամ միջին մաքսատուրքերը: Մինչդեռ մաքսատուրքերը բավական բարձր են սահմանված Մաքսային միությունում, և դա Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելոռուսի տնտեսության պաշտպանությանը միտված քայլ է: Հիշեցնեմ, որ երբ ՌԴ-ն դարձավ ԱՀԿ անդամ, գյուղատնտեսության ոլորտում հայտարարեց յոթ տարվա անցումային շրջան ու մի շարք ապրանքների վրա սահմանեց բարձր մաքսատուրք: Հասկանալի է, որ Ռուսաստանը դա արեց ի պաշտպանություն սեփական գյուղատնտեսական ապրանքներ վերամշակող ձեռնարկությունների: Եվ դա նորմալ երևույթ է: Երբեմն հայաստանյան փորձագիտական շրջանակներ հնչեցնում են կատեգորիկ հայտարարություններ, թե տեսեք, ԱՀԿ-ի սահմաններում մաքսատուրքերը ցածր են, մինչդեռ ՄՄ-ում բարձր: Պետք չէ նման մոտեցմամբ ինքներս մեզ կաշկանդենք, մտածենք, թե ՄՄ-ում մաքսատուրքը բարձր է ու ոչինչ չձեռնարկենք: Բայց չէ՞ որ ամեն ինչ կարելի է կարգավորել նաև արդյունավետ բանակցելով: Մենք պետություն ենք ու պետք է կարողանանք անհրաժեշտ չափով բանակցել և ստանալ մեզ համար արդյունավետը:
Այս պահին ընթանում է մաքսատուրքերի համաձայնեցման գործընթաց, որը բավական աշխատատար է, բայց այն մեր երկրին իրական շահույթ ապահովող գործընթաց է: Հայաստանը ներկայացնում է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց նկատմամբ կսահմանվի հնարավորինս ցածր մաքսատուրք, իհարկե, առանց երրորդ երկիր արտահանելու իրավունքի: Այսինքն, Հայաստանը , օրինակ, Իրանից կամ մեկ այլ երրորդ երկրից կներկրի իր համար անհրաժեշտ ապրանքներ՝ ցածր մաքսատուրքով, բայց որպեսզի ՄՄ անդամ մյուս երկրների շուկան դրանից ապահովված լինի, կստորագրի համաձայնագիր, որով հիշյալ ապրանքատեսակները կմնան Հայաստանի տարածքում և չեն արտահանվի ՄՄ անդամ երկրներ:
Հայաստանը որպես ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ, այժմ էլ անդամակցելով ՄՄ-ին, ապա և Եվրասիական տնտեսական միությանը, բնականաբար, ունի հստակ ակնկալիքներ, որոնց կցանկանամ անդրադառնալ: Առաջինը, ՌԴ-ի հետ համագործակցության արդյունքում այսօր Հայաստանը ոչ միայն կստանա վարկեր, այլև ուղիղ ներդրումներ կարվեն մեր երկիր: Ի դեպ, Հայաստանի տնտեսության մեջ ուղիղ ներդրումների ծավալով Ռուսաստանի մասնակցությունը կազմում է 41 տոկոս: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը առավելաչափ պետք է այս ուղղությամբ աշխատի: Արդեն իսկ կա առաջին ծրագիրը, «Ռոսնեֆտե ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր՝ <Նաիրիտ> գործարանի տարածքում կկառուցվի նոր քիմիական գործարան: Երկրորդ, ՄՄ անդամակցումից Հայաստանն ունի նաև տրանսպորտային ակնկալիքներ. Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, Վրաստանի արտաքին քաղաքականության վերանայումից հետո աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը և Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը: Այս տրանսպորտային փաթեթը ոչ միայն Հայաստանի համար է շահավետ, այլև Մաքսային միության, քանի որ այն առավել մրցունակ է դարձնում ՄՄ հարվային թևը: Այսպիսով, ստանալով արտոնյալ էներգակիրներ ներկրելու հնարավորություն, ակնկալելով ռուսաստանյան ուղիղ ներդրումներ Հայաստանի կառավարությունը պետք է իր հիմնական շեշտը դնի, նախ, տրանսպորտային կոմունիկացիաների զարգացման վրա, ինչպես նաև, երկրի տնտեսությունն ու արդյունաբերությունը պաշտպանելու համար կարողանա բանակցությունների արդյունքում ապահովել առանձին ապրանքատեսակաների ցածր մաքսատուրքով մուտքը Հայաստան:
-Ի՞նչ կասեք վերջին շրջանում ՌԴ միգրացիոն քաղաքականության մեջ իրականացված փոփոխության մասին, ինչը բավական անհանգստություն առաջացրեց հայ աշխատանքային միգրանտների շրջանում:
-Ռուսաստանը, երբ իր ներսում կատարում է այս կամ այն օրենսդրական փոփոխությունը, բնականաբար, առանձին երկրների համար հատուկ հաշվարկ չի անում: Ու մենք ոչ թե պետք է նստենք և դժգոհենք, թե այդ երկիրը ինչո՞ւ է նման օրենսդրություն մշակում, այլ միջպետական հարաբերությունները ճիշտ օգտագործելով պաշտպանենք մեր հայրենակիցների շահերը: Տեսեք, Հայաստան-ՌԴ միգրացիոն հարաբերությունները կարգավորող երեք փաստաթղթերը կնքվել են 20 տարի առաջ: Բայց չէ՞ որ այս ընթացքում շատ բան է փոփոխվել ու դրանք այլևս չեն արտացոլում նոր իրողությունները: Ավելին, ՌԴ-ն 2012-ին ընդունել է միգրացիայի պետական հայեցակարգ, ուրեմն երկկողմ փաստաթղթերը վերաթարմացնելու անհրաժեշտություն կա:
Ռուսաստանը միգրանտների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, հետևաբար, միգրացիոն հարցերը առաջիկա տասնամյակներում լինելու են այդ երկրի ուշադրության կենտրոնում: Հիմա տեսնենք, թե ՌԴ-ն ի՞նչ է նախատեսում այս հայեցակարգով: Նախ սահմանեց այսպիսի կարգ` երկրի մուտքի սահմանափակում երկու վարչական խախտում կատարած միգրանտների նկատմամբ: Երկրում 3 մլն-ից ավելի միգրանտներ կան, և միգրացիոն բազայով չեն երևում, թե նրանք ինչո՞վ են զբաղված, այդպիսիք չունեն ո՛չ աշխատանքային պայմանգիր, ո՛չ կեցության իրավունք: Դեկտեմբերին ևս մեկ փոփոխություն կատարվեց ու մտցվեց ՌԴ տարածքում աշխատանքային ներգաղթյալների` առանց ելքի առավելագույնը 90 օր մնալու թույլտվությունը:
Հայաստանի պաշտոնյաները, մամուլը կենտրոնացել են այս 90-ը 180 օրվա կամ 6 ամսվա փոփոխման վրա: Բայց սա չէ խնդիրը, ի վերջո, 90 օրն էլ բավարար է, որ մարդը աշխատանքային պայմանագիր կնքի, կեցության իրավունք ձեռք բերի : Իհարկե, ճիշտ է, որ մեր ղեկավարները փորձում են բանակցել ու արտոնյալ պայմաններ ապահովել մեր հայրենակիցների համար, բայց խնդիրն այլ է: Բանն այն է, որ կատարված փոփոխություններից հետո մուտքի իրավունքի սահմանափակումը` 3, 7, 10 տարի, տարածվում է 175 000 ՀՀ քաղաքացիների վրա: Ուրեմն, ոչ թե 90 օրը պետք է 180 դարձնել, այլ լուծել մարդկանց մուտքի իրավունքի խնդիրը:
-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ առաջարկ ունենք այս հարցում:
-Ես առաջարկել եմ, որ ՀՀ նման քաղաքացիների նկատմամբ կիրառվի համաներում ինչը կիրականացվի կա՛մ միջպետական նոր համաձայնագրի կնքումով, կամ գործող օրենսդրության մեջ առանձին հավելված մտցնելով, որն առավել կարճ ճանապարհ է: Այդ կերպ կկարողանանք մեր հայրենակիցների համար ապահովել դեպի ՌԴ մուտքի առանձին ռեժիմ: Միաժամանակ, պետք է բացատրական աշխատանք տանել, որ մեր աշխատանքային միգրանտներն անպայման կնքեն աշխատանքային պայմանագրեր: ՄՄ անդամակցումից հետո կեցության ժամկետների խնդիրը դուրս կմղվի , քանի որ ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի ներքին ռեժիմը: Ուրեմն, հարցը պետք է կարգավորել ոչ թե մեղադրական ոճով հայտարարություններ անելով, թե ինչո՞ւ է Ռուսաստանը փոխում սեփական օրենսդրությունը, հակահայկական որոշում կայացնում, կամ էլ պահանջենք մեր հանդեպ հատուկ վերաբերմունք դրսևորել, այլ այդ <հատուկին> պետք է հասնենք երկու ուղղություններով՝ միջպետական հարաբերություններով և ինտեգրացիոն միավորումների՝ ԱՊՀ-ի , ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության խորհուրդների միջոցով, քանի որ բոլոր ինտեգրացիոն միավորումներին կից գործում են միգրացիոն կոմիտեներ և հենց այստեղ է, որ Հայաստանը պետք է ակտիվ աշխատանք կատարի:
–Պարոն Նավոյան, մինչ Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է ՄՄ անդամակցմանը, զուգահեռաբար խոսվում է այն մասին, թե այս կառույցն այլևս չի գործելու, քանի որ ևս երկու շաբաթ և կձևավորվի Եվրասիական միությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նախ, այստեղ մտահոգող բան չկա, քանի որ Եվրասիական տնտեսական միությունը հիմնվելու է ՄՄ -ի վրա: Խնդիրը մեկ այլ տեղում է. մեզ համար շահեկան կլինի, եթե Հայաստանը Եվրասիական միության անդամ դառնա ՄՄ հիմադիր անդամ լինելուց հետո, հակառակ դեպքում մենք գործընթացներից բավական հետ կընկնենք: Շտապողության նպատակն էլ հենց այն է, որ հնարավորինս արագ անդամակցելով ՄՄ-ին ու լինելով վերջինիս հիմնադիր անդամը նույն կարգավիճակով Հայաստանը մտնի նաև Եվրասիական միություն: Դրա համար էլ ներկայումս ինտենսիվորեն գնում է ՀՀ-ի ՄՄ անդամակցման գործընթացը:
–Ինչպես եք գնահատում Հայաստանի կառավարության աշխատանքը:
– Դրական, և՛ էկոնոմիկայի, և՛ ֆինանսների նախարարությունները, բոլոր աշխատանքային խմբերը ինտեսիվ շփման մեջ են իրենց ՌԴ գործընկերների հետ: Բայց այդ ամենով հանդերձ մենք պետք է լինենք առավել ակտիվ ու նախաձեռնող, ոչ ոք մեր ձեռքերը չի կապում ու մեր քայլերը չի կաշկանդում, իսկ մեր ակտիվ աշխատանքն առավելապես պետք է իրականացնենք երկու հարթություններով, մեկը միջպետական հարաբերությունների խողովակն է, մյուսը ինտեգրացիոն միավորումները՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵվրԱզԵս:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












