ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՎԵԼՈՐԴ ՌԵՎԵՐԱՆՍ ԱՐԵՑ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ
Մեզանում այլևս ավանդույթ է այն, որ Հայաստանի առաջին ու երկրորդ նախագահների ելույթները երկարատև քննարկումների առարկա են դառնում, և դա իհարկե, լավ է, եթե ասելիքն աչքի է ընկնում երկրի համար օգտակար ու ոչ ստանդարտ դիտարկումներով: Սակայն, մարտի 1-ի ՀԱԿԿ հանրահավաքին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նոր խոսք ու ասելիք չբերեց, թերևս պատճառն այն էր, որ, ինչպես անկեղծացավ Տեր-Պետրոսյանը, ամեն ինչ “արդեն իսկ ասված էր ուրիշների կողմից:: Սակայն առաջնորդվելով “կրկնությունը գիտության մայրն է” սկզբունքով, ՀԱԿ առաջնորդն այնուհանդերձ չշրջանցեց “փոթորկալից իրադարձություններն” ու նախընտրեց “որոշ արձանագրումներ” կատարել:
Ներկայացնում ենք մեր զրուցը քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ
-Հայաստանի ՄՄ անդամակցման առաջին իսկ փուլից խոսվում է այն մասին,որ այս կառույցին Հայաստանի հնարավորինս արագ անդամակցման նպատակներից մեկն այն է, որ ՄՄ-ում, ապա և ձևավորվելիք Եվրասիական միությունում մեր երկիրը հանդես գա հիմնադիր անդամի դերում: Ուրեմն, որքանո՞վ է արդարացի առաջին նախագահը, ասելով, թե “Հայաստանը ՄՄ է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով”:
-Ես համակարծիք չեմ նրա այս գնահատականի հետ: Թևածող այն կարծիքը, թե Հայաստանին մտրակով են քշել ՄՄ, միանգամայն սխալ է: Բացատրեմ, թե ինչու: Հայաստանը հրաժարվեց ստորագրեց ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը և նախընտրեց ՄՄ անդամակցումը ելնելով իր անվտանգությունից, քաղաքական և տնտեսական շահերից: Իսկ ՄՄ-ն տնտեսական կազմավորում լինելով այն իր մեջ ունի հստակ քաղաքական երանգներ: Ուրեմն, այստեղ խոսք լինել չի կարող Հայաստանի իրավունքների կրճատման, ստրկացման , ձայնազուրկ լինելու մասին: Իրականում Հայաստանը մուտք է գործել ինտեգրացիոն մի տարածք, որում ամրապնդել է իր անվտանգությունը ու նաև իր տարածաշրջանային քաղաքական շահերը: Եթե խոսում են ձայնազուրկ լինելու մասին, ապա պետք է կոնկրետ նշեն, թե Հայաստանի ձայնը այդ ո՞ր հարցի շուրջ հաշվի չի առնվում: Բայց այդ մասին, գոնե այսօր, վաղ է խոսելը. նախ մեր երկիրը պետք է մուտք գործի ՄՄ, ապա այնտեղ ինչ-որ խնդրի վերաբերյալ իր ձայնը բարձրացնի, ու եթե մեր ձայնը հաշվի չառնվի, այդ դեպքում միայն կարելի է նման հետևության հանգել: Իսկ երբ այսօր մենք դեռ ՄՄ անդամ չենք ու չենք մասնակցում որոշումների կայացմանը ինչպե՞ս կարող ենք խոսել ձայնազուրկ լինելու մասին: Այս պահին նման կանխատեսումներ անելը ճիշտ չեմ համարում:
–Արևմտամետ, լիբերալ գործիչ Լևոն Տեր-Պետրասյանը Արևմուտքից լիովին հիասթափված հայացքն այժմ հառել է դեպի հյուսիս` Ռուսաստան: Իր ելույթում էլ նա պարզորոշ նշեց` Կոնգրեսը իր քաղաքական հաշվարկները կատարելիս այսուհետև պետք է “դուրս գա ՄՄ անդամակցման անժխտելի իրողությունից”: Փաստորեն, ՀԱԿԿ առաջնորդը հստակ մեսիջներ է հղում Մոսկվային, և այսօրվանից փորձում հուշել, թե հայաստանյան ո՞ր քաղաքական ուժը կարող է Կրեմլի համար լինել “վստահելի” գործընկեր: Ինչպե՞ս կբնութագրեք Տեր-Պետրոսյանի նման պահվածքը:
-Այն միանգամայն հասկանալի է, փաստն այն է, որ այսօր Հայաստանն ամբողջությամբ գտնվում է ռուսական ազդեցության գոտում` թե’ տնտեսապես, թե’ քաղաքականապես ու ռազմաքաղաքանապես: Միաժամանակ, ակնհայտ է, որ մեր երկիրը գտվելով պատերազմական իրավիճակում չի կարող լիովին ազատ լինել իր արտաքին քաղաքականության մեջ: Այս ամենը նկատի ունենալով, կարելի է հասկանալ Տեր-Պետրոսյան քաղաքական ուժի ղեկավարի կեցվածքը: Նա հրապարակավ ասում է, որ ինքը գիտակցում է ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի հետ երկխոսության տեղ թողնում, որպեսզի, երբ գա հնարավոր իշխանափոխության պահը իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժը ստանա Ռուսաստանի աջակցությունը:
Ի դեպ, սխալ է տպավորությունը, թե Տեր-Պետրոսյանը արևմտամետ է ու միայն այսօր է 150 աստիճանով թեքվել դեպի Ռուսաստան, դառնալով ռուսամետ գործիչ: Նա Եվրոպայից հիասթափվեց 2008-ի, 2012-ի ու 2013թթ. ընտրություններից հետո, երբ եվրոպական բոլոր կառույցները մեղմ քննադատությամբ ճանաչեցին Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը: Հիշենք, որ երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն էր, որ բոլոր ուժային կենտրոններից շնորհավորանքներ էին ուղղվում Հայաստանի նախագահին` վերընտրության առիթով: Եվ դրանից անմիջապես հետո Տեր-Պետրսյանի բազմաթիվ ելույթներում տեղ գտավ քննադատությունը` ուղղված, այսպես կոչված, եվրոբյուրոկրատների երկակի քաղաքականությանը: Հետևաբար, այսօր այլևս չենք կարող ասել, որ Տեր-Պետորսյանը արևմտամետ գործիչ է: Ավելին կարելի է ասել, որ նրա արևմտամետությունը վաղուց է կոտրվել:
Քաղաքական ուժն իր պրագմատիկ շահերից ելնելով, հարմար պահին ընդունում է համապատասխան որոշում, սա քաղաքական պարզ տեխնոլոգիա է, որը միայն հայկական երևույթ չէ, բոլոր երկրներում է այդպես: Ինչպես արևմտյան սոցիալ- դեմոկրատական գործիչներն էին ասում` ծրագիրը պետք է փոխել ամեն ժամ, եթե փոխվում է քաղաքական իրավիճակը` ելնելով քաղաքական ուժի շահերից: Գուցե կարելի է խնդիրը բարոյական արժեքների հարթությունում դիտարկել, նկատելով, թե Տեր-Պետրոսյանը փոխում է իր գաղափարը, սկզբունքները, բայց քանի որ դա քաղաքագիտական առումով նորմալ երևույթ է, հետևաբար նման դիտարկումը կարող է ընկալվել պարզունակ:
-Հաճախ են ընդդիմադիրները հայտարարում, թե երկրում լիովին հասունացել է իշխանափոխության պահը և կան դրա նախադրյալները. այդ մասին հայտարարեց նաև առաջին նախագահը: Որպես քաղաքագետ համակարծի՞ք եք նման դիտարկման հետ:
-Միանգամից ասեմ, որ ներկայումս Հայաստանում նման խնդիր չկա, քանի որ երկրում չկա քաղաքական ճգնաժամ, իսկ իշխանափոխության համար պետք է լինեն շատ լուրջ սոցիալական, քաղաքական ընդվզումներ: Մինչդեռ, կրկնում եմ, Հայաստանում առայժմ դրա ռեսուրսը չկա ու չի լինի, քանի դեռ լուծված չէ ԼՂ հակամարտությունը: Կա մի կարևոր հանգամանք ևս, մեր հասարակության մի զգալի հատվածը շատ լավ է գիտակցում, որ ներքաղաքական լարվածության, քաղաքացիական բախումների, առճակատումների արդյունքում Հայաստանը կարող է շատ արագ կանգնել կործանման եզրին: Այս ամենի գիտակցումը մեր երկիրը հեռու է պահում քաղաքական ցնցումներից:
–Մինչդեռ Տեր-Պետրոսյանը ոչ միայն մեր երկրում հասունացած համարեց իշխանափոխությունը, այլև դերաբաշխում կատարեց` դրանում կարող դեր տալով խոշոր գործարարներին, ապա ընդգծելով Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, կատարեց այսպիսի համեմատություն` “Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, Ռենատ Ախմետովի, Սերգեյ Տիգիպկոյից”։
-Սա ընդամենը քաղտեխնոլոգիա է, ուրիշ ոչինչ, նպատակը պարզ է, որպեսզի հարկ եղած դեպքում ՀԱԿԿ-ն ստանա օլիգարխիկ գործիչների աջակցությունը: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը մոռանում է, որ իր նշած քաղաքական գործիչները գործել են այլ երկրներում` Վրաստանում և Ուկրաինայում, ուր իրավիճակն այլ էր, նրանց առաջ էլ բոլորվին այլ խնդիր էր դրված: Միաժամանակ, այդ գործիչներին շատ հստակ ցուցաբերվել է արտաքին աջակցություն այնպիսի հզոր ուժային կառույցներից ինչպիսին է ԱՄՆ-ը, Եվրամիությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը մոռանում է նաև, որ նշված գործիչներն իրենց երկրներում իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա չեն կազմել, մինչդեռ ՙԲարգավաճ Հայաստանն՚ ու նրա նախագահ Ծառուկյանը արմատական ընդդիմություն չեն, ավելին, ԲՀԿ-ն ոչ վաղ անցյալում իշխող քաղաքական ուժի հետ կազմել է կոալիցիա: Մեկ հիշեցում ևս, ԲՀԿ-ն երբեք չի հայտարարել իշխանափոխության մասին: Հետևաբար, Գագիկ Ծառուկյանին իշխանափոխության գործառույթ վերագրելը նշանակում է ավելորդ ռևերանսներ անել նրա հասցեին:
-Իսկ, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի դերակատարումը, իրոք, նրանց քայլերը ՙհետևողական ու համակարգված՚ են, և, ինչպես հույս է փայփայում առաջին նախագահը, քառյակն ի զորու է հասնել Հայաստանի քաղաքական համակարգի արմատական վերափոխման։
-Այն, որ ներկայիս խորհրդարանը որոշակի որակական փոփոխության է ենթարկվել, համաձայն եմ, քանի որ այսօր մենք ականատես ենք փոքր կուսակցությունների միասնական գործունեությանը, մասնավորաբար, դա արտահայտվում է որոշակի հարցերի շուրջ քննարկումների ժամանակ: Բայց դա հիմք չի տալիս ավելին պնդելու, թե այդ 4 կուսակցությունները կարող են երկրի քաղաքական համակարգի արմատական փոփոխման սկիզբը դնել, ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորել, քանզի դրա համար նրանք չունեն ոչ’ որակական, ոչ քանակական ներուժ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












