Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախն ու Ղրիմը խորհրդային ղեկավարների ստեղծած հիմնախնդիրն են

Մարտ 6, 2014թ. 02:30

9Վերջին տասնամյակում աշխարհում ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա հակամարտությունների լուծման ակտիվացող գործընթացը ապացուցում է, որ ինքնորոշումը միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքներից է, և դա մեզ լավատեսություն է ներշնչում, թե հեռու չէ այն օրը, որ ինքնորոշված Արցախը, վերջապես, իր տեղը կգրավի ճանաչված պետությունների շարքում: Դա է պատճառը, որ այսօր ինքնորոշման ձգտող Ղրիմի շուրջ ծավալվող գործընթացներն առավել ակտիվ քննարկման առարկա են դարձել Հայաստանում ու Արցախում:
Թեմայի շուրջ է մեր զրույցը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ

Մարտին 30-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը պատրաստվում է հանրաքվեի միջոցով իրացնել ազգերի ինքնորոշման իր իրավունքը: Փաստորեն, Ղրիմն այսօր փորձում է գնալ այն ճանապարհով, որով 22 տարի առաջ գնաց արցախահայությունը: Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում ի՞նչ զուգահեռներ եք նկատում:

-Այն, որ երկուսն էլ խորհրդային կայսրության տարիներին ստեղծված հիմնախնդիրներ են: Անցած դարի սկզբին, 1921 թվականին բոլշևիկները Լեռնային Ղարաբաղը ապօրինաբար բռնակցեցին Խորհրդային Ադրբեջանին, իսկ տասնամյակներ անց ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը առանց իրավաբանական անհրաժեշտ ձևակերպման, առանց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման, այսինքն` կամայականորեն Ղրիմը հանձնեց Ուկրաինային: Հետևաբար, Արցախի ու Ղրիմի դեպքում գործ ունենք խորհրդային կարգերի օրոք, խորհրդային ղեկավարության կողմից իրականացված կամայական հանձնման ակտերի հետ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապա այն օրինականորեն ինքնորոշված, իսկ այսօր արդեն կայացած պետականություն է: Ավելին, Ղարաբաղն իր կայացվածության մակարդակով ավելի բարձր է, քան Ադրբեջանը:
Մինչ Ղրիմի Ինքնավար Հանրապետության կողմից ինքնորոշման հայտ ներկայացնելը, հիշենք, որ 2008-ին դարձյալ նման դեպքեր են եղել, նկատի ունեմ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, որոնց առնչությամբ, սակայն, Ռուսաստանը շատ հպանցիկ, ընդամենը մեկ, երկու անգամ է խոսել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին, փոխարենը, հիմնականում շեշտում էր այն հանգամանքը, թե Ռուսաստանը փրկում է աբխազներին ու օսերին ցեղասպանությունից: Մինչդեռ այսօր Ղրիմի պարագայում արդեն Ռուսաստանը ոչ թե միջնորդավորված է փորձում միջամտել խաղին, այլև անմիջականորեն, ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը հենց ինքն է տոն տալիս ինքնորոշման այն գործընթացին, որ տեղի է ունենում Ղրիմում:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Պուտինը հնչեցրեց այսպիսի հայտարարություն. ՙԱզգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքներից է, եւ տվյալ տարածքում բնակվող հանրությունը ինքը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը, հետեւաբար, Ղրիմի բնակիչները իրենք պետք է վճռեն տարածաշրջանի ապագան՚. սա այն է, ինչի մասին 22 տարի շարունակ հայտարարում ու իր քայլերով փորջում հաստատել արցախահայությունը: Ղրիմի ինքնորոշման դեպքում ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ արցախյան խնդրում:

-Իհարկե, նման զուգահեռներ անցկացնելը լավ է, այսպիսի փաստերը մենք կարող ենք օգտագործել մեր քարոզչության մեջ, նաև ռեալ քաղաքականության ու դիվանագիտական հարաբերություններում: Բայց կա մեկ այլ հանգամանք. Կոսովոյի օրինակը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը նման հարցերում ոչ միայն երկակի, այլև եռակի ստանդարտներ է կիրառում: Արևմուտքը հայտարարեց, թե Կոսովոյի անկախացումը առանձնահատուկ դեպք է, որպեսզի այն ոչ մի կերպ չկապի ո’չ ազգերի ինքնորոշման իրավունքի, ոչ էլ նույնիսկ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ: Ամբողջ մի երկիր քանդեցին` որևէ սկզբունքի անուն չտալով, իսկ եթե ինչ-որ սկզբունքի անուն տրվեր, ապա դա կարող էր լինել միայն մեկը` ՙքաղաքական նպատակահարմարությունը՚: Ղրիմի դեպքում, սակայն, տարբեր հղումներ են արվում, տարբեր օրինակներ են հնչեցվում, կարևորվում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց ես մտավախություն ունեմ, որ իր տարբերություն Ղրիմի Պուտինը նույնը կանի Ղարաբաղի պարագայում:
Չմառանանք, որ Ղրիմը Ռուսաստանի համար շատ կարևոր տարածք է, ի վերջո, պատմականորեն իրենն է, իր կարևորագույն ծովային հանգրվանը, ու եթե Ռուսաստանն իր իսկ տարածքի համար կարող է նման քայլերի գնալ, ես չեմ կարծում, որ նա կարող է նույնքան փութաջան լինել նաև Ղարաբաղի պարագայում, չնայած մենք ռազմավարական դաշնակիցներ ենք: Չմոռանանք նաև, որ ղարաբաղյան խնդրի լուծման հիմքում դրված է ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքը, այլև Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչն, ի դեպ, արվեց Արևմուտքի պարտադրանքով ու նախաձեռնությամբ: Հետևաբար, այն կարծիքին չեմ, որ Ղրիմի խնդրից անմիջականորեն կբխի ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը: Իսկ եթե հանկարծ, ՌԴ նախագահը որոշի նաև արցախյան հիմնախնդրի հարցում այդչափ սկզբունքայնորեն պնդել ազգերի ինքնորոշման կարեւորագույն սկզբունքը, կնշանակի, Ռուսաստանն այնքան է հզորացել, այնքան է իրեն ինքնավստահ զգում, որ ոչ միայն Ղրիմի, այլև Արցախի հարցում կարող է հակադրվել Արևմուտքին ու գնալ ինքնուրույն քայլերի: Այդ դեպքում միայն մեկ բան կմնա ինձ ասել կեցցե’, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

-Հայտնի է, որ Պուտին-Մերկել հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել հետևյալի շուրջ` Ղրիմի հակամարտությունը հանձնել հատուկ այդ նպատակով ԵԱՀԿ-ի կողմից ստեղծվելիք միջնորդական խմբի մոնիտորինգին։ Անգամ այս հարցում սցենարը նույնանում է ղարաբաղյան գործընթացների հետ:

-Այո, սա ևս ղրիմյան գործընթացները հունի մեջ դնելու մի նախագիծ է, ինչպես արվում է ղարաբաղյան հինախնդրում: Այս քայլով Արևմուտքը նպատակ ունի շոշափել ու համոզվել` ինչպե՞ս կարող է օգտվել այդ նախագծից ու ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, իր հերթին Ռուսաստանը ևս կփորձի նույնը խաղարկել: Մի խոսքով, այդ միջնորդական խմբի ստեղծման նպատակը մեկն է` կողմերն ուզում են ժամանակ շահել, և ուրիշ ոչինչ:

Տեղեկատվությունը, թե Խարկովը, Լուգանսկը, Դոնեցկը եւ ռուսալեզու մյուս մարզերը ևս նպատակ ունեն ընթանալու Ղրիմի ճանապարհով, թույլ չի՞ տալիս ենթադրելու, որ այս ամբողջ գործընթացը, այնուհանդերձ, շրջադարձային նշանակություն կունենա հետխորհրդային տարածքի հակամարտությունների վրա։

-Այո, կարող է շրջադարձային դեր ունենալ, քանի որ սրանք այն կետերն են, խոսքս ռուսալեզու մարզերի մասին է, որոնց հարցում Ռուսաստանը կդադարի վարել նահանջի քաղաքականություն, մինչդեռ առ այսօր նա նահանջում էր: Իսկ թե որքանո՞վ մեր ռազմավարական գործընկերոջ նոր, համարձակ քաղաքականությունը կլինի նաև մեզ համար հուսադրող` դժվար է ասել, ցավոք, Ղարաբաղի պարագայում կան այլ բարդ խաղեր ու գործոններ:

Ակնարկում եք ադրբեջանաթուրքակա՞ն գործոնը:

-Այո, մի կողմից ադրբեջանական նավթի, մյուս կողմից թուրքական քաղաքականության գործոնը ունեն իրենց լուրջ ազդեցությունը: Շատ բան կախված է նաև ընթացող զարգացումներից, թե այս իրավիճակում ինչպե՞ս իրենց կպահեն այդ երկու երկրները: Ի դեպ, ոչ պակաս կարևոր է նաև երկու հայկական պետությունների քաղաքական պահվածքը, թե մենք ինչպե՞ս կկարողանանք ի շահ մեզ օգտագործել ստեղծված իրավիճակը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն