ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆԱԽ ՊԵՏՔ է «ՀԱՎԱՔԵԼ»
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
-Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ես կանվանեի պետականության ճգնաժամ. ոչ թե իշխանության, ոչ թե լեգիտիմության, այլ հենց պետականության կոլապս։ Ուկրաինան, ըստ էության, այսօր չի կառավարվում։
Ճգնաժամի «մեկնարկային կոճակը» Եվրամիություն-Մաքսային միություն ընտրությունն էր, բայց նոյեմբերի վերջերից այդ գործոնն այլեւս կորցրել է նշանակությունը։ Տեղի ունեցածի պատճառներից անկախ, հետեւանքները բավական տհաճ են ե՛ւ Ուկրաինայի քաղաքացիների, ե՛ւ շահագրգիռ մյուս կողմերի՝ Եվրամիության, Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության երկրների համար։
Անկախ նրանից՝ Կիեւում «իշխող» վարչակարգը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ, Ուկրաինայի բնակչության մի զգալի հատված հոգեբանորեն չի ընդունում իշխանության լեգիտիմությունը. մարդիկ, որոնք այսօր կանգնած են իշխանության ղեկին, չեն կարող իրենց որոշումները, հրամանները, ցուցումները պարտադրել Լվովին, Սիմֆերոպոլին, Դոնեցկին, Ղրիմին եւ այլն։ Տեղական իշխանություններն են որոշում՝ կատարե՞լ այդ որոշումները, թե՞ ոչ։ Այսինքն՝ պետությունը եթե ոչ ամբողջովին, ապա մեծապես կորցրել է իր գործառույթները. բանակը բարոյալքված է, ոստիկանությունը անօգնական վիճակում է՝ չխոսելով արդեն «Բերկուտի» մասին։
Նախագահի պաշտոնակատար Տուրչինովի եւ վարչապետ Յացենյուկի լեգիտիմությունը իրավական տեսանկյունից, մեղմ ասած, կասկածելի է՝ այն ձեւակերպումը, որով Յանուկովիչը հեռացվեց իշխանությունից, որեւէ կերպ չի տեղավորվում սահմանադրության մեջ։ Փետրվարի 21-ին ընդդիմության, Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը ոչ միայն չի կատարվել, այլեւ բացահայտորեն խախտվել է։ Այսինքն՝ պետությունը, որպես այդպիսին, դուրս է եկել կառավարելիության շրջագծից։
-Իրավիճակի հանգուցալուծման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
-Իրադրությունը բավական բարդ է, հանգուցալուծումը՝ չափազանց դժվար։ Դա հնարավոր է միայն լեգիտիմ ընտրությունների միջոցով, որոնց արդյունքներն ընդունելի կլինեն մեծամասնության համար, ինչը նմանապես բավական բարդ խնդիր է, քանզի ստեղծված իրավիճակում Ուկրաինայի ամբողջ տարածքում ընտրություններ կազմակերպելն արդեն իսկ խնդրահարույց է։
Օրինակ, կարող է այնպես լինել, որ արեւմտյան շրջանները մասնակցեն ընտրություններին, արեւելյան շրջանները բոյկոտեն այդ ընտրությունները, կամ հակառակը։ Այդուհանդերձ, կարծում եմ, այդ հնարավորությունը դեռեւս սպառված չէ՝ գուցե դեռ հնարավոր լինի հասնել ինչ-որ համաձայնության, որը հնարավոր կդարձնի, նախ, ընտրություններ անցկացնել Ուկրաինայի ամբողջ տարածքում, հետո արդեն ինչ-որ ձեւով կոնսոլիդացնել հասարակությունը, վերջ տալ ստեղծված քաոսին եւ առնվազն վերականգնել նախնական վիճակը, ինչը, կրկնում եմ, չափազանց դժվար է։
Համաձայնությունները կյանքի կոչելու համար բոլորը պետք է բոլորի հետ պայմանավորվեն. պարտադրանքի մեխանիզմները դժվար թե աշխատեն՝ ոստիկանությունն անկարող է, «Բերկուտի» վրա հույս դնելն ընդհանրապես անլուրջ է։
Ինչ վերաբերում է բանակին, Պուտինի ասուլիսը, մյուս պաշտոնատար անձանց հայտարարությունները ուղղված էին մի բանի՝ Ուկրաինային եւ ուկրաինացիներին ցույց տալ, որ գոնե արեւելյան շրջաններում պարտադրանքի մեխանիզմների կիրառումը կարժանանա Ռուսաստանի խիստ հակազդեցությանը։ Հետեւաբար պետք է պայմանավորվել ռուսների հետ, օլիգարխների հետ, որոնք ռեգիոններում ստեղծված անիշխանության պայմաններում, ըստ էության, դարձել են իշխանության դե ֆակտո կրողները։ Պետք է պայմանավորվել Կիեւի հետ, ի վերջո, պետք է պայմանավորվել մայդանի հետ։
-Ո՞վ պետք է վարի այդ «բանակցությունները», եթե իշխանությունը, ինչպես դուք եք նշում, փաստացի չի տիրապետում իրավիճակին։
-Այսօրվա դրությամբ Ուկրաինայի քաղաքական դաշտում երկու ֆիգուր եմ տեսնում, որոնք կարող են հավակնել այդ դերակատարությանը՝ Վիտալի Կլիչկո եւ Յուլիա Տիմոշենկո։ Տիմոշենկոն առայժմ չափազանց գրագետ է գործում՝ բավական ճկուն է, կարողանում է բանակցել եւ կարող է աշխատել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։
Կլիչկոյի մասին շատ բան չեմ կարող ասել՝ սպորտային կարիերան բավարար չէ նրա քաղաքական ներուժը գնահատելու համար։ Ամեն դեպքում, ինքը կամ իր անունից հանդես եկող ինչ-որ մարդիկ կարող են կոնսոլիդացիոն ինչ-որ գործընթացներ սկսել այդ դաշտում։
Մի բան ինձ համար ակնհայտ է. ով էլ լինի Ուկրաինայի հաջորդ նախագահը, պետք է կառավարման լծակների մի մասը փոխանցի ռեգիոններին, այսինքն՝ ստեղծի դե ֆակտո ֆեդերացիոն կառավարում, այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդիկ կարող են բանակցել եւ հանգել ինչ-որ պայմանավորվածությունների։
-Համաձա՞յն եք այն տեսակետին, որ Ուկրաինայի շուրջ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը կարող է վատ վերջանալ ուկրաինացիների համար, ընդհուպ՝ հանգեցնել Ուկրաինայի դե յուրե մասնատման։
-Ուկրաինան իր այսօրվա վիճակով ոչ մեկին պետք չէ՝ ո՛չ Եվրամիությանը, ո՛չ Ռուսաստանին։ Ուկրաինան այսօր նույնիսկ պետություն էլ չէ, այլ տարածք։ Կարծում եմ, բոլորը՝ ե՛ւ եվրոպացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ ռուսները շահագրգիռ են Ուկրաինայի ամբողջականության վերականգնմամբ։ Հասկանում են՝ Ուկրաինային ընտրության առաջ կանգնեցնել, նշանակում է ենթարկել ցնցումների, ներքաշել ճգնաժամի մեջ. հենց Ուկրաինան Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ «կիսելու» փորձերն էին, որ բերեցին այսօրվա ճգնաժամային իրավիճակին։
Ոմանց կարծիքով՝ Ռուսաստանը որոշ «կտորներ» նախապես փորձում է իրենով անել՝ հասկանալով, որ Ուկրաինան վաղ թե ուշ մասնատվելու է։ Ես այդ կարծիքին չեմ։ Ավելի շատ հակված եմ այն տեսակետին, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը «փխրուն» համադաշնության ստեղծումն է, որտեղ Ռուսաստանը կունենա իր ազդեցության գոտիները։ Սա հասկանում է նաեւ Արեւմուտքը։
Որպեսզի Ուկրաինան վերականգնվի որպես ամբողջական պետություն, պետք են մեծ փողեր, եւ դատելով ամենից, Ռուսաստանը պատրաստ է վճարել դրա համար։ Մնացածը քարոզչություն է՝ տեղեկատվական պատերազմ։ Չէի ասի, թե ռուսները այստեղ առանձնապես հաջող են խաղում այդ դաշտում՝ Ռուսաստանը «կոշտ» խաղացող է, նրա հետ աշխարհաքաղաքական խաղեր տալն այնքան էլ հարմար չէ։
Ինչ վերաբերում է հարցին՝ Ուկրաինան կմասնատվի՞, թե՞ ոչ, ըստ իս, այդ հարցադրումը ժամանակավրեպ է։ Ուկրաինան արդեն իսկ մասնատվել է, ոչ ամբողջությամբ, ո՛չ դե յուրե, բայց դե ֆակտո ամբողջական պետություն չէ. «հավաքելու» միակ ձեւը՝ չարյաց փոքրագույնը, կրկնում եմ, դե յուրե կամ դե ֆակտո համադաշնության ձեւավորումն է։
-Այս համատեքստում, որքանո՞վ տեղին են հայտարարությունները, թե Ուկրաինան արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, եւ այդ ընտրությունը Եվրոպան է։
-Գիտե՞ք ինչ, ես չեմ կարող եւ չեմ պատրաստվում խոսել «պիտակներով»։ Դրանք անիմաստ խոսակցություններ են։ Խնդիրը բոլորովին էլ ճակատին «Եվրոպայի» կնիք խփելը չէ. խնդիրն այն է՝ հիվանդը կապաքինվի՞, թե՞ ոչ։ Այսինքն՝ խոսքը ոչ թե Ուկրաինայի ընտրության, այլ պետությունը «հավաքելու» մասին է։
Պետք է լինի սուբյեկտ, որի հետ Եվրամիությունը կարող է պայմանավորվել կամ համաձայնագիր ստորագրել։ Այսօր դեռեւս պարզ չէ՝ ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարել՝ Յանուկովիչի՞, Յացենյուկի՞։ Այդ ամենը ուղղակի անլուրջ է։ Նման հարցադրումներ կարող են անել նրանք, ովքեր ընդհանրապես չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում Ուկրաինայում։
Երկրորդ՝ իր այսօրվա «տեսքով» Ուկրաինան ուր էլ մտնի՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն, տրոյական ձիու պես կկործանի այն միությունը, որտեղ մտել է։ Ենթադրենք՝ Կիեւը ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ եք կարծում՝ ինչպես դրան կարձագանքի Խարկովը, Դոնեցկը, նույն Ղրիմը։ Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի ռեակցիան։
Պիտակներ կպցնելուց առաջ, նախ, պետություն է պետք կառուցել, Ուկրաինայի դեպքում՝ նաեւ ժողովուրդ։ Միայն դրանից հետո կարելի է խոսել Ուկրաինայի ընտրության մասին։
Պետության կարեւորագույն ատրիբուտը իշխանությունն է, որն ի վիճակի է որոշումներ կայացնել եւ իրականացնել այդ որոշումները։ Ուկրաինայի պարագայում դա չկա. հետեւաբար պետք է մտածել ոչ թե երեք ամսական երեխային գիտությունների դոկտորի կոչում տալու մասին, այլ որ երեխան կաթ ուտի, մեծանա եւ չափահաս դառնա։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ












