ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՐ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ կարծիքով, ներկա պահին միջազգային իրադրությունն այնքան էլ բարենպաստ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար
«Նման կարգի խնդիրներ լուծելու համար պետք է միջազգային իրավիճակը հարմար լինի: Այս պահին միջազգային հանրությունը զբաղված է Ուկրաինայի խնդրով: Դժբախտաբար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր տարածաշրջանում կան հակամարտություններ:
Ճիշտ է, որոշ դրական տեղաշարժեր նկատվեցին: Մեկը Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոչն էր սեփական պատմության հետ առերեսվելու մասին: Մյուսն էլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն էր: Նա պաշտոնական այցով եղավ Անկարայում, բայց հետո ասաց, որ Ֆրանսիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Եթե մինչեւ 2015 թվականը Մերկելն ու Օլանդը հետամուտ լինեն իրենց հայտարարություններին, դա կլինի զգալի տեղաշարժ ցեղասպանության ճանաչման գործընթացում», – երեկ «Զարկերակ» ակումբում ասաց թուրքագետը:
Հ.Չաքրյանի համոզմամբ, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում շատ մեծ է Միացյալ Նահանգների դերը. «Միջազգային լիարժեք ճանաչման համար խիստ անհրաժեշտ է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչի ԱՄՆ-ը: Դրանից հետո նրան կհետեւեն Իսրայելը, Մեծ Բրիտանիան: Շատ կարեւոր է այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Նա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ լինելով լիարժեք միակ գերտերությունն աշխարհում, մյուս պետությունների հետ համեմատած շատ ավելի մեծ պատասխանատվություն ունի Ցեղասպանության ճանաչման հետեւանքների վերացման առումով: Եթե Միացյալ Նահանգները ճանաչի Ցեղասպանությունը, պետք է այդ հարցն էլ դնի եւ ինչ-որ չափով պատասխանատվություն կրի, դրա համար էլ հապաղում է, չի շտապում»:
Կա նաեւ Թուրքիայի վրա ազդեցության լծակի խնդիրը. «Ցեղասպանության ճանաչման դեպքում կստացվի, որ ԱՄՆ-ը ինքնակամ իր ձեռքից վայր է դնում այդ լծակը, որը ուզենք թե չուզենք ժամանակ առ ժամանակ օգտագործում է Թուրքիայի դեմ: Մինչդեռ այդտեղ կա նաեւ բարոյականության խնդիր: Չի կարելի նման հարցերը շահարկել, բայց, ինչպես տեսնում ենք, Ցեղասպանության հարցը շահարկվում է»:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրում Հայոց ցեղասպանության խնդիրն այս պահին օրակարգում չէ. «Այնտեղ ներքաղաքական իրավիճակը վերին աստիճանի լարված է: Իշխանություն-ընդդիմություն անհաշտ մրցապայքարն արդեն կատաղի բնույթ է ստացել: Շատ են լարվել նաեւ Ֆեթուլահ Գյուլենի իսլամական համայնքի եւ էրդողանի իշխանության հարաբերությունները: Անընդհատ կոռուպցիոն բացահայտումներ են կատարվում, գաղտնալսումներ են իրականացվում:
Թուրքիան հիմա կենտրոնացած է մարտի 30-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների վրա: Թեեւ այդ ընտրություններն այնքան էլ վճռորոշ չեն, սակայն ստեղծված ներքաղաքական իրավիճակում Էրդողանի համար դրանք հանրաքվեի նշանակություն կունենան: Այսինքն, եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա ղեկավարած քաղաքական ուժը հաղթեց, ապա դա կնշանակի, որ Էրդողանը վայելում է ժողովրդի վստահությունը:
Կարծում եմ, որ նա կհաղթի, սակայն այստեղ հաղթանակի խնդիրը չէ: Խորհրդարանական նախորդ ընտրություններում նրա կուսակցությունը շուրջ 51 տոկոս ձայն էր ստացել: Այժմ նրա հիմնական խնդիրը 51 տոկոսից քիչ ձայն չհավաքելն է»:
Կան ուժեր, որոնք ամեն կերպ ձգտում են Էրդողանին իշխանությունից հեռացնել. «Եթե դա հաջողվի, Ֆեթուլահ Գյուլենի իսլամական համայնքը իշխանական «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանն իր վերահսկողության տակ կվերցնի: Գեյզի այգու հետ կապված բողոքի ցույցերից հետո պատահական չէ, որ դեկտեմբերին էլ սկսվեցին կաշառակերության բացահայտման դեպքերը: Փաստորեն Գեյզին չծառայեց իր նպատակին, Էրդողանը կարողացավ իրավիճակը վերահսկել, կարծում եմ, որ այս անգամ էլ նրան դա կհաջողվի: Օգոստոսին Թուրքիայում նախագահական ընտրություններ են եւ, ինձ թվում է, նա կընտրվի նախագահ»:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծված պետական հանձնաժողովի աշխատանքներում, ըստ Հ. Չաքրյանի, ցանկալի է, որ ընդգրկված լինեն Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչները.
«Դա հնարավորություն կտա համակարգված գործելու: Մենք ամբողջական Սփյուռք չունենք, օրինակ, ամերիկահայ, ֆրանսահայ եւ լիբանանահայ համայնքներն իրարից տարբերվում են: Սփյուռքահայ տարբեր գաղթօջախների ներկայացուցիչներին ընդգրկելով հանձնաժողովում՝ կարող ենք այդ համայնքների հնարավորություններն էլ օգտագործել եւ միասնական ծրագիր մշակել»:
Հ.Չաքրյանը համոզված է, որ Թուրքիան առաջիկա տարիներին չի ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. «Չեմ կարծում, որ նրանք բեկումնային քայլերի դիմեն: Մենք հաճախ ենք գրում թուրք այն մտավորականների մասին, որոնք ընդունում են ցեղասպանության փաստը: Սակայն նրանց թիվը երկու ձեռքերի մատների վրա կարելի է հաշվել: Իսկ ժխտողականությունը հիմնավորող գիտնականների թիվը շատ շատ է: Տասը նորմալ մտածող մտավորականների դիմաց հազարավոր գիտնականներ են կանգնած, որոնք մերժում են Հայոց ցեղասպանության փաստը»:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կամրապնդի մեր երկրի դիրքերը. «Թուրքական սադրիչ գործողությունները կսահմանափակվեն: Ղարաբաղյան բանակցություններում նույնպես կամրապնդվեն հայկական կողմի դիրքերը: Պատկերացրեք, որ թուրքական ժխտողականությանը տուրք տվող ադրբեջանցիները նույնպես կհեղինակազրկվեն: Ցեղասպանության ճանաչումը շատ պրակտիկ նշանակություն ունի, պետք չէ կարծել, թե այն ոչինչ չի տա»:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












