ՄԵՆՔ ՍՊԱՌԵԼ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Քաղաքական ներկայիս գործընթացների շուրջ է «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԵՆՔ ՍՊԱՌԵԼ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
-«Բարգավաճ Հայաստանը» փորձում է «կոնտրոլի» տակ պահել քաղաքական ընդդիմությանը. այսպիսի մտահոգություն են հնչեցնում վերլուծաբանները։ Իսկ դուք՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, ունե՞ք նման անհանգստություն:
– Ես համաձայն չեմ այս մտահոգությանը, փոխարենը տեսնում եմ, որ մտահոգված է իշխանությունը: Եվ ինձ անհանգստացնում է, որ իշխանության միակ խնդիրը, միակ խանգարիչը կարծես դարձել է ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությունը: Իշխանությունը ձեւավորել է մի մեծ ճակատ, որով փորձում է խոչընդոտել քառյակի համախմբումը` այն ներկայացնելով իբրեւ պետությանը վնասող քայլ:
-Ի դեպ, նման կարծիք հնչում է ոչ թե իշխանական թեւից, այլ քաղաքագիտական շրջանակներից, մարդկանց կողմից, ովքեր աչքի չեն ընկնում իրենց իշխանամետությամբ: Այնուհանդերձ բավական երկար ձգձվող խորհրդակցություններից հետո դեռ անհասկանալի են մնում քառյակի քայլերը, որովհետեւ չկա հստակ օրակարգ: Թերեւս սա է պատճառը, երբ ասվում է` քառյակը ավելի շատ երազում է, քան գործում:
-Ի՞նչ է ստացվում. իշխանությունն ունի պետություն կառուցելու հստակ օրակարգ, իսկ քառյակը չունի, ժողովրդին ու էդ «փիս» մտահոգվածներին անվերջ տխրեցնում է` քաղաքական օրակարգ ունեցող իշխանությանը հակադրելով իր չունեցա՞ծը: Անկեղծ ասած, նման գնահատականներին ես թեթեւ եմ վերաբերվում, որովհետեւ ինձ հայտնի է քաղաքագիտական տգիտություն համարվող այն հարցադրումը, թե ինչպե՞ս կարող են այդ չորս ուժերը համագործակցել:
Ցավոք, մենք չունենք ո՛չ այդ քաղաքական մշակույթը, ո՛չ էլ դրա գիտակցումը, որպեսզի հասկանանք, որ ամենատարբեր գաղափարական ուղղվածության, կենսագրության տեր ուժեր, որոնք անգամ ունենալով սուբյեկտիվ հակասություններ, կարող են որոշակի հարցերի շուրջ համագործակցել: Սա քաղաքագիտության այբուբենն է, հետեւաբար զարմացողները կա՛մ իսկապես չգիտեն ինչ բան է քաղաքական համագործակցությունը, կա՛մ պատվեր են կատարում՝ շրջանցելով այս տարրական ճշմարտությունը:
Իսկ ես ողջունում եմ քառյակի համախմբումը, որը մեր քաղաքական մշակույթում մի նոր էջ է բացում: Մի նոր որակ է նաեւ քաղաքացիական նախաձեռնությունների ու քաղաքական ուժերի համագործակցությունը: Կարծում եմ, մեր ապագան հիմնված է հենց այդ համագործակցության վրա ու կնպաստի մեր քաղաքական մշակույթի զարգացմանը:
Իշխանությունը, որը մշտապես դժգոհում է, թե ինչու չի կայանում ընդդիմությունը, պետք է ոչ թե ամեն կերպ խոչընդոտի կայացմանը, այլ անկեղծորեն ողջունի այն:
-Բայց այս պահին ոչ թե իշխանությունից են հնչում դժգոհություններ, այլ հենց ընդդիմությունից. որոշ ընդդիմադիրներ մեղադրում են քառյակին կառավարությանն անվստահություն հայտնելու գործում հապաղելու համար:
-Նախ, «հապաղում» բառին համամիտ չեմ: Մենք միշտ ասել ենք` անհեթեթություն է ներկայացնել կառավարության հրաժարականն առանց այլընտրանքի: Եթե համակարգը պետք է մնա նույնը, պետք է գործեն նույն ծրագրերը, ուրեմն Պողոսի փոխարեն Պետրոսի գալը որեւէ բան չի փոխելու: Մենք անձերի խնդիր չենք դրել, Տիգրան Սարգսյանի ու նախարարների հրաժարականի հարցը չի դրված, այլ ընթանում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով:
Այսօր ունենք մի այնպիսի ձեւավորված համակարգ, որում ցանկացած աշխատող գուցե ավելի վատ վիճակում հայտնվեր, քան գործող կառավարությունն ու վարչապետը: Նրանք, ովքեր ասում են` հապաղում եք, թող իմանան, որ մեկ բաժակ ջուր չենք խմում, որ մրցենք, թե ով շուտ կպարպի բաժակի պարունակությունը: Մենք լուրջ ենք վերաբերվում այս գործընթացին, քառյակն աշխատում է այլընտրանքային ծրագրի վրա, այսինքն՝ եթե մերժում ենք գործող համակարգը, ապա ի՞նչ համակարգ, նոր կառավարության ձեւավորման ի՞նչ ձեւաչափ ենք առաջարկելու: Իսկ ներկայացվելիքը պետք է բոլորի համար լինի ընդունելի:
Ինչ վերաբերում է իշխանափոխության հարցում տարբեր մոտեցումներ ունենալուն, գիտեք, նույնիսկ ընտանիքում, եթե կա հարց, ուրեմն պետք է հստակ պայմանավորվել, համաձայնության գալ, ինչու ոչ` նաեւ գնալ զիջումների: Չորս կուսակցությունները, որոնք մինչեւ հիմա չեն փայլել իրենց համագործակցությամբ, ուզում են քաղաքական օրակարգ ձեւավորել, բնականաբար ամեն մեկը ունի իր ուրույն մոտեցումները, սակայն քառյակի իմաստությունն էլ այն է, որ տարաձայնություններով հանդերձ գիտակցում է` պետք է ձեւավորել բոլորին բավարարող քաղաքական ընդհանուր օրակարգ:
-«Բարգավաճ Հայաստանը» հանդիպեց ՀՅԴ-ի հետ, այսօր թերեւս տեղի կունենա ԲՀԿ-ՀԱԿԿ հանդիպումը։ Ե՞րբ է նախատեսված «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը:
-Մենք բաց ենք ու պատրաստ բոլորի հետ հանդիպման, «Ժառանգությանն» ու Րաֆֆիին ճանաչողները դրանում համոզված են: Այնպես որ, խնդիրը միայն տեխնիկական է` որտե՞ղ, ե՞րբ, կճշտենք առաջիկայում:
-Քանի դեռ Հայաստանի ողջ քաղաքական դաշտում տեղի չի ունեցել սերնդափոխություն, քանի դեռ քաղաքական հարթակում նախկիններն են` խորհրդային կամ բոլշեւիկյան սերունդը, ու չի փոխվել այդ մտածողությունը, ուրեմն մենք մեր ուզած երկիրը չենք կարող կառուցել. համակարծի՞ք եք այս դիտարկմանը:
-Մեր ուզած Հայաստանի կերտումը ես չէի կապի սերունդների հետ: Այսօր ես տեսնում եմ երիտասարդների, որոնք ավելի վատն են, քան իրենց ուղղորդող տերերը: Բայց նաեւ համաձայն եմ, որ կա մտածողության, արժեքները համոզմունքով կրելու խնդիր, ընդ որում, ոչ միայն պետք է կրել, այլեւ պատասխանատվություն ստանձնել, որ ի զորու ես իրականացնելու այդ արժեքների ներմուծումը քո հասարակության մեջ, քո ընտանիքում ու քաղաքական դաշտում: Ես մի քիչ լավատես եմ, ի վերջո, գալու է այդ շրջանը, քանի որ մենք սպառել ենք սխալվելու, ժողովրդին հիասթափեցնելու իրավունքը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ՉԵՂԱԾ ԲԱՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԵՋ
-Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը սկսել են առավել ակտիվ աշխատել ընդհանուր քաղաքական օրակարգի ձեւավորման շուրջ, իսկ ընդդիմության համախմբման լիդերի դերում «Բարգավաճ Հայաստանն» է: Այս առնչությամբ ինչպիսի՞ն են տրամադրությունները իշխանական թեւում:
-Ընդդիմադիր դաշտի ենթադրյալ համախմբմանը դրականորեն ենք վերաբերվում: Ողջունում եմ անցած քառօրյայում ընդդիմության իրականացրած ակտիվ գործունեությունը, երբ կարողացան համախմբված հանդես գալ, օրակարգ մտցնել կարեւորագույն հարցեր ու դարձնել քննարկման առարկա: Դա գնահատելի գործելաոճ է, որովհետեւ այդ դեպքում մենք էլ կարողանում ենք ներկայացնել մեր հակափաստարկները:
Բայց երբ ընդդիմությունը խորհրդարանից դուրս, իր սպասարկու լրատվամիջոցներով սկսում է կարեւոր հարցեր հնչեցնել, որոնք պարզաբանելու հնարավարություն մենք չենք ունենում, սա արդեն մերժելի քայլ է: Հետեւաբար ողջունելով նրանց համախմբումը՝ հուսանք, որ այն կլինի կառուցողական ու տեղիք չի տա հերթական հիասթափության:
Իսկ նման իրողության ականատես նախկինում բազմիցս ենք եղել, երբ իրենք իրենց մեջ խնդիրներ էին ունենում, պառակտվում էին, հետո փորձում մեղադրել իշխանությանը:
Քանի դեռ քառյակը չի բարձրաձայնում, հստակ չի ներկայացնում իր օրակարգը, չեն խոսում ԲՀԿ-ՀՅԴ հանդիպման մանրամասներից, ուրեմն կնշանակի դեռ ասելիք չունեն: Այ, երբ կունենան, վերջնական տեսքի կբերեն իրենց օրակարգը, մենք էլ կասենք մեր խոսքը, քաղաքական մեծամասնությունը բազմիցս է ապացուցել իր համբերատարությունը:
-Իսկ ընդդիմությունը բարձրաձայնում է իր մտահոգությունը, թե իշխանությունը ամեն կերպ աշխատում է խոչընդոտել քառյակի համախմբումը:
-Սա իրենց քայլերն արժեւորելու մարտավարություն է, փորձում են հնչեղություն տալ, կարեւորել իրենց հանդիպումներն ու դրանց խորհրդավորություն հաղորդել: Դրա համար սկսել են մեղադրել իշխանությանը, թե ճնշում են ու փորձում ձախողել ընդդիմության քայլերը: Սա նաեւ վկայում է, որ մտավախությունը հենց իրենց մեջ է` մեկմեկու հանդեպ:
Այդ կերպ նաեւ փորձում են հասարակության ուշադրությունը գրավել, թե տեսե՜ք, մեզ հալածում են: Թող ինձ ներեն խորհրդարանական իմ գործընկեր ընդդիմադիրները, բայց ես նրանց շարքերում հալածյալներ չեմ տեսնում:
-«ԲՀԿ-ն իշխանության մաս է եւ իշխանության կողմից ներդրված ուժ, որը խառնելու է ընդդիմության խաղաքարտերը». սա քաղաքագիտական շրջանակներից հնչող կարծիք է: Իրո՞ք, իշխանության մատը խառն է այս ամենում:
-Նախ՝ ինձ համար դեռ հայտնի չէ, թե որ դաշտում է գործում «Բարգավաճ Հայաստանը»` ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն: Նրանք միայն հայտարարել են այլընտրանք լինելու մասին, որի տեղը քաղաքական դաշտում ինձ համար անորոշությունն է: Այսինքն՝ ԲՀԿ-ն այսօր բոլորովին մի այլ բան է, մեկ այլ «օպերայից», ու երբ իրենք կայուն խոսքը կասեն իրենց զբաղեցրած տեղի մասին, մենք էլ մեր կարծիքը կհայտնենք, մանավանդ որ շատ ասելիք կա:
Ինչ վերաբերում է իշխանության կողմից ներդրված ուժ լինելուն, այդ դաշտը քանդելուն, տարօրինակն այն է, որ մեզ մե՛կ մեղադրում են քանդելու, մե՛կ ընդդիմությանը չհամախմբելու մեջ, այսինքն՝ իշխանությունը դատապարտված է իր հասցեին անվերջ նման մեղադրանքներ լսելու: Բայց տեսեք, թե ի՞նչ է կատարվում յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցության ներսում. հինգ հոգի են, բայց ունեն 10 տեսակետ։ Դա են հաստատում քվեարկության արդյունքները: Էլ չեմ խոսում նրանց գաղափարախոսական տարակարծությունների մասին:
Եթե գալով խորհրդարան չեն կարողանում համախմբվել սովորական հարցերի շուրջ, ուրեմն էլ ինչպե՞ս են մեղադրում իշխանությանը չեղած բանը քանդելու համար:
-Ընդդիմությունն ասում է` մեր նպատակը ոչ թե անձեր փոխելն է, այլ համակարգային փոփոխություններ իրականացնելը: Իշխանությունն իր հերթին չի թաքցնում` կա համակարգային փոփոխությունների կարիք: Գուցե ժամանա՞կն է, որ մեր անկախ պետության քաղաքական պատմության մեջ տեղի ունենա բացառիկը` իշխանության ու ընդդիմության համագործակցված, համախմբված աշխատանքը հանուն մեր երկրի հզորության:
-Լիովին համակարծիք եմ ձեզ հետ, քանզի այսօր հասել ենք մի փուլի, երբ բոլորս ենք գիտակցում` մեզ գլոբալ փոփոխություններ են հարկավոր: Եվ յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ պետք է կարողանա իր բաժին բեռը վերցնել ու առաջ գնալ, միայն այդ կերպ կկարողանանք պայքարել արատավոր երեւույթների դեմ:
Մեկ անգամ առիթ եմ ունեցել ասելու, այժմ էլ հայտարարում եմ՝ մենք պետք է կարողանանք համազգային համաներում հայտարարել, մի գիծ քաշել մեր անցյալի ու ներկայի մեջ ու վաղվանից մտածել նոր կյանքի, նոր քայլերի մասին: Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է կարողանան մի ընդհանուր օրակարգ ձեւավորել ու մեր երկրի համար մեկ այլ իրականություն ստեղծել:
– Ուրեմն երկրի շահը մի բան է պահանջում՝ որ ընդդիմությունն ու իշխանությունը ոչ թե հայտնի առակի հերոսների պես ամեն մեկը սայլն իր կողմը ձգի, այլ նստի մեկ սեղանի շուրջ:
-Այդ մասին բազմիցս է ասել ՀՀԿ-ն: Հիշեցնեմ նաեւ 2008-ի ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, երբ կարեւոր հարցերի շուրջ հավաքեց ողջ քաղաքական դաշտին ու ծավալեց քննարկում: Դա շատ լավ սկիզբ էր, որը պետք է դարձնել ավանդույթ: Այսօր էլ իշխանությունը հակված է համագործակցության մեր երկրին առնչվող կարեւորագույն հարցերի շուրջ:
Բայց դրա համար մի քանի բաղադրիչ պետք է պահպանել` ազնվություն, փոխադարձ հարգանք, կոռեկտություն, շոուների բացառում, կառուցողականություն. միայն այդ դեպքում կարող է կայանալ քաղաքական համախմբումը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












