ԻՆՉՈ՞Ւ Է ՄՏԱՀՈԳՎԱԾ ԱՄՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԸ
Հարցազրույց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ
-Արեւմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, կարո՞ղ է Ադրբեջանն օգտվի առիթից ու Արցախի դեմ սանձազերծի նոր պատերազմ: Ի դեպ, մամուլում շրջանառվում է տեղեկատվություն Ադրբեջանի կողմից սահմանի երկայնքով զինտեխնիկայի կուտակումների մասին:
-Այսօր տարածաշրջանում բարդ գործընթացներ են տեղի ունենում: Ուկրաինական դեպքերից բացի տարածաշրջանն ապակայունացնող մեկ այլ ճակատ էլ է բացվել՝ հանձին Թուրքիայի:
Այս երկրում բարդ գործընթացներ են ծավալվում: Մի կողմից՝ Թուրքիան հայտարարություններ է հնչեցնում Ղրիմի մասին, հիշում իր նախնիների գերեզմանները, մյուս կողմից՝ երկիրը ներքաղաքական անկայունության մեջ է: Վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը եւս փաստում են, որ վարչապետ Էրդողանի իշխանությունը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ:
Իսկ Ադրբեջանն այն երկիրն է, որ մշտապես փորձում է օգտվել նման բարդ իրավիճակներից՝ սահմանին զորքեր կենտրոնացնելով, երեւացող ու չերեւացող դիվանագիտությամբ ինչ-ինչ քայլեր նախապատրաստելով:
Իհարկե, այս ամենով հանդերձ, չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է գնալ նման ռիսկի` դիմելով ռազմական լայնածավալ գործողությունների: Չնայած կփորձի շփման գծում պահպանել լարվածությունը, ժամանակ առ ժամանակ թե՛ կրակոցների տեսքով, թե՛ դիվերսիաներ կազմակերպելով:
-Հետաքրքիր է, սակայն, որ պատերազմի մտահոգությամբ հանդես է եկել Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ջեյմս Ուորլիքը` իր թվիթերյան էջում կատարելով այսպիսի գրառում. «Մինչ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող է բռնությունն ուժեղանալ»: Գուցե սա պետք է համարել Ռուսաստան-ԱՄՆ լարվածության ֆոնին արված վատ կանխատեսո՞ւմ:
-ԱՄՆ համանախագահի կարծիքը չեմ ուզում կապել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների եւ ուկրաինական դեպքերի հետ: Հայաստանը, որպես անկախ պետություն, այդ գործընթացներում ո՛չ խաղացող է, ո՛չ մասնակից, ո՛չ կարող է լինել, ո՛չ էլ նման ցանկություն ունի: Մենք վարում ենք հավասարակշռված քաղաքականություն:
Կարծում եմ, որ ամերիկացի համանախագահի խոսքը ադրբեջանական ռազմատենչ քայլերի համարժեք արձագանքն է: Հայտնի է, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմի ընթացքում եւս ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկայնքով Ադրբեջանը զորքեր էր կուտակել: Սա Ադրբեջանի ձեռագիրն է, ցանկացած բարդ իրավիճակում զորքերը մոտեցնել սահմանին, փորձել հոգեբանորեն ներազդել հայկական կողմի վրա:
Մյուս կողմից՝ Ալիեւը խնդիր ունի իր երկրի ներսում եւ ռազմատենչ հայտարարություններով, զենք-զինամթերքի ավելացումով փորձում է ի ցույց դնել իր բանակի հնարավորությունները, բանակ, որն Ալիեւը ներքաղաքական, սոցիալական հարցերում համարում է իր հենարանը: Համանախագահները, այդ թվում՝ նաեւ Ջեյմս Ուորլիքը, այս ամենին լավ տեղյակ են, նրանց ծանոթ է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը։ Ուորլիքի անհանգստությունը բխում է իրողությունից՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունից:
-Հայաստանը Մաքսային միությանն իր անդամակցումը պայմանավորեց երկրի անվտանգությամբ, Արցախյան հիմնախնդրով: Թերեւս սա է պատճառը, որ սեպտեմբերի 3-ից հետո Արեւմուտքն իր հերթին սեւեռվել է հիմնախնդրի կարգավորման վրա:
-Ես Արցախի հարցում Արեւմուտքի գործողություններում ակտիվացում կամ փոփոխություն չեմ տեսնում: Ի դեպ, սեպտեմբերի 3-ից առաջ եւս պարբերաբար արվել են նման հայտարարություններ, թե պետք է արագացնել հիմնախնդրի լուծումը, ինտենսիվ աշխատել ու մեխանիզմներ հստակեցնել: Իհարկե, նաեւ չեմ կարող բացառել հիմնախնդրի լուծման շուրջ առավել դրսեւորվող հետաքրքրությունն ու շահագրգռությունը:
Նկատեմ նաեւ, որ Մաքսային միությանը անդամակցման մասին մեր քաղաքական հայտարարությունից հետո Արեւմուտքի, մասնավորաբար ԵՄ երկրների հետ մեր հարաբերությունները, բացի տնտեսական հատվածից, նախկինի պես շարունակում են մնալ նույնը: Հայաստանի ու ԵՄ-ի կողմից համագործակցության 168 կետանոց ծրագիր է մշակվել, սա ամենամեծ ծրագրերից մեկն է: ԱՄՆ պաշտոնական հայտարարություններում եւս նույն միտքն է ընդգծվում, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը շարունակվում է նույն հունով:
Ինչ վերաբերում է մեզ, ապա, առաջին հերթին մենք պետք է բարձր պահենք մեր զինված ուժերի պատրաստվածության մակարդակը, անընդհատ զարգացնենք այն: Կարծում եմ, որոշակի փոփոխությունների կենթարկվի նաեւ դիվանագիտական մթնոլորտը, հետեւաբար մենք պետք է պատրաստ լինենք դրան, ուշի-ուշով հետեւենք զարգացումներին, որպեսզի ի զորու լինենք ժամանակին հանդես գալու մեր ազգային շահերի պաշտպանության դիրքերից:
-Խիստ մտահոգիչ է նաեւ հայ ռազմագերիների հարցը։ Համարժե՞ք են միջազգային կառույցների քայլերը, այս իրավիճակում ի՞նչ պետք է անի հայկական կողմը:
– Միջազգային այս կամ այն կառույցին գնահատական տալը, կարծում եմ, անշնորհակալ գործ է, ի վերջո, մարդասիրական կազմակերպությունները փորձում են անել իրենց հնարավորությունների սահմաններում: Լինենք պրագմատիկ ու արձանագրենք այն, ինչ կա, իսկ իրողությունն այն է, որ չնայած զինադադար է հայտարարված, բայց Ադրբեջանում ռազմագերիներ ունենք, իսկ վերադարձողները գտնվում են սարսափելի վիճակում: Մենք չպետք է թույլ տանք, որ շարունակվի այս խայտառակ վիճակը:
Հետեւաբար, օգտագործելով միջազգային կազմակերպությունների հնարավորությունները, պետք է կարողանանք առավել բարձրացնել այս խնդիրը՝ գործադրելով տեղեկատվական, դիվանագիտական ճնշման բոլոր մեխանիզմները:
Պետք է աշխատենք առավել համակարգված, ինչը ես այսպես եմ պատկերացնում. պետություն-հասարակական կազմակերպություններ-Սփյուռք միասնության մեջ միավորելով մեր ինտելեկտուալ ներուժը՝ ստեղծենք աշխատանքային խումբ եւ միջազգային հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ, օգտագործելով միջազգային ամբիոնների հնարավորությունը, միջազգային իրավունքի շրջանակներում վարենք ակտիվ քաղաքականություն, այդ թվում՝ նաեւ քարոզչական: Այն պետք է ուղղված լինի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման ու հայ ռազմագերիների պաշտպանության խնդիրներին:
Պետք է հասնենք նախ նրան, որ կարողանանք հետ բերել Ադրբեջանում պահվող մեր բոլոր ռազմագերիներին, եւ երկրորդ՝ պաշտպանենք դեռ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների շահերը: Այս տեսանկյունից հաջողության հասնելու կարեւոր գրավականներից մեկը, ինչպես ասացի, համակարգված մարմնի ստեղծումն է:
Ի վերջո, ռազմագերիների հարցը միայն հայկական երեւույթ չէ, այս խնդիրը կա աշխարհի բոլոր թեժ կետերում: Ցեղասպանություն ապրած մեր երկիրն այսօր ոչ միայն պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, այլեւ ստանձնել է ցեղասպանությունների կանխարգելման մարտիկի դերն աշխարհում, կարծում եմ, որ ռազմագերիների հարցում եւս Հայաստանը պետք է նույնպիսի առաքելությամբ հանդես գա` պայքարելով աշխարհում առկա այս խիստ մտահոգիչ երեւույթի դեմ:
-Պարոն Շահգելդյան, ուկրաինական դեպքերը կարո՞ղ են բացասաբար անդրադառնալ ՄՄ գործընթացների վրա, մանավանդ նկատենք, որ արեւմտամետ գործիչները չեն թաքցնում ու արձանագրում են, թե Արեւմուտքը կանի հնարավորը՝ կասեցնելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը:
-Ոչ, չեմ կարծում, որ ուկրաինական դեպքերը մեծ ազդեցություն կունենան ՄՄ ձեւավորման գործընթացի վրա: Ձախողում չի
կարող լինել:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, արեւմտյան ազդեցություն կամ պարտադրանք Հայաստանի նկատմամբ չկա ու չի կարող լինել: Եվրամիությունը շահագրգիռ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները շատ ավելի սերտ լինեն, եւ այդ հարաբերություններն այսօր, իրոք, շարունակում են նորմալ հունով զարգանալ, սակայն մեր հանդիպումների ժամանակ մշտապես մեր գործընկերներին պարզ ու շիտակ ասվել է, որ այդ քայլը պայմանավորված էր մեր ազգային շահերով:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












