Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան

ՂՐԻՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մարտ 21, 2014թ. 00:31

Ղրիմի հանրաքվեն եւ դրա արդյունքների վավերացման գործընթացի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը հստակեցնելու խնդիրը վերջին օրերին շատ է քննարկվել մամուլում։
Իսկապես, աշխարհի գերհզոր ուժերի սուր դիմակայության պայմաններում փոքր երկրների համար երբեմն ստեղծվում է մի այնպիսի կացություն, երբ թվում է, թե լավագույն դիրքորոշումը դրա բացակայությունն է։ Սկզբնական շրջանում այդպես էլ վարվում էր մեր արտգործնախարարությունը՝ իր խուսափողական հայտարարություններում արձանագրելով ուկրաինական հակամարտությունը եւ Ղրիմի շուրջ ստեղծված կացությունը խաղաղ միջոցներով կարգավորված տեսնելու սեփական ցանկությունը։
Զուգահեռաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չէր փորձում անգամ թաքցնել Ղրիմի ժողովրդի ինքնորոշման հանդեպ իր անկեղծ համակրանքը, որը նույնպես լիովին հասկանալի է ու տրամաբանական։

Դրանով կարծես յուրօրինակ դերաբաշխում էին իրականացնում երկու հայկական պետությունները։
Հայաստանը ձգտում էր հնարավորինս պահպանել իր լիարժեք միջազգային-քաղաքական սուբյեկտայնությունից բխող համագործակցությունը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ արեւմտյան հանրակցության հետ։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում էր փոխադարձ աջակցության եւ համերաշխության իր «զուգահեռ քաղաքականությունը» նախկին ԽՍՀՄ տարածքում ինքնորոշված երկրների հետ, որոնց ցանկն ամբողջացավ Ղրիմով։

Սակայն Հայաստանի այս թվացյալ չեզոքությունը չէր կարող տեւական լինել, որովհետեւ այն հավասարապես «դիսոնանսի» մեջ էր մտել Ղրիմի հարցով հստակորեն երկու ճամբարի բաժանված տերությունների կարծիքների հետ։ Մի կողմից՝ ողջ Արեւմուտքը, չճանաչելով Ղրիմի հանրաքվեի արդյունքները, փաստորեն հարցականի տակ է դնում առանց իր «թույլտվության» սեփական ճակատագիրը որոշելու ցանկացած ժողովրդի իրավունքը՝ միջազգային իրավունքը նույնացնելով սեփական կամքի հետ։
Մյուս կողմից էլ Ռուսաստանը հենց արեւմտյան ժողովրդավարության չափանիշներով (Կոսովոյի նախադեպ) կազմակերպում եւ իրականացնում է Ղրիմի ժողովրդի ինքնորոշման գործընթացը՝ ակնկալելով ՀԱՊԿ-ի եւ Մաքսային միության գծով իր դաշնակիցների գոնե բանավոր աջակցությունը։
Ուրեմն սա ամենեւին էլ ժողովրդավարության ու ավտորիտար վարչակարգերի բանավեճ չէ, քանզի ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները ենթադրում են ազգերի ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունում։

Դա է պատճառը, որ Ադրբեջանը անցած օրերի ընթացքում չէր փորձում անգամ թաքցնել, որ ինքը վճռականորեն կանգնած է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության դիրքերում։
Հարց է առաջանում. կարո՞ղ էր Հայաստանը քողարկել այն իրողությունը, որ ինքը միշտ էլ հանդես է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին, երբ մեր երկրի արտաքին քաղաքականությունը վերջին 20 տարիներին հենց այդ սկզբունքն է որդեգրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Այդ դեպքում նույն Ռուսաստանը կարող էր հարցը դնել ուղիղ կերպով, եթե Կոսովոն միջազգային համայնքի աջակցությամբ արդեն իրացրել է, իսկ Ղարաբաղը ցանկանում է իրացնել իր ինքնորոշման իրավունքը, ապա հիմք ունի՞ նրան հովանավորող Հայաստանը նույն սկզբունքի իրացումը մերժել Ղրիմի պարագայում, եթե չի տատանվել անգամ Հարավային Սուդանի ինքնորոշման փաստը ողջունելու ժամանակ։
Հասկանալի է, որ նման հարցադրումը ինքնին ենթադրում է ոչ միայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, այլեւ դաշնակցային պարտավորություններին հավատարմության հորդոր։ Նույն կերպ Հայաստանի ղեկավարությունն էլ, մարտի 19-ին ընդունելով, որ Ղրիմի հանրաքվեն «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսեւորումն» է, այսուհետեւ հիմքեր ունի նույնպիսի մոտեցում ակնկալել Ռուսաստանի ղեկավարությունից ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ։
Ուստի տարօրինակ է, որ Հայաստանի ղեկավարության կողմից վերջին 20 տարիներին որդեգրված այս անխախտ սկզբունքի վերահաստատումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից ընդունվել է ափսոսանքով ու ցավով։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր արձագանքել Ղրիմի հանրաքվեին մի երկրի ղեկավարությունը, որն արդեն երկու տասնամյակ շարունակ պայքարում է ինքնորոշված Արցախի իրավունքների ճանաչման համար։

Իսկ բոլոր այն կեղծ պնդումները, թե իբր Ղրիմում, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, ռուսական զորքերի ներկայությունն է ապահովել հանրաքվեի արդյունքները, ոչ միայն սուտ են, այլեւ անբարոյական, քանզի ինչպես Ղարաբաղի հայերն են ցանկանում ապրել Հայաստանի կազմում, այնպես էլ Ղրիմի ռուսները՝ Ռուսաստանի։ Սա այնքան ակնհայտ է, որ նման քարոզչական կեղծիքներին լուրջ չեն վերաբերվի անգամ երեխաները։
Հայաստանը որեւէ «հայտնագործություն» չի արել՝ կրկնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ իր հանրահայտ դիրքորոշումը, որը չի էլ կարող թաքցնել միջազգային հանրությունից, առավել եւս իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։

Պնդել, թե սրանով Հայաստանը կողմ է դառնում Արեւմուտք-Ռուսաստան «սառը պատերազմում», ավելի քան տարօրինակ է, քանի որ նախ՝ նման պատերազմ դեռեւս գոյություն չունի, եւ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը բարեկամական հարաբերություններ ունի արեւմտյան բազմաթիվ երկրների հետ եւ չի էլ պատրաստվում մտածել դրանք վերանայելու մասին։
Սեփական սկզբունքների վերահաստատումը ամենեւին էլ որեւէ գլոբալ ուժի դեմ ուղղված մարտահրավեր չէ, առավել եւս, որ Հայաստանի առջեւ կանգնած եւ սպասվող մարտահրավերները միայն ու միայն տարածաշրջանային կերպարանք ունեն։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն