Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ՞ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մարտ 21, 2014թ. 00:54

Հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ՙՍևանի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին՚ օրենքում փոփոխությունների կատարման մասին նախագիծը, որի համաձայն` մինչև 2019թ. ոռոգման նպատակներով կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները` 170 մլն խորանարդ մետրից հասցնելով տարեկան 240 մլն խորանարդ մետրի: Շուտով կառավարությունը կյանքի կկոչի նաև իր մյուս որոշումը` կապված Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծութան զարգացան համալիր ծրագրի իրագործման հետ: Բնապահպանները վաղուց են սկսել թակել համապատասխան ատյանների դռները` նախազգուշացնելով, աղաղակելով, որ կառավարության անհեռանկարային քայլերը անդառնալի հետևանքներ կունենան Սևանի համար` մեր երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող լիճը վերջնականապես վերածելով անպիտան ճահճի: Հարցով մտահոգ գիտնականների ու մասնագետների միակ հույսը երկրի նախագահին բաց նամակով դիմելն է` խնդրանքով, զգուշացումով, թե այդ երկու ծրագրերը ի՞նչ վտանգավոր ռիսկեր են պարունակում: Նամակը ստորագրել են 50-ից ավելի բնապահպաններ` լիահույս, որ երկրի նախագահն ականջալուր կլինի իրենց:

ՙՀայոց Աշխարհի՚ զրուցակիցն է նամակի հեղինակ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր (1999-2003թթ.), սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՙՍևանա լճի մասին՚ օրենքի համահեղինակ ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:

– 2001թ. մայիսի 15-ին Ազգային ժողովն ընդունեց ՙՍևանա լճի մասին՚ օրենքը, որի համահեղինակներից մեկն էլ Դուք եք: Օրենքի ընդունումից հետո թվում էր, թե մեր կապուտաչյա գեղեցկուհին վերջապես պաշտպանված կլինի ցանկացած ոտնձգություններից օրենքի ուժով ու վերջապես կհաջողվի իրականացնել լիճը վերակենդանացնելու ու փրկելու ծրագիրը: Օրենքի ընդունումից 13 տարի է անցել: Այդ ընթացքում դրական ի՞նչ տեղաշարժեր են եղել:

– ՙՍևանա լճի մասին՚ օրենքը մշակվել է երկար տարիների տքնաջան աշխատաքի արդյունքում, 80-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտներ են մասնակցել դրա մշակմանը, երկու տարուց ավելի այն քննարկվում էր, փոփոխվում, լրացվում: Եվ երբ վերջնական տեսքի բերվեց` բնապահպաններն արձանագրեցին, որ հետխորհրդային ժամանակաշրջանի ամենակայացած, հաջողված օրենքներից մեկն է: Բնական լճերի մասին ընդամենը եկու օրենք կա հետխորհրդային տարածքում` մեկը ՙԲայկալ լճի մասին՚ օրենքն է, մյուսն էլ` Սևանի մասին:
Այսօր ոչ ոք հարկ չի համարում հարց տալ ինքն իրեն, թե ինչո՞ւ ընդունվեց Սևանի մասին օրենքը, ինչո՞վ էր պայմանավորված: 1933թ. երբ Սևանի ջրերն սկսեցին օգտագործվել գյուղատնտեսության և էներգետիկայի նպատակով, այդ ժամանակներից սկսած մինչև 2001թ. Սևանի մակարդակն իջել էր 19,5-20 մ-ով, 13,5 մետր անկումից հետո ջուրը որակը կորցրել էր, ֆոսֆորական պաշարները պակասել էին, ազոտականն ավելացել էր, թթվածնի պաշարները պակասում էին, ջրի ջերմությունը բարձրանում և շատ տեղերում արդեն մամռակալման և ճահճացման վտանգ կար: Մենք կորցնում էինք մեր կապուտաչյա գեղեցկուհուն, որը խմելու ջրի անփոխարինելի պաշար է: Եվ հենց այդ ժամանակ էլ Սևանը փրկելու մտահոգությամբ` օրենքը կյանքի կոչվեց: Իհարկե մենք այն ժամանակ էլ գիտակցում էինք, որ այլևս երբեք 1928-30թթ. Սևան չենք ունենա, քանի դրանից հետո Սևանն անդառնալի կորուստներ կրեց:
Սակայն շատ բան կարելի էր փրկել, ինչին էլ լծվեցինք օրենքի մշակմամբ ու համալիր և տարեկան ծրագրերի ընդունմամբ, որոնցով նախատեսվում էր առաջիկա 30 տարում 6 մետրով բարձրացնել ջրի մակարդակը: Մաթեմատիկական մոդելավորման հաշվարկներով ենթադրում էինք, որ 6 մ-ից հետո գոնե մենք կկարողանանք ջրի տեսանելիությունը մեծացնել: Այսօր մեզ հաջողվել է 3-4 մետր բարձրացնել ջրի մակարդակը` շնորհիվ ջրբացթողումների սահմանափակման մինչև 170 մլն խմ: Սակայն համալիր ծրագրերով շատ ավելի ծավալուն աշխատանքներ էին նախատեսված, որոնք իրագործելով միայն կարելի էր համարել, որ Սևանին մեծ վտանգներ չեն սառնա: Ամենամեծ քայլը լճի բացասական հաշվեկշիռը բացառելն է: Այսինքն` Սևանա լիճ պետք է ավելի շատ ջուր լցվի, քան դուրս մղվի:
Այսօր արդարացված չէ այն փաստը, որ ջրի պաշարների պլանավորված և ըստ էության ֆիզիկապես գոյություն ունեցող պաշարները չեն լցվում Սևանա լիճ: Խոսքը Կեչուտի ջրամբարում Արփա գետից կուտակվող տարեկան 250 միլիոն խմ ջրի մասին է, նաև տարեկան Որոտան գետից եկող 165 միլիոն խմ ջրերի, որոնք պետք է լցվեին Սևան: Եթե գումարենք Սևանա լճի ջրահավաք ավազանից լիճ թափվող բնական գետերից կուտակվող 170 միլիոն խմ ջուրը, ապա կստացվի 585 միլիոն խմ ջուր, և եթե անգամ լճից տարեկան ոչ թե վերցվի 170, այլ առաջարկվող 240 միլիոն խմ ջուր, ապա այս ներհոսքի դեպքում միևնույնն է, լիճ լցվող ջրային պաշարների դրական հաշվեկշիռը կապահովվեր: Դրա պատճառն այն է, որ 12 տարի օրենքն ընդունելուց հետո, համալիր ծրագիրը ընդունելուց հետո Արփա-Սևան ջրատարի վերանորոգումը չի ավարտվում: 48կմ երկարություն ունեցող յուրահատուկ ջրատարը, որը ազմաթիվ մարդկային կյանքերի կորստի գնով ու բարդ պայմաններում իրականացվող շինարարական աշխատանքներով կառուցվել է 18 տարում, մինչդեռ այդ ջրատարի վերանորոգումը արդեն 12-ից 13 տարի է՝ չի ավարտվում: Չնայած համալիր ծրագրում գրված էր 3-4 տարում ավարտել: 11,8 մլրդ դրամ հատկացված է թունելի վերանորոգմանը: Վերջին 4 տարիներին 7,5 մլրդը իրացվել է, մնացել է 4,3 մլրդ: Թունելագործներն ասում են` 2019 թվին կավարտենք: Ուրեմն ևս հինգ տարի հարկ կլինի սպասել: Թունելի վերանորոգումն ավելի երկար է տևում, քան շինարարությունը: Դա անհեթեթություն է: Համալիր ծրագրում նախատեսված է նաև որպես պահեստավորման ջրամբար կառուցել Եղվարդի ջրամբարը, որը տարեկան լրացուցիչ շուրջ 100 միլիոն խմ ջուր կտաԱրարատյան դաշտին: Այդ շինարարությունը մինչ օրս սկսված չէ: Հուսադրող քիչ բան կա:

Օրենքն ընդունելուց հետո այնուամենայնիվ Սևան թափվող գետերի վրա մանր հԷկ-եր կառուցվեցին: Փաստորեն ոչ միայն համալիր ծրագիրը հնարավոր չեղավ իրականացնել, այլև գործող օրենքը ոտնահարվեց:

– Ցավոք, 2001թ-ից հետո Սևանի հանդեպ մի շարք ոտնձգություններ կատարվեցին` օրենքի հստակ ոտնահարմամբ: Բարեբախտաբար Սևանի համար խիստ վնասակար ծրագրերից մեկը ժամանակին երկրի նախագահը կարողացավ կասեցնել: 2009թ. GeoProMining Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքերը, մի ՙփայլուն՚ նախագիծ էր մտածել, որպեսզի հանքանյութը հենց տեղում մշակեր` Արարատի ոսկու հանք տեղափոխելու փոխարեն, իսկ ոսկու մշակման հետևանքով առաջացած վնասակար նյութերը թողել հենց տեղում: Դա նշանակում էր, որ այդ նյութերը պետք է կուտակվեին Սևանա լճում, որը քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարից կվերածվեր Սոթքի ոսկու արտադրության պոչամբարի: Դա Սևանի համար մահ էր: Շնորհիվ ՀՀ նախագահի 2009թ. կասեցվեց այդ վնասակար նախագիծը, թեև այն ժամակ էլ այսօրվա պես վայ գիտնականներ կային, որոնք դրական եզրակացություններ էին ներկայացնում նախագծին: Սերժ Սարգսյանը նաև ստեղծեց նախագահին կից Սևանի հանձնաժողովը, որը թվում էր վերջապես բնապահպաններիս հնարավորություն կտա ազատ շնչելու, իսկ համալիր ծրագիրը կյանքի կկոչվի:

Բայց չանցավ կարճ ժամանակ, և Սևան լցվող գետերի վրա հէկ- եր կառուցվեցին: Փոքր հէկ-երը ձկան էնդեմիկ պաշարների բնական բազմացմանը խոչընդոտեցին: Որտե՞ղ էր Սևանի հանձնաժողովը, ինչո՞ւ օրենքի այս խախտումը թույլ տվեց: Չէ՞ որ ձուկը Սևանին նախևառաջ անհրաժեշտ է որպես սանիտար, իսկ ձկան ոչնչացումով փաստորեն լճի աղտոտումն ավելի արագ է կատարվում: Հիմա գուցե ասեք, որ եթե այդպես է` ինչո՞ւ ենք խոչընդոտում արհեստական ճանապարհով լճում ձկնաբուծության զարգացմանը: Ես դրան ավելի հանգամանորեն կպատասխանեմ, երբ այդ ծրագրի մասին խոսենք, սակայն հիմա նշեմ, որ օրենքը սահմանում է, որ միմիայն բնական ճանապարհով է հարկավոր ձուկը բազմացնել, ոչ թե արհեստական ճանապարհով, քանի որ արհեստական ճանապարհով ձկնաբուծության խթանումը, ինչով այժմ ուզում են զբաղվել, Սևանի համար ոչ միայն օգտակար չէ, այլ ջրի ու լճի համար կործանարար կլինի:

Դուք` որպես ՙՍևանա լճի մասին՚ ՀՀ օրենքի համահեղինակ և ընդհանրապես Սևանի ճակատագրով մտահոգ մարդ` սրտացավորեն արձագանքեցիք կառավարության երկու որոշումներին` ակնհայտորեն տեսնելով այն վտանգը, որը կարող է դամոկլյան սրի պես կախվել Սևանի գլխին, եթե դրանք իրագործվեն: Մինչդեռ, այսօր այդ ծրագրերն իրագործողները հակադարձելով բնապահպաններին` բղավում են, թե նախագծերը ամենևին էլ վտանգավոր չեն և փորձում են հակափաստարկներ ներկայացնել: Որքանո՞վ են դրանք համոզիչ:

– Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համար իբրև կոչված ծրագրի էությունը սա է` առանց որևէ նրդրման Սևանի ջրավազանում 74 ֆերմա պետք է կառուցեն և ձուկ աճեցնեն` 50 հազար տոննա արհեստական կեր լցնելով ջուրը: Ծրագրի հեղինակներն (որպես այդպիսին նշվում է ՙՀայկական բերքի առաջմղման կենտրոն՚ ՓԲԸ-) իրենց այդ անհեթեթ նախաձեռնություը հիմնավորում են աշխատատեղերի ստեղծմամբ, ասում են, թե ձուկը կվաճառենք ու գումար կհատկացնենք Սևանի ֆոնդին: Մեր տունը քանդում են, հետո ասում են, թե փող կտան, որ քանդած տունը կառուցենք: Սևանը եզակի լիճ է, այն չի վերականգնվի, կորուստներն անդառնալի կլինեն: Սևանի հատակում արդեն ճահճացող ազոտի գերակշռություն կա, իսկ ազոտ պարունակող արհստական կերի հսկայական քանակությունը, որը պատրաստվում են լցնել լիճ, կավելացնի ազոտի քանակը և ճահճացումն իրոք անխուսափելի կլինի:
Այս ծրագիրը իրականում ոչ թե լճի էնդեմիկ տեսակի բազմացման միտում ունի, այլ զուտ բիզնես շահ է հետապնդում: Եթե կառավարությունն իրոք մտահոգված է լճի էնդեմիկ ձկնատեսակի բազմացմամբ` թող նախ կասեցնի լճից ձկնագողությունը և հետո փոքր հէկ-երից ազատի այն գետերը, որոնք լցվում են Սևան: Օրենքը նախատեսում է ձկնապաշարների պահպանման և ավելացման միմիայն բնական ճանապարհը, որը չի վնասի ջրերի որակը, այլ ճիշտ հակառակը: Եթե մենք ապահովենք Սևանա լճի ջրերի մաքրումը, թթվածնային և ջերմաստիճանային ռեժիմի, այն է` սառնության և զուլալացման պահպանմանը (որը պայմանավորված է միմիայն լճի մակարդակի բարձրացմամբ), լիճ լցվող գետերը ազատենք փոքր հէկերից, կարողանանք պայքարել ձկնագողության դեմ, ապա լճի ձկնային էնդիմիկ պաշարները կպահպանենք և կավելացնենք:
ՙՀայկական բերքի առաջմղման կենտրոն՚ ՓԲԸ-ի պիլոտային ծրագիրը, որի արդյունքների հիման վրա առաջարկվում է նոր զանգվածային ծրագիրը, ռիսկերի առկայության վերաբերյալ չունի բավարար արդյունքներ: Չկան հստակ գիտականորեն հիմնավորված և մաթմեթոդներով հաշվարկած մոդելներ և սցենարներ: Ներկայումս առկա բոլոր գնահատականներն ու առաջարկները զուրկ են գիտական հիմքից և հետապնդում են միայն բիզնես շահեր: Նույնիսկ իրականացված մոնիտորինգի տվյալները խիստ թերի են և ոչ ամբողջական: Անհայտ է փորձնական ձկնաբուծարանի տարածքի հատակային նստվածքների վիճակը և փոփոխությունների դինամիկան: Միևնույն ժամանակ միջազգային գիտական փորձը՝ մասնավորապես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փորձը, ցույց է տալիս, որ ցանցավանդակային ձկնաբուծության զանգվածային ծրագրերը բնական ջրամբարներում և լճերում կարող են անդառնալի ռիսկեր պարունակել: Ընդ որում, այդ տվյալները ստացվել են սովորական լճերից, որոնք չեն համարվել ռազմավարական առաջնահերթություններ: Եվ ջուրն այդ ջրամբարներում հեռու է Սևանա լճի ջրի բարձր որակից:

– Եթե ձկնաբուծական ծրագիրը սպառնում է լճի ջրի որակին, ապա կառավարության ընդունած մյուս որոշումը` առաջիկա 5 տարում լճից արտամղվող ջրի ծավալների 70 խմ-ով ավելացման մասին, փաստորեն ջուրը կգցի ձեր այն ամբողջ աշխատանքը, որ կատարել եք 13 տարվա ընթացքում` գոնե քիչ թե շատ ավելացնելով Սևանի մակարդակը:

– Սևանի փրկության միակ ճանապարհը անշեղորեն ջրի մակարդակի բարձրացումն է: Այդ որոշման կողմնակիցները բարբաջում են, թե մենք պետք է 30 տարում 6 մետր բարձրացնեինք ջուրը, բայց կարողացանք 13 տարում 3,5-4մ բարձրացնել: Եվ դրա վրա հենվելով` որոշուշում են, որ կարելի է մի քանի տարի էլ չբաձրացնել, թեկուզ նույն մակարդակին պահպանել: Բայց հենց որ ջուրը չբարձրացնենք` լիճը կրկնակի հարձակման է ենթարկվելու` տակից օրգանական կեղտերի կուտակման հետևանքով ազոտի մակարդակը կբարձրանա, վերևից` ջրի մակարդակի իջեցում կլինի, ինչը կհանգեցնի ճահճացման: Մենք կկրոցնենք ջրի որակը և եթե անգամ 6 մետրն էլ բարձրացնենք հետագայում` այլևս Սևանը մեզ համար խմելու ջրի պաշար չի կարող ծառայել: Ճահճի ջուրն ինչպե՞ս կարելի է խմել:

Մենք պետք է հիշենք, որ Սևանը մեր հարստությունը չէ միայն: Այն Մերձավորարևելյան ամբողջ գոտու հարստությունն է: Աբու Դաբին ամեն տարի 5 մլն դոլար բնապահպանական ֆոնդ է տալիս Հայաստանին, որ Սևանն աչքի լույսի պես պահենք: Բացի դա` մենք միջազգային բազմաթիվ կոնվենցիաների ենք միացել` պարտավորվելով բնապահպանական ծրագրեր իրականացնել մեր երկրում, այդ թվում քաղցրահամ ջրերի, մասնավորապես Սևանա լճի պահպանումը: ՄԱԿ-ի ուսումնասիրութամբ 2025 թ. խմելու ջրի ծավալները ամբողջ աշխարհում 40 տոկոսով կպակասի, իսկ մենք ի՞նչ ենք անում Սևանի հետ, այն դեպքում, երբ այն մեր խմելու ջրի գրեթե 60 տոկոսն է ապահովում:
Սևանի օրենքի հենց նախաբանում գրված է, որ Սևանը Հայաստանի ազգային քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Հենց այդ գիտակցությամբ մենք պետք է լճի ջուրը որպես խմելու ջուր սերունդներին փոխանցելու խնդիրը հոգանք:

Այսօր չկա մի մարդ, ով ավելի շատ մտահոգված լինի մեր երկրի բնապահպանությամբ, քան նախագահը, և ես վստահ եմ, որ նրան թյուրիմացության մեջ են գցել, սխալ տեղեկություններ են հաղորդել ու եզրակացություններ տվել այս երկու որոշումների մասին, և եթե նա իմնա իսկությունը` անպաըման կարձանաքի իրեն վստահող բնապահպաններիս մտահոգություններին և գիտակցելով խնդիրը` ճիշտ լուծում կտա դրան:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն