Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Պուտինը աստվածացրեց ինքնորոշման իրավունքը, թող իր խոսքը հաստատի նաև Արցախի պարագայում

Մարտ 21, 2014թ. 00:59

Հարցազրույց քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱնԻ հետ

-Ամեն անգամ, երբ որևէ ժողովրդի կողմից իրականացվում է ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացում, և՜ Արցախում, և՜ Հայաստանում ոգևորված խոսում ենք այն մասին, թե դա լավ նախադեպ է Արցախի համար, մոռանալով, որ հենց Արցախն է հանդիսանում նման դեպքերի նախադեպը: Արդյո՞ք այսպիսի շեշտադրումները Արցախի պարագայում ժամանակավրեպ չեն, գուցեև վտանգավոր, չէ՞ որ հանձին Արցախի Հանարպետության գործ ունենք կայացած պետության հետ:

-Հայաստանում ծավալվող նման զրույցները՝ նախադեպ է, նախադեպ չէ, ինքս էլ համարում եմ անիմաստ: Մենք ունենք խնդիր ու ամենևին չպետք է հետևենք նախադեպերին: Հարց է առաջանում, եթե նախադեպեր չլինեն մենք մեր իրավունքի համար չպետք է պայքարե՞նք: Ճիշտ հակառակը, պետք է պայքարենք ու հասնենք ԼՂՀ անկախության ճանաչմանը: Բոլոր ժողովուրդներն էլ այդպես են հաստատել իրենց իրավունքը: Միաժամանակ, պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր ինքնորոշման ակտ միջազգային հարթության մեջ ստեղծում է տարբեր խնդիրներ, որոնց բնույթը կախված է այն հակազդեցությունից, որն ի հայտ է գալիս ինքնորոշման տվյալ գործընթացից հետո: Ուրեմն, միջազգային իրողությունները վերլուծությունից հետո միայն կարող ենք պատկերացնել, թե ինչպե՞ս պետք է լուծենք մեր խնդիրը: Չէ՞ որ, 100 երկիր կարող է ինքնորոշման ճանապարհով լուծել իր հարցերը, բայց դա դեռ չի նշանակում, թե այդ դեպքերը մատնացույց անելով մենք էլ ենք լուծել մեր հարցը:
Այժմ քննենք, թե ինչո՞ւ ենք հայտնվել բարդ վիճակում: Տեսեք, և՜ նախագահներ Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ժամանակ, և՜ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հայտարարության մեջ ընդգծվեց հետևյալ միտքը, որ Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Մինչդեռ, երբ խոսքը հասավ ԼՂ հիմնախնդրին նշվեց, որ այն պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափում: Այսինքն, սա մեր ներկայիս պետական դիրքորոշումն է:
Հիմա հասկանանք ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի տարբերությունը: ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ինքնորոշման իրավունքը շատ հստակ է ձևակերպված, մինչդեռ ԵԱՀԿ հիմնական սկզբունքը տարածքային ամբողջականությունն է: Ինչու, որովհետև 1975թ. ընդունված ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի իմաստը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետությունների սահմանների լեգալացումն էր, և հենց սա է ԵԱՀԿ կազմակերպության իմաստը: Իհարկե, ԵԱՀԿ-ն ճանաչում է նաև ինքնորոշման իրավունքը, սակայն այն ճանաչում է որպես սկզբունք: Եվ փաստորեն, ԼՂ հիմնախնդիրը հայտնվել է մի կազմակերպության մեջ, որի ամբողջ փիլիսոփայությունը հիմնված է տարածքային ամբողջականության վրա: Ինձ հետաքրքրում է, թե ինչո՞ւ Ղրիմի պարագայում մեր ԱԳ նախարարը կարևորեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, իսկ Ղարաբաղի դեպքում՝ ԵԱՀԿ-ն: Գուցե սա խորը մտածված քաղաքականությո՞ւն է, գուցե Ղարաբաղի խնդիրը Ղրիմի հետ չկապելու մտադրությո՞ւն կար, դժվարանում եմ ասել: Բայց փաստը մնում է փաստ:

-Դուք առաջարկում եք ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից տեղափոխել մեկ այլ՝ ՄԱԿ-ի հարթա՞կ, այսինքն, այն ինչի համար արդեն մի քանի տարի պայքարում է Ադրբեջանը:

-Խոսքս ոչ թե ԼՂ հարցը ՄԱԿ-ի շրջանակում լուծելուն է վերաբերում, այլև ՄԱԿ-ի կանոնադրության կիրառմանը, այսինքն այդ կառույցի փիլիսոփայությանը, ուր առաջին պլանում ինքնորոշման իրավունքն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս շատ լավ գիտի, որ իր միակ փրկությունը ԼՂ խնդիրը ԵԱՀԿ-ի շրջանակներում պահելն է, ու այսօր ԵԱՀԿ ձևաչափից դժգոհելով, ընդամենը կեղծ տպավորություն է ստեղծում: Քանի որ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ միմիայն Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա ու ԵԱՀԿ-ի շրջանակում ինքը իրավունք ունի ինչ-որ պահանջներ ներկայացնելու: Ադրբեջանի քաղաքականությունը շատ պարզ է. 20 տարի առաջ կորցրել է Արցախը ու իր առաջ խնդիր է դրել ամեն գնով վերադարձնել այն: Դրա համար էլ այդ երկիրը երբևէ չի ստորագրի որևէ փաստաթուղթ, քանի որ ստորագրել կնշանակի իր իրավունքի մի մասի զիջում Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին: Փոխարենը, շատ բարդ է մեր քաղաքականությունը: Հայտարարում ենք, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների արդյունքում, շատ լավ գիտակցելով , որ Ադրբեջանը որևէ թուղթ չի ստորագրելու, նաև խոսում ենք այն մասին, որ աշխարհը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Այսինքն, ԼՂ հարցի լուծումը տեսնում ենք բացառապես Մինսկի խմբի շրջանակում, դրանով իսկ այն ինքնին տեղափոխում Հելսինկյան ակտի հարթություն, որի տրամաբանության հիմքում, ինչպես ասացի, ընկած է տարածքային ամբողջականության պահպանումը: Ահա թե ինչն է այսչափ բարդացրել է մեր քաղաքականությունը: Հասկանալի է, որ Հայաստանը կարևորելով ԵԱՀԿ ձևաչափը առաջնային պլան է մղում անվտանգության խնդիրը, բայց չէ՞, որ հարկավոր է նաև իրավաքաղաքական մոտեցում դրսևորել: Ի վերջո, այս 20 տարիների ընթացքում միջազգային իրավիճակ է փոփոխվել ու սխալ է մնալ նույն քաղաքականության շրջանակներում , հարկավոր է փոփոխվող աշխարհին համընթաց քննարկել մեր քայլերն ու գտնել նոր, ռեացիոնալ մոտացումներ: Ցավոք, ԼՂ հիմնախնդրի շուրջ այսօր ոչ մի դիսկուրս չի ծավալվում:

-Դիսկուրս չկա, փոխարենը, չի զգացվում շրջանառվող կարծիքների պակաս. մի կողմից խոսվում է ղրիմյան գործընթացների ֆոնին ՌԴ-ի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչմանը հասնելու մասին, մյուս կողմից հայտարարվում , թե նախ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախ պետականությունը:

– Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ֆունդամենտալ հարց է, ու կատակ չէ: Նման հայտարություն հնչեցնողները նախ պետք է գիտակցեն, թե ինչ փոփոխությունների այն կարող է հանգեցնել: Ես, ու ինձ նման շատերը այն կարծիքի են, որ այդ քայլն այսօր որևէ նշանակություն չի կարող ունենալ, ավելին, դժվար է ասել, թե այս փոփոխվող աշխարհի իրողությունների ֆոնին մենք ի՞նչ վիճակում կհայտնվենք: Ինչ վերաբերում է ՌԴ կողմից ճանաչմանը, այո, ես էլ եմ ասում, եթե Պուտինը Ղրիմի օրինակով աստվածացրեց ինքնորոշման իրավունքը, թող իր խոսքը հաստատի նաև Արցախի պարագայում: Առաջարկում եմ, որ եթե այսուհետ Հայաստանին դիմեն Ղրիմի հարցով կարծիք հայտնելու, մենք առաջարկենք՝ առաջին հերթին ճանաչեք Ղարաբաղի անկախությունը:

-Մամուլը, վերլուծաբանները չեն դադարում քննարկել Արցախի ու Ղրիմի գործընթացների նմանությունն ու տարբերությունը: Կխնդրեի հակիճ ներկայացնել ձեր դիտարկումը:

-Այստեղ ընդամենը միջազգային քաղաքական գործընթացների խնդիր կա: Տեսեք, եթե Ռուսաստանը մեծ աղմուկ չբարձրացներ, եթե չներազդեր Ղրիմի վրա, եթե այնտեղ սկսվեին գործընթացներ, այսինքն, ՝ Ղրիմի ժողովուրդն ի կզբանե ոտքի ելներ ու հայտարարեր իր անկախության մասին, չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը խուսափեր նույնացումից: Բայց քանի որ գործընթացը Ղրիմում ՙվերևից՚ սկսվեց, մեզ հասնող տեղեկատվության համաձայն էլ խոսվում է նաև ռուսական էքսպանսիայի մասին, ապա այս ամենը կասկածներ է ստեղծում և մարդիկ խուսափում են նմանությունից մի պարզ պատճառով՝ Արցախում այդպես չի եղել, Արցախում բացարձակ օրինականորեն բարձրացվեց ինքնորոշման հարցը ու պայքար ընթացավ այդ իրավունքի հաստատման համար, մի բան, որը տեղի չունեցավ Ղրիմում: Ահա թե ինչու է ասվում, թե Արցախի ու Ղրիմի խնդիրները տարբեր են: Ինչ վերաբերում է նույնությանը, ապա երկուսն էլ խորհրդային տարիներին ստեղծված խնդիրներ են: Ինչպես ռուսներն են ասում ՙմի տոպրակ կարտոֆիլի պես՚ Ղրիմի ժողովրդին նվիրել են Ուկրաինային, նույնն էլ, շատ ավելի վաղ կատարվել է Արցախի դեպքում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն